13:35
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կակազում են ոչ թե շուրթերը, այլ մարդու էությունը կամ ինչպես արտասանել Ռ տառը

2013-04-22 10:58

 «Դե Ֆակտո» 14 (2007թ.)

 

 Եթե Ձեր հարազատը սխալ է արտաբերում հնչյունները, կակազում է, ունի ձայնի և առոգանության թերություններ, չի խոսում կամ դադարել է խոսել, խոսքը չի համապատասխանում տարիքին, ունի գրելու կամ ընթերցելու դժվարություններ, խոսում է չափազանց արագ կամ դանդաղ, կորցրել է խոսքը ինսուլտի կամ գլխուղեղի այլ օրգանների ախտահարման հետևանքով, ապա անհապաղ պետք է դիմել լոգոպեդի օգնությանը։

Արտասահմանում այս մասնագիտությունը յուր կարևորությամբ զուգահեռ է ընթանում հոգեբանությանը, համարվում էլիտար, իսկ լոգոպեդի կատարած աշխատանքը  ամենբարձր վարձատրվող ծառայություններից է։

Լոգոպեդի աշխատանքը բժշկության, մանկավարժության և հոգեբանության մի հմուտ համակցում է, երբ մասնագիտական կոնկրետ խնդիրները հաճախ փորձ է արվում լուծել ժամանցի, խաղի միջոցով։ Մեզանում, ցավոք, հատկապես գյուղական շրջաններում, երբեմն լավ լոգոպեդ է համարվում այն բժիշկը, որի մասաժից հետո երեխան խոր քուն է մտնում։

Մանկ. գիտ. թեկ. պրոֆեսոր Անդրոնովա-Հարությունյանի մեթոդիկան այսօր կիրառվում է աշխարհի մի շարք առաջատար երկրներում։ Բուժման այդ եղանակին տիրապետողների թիվը Հայաստանում դեռ մատների վրա կարելի է հաշվել։ Մանուկ պոլիկլինիկան այն բացառիկ բուժ. կենտրոններից է, որը ապահովված է նման պատրաստություն անցած մասնագետով։ Ակտիվ բուժման կուրսը տևում է 12-15 օր, երբեմն շուրջ օրական  5 ժամ, որից հետո կես տարվա ընթացքում քաղասունհինգ օրը մեկ անգամ հանդիպումներ են լինում ապաքինվողի հետ։

Մարդիկ անտեղյակ են խոսքի վախը հաղթահարելու մեթոդների մասին, ասեմ ավելին, որոշ մասնագետներ անգամ գտնում են, որ նմանատիպ արատները անբուժելի են։ Կակազություն և խոսքի այլ խանգարումները ընդունված է համարել երեխաների արատ, սակայն քիչ չեն և նմանատիպ պրոբլեմներ ունեցող մեծահասակները, ովքեր գերադասում են մնալ տանը` կանխավ մեկուսանալով` իրենց օտարող հասարակությունից։ Զրուցակիցներս` լոգոպեդներ Ժաննա Պայլոզյանը և Արմինե Ավագյանը ցավով են նշում, որ այցելուները հաճախ են բողոքում իրենց նկատմամբ մարդկանց ցուցաբերած կոպիտ վերաբերմունքից։ Նմանատիպ խոսքային արատ ունեցող մարդիկ կարող են, մտնելով խանութ, ժամերով սպասել մինչև խանութում համեմատաբար քիչ մարդ լինի չբախվելու համար ոմանց անհարկի շահարկումներին կամ գռեհկախոսությանը։

Հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե այս մանուկները մտավոր անլիարժեքության խնդիր ունեն։ Իրականում սրանք սովորական ընդունակություններով, երբեմն էլ առանձնահատուկ ընկալունակությամբ երեխաներ են։ Որպես կանոն, արատը կոծկելու համար, երեխաները ենթագիտակցաբար զարգացնում են մյուս կարողությունները։ Ասենք, եթե պրոբլեմ ունեն կարդալու, ապա դասարանում, մի անգամ դասը լսելով, ամբողջությամբ կարողանում են մտապահել։

Եվ այսպես, ի՞նչը կարող է առիթ հանդիսանալ նմանատիպ պաթոլոգիաների։ Պարզվում է` ամենևին էլ ոչ միայն փողոցային շան հաչոցը։ Նոր սկսված կակազությունը հաճախ կապվում է տան մթնոլորտի հետ։ Հաճախ հավասարապես անհրաժեշտ է լինում աշխատել ծնողների հետ, ովքեր ուշացումով երեխային որոշել են բերել լոգոպեդի մոտ և, երկարատև բուժման կուրսի ընթացքում են միայն խոստովանում, որ երեխայի խնդիրները սկսվել են ընտանեկան մի փոքրիկ վեճից, որին, ինչպես հետագայում է պարզվում, մասնակցել է թաղամասի բնակիչների երկու երրորդը, ներառյալ քաղ.մասի համապատասխան բաժանմունքի ոստիկանների ճնշող մեծամասնությունը։

Ընդհանրապես մասնագիտական օգնությունից խուսափելը հատուկ է մեր ծնողներին։ Երեխան արդեն 4-5 տարեկան է և չի խոսում։ Ծնողը առանձնապես անհանգիստ չէ. Պապն էլ է ուշ խոսել։ Այս շրջանի բացը հետագայում խիստ դժվար է լրացնելը։ Ժամանակ անց, հասկանալով, որ ինչ-որ բան պետք է ձեռնարկել, հարազատների մոտ սկսվում է իսկական իրարանցումը, տանում են վախ չափելու, մոմ թափելու, արջի ճարպ են օգտագործում և էլի հազար ու մի կռապաշտական ծիսակագերով տանջում երեխային և վերջում, հոգեկան վատթարագույն դրությամբ միայն, թակում լոգոպեդի դուռը։

Հիվանդության պատճառ կարող են լինել մոր հղիության ընթացքում տարած  սթրեսները, դեղորայքների չարաշահումը։ Երեխաների վաղաժամ գերծանրաբեռնվածությունը։ Ծանոթ պատկեր է չէ՞, երբ 2-4 տարեկան մանկանը մի բարձր տեղ են կանգնեցնում, որպեսզի արտասանի Թմկաբերթի առումը, կամ Րաֆֆու` Արարատյան դաշտի լուսապայծառ մի առավոտ-ը։  Արի ու տես, որ նման արտասովոր առաջադիմությունը կարող է բերել լոգոպեդիայում ամենևին էլ ոչ արտասովոր խոսքի պրոբլեմների։ Քիչ չեն դեպքերը, երբ երեխայի ծննդյան օրը դրական էմոցիաների գերհագեցածությունից, անգամ փուչիկի անակնկալ պայթյունից կարող է սկսվել կակազություն։ Նմանատիպ պրոբլեմներով երեխաների հիվանդության խորությունը կամ բուժման արդյունավետությունը մեծ մասամբ գալիս է հենց ծնողներից։ Սիրում ենք ասել, որ մենք երեխասեր ազգ ենք։ Ծնողը, կասկած կարող եք չունենալ, երեխայի առաջին իսկ գանգատից տունը կծախի, էլ չեմ ասում լիտրերով արյուն կտա, մի խոսքով այն ինչ երևացող է, կարող ես սեղանին դնել։ Բայց երբ երեխայի խոսքը բուժելու նպատակով հարկ է լինում, ասենք ծնող-մորը հեռախոսով քիչ խոսել, կամ ծնող-հորը վերջինիս առողջության հանար երկու գլանակ քիչ ծխել, պարզվում է, որ մեր ծնողական գորովանքը  այնքան էլ անհատնում չէ։ Զրուցակիցներս առանձնապես նշում են, որ մանկան թոթովանքի վաղ տարիքում շատ ընդունված է նրա հետ խոսել ասես իր լեզվով։ Ծնողը այս պարագայում առավելագույնս բարդեցնում է փոքրիկի` բառերի ճիշտ ընկալման և վերարտադրման ընթացքը։

Ընդհանրապես ապշել կարող ես նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց բառընտրություն կատարելու ենթագիտակցական կարողությունից։ Ասենք հիվանդը ռ հնչյունը չի կարողանում արտաբերել։ Լոգոպեդի մոտ որոշակի կուրս անցնելուց հետո արատը շտկվում է, բայց արի ու տես, տարիների ընթացքում բառապաշարից իսպառ վերացել են  ռ-ով բոլոր բառերը։ Լինում են դեպքեր, ինչպես նշում է Ժաննա Պայլոզյանը, որ  երբեմն ընդամենը երկու-երեք սեանս է պահանջվում շտկելու համար  երիտասարդի կողմից սխալ արտաբերվող հնչյունները։

Ինչևէ, կա հասարակությանը, ծնողներին այս հարցերում տեղեկացված պահելու խնդիր։ Ոլորտը Հայաստանում կարիք ունի տեխնիկական ժամանակակից միջոցներով ապահովման խնդիր։ Մանուկ պոլիկլինիկայի լոգոպեդ Արմինե Ավագյանը շեշտում է, որ արտասահմանում երկար տարիներ է ինչ կիրառվում են հիվանդին` բուժման տարբեր փուլերում  նկարահանելու, լոգոպեդական համակարգչային խաղերով բուժելու մեթոդները։ Ավելի պատկերավոր ասած, մենք դեռ ատամը փորձում ենք բուժել նախորդ դարասկզբի հնարավորություններով, թեև թե՛ տեսագրման, թե համակարգչային ծրագրավորման առումով, թվում է թե՛ հաղթահարած պետք է լինեինք այդ նախորդ դարասկիզբը։

Զրուցակիցներս` Ժաննա Պայլոզյանը և Արմինե Ավագյանը գտնում են, որ ճիշտ մոտեցման դեպքում ժամանակի ընթացքում խոսակցական արատների զգալի մասը հնարավոր է շտկել, խնդիրը կարծում եմ առավելապես այն է, թե զորու է արդյո՞ք այս  հասարակությունը շտկել այսօրինակ մարդկանց իրենից մեկուսացնելու, օտարելու բարդույթը։

 Հովհաննես Բեյլերյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...