07:00
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարևորը լեզվի իմացությունը չի, կարևորը ոգին է, որ մտնում է հանդիսատեսի մեջ

2013-04-19 11:36

«Դե Ֆակտո» 37 (2009թ.)

Հարցազրույց  հայ պոեզիայի «Ասմունքի հրետանի» ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի հետ

 Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ  անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով,որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը`մղելով դեպի հեռավոր անդունդ։Այս  և ներկայիս ասմունքի ու թատերական արվեստի մասին զրուցեցինք հայ պոեզիայի «Ասմունքի հրետանի» ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի հետ։

 Վոլոդյա Աբաջյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 27-ին Ղոնախռում (այժմ` Շիրակի մարզ)։1984թ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է։1951 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Խաղացել է մի շարք ներկայացումներում`«Նամուս»,«Քանդած օջախ», «Անմեղ մեղավորների մեջ» և այլն։ Նա նաև հայտնի է որպես «Հայ պոեզիայի և ասմունքի հրետանի»։Վոլոդյա Աբաջյանն իր ասմունքով գերել է  ոչ միայն հայ,այլև օտարազգի հանդիսատեսին։

Այս առիթով կայացած մեր զրույցը սիրով ներկայացնում եմ Ձեզ։

 - Պարո՛ն Աբաջյան,կխնդրեի մեր ընթերցողին պատմել Ձեր անցած ուղու մասին ։

 -Դեռ երիտասարդ տարիներիս ես շատ էի սիրում գիրքն ու գրականությունը։ 9 տարեկան էի,երբ առաջին անգամ ծանոթացա Թումանյանի գործերին և կարդացի «Մարոն»։ Դերասանի լավն այն է,որ նա իր մեջ պահպանի մանկական անմեղությունը, նույնիսկ հասուն տարիքում։ Ես չգիտեմ` կարողացա՞այս տարիներին պահպանել,թե՞չէ։Այսպիսին Ավետ Ավետիսյանն էր,Թաթիկ Սարյանը։Երբ ես ուզում էի թատերական ինստիտուտ ընդունվել,այն ժամանակ մայրս դեմ էր,որովհետև դերասանը միշտ անապահով է եղել նույնիսկ լավ ժամանակներում։Հետո ընդունվեցի թատերական ինստիտուտ`Արմեն Գուլակյանի կուրս,իսկ նա մեծ մանկավարժ էր, Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադիրներից մեկը։

- 1951 թվականին ընդունվեցի թատրոն որպես դերասան(ընդ որում Գուլակյանի կուրսի բոլոր ուսանողները` Աբրահամյանից, Խոստիկյանից սկսած) և, ահա, 50 և ավելի տարիներ թատրոնում եմ, թատրոնն իմ տունն է,բայց թատրոնում միշտ չէ,որ ազատ է քո կամքը.ես սրա հետ մեկտեղ ընտրեցի ասմունքը։Երևի դա ինձ ավելի հանրաճանաչ դարձրեց աշխարհին։Կարդում եմ մեր լավագույն հեղինակներին` Նարեկացուց մինչև Պարույր Սևակ, հետո էլ կգան լավերը, նրանց կկարդամ։Դուք լավ գիտեք,որ դերասանի համար միշտ մի բան պակաս է,նույնիսկ խոր ծերության հասած դերասանը մի բան անավարտ է թողնում։

Թատրոնում եղած ժամանակ ես խաղացել եմ բացառապես կենտրոնական դերեր, որոնցից եթե նույնիսկ 3-ը մնան երախտապարտ հանդիսատեսի հիշողության մեջ և փոխանցվեն գալիք սերնդին,այդ դերասանն իրեն կայացած կհամարի։Ինստիտուտի տարիներին ես խաղում էի Օսեփ «Քանդած օջախում», հետո էլ թատրոնում խաղացել եմ Օստրովսկու «Միրզամովը»։Եվ դա, իմ կարծիքով, լավագույն կատարումներից մեկն է։

 -Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս թատերական արվեստը։

-Տարաբախտաբար, հիմա ժամանակները դրամատուրգներ քիչ են ծնում, հազվադեպ են լավ դրամատուրգները,որպեսզի թատրոնի բեմադրիչը կարողանա ընտրություն կատարել։ Թատրոնը արվեստի,  առհասարակ, անկումների և վայրիվերումների  տեղ է։ Հիմա եկել է մեր անկումների կամ կանգնելու ժամանակը։Դեռ վերելքը չի սկսվել։Բայց դա անասելի ծանր աշխատանք է`չեղածից մի բան սարքել։

 -Ի՞նչ է ձեզ համար ասմունքը, և ո՞րն է ասմունքի իսկական  լեզուն։

-Ես թատրոնում խաղացել եմ 30-ից ավել գլխավոր դերեր և իսկապես դրանցից առանձնանում են նրանք,որոնք իսկապես լավ եմ խաղացել։  

Եթե դերասանի կյանքում 3 ներկայացում լինի մնայուն,ժողովրդի ու տարիների մեջ կմնա։ Հետո մտածեցի,որ ասմունքն այն միակ տեղն է,որտեղ ինքնիշխան ես, ազատ ես քո ընտրության մեջ։ Ես մատուցում եմ Նարեկացուց մինչև Պարույր Սևակ և դրանից հետո գալիք լավ հեղինակներին,ովքեր ասելիք ունեն աշխարհին։Եվ դա ինձ մղեց  մոտավորապես 30-40 երկիր մեն-մենակ մեծ դահլիճների առաջ մոտ 1,5-2 ժամ մատուցել մեր չնաշխարհիկ  բառն ու բանը։ Ես մոտավորապես 30-ից ավել երկրներ գնացել եմ ասմունքով,մտածեցի ասմունքն ինքնիշխան է, ինքդ ես բանաստեղծություններ ընտրողը, իքնդ էլ ասմունքողը։

Իսկական ասմունքը  մեր լեզուն է, մեր գրականությունը,մեր հանճարեղ պոետները։Ուժն իմ մեջ չէ, ինձ լավ հասկացեք,ուժը ընկալողի մեջ է և մատուցողի։

Երբ ես գալիս եմ բազմաթիվ համերգների, հասկացել եմ,որ իմ հույսը ժողովրդի աչքերն են և մեր հանճարեղ բանաստեղծները։ Սևակ, Նարեկացի,Չարենց կարդալով` ես կարողանում եմ մտնել ժողովրդի հոգու մեջ։Եվ ասմունք ասվածը ինձ տարավ աշխարհից աշխարհ։Եվ որտեղ ես եղել եմ, կարդացել եմ միայն հայերեն։

Ինձ համար թատրոնը սահմանափակ է. ռեժիսորը դու ես,կամ իմ դերը ինձ կտաս կամ ուրիշին,դրա համար ես որոշեցի թատրոնում մի կողմ քաշվել  և  հեռվից նայել, թե թատրոնում ինչ են անում,այն դերերը, որ ուրիշներն են խաղալու։Ես ասմունքով ինքնիշխան եմ մեծ հեղինակների հետ`Թումանյան,Նարեկացի,Չարենց,Պարույր Սևակ և այլն։

   -Իսկ ովքեր ե՞ն ընտրում ձեր ասմունքի թեմաները

-Իմ կազմակերպիչն էլ եմ ես,իմ ընտրողն էլ եմ ես։Իմ ընտրությունը երկու բնագավառներում է։

 -Ինչպե՞ս կբնութագրեք մեր երկրի ասմունքի արվեստի կարգավիճակը։

-Երբ հետևում եմ մեր հեռուստալիքներին,հուսահատվում եմ։Քանի որ թատրոնները պետական աջակցություն չունեն,հայոց աշխարհում հերթական երգիչ-երգչուհիներ,զանազան խմբեր` լավ թե վատ, ում մտքով ինչ անցնում, անում է։ Ես վիրավորվում եմ իբրև հայ.նրանք ազգային ոչ մի գաղափարախոսություն չունեն,և մենակ հեռուստաալիքներ նայելուց մտածում ես. մի՞թե սա է հայոց լեզուն և բառը։Ես նախանձախնդիր եմ լեզվի հարցում,որովհետև դա է ինձ ապրեցնողը,դա է ապրեցրել տարիներ շարունակ։Դեռ դարերից եկած հայ ժողովուրդը դասական ժողովուրդ է։Ճիշտ է, միշտ չէ,որ միաբան ենք եղել,սակայն մենք իսկական ժողովուրդ ենք։

 -Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը,որ հեռուստատեսության և ռադիոյի եթերներից բացակայում են ասմունքի մասին հաղորդումներն ու իսկական հայերենը։

 -Ինչու ե՞մ զայրանում այս մեր հեռուստաալիքների վրա,քանի որ երբ ես  հետևում եմ մեր շատ հեռուստաալիքներին, գարշելիորեն աղավաղում են հայ լեզուն,չնչին բացառությամբ,եթե մի տեղ մեկը իսկապես հայերեն է խոսում, ձեռք են առնում, չեն հասկանում։Իսկ փողոցում լավ երիտասարդներ կան,որոնք մեր լեզվով չեն խոսում,մեր լեզուն դա չէ։ Որպեսզի մեր լեզուն հասկանան,թող գնան Էջմիածին գոնե մեր թռչնատառերը տեսնեն,կսիրահարվեն այդ տառերին. ադամանդակուռ ոսկեզօծ թռչնատառեր են։Իմ ամենամեծ ցավն այն է, որ մեր ժողովուրդը, (ժողովուրդ ասածս դրսի աշխարհի մասին է խոսքս),շատերը երիտասարդներից չեն հասկանում`մեր լեզուն հրաշք լեզու է աշխարհի համար։Եղավ մի ժամանակ,որ մեր լեզուն ուզում էին դարձնել էսպերանտո,որովհետև փոքր ժողովուրդ ենք,բանի տեղ չդրեցին և հասել է այնտեղ,որ կարող են աշխարհին ներկայանալ,դրա համար ես պարտական եմ մեր մեծ բանաստեղծներին` Սայաթ -Նովայից, Նարեկացուց սկսած մինչև Պարույր Սևակ, և հետո էլ ավելի լավերը կգան։Վահրամ Փափազյանի խոսքերով ասած.«Լեզուն մի ժողովրդի ոգին է հնչեղ ձևի մեջ»։Երևի կարևորը լեզվի իմացություն էլ չի,կարևորը ոգին է,որ մտնում է հանդիսատեսի մեջ։Իմ ամենամեծ ցավը դա է, որ մեր համարյա բոլոր ռադիո հեռուստալիքները բարբարոսաբար աղավաղում են մեր լեզուն։Հիմա ունենք երգիչ-երգչուհիներ,բա դրանք չե՞ն իմանում աշխարհի լավագույններին,գոնե ընդօրինակել կարողանան,դա էլ չեն կարող։Իսկ երգը ինչպես խոսքը, պետք է ասելիք ունենա։Երգը լսելիս պետք է փշաքաղվես։

 -Ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր զարգացնելու ասմունքի արվեստը Հայաստանում։

-Գիտեք ինչպես տառաճանաչ լինելը, ասմունքն էլ սովորեցնելու չէ,մարդու հոգու մեջ պետք է լինի դա։Եթե մարդը նույնիսկ մի բառ էլ թեկուզ սխալ ասի,բայց հոգով ասի,ժողովուրդը կընդունի։Տարաբախտաբար քիչ պարծենալու բան,որովհետև մի քանի երեխաներ կան` աղջիկներ,որոնք ուզում են զբաղվել,գտել են հայոց լեզվի գեղեցկությունը, ուզում են զբաղվել ասմունքով։Ուսուցանել ոչ թե չեմ կարող,այլ չեմ ուզում իմը պարտադրել դիմացինին։Ամենամեծ ու ամենաճիշտ նախադրյալն ասմունքի զարգացման գործում այն է, որ մարդ այն ընդունի իր հոգու մեջ։

 -Իսկ ո՞ր տարիքից է հարկավոր զարգացնել և սովորեցնել  ասմունքի արվեստը։

-Պարծենալ չլինի, ասմունքով զբաղվում է այն մարդն, ում մեջ կա այն։9 տարեկան էի,երբ առաջին անգամ կարդացի հանճարեղ Թումանյանի «Մարոն»,ես չգիտեմ` լավ կարդացի,թե չէ,բայց գիտեմ, որ ժողովուրդը պլշած նայում էր, թե ինչ է անում այս տղան։Ասմունքը նախ մարդու հոգու մեջ է,դու կարող ես սխալվել, մի բառ բաց թողնել,բայց ասմունք կոչեցյալը պետք է լինի։Ասմունքը, էլի եմ ասում, իհարկե  սովորեցնելու,վարժեցնելու բան է,բայց պետք է մարդը սեր ունենա։

 -Ո՞վ է ձեր սիրած հայ բանաստեղծը։

-Ես շատ եմ սիրել մեր հանճարեղ պոետներին`Շիրազից սկսած Սևակով վերջացրած,հիմա էլ կան լավերը։Լավերին երիտասարդ սերունդը իրենցով պիտի անի։Վերջին շրջանի իմ նախընտրելի պոետը Սևակն է։

 -Որքա՞ն հաճախ եք մեկնում հյուրախաղերի։

-Բարեբախտաբար,ես այն եզակի մարդկանցից եմ,որ եղել եմ աշխարհի տարբեր երկրներում`Քուվեյթ,Հորդանան,Անգլիա,Գերմանիա։Առաջին անգամ գնացի Բեյրութ ու արդեն թատերական խմբով։Մեր դերասաններին հրավիրեցին հեռուստատեսություն,միայն ես գնացի։Հինգ կտոր գործ կարդացի մեր լավագույն գրողներից,ամբողջ Բեյրութը գիտեր Աբաջյանին։

 -Ձեր խոսքը մեր երիտասարդությանը և սկսնակ ասմունքողներին։

-Մեր երիտասարդներին կմաղթեի,որ մի քիչ հայերեն սովորեն։Ինչ վերաբերում է սկսնակ ասմունքողներին,խորհուրդ տալը քիչ է,պիտի նրանք փնտրեն իրենց ուզածը։Մարդն ինքը պիտի ընտրի իր հոգու թելադրանքով,թե չէ իմ տվածը մի քիչ արհեստածին բան կստացվի,եթե ասեմ գնա Չարենց կարդա,ախր այդ երեխան չի կարող հիմա։Չարենցի համար տարիներ են հարկավոր,որ հասունանա։

                                                                                                       Գարիկ Ավետիսյան 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...