19:01
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Դրամահավաքի նոր ձևերի կիրառումը ժամանակի պահանջ էր։

2013-04-17 11:27


«Դե Ֆակտո» 47 (2010թ.)

Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ

-Պարոն Վարդանյան, արդեն մեկ տարուց ավել զբաղեցնում եք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։  Պատմեք, խնդրեմ, Ձեր գործունեության մասին։ 

- Արդեն մեկ տարի է զբաղեցնում եմ գործադիր տնօրենի պաշտոնը։ 2004թ. եղել եմ միջազգային կապերի բաժնի պատասխանատու, այնուհետև` գործադիր վարչության փոխտնօրեն, ավելի ուշ` գործադիր տնօրենի պաշտոնակատար։

Կարող եմ վստահ ասել, որ այս տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ողջ աշխատակազմը աշխատել է ընդլայնել և էլ ավելի լավացնել հիմնադրամի աշխատանքը։ Դա բարդ գործընթաց է, քանի որ մեր գործունեությունը պայմանավորված է թե՛ Երևանյան գրասենյակի, և թե՛ հիմնադրամի` տասնութ երկրներում գործող ներկայացուցչական մարմինների գործունեությամբ։

-Առաջին հերթին ի՞նչն եք կարևորում  Ձեր աշխատանքում։

-Մեր ամենակարևոր սկզբունքն է` աշխատել  բաց և թափանցիկ։ Նվիրատուն պետք է համոզված լինի, որ իր տված գումարը նպատակին է ծախսվում։ Յուրաքանչյուր ամիս մենք պատրաստում ենք հաշվետու ֆիլմեր` ներառված «Ձեռք ձեռքի», հաղորդաշարում, մամուլի հաղորդագրություններ, ակնարկներ, ֆոտոպատմություններ։ Դրանց նպատակն է մեր այսօրվա և, ինչու՞ չէ, վաղվա նվիրատուին տեղեկություններ հաղորդել նոր մեկնարկած, ընթացիկ և ավարտված  ծրագրերի մասին։ Այս ամենի համար պատասխանատու է Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը։ Վերջինիս դերը շատ եմ կարևորում, քանի որ այս բաժինն է, որ ապահովում է հանրության կապը հիմնադրամի հետ։ Պարբերաբար անցկացվող սոցիոլոգիական հարցումների միջոցով էլ փորձում ենք պարզել հիմնադրամի վարկանիշը հանրության շրջանում  և, անհրաժեշտության դեպքում, շտկումներ ենք անում։

Այս տարի պլանավորում ենք այսպես կոչված պրեսս-տուրեր կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ, որպեսզի լրագրողները տեղում ծանոթանան մեր ծրագրերին և ճշգրիտ լուսաբանեն  հիմնադրամի աշխատանքները։

-Կա՞ն խոչընդոտներ, որոնք բարդացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքը։ 

-Հիմնադրամի գործունեության համար ամենամեծ խոչընդոտը, թերևս,  թերահավատությունն է, որը կարծես շատ բնորոշ է հայերիս։ Սակայն այս վեց տարիների ընթացքում մենք փորձել ենք վստահություն ներշնչել մեր հայրենակիցներին և բարերարներին` ապացուցելով, որ այն գումարները, որոնք նվիրաբերվում են հիմնադրամին, նպատակային են ծախսվում։ Մենք գիտակցում ենք, որ հաշվետու ենք  նվիրաբերված յուրաքանչյուր դրամի համար։ 

-Դրամահավաքի ավանդական ձևերից զատ, այսօր դուք կիրառում եք նաև դրամահավաքի նոր մեխանիզմներ։ Ինչո՞վ էին պայմանավորված այդ նորամուծությունները։  Որքանո՞վ են  դրանք արդյունավետ։

-Դրամահավաքը գիտություն է, որը  գոյություն ունի վաղուց և կիրառվում է բոլոր երկրներում։ Մեր կողմից դրամահավաքի նոր ձևերի կիրառումը, կարելի է ասել, ժամանակի պահանջ էր։ 1992թ., երբ ստեղծվեց հիմնադրամը, երկրում խնդիրներն ակնհայտ էին. մի կողմից` սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, մյուս կողմից` աղետի գոտու վերականգնումն ու պատերազմի հաղթահարումը. մի իրականություն, որի դեպքում կարելի էր առանց լրացուցիչ ջանքերի գումար հավաքել։ Սփյուռքի մեր հայրենակիցները  մեծ ոգևորությամբ էին գումարներ նվիրաբերում` գիտակցելով, որ խոսքը կաթվածահար վիճակում գտնվող պետության վերականգնման մասին է։ Հետագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը սկսեցին աստիճանաբար զարգանալ, անհրաժեշտ էր դրամահավաքների կազմակերպմանն առավել պրոֆեսիոնալ մոտեցում էր  անհրաժեշտ,   քանի որ դրամահավաքի նախկին` «զգացմունքային», ձևերն արդեն չէին գործում։ Հիմա կարիք կա բարերարներին  ներկայացնել այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն։

Բացի հեռուստա- և հեռախոսամարաթոններից, երկու տարի առաջ մենք կիրառեցինք դրամահավաք Հայփոստի միջոցով։ Հայաստանում գործող Հայփոստի բոլոր բաժանմունքներում քաղաքացիները կարող էին նվիրատվություն կատարել` առանց որևէ միջնորդավճարի։ Սկզբում մի փոքր մտավախություն կար, թե արդյո՞ք կաշխատի դրամահավաքի այս տարբերակը, քանի որ այն նորություն էր Հայաստանում։ Սակայն արդյունքները տպավորիչ էին։  Այս տարի ավելի քան 12 000 մարդ նվիրատվություն արեց Հայփոստի միջոցով։  Դա ոգևորեց մեզ, և մենք որոշեցինք ավելի կատարելագործել դրամահավաքի ձևերը։ Անցյալ տարի հանգանակություն իրականացրինք նաև sms հաղորդագրությունների միջոցով, որին մասնակցեց շուրջ 13.500 բաժանորդ։ Այս ձևը նույնպես շատ արդյունավետ էր, և մատչելի էր բոլոր նրանց համար, ովքեր ունեն բջջային հեռախոսներ։ Անցյալ տարի մենք այս դրամահավաքն իրականացրինք մեր վաղեմի գործընկեր VivaCell MTS-ի հետ։ Այս տարի պլանավորում ենք համագործակցել նաև BeeLine և Orange ընկերությունների հետ` նպատակ ունենալով դրամահավաքն իրականացնել Հայաստանում գործող բոլոր բջջային օպերատորների միջոցով, մի բան, որ ավելի մեծ թվով նվիրատուների հնարավորություն կտա մասնակցելու մեր դրամահավաքին։

-Ամփոփեք, խնդրեմ, «Հայաստան» համահայկական  հիմնադրամի 2009թարդյունքները։

-2009թ. դրամահավաքի արդյունքը հեռուստամարաթոնի, Մոսկվայում կազմակերպված ճաշկերույթի, ինչպես նաև տարվա ընթացքում իրականացված դրամահավաքի բոլոր միջոցառումներից գոյացած շուրջ  15. 875. 000 ԱՄՆ դոլար գումարն է, որի մեծ մասն ուղղվել է Շուշի քաղաքի վերակառուցմանը։  Մոտավորապես  10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Շուշիում տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Ճանապարհների կառուցումը, որի համար նախատեսված է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար, արդեն ընթացքի մեջ է։ Մի շարք աշխատանքներ էլ կմեկնարկեն մոտ մեկ ամսից։

Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը տարածքային սահմանափակումներ ունի՞։ 

-Ո՛չ, «Հայաստան» համահայկական հիմնադրամն այնտեղ է, որտեղ կա նրա կարիքը։ Իսկ կարիքները շատ  են, մենք ստանում ենք բազմաթիվ դիմումներ, և դրանցից որևէ մեկը դուրս չի մնում մեր ուշադրությունից։ Մենք ծրագրեր ենք իրականացնում ինչպես ԼՂՀ-ում, այնպես էլ Հայաստանում։ Շարունակում ենք մեր գործունեությունը Տավուշի և Սյունիքի մարզերում։ Գորիս քաղաքում կառուցում ենք սրտաբանական հիվանդանոց, իսկ մոտ մեկ ամսից կմեկնարկեն Կապանի մանկական հիվանդանոցի  վերակառուցման աշխատանքները։

-Արդյո՞ք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդեց նվիրատվությունների ծավալի, հետևաբար նաև իրականացվող ծրագրերի վրա։ 

 -Ֆինանսատնտեսական ճգնաժամը, ի ուրախություն մեզ, գրեթե  չազդեց դրամահավաքի վրա, քանի որ նվիրատուների քանակը բավականին աճել էր  և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում, և՛ Հայաստանում։ Գրեթե 53.000 մարդ մասնակցել էր հեռուստամարաթոնին` մոտավորապես երեք անգամ ավել, քան նախորդ տարի։  Միգուցե նվիրաբերվող գումարների չափը փոքր-ինչ նվազել էր, սակայն դա լրացվեց նվիրատուների թվի կտրուկ աճով։

Համոզված եմ, որ հետագայում մեզ հաջողվելու է մեր հայրենակիցների ավելի լայն զանգված ներգրավել նվիրատվությունների գործընթացում։

-Իրականում հիմնադրամի հաջողություններն ու ճիշտ գործելաոճը տպավորիչ է ոչ միայն հայերիս համար, այլ նաև օտարերկրացիների։ Մամուլում հրապարակում եղավ, որ Սիրիայի առաջին տիկինը ցանկություն ունի նմանատիպ  հիմնադրամ հիմնել Սիրիայում և այդ նպատակով հանդիպել էր Ձեզ հետ։ 

- Հանդիպման նպատակը հիմնադրամի վերաբերյալ տեղեկատվություն ստանալն էր, քանի որ հայերիս պես սիրիացիներն էլ ունեն աշխարհով մեկ սփռված ազգակիցներ` մոտ 14 միլիոն։ Սիրիայի առաջին տիկնոջ ցանկությունն է ստեղծել նմանատիպ հիմնադրամ։ Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ Չի բացառվում մոտ ապագայում Սիրիա ճանաչողական այցի կազմակերպում՝ տեղում արդյունավետ կերպով նրանց օգտակար լինելու նպատակով։ Իհարկե, մեզ համար շատ հաճելի և ոգևորիչ է այլ երկրների համար օրինակելի փորձ ծառայելը։ Սիրիայի նման մեծ սփյուռք ունեցող երկիրն, անկասկած, կարիք ունի Հիմնադրամի նման կառույցի։

 

-Գիտենք, որ նպատակ ունեք ընդլայնել հիմնադրամի գրասենյակների աշխարհագրությունը։ Ի՞նչ  քայլեր են ձեռնարկվում  այդ ուղղությամբ։

-Միայն վերջին մեկ տարվա ընթացքում մենք արդեն բացել ենք նոր գրասենյակներ Սիրիայում, Կիպրոսում և Հունաստանում։ Այդ երեք գրասենյակներն արդեն իսկ ակտիվորեն աշխատում են։ Օրինակ,  Սիրիայում մայիս ամսին կազմակերպվող ճաշկերույթի ընթացքում տեղի է ունենալու  Ինգա և Անուշ  Արշակյանների ելույթը, իսկ հաջորդ օրը` նաև համերգ։ Այս երկու միջոցառումներն էլ ամբողջությամբ կազմակերպվում են Սիրիայի մեր նորաբաց գրասենյակի կողմից։ Հավաքված ամբողջ գումարը կծառայի Շուշի քաղաքի վերականգնմանը։

Ապրիլ-մայիս ամիսներին  Հունաստանում լայնածավալ միջոցառումներ են ծրագրված, որոնց ընթացքում ելույթ կունենա Հունաստանում ՀՀ դեսպանը` փորձելով առավել մեծ  թվով մարդկանց իրազեկել հիմնադրամի գործունեության մասին։

Կիպրոսում, որը շատ փոքր հայկական համայնք ունի, արդեն իսկ իրականացվել է դրամահավաք, որի ընթացքում մոտ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է հավաքվել։ Այդ գումարով նախատեսվում է կահավորել  Շուշիում Աբովյանի անվան դպրոցի գրադարանը։

Ի վերջո, մենք` հայերս, ունենք մեկ գլխավոր նպատակ` լինել միասին և համախմբված։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ դեր ունի այս գործում։  Մենք ուրախանում ենք, երբ սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները գալիս են մեր գրասենյակ` հետաքրքրվելու հիմնադրամի գործունեությամբ։ Ս

-Ակտիվորեն համագործակցում եք նաև այն երկրների հայ համայնքների հետ, որտեղ դեռևս չեն գործում հիմնադրամի գրասենյակներ։ Ինչպե՞ս են իրականացվում և համակարգվում նրանց հետ աշխատանքներն ու կապերը։

-Ամենաբարդը այդ երկրներից Ռուսաստանն է, որտեղ մի քանի անգամ գրասենյակներ բացելու փորձեր արվեցին, սակայն տարբեր պատճառներով չհաջողվեց։ Սակայն համոզված եմ, որ այս տարի դա տեղի կունենա։ Ընդ որում, մենք ծրագրել ենք հիմնել միանգամից մի քանի գրասենյակ Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Այդ խնդրի շուրջ ներկայումս ակտիվ կապի մեջ ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ։

Մինչև տարեվերջ ծրագրում ենք ներկայացուցչություն ունենալ նաև Ուրուգվայում, որտեղ գործում է մոտ 12-13 հազար բնակչություն ունեցող հայկական համայնք։

-Մամուլում պարբերաբար հաղորդագրություններ են տպագրվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության վերաբերյալ, լինում են և՛ դրական գնահատականներ, և՛ քննադատություններ։ Ինչպե՞ս եք արձագանքում դրանց։

-Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում լրագրության ինստիտուտը կայացած չէ։ Հիմնադրամի աշխատանքը շատ հաճախ մեկնաբանում են լրագրողներ, որոնք չունեն համապատասխան կրթություն։ Երբ խոսքը վերաբերում է տնտեսական խնդիրներին, դրամահավաքի լավ կամ վատ լինելուն, ապա լրագրողը պետք է ունենա առնվազն տարրական համապատասխան գիտելիքներ, որպեսզի կարողանա ճիշտ լուսաբանել տեղեկատվությունը։ Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ լրագրողները ստանում են իրենց հարցին սպառիչ պատասխան, սակայն հրապարակումից հետո տեսնում ենք, որ տրված տեղեկատվությունն ամբողջությամբ աղավաղված է և հաճախ` ոչ  կանխամտածված։ Լինում են և հրապարակումներ, որոնց որևէ կերպ չենք էլ արձագանքում, քանի որ դրանք ընդամենը հերյուրանք են։ Հիմնադրամիգործունեությունըլուսաբանելիսցանկացածսխալտեղեկատվությունկարողէարժենալմեկչկառուցվածդպրոցկամհիվանդանոց։ Թերացումներին ևս կարող եք անդրադառնալ, եթե  այդպիսիք կան։  Մենք, իհարկե, փորձում ենք աշխատել այնպես, որ թերացումներ չլինեն։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...