19:24
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անկախության սերունդ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ

2013-04-13 11:28

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 5 տարեկան է, նրա երիտասարդ երաժիշտներն անկախ Հայաստանի Հանրապետության հասակակիցներն են։ 20-ամյա Հանրապետության մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկը, թերևս, կարելի է համարել նվագախմբի ստեղծումն ու կայացումը։

Երիտասարդական նվագախումբն իր գործունեության շատ կարճ ժամանակահատվածում ամենաբարձր գնահատականների և արձագանքների է արժանացել ժամանակակից հանրահայտ երաժիշտների և քննադատների կողմից։ 2008թ. Հայաստանի Հանրապետության նախագահը բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորը ընկալման համար նվագախմբին պետական կարգավիճակ շնորհեց՝։ 

Սերգեյ Սմբատյանը քսաներեք տարեկան է, արդեն հինգ տարի է` նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել Եվրոպայի և Ասիայի ամենահայտնի համերգասրահներում և ձայնագրվել առաջատար ձայնագրման ստուդիաներում։ Անընդհատ կրկնվող հրավերքներն այնպիսի առաջատար երաժշտական փառատոների կողմից, ինչպիսիք են Young Euro Classic-ը, Crescendo-ն, «Մոսկվայի Զատկական փառատոնը» և շատ ուրիշներ, վկայում են երիտասարդ հայ երաժիշտների բարձր կատարողական արվեստի և Սերգեյ Սմբատյանի փայլուն ստեղծագործական անհատականության մասին։

Պետական երիտասարդական նվագախմբի և Սերգեյի դիրիժորական բարձր վարպետությունը նպաստում է հայ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունների ճանաչմանը, ինչը շունչ է հաղորդում ժամանակակից հայկական երաժշտությանը։ Երիտասարդ մաեստրոն միշտ մեծ ուշադրություն է դարձրել ժամանակակից հայկական երաժշտությանը։ Սերգեյի նորարարական մոտեցումը թույլ է տալիս նորովի պատկերացնել Հայաստանի մշակութային ժառանգության ռազմավարական զարգացումը։

Ահա թե ինչու մենք որոշեցինք զրուցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երիտասարդ ղեկավար` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։

- Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ընդամենը 5 տարեկան է, բայց արդեն գրեթե համաշխարհային ճանաչում ունի։ Մի փոքր կխոսե՞ք վերջինիս գործունեության մասին։

- Այո, նվագախումբը 5 տարեկան է։ Այսօր այն միակ նվագախումբն է, որ ստեղծվել է անկախության տարիներին և ստացել պետական կարգավիճակ։ Խորհրդանշական է նաև այն, որ նվագախմբի բոլոր անդամները մեր երկրի հասակակիցներն են` 18-23 տարեկան։ Մենք, փաստորեն, մեծացել և հասունացել ենք մեր երկրի հետ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փայլեց իր ելույթով

Օդեսա քաղաքի 217-ամյակին  նվիրված համերգին

 - Դուք բոլորովին վերջերս եք վերադարձել Օդեսայից։ Ինչպիսի՞ն են տպավորությունները։

- Մենք համերգի հրավեր ստացանք Օդեսայից «Օդեսան դիմավորում է ընկերներին» փառատոնի շրջանակներում։ Փառատոնը նվիրված էր քաղաքի 217-ամյակին։ Սեպտեմբերի 5-ին մենք ելույթ ունեցանք Օդեսայի ֆիլհարմոնիկ համերգասրահում։ Մեզ համար սա բավականին լուրջ փորձ էր, քանի որ ելույթ ունենալ մտավորական այնպիսի քաղաքում, ինչպիսին դասական երաժշտության հարուստ ավանդույթներով և ժառանգությամբ Օդեսան է, մեծ պատասխանատվություն է։ Սակայն երբ մեր ելույթից հետո դահլիճը լցվեց հոտնկայս ծափահարություններով, որոնց հետևեցին նաև նոր հրավերներ տարբեր երկրներից, մենք հասկացանք, որ ամեն ինչ ստացվել է։

Անկախության 20-ամյակը Եվրոպայում տոնում ենք

դասական երաժշտության համերգով

- Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում։

- Այս պահին մենք պարտրաստվում ենք  եվրոպական շրջագայության, որը մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է, քանի որ Եվրոպա ենք մեկնում` նշելու ՀՀ անկախության 20-ամյակը։ Պետական երիտասարդական նվագախումբը համերգներով հանդես կգա Բեռլինում, Կարլզրուեում, Հաագայում և Բրյուսելում։ Մեզ համար սա և՛ մեծ հպարտություն է, և՛ մեծ պատասխանատվություն` դասական երաժշտությամբ տոնել Հայաստանի անկախությունը եվրոպական այդ քաղաքներում։ Հասարակության մեջ կարծիք կա, որ ավելի շեշտադրվում և տեղ է տրվում ժամանցային երաժշտությանը և մենք` հայերս այդքան էլ չենք ունկնդրում դասական երաժշտություն։ Սակայն երբ մշակույթի նախարարության, եվրոպական երկրներում մեր դեսպանությունների մակարդակով և միջոցով Հայաստանը Եվրոպայում իր անկախության 20-ամյակը տոնելու է ներկայանում դասական երաժշտությամբ, ուրեմն պետք է հավատալ, որ դասական երաժշտությունը մեր երկրում ամուր հիմքերի վրա է, այն սպասված է և ունի իր ունկնդիրը։

- Ձեզ համար, որպես երիտասարդ ղեկավարի, դժվար չէ՞ արդյոք աշխատել հասակակիցների կամ հակառակը` տարիքով ավելի մեծերի հետ։

- Հայաստանում, իրոք, հարաբերությունները հենվում են տարիքային հարգանքի վրա։ Ղեկավար ասելով մարդիկ պատկերացնում են տարիքով մեծ, փորձառու մեկին։ Սակայն այսօր, ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս մարդիկ գալիս են այն գիտակցությանը, որ երիտասարդությունը ոչ թե թերություն է և փորձի պակաս, այլև առավելություն, նոր և թարմ գաղափարներ։ Իսկ նվագախմբի մասին պետք է ասեմ, որ բոլորս հավասար ենք, միահամուռ ուժերով ստեղծել ենք այն, և յուրաքանչյուրս մեր գործն ենք անում։

- Քանի որ այս օրերին բոլորս տոնում ենք մեր երկրի անկախության 20-ամյակը, խոսենք մի փոքր այս մասին։ Դասական երաժշտության ոլորտում ինչպի՞սի ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը անկախության տարիներին։

- Եթե չլիներ անկախությունը, չլիներ Հայաստանը` ազատ և ինքնուրույն իր որոշումների մեջ, ապա մենք չէինք ունենա պետական երիտասարդական նվագախումբ։ Սա ապացուցում է, որ անկախացումից հետո Հայաստանը պետականորեն կարևորում է դասական երաժշտության դերը երկրի մշակութային կյանքում։ Իհարկե, ԽՍՀՄ ժամանակաշրջանում բավականին մեծ քայլեր են ձեռնարկվել դասական երաժշտության զարգացման և կայացման համար, սակայն այդ ժամանակաշրջանում մենք չենք ունեցել երիտասարդական նվագախումբ, այն էլ պետական։ Ուստի կարծում եմ ձեռքբերումն անգնահատելի մեծ է, և ավելի լավ լինել չէր կարող։

- Արդյո՞ք այսօրվա Հայաստանն այն երկիրն է, որի մասին երազել ենք 20 տարի առաջ

- Իհարկե դեռ ոչ։ Կարծում եմ` ընդհանուր առմամբ անելիքներ և խնդիրներ դեռ շատ կան, սակայն ձեռքբերումներն էլ բազմաթիվ են և ակնհայտ։ Մենք երիտասարդ երկիր ենք և դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու։ Եթե ես այս հարցին պատասխանեմ որպես երաժիշտ, ապա պետք է ասեմ, որ 10-15 տարի առաջ սոցիալական խնդիրներն այնքան շատ էին և առաջնային, որ մարդիկ գրեթե չէին հաճախում մշակութային օջախներ։ Մինչդեռ այսօր արդեն թե՛ սոցիալական խնդիրներն են ինչ-որ չափով պակասել և թե՛ հասարակական գիտակցությունն է այնքան բարձրացել, որ  մարդիկ ավելի հաճախակի են գնում նման միջոցառումների` լինի դա թատրոն, դասական երաժշտության համերգ կամ այլ միջոցառում։

 

- Ձեր մաղթանքը` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ։

- Շնորհավորում եմ բոլորիս։ Իհարկե դժվար ճանապարհ էր, որի մեծ մասը ես չեմ հիշում (ժպտում է)։ Շնորհավորում եմ և երջանիկ եմ, որ 20 տարի անց մենք ունենք երկիր, որն ունի կայացած պետականություն, հզոր բանակ, մտավորական, մշակութային և սպորտային արժեքներ և մեծ ձեռքբերումներ։

- Եվ վերջում, Հայաստան ասելիս…. Ի՞նչ զգացողություններ են արթնանում Ձեր մեջ։

- Հայաստան ասելիս ես պատկերացնում եմ տուն։ Գիտե՛ք, մենք շատ շրջագայում ենք, համերգներով լինում ենք տարբեր երկրներում, սակայն ամենահայտնի քաղաքների, ամենահեղինակավոր դահլիճներից, ամենաբուռն ծափահարություններից հետո, միևնույն է, մենք ձգտում ենք տուն` Հայաստան` լիարժեք ուրախանալու և հոգեպես խաղաղվելու համար։

 - Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ նոր հաջողություններ, և թող Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի միջոցով հայ անունը շարունակի բարձր մնալ և գնահատվել աշխարհի բազում դահլիճներում։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...