14:44
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵՐՆ Է ԱՅՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ, ՈՐԸ ՄՂՈՒՄ Է ԻՆՁ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԵԼՈՒ

2013-04-12 11:37

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

 

 Արսեն Նավասարդի՝ բեմանկարիչ

 Ինչպե՞ս  ծնվեց սերը արվեստի նկատմամբ

 Արվեստի նկատմամբ սերն իմ մեջ արթնացրել է տատիկս։ Հիշողություններ ունեմ դեռ 5-6 տարեկանից, երբ նրա օգնությամբ հին իրերից, փայտի կտորներից տիկնիկներ էի պատրաստում։ Հետո հայտնվեցի Հ. Իգիթյան կենտրոնում, որտեղ և սովորել եմ 10 տարի։ Աշակերտել եմ հիանալի արվեստագետ, վառ անհատականություն Արա Գուրզադյանին։ Կարծում եմ` ով եղել է Արա Գուրզադյանի աշակերտը և արվեստին ծանոթացել է նրա միջոցով, չի կարող բաց թողնել արվեստը և չզբաղվել դրանով։ Երբ եկավ նախասիրություններից և հետաքրքրություններից դուրս հիմնական մասնագիտություն ընտրելու ժամանակը, ես ընտրեցի թատերային դեկորատիվ արվեսը`  բեմական և ֆիլմերի  դեկորացիաների նկարչություն։  Շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, սակայն ցավում եմ, որ Հայաստանում մասնագիտությունների ընկալման սահմանները դեռ այնքան էլ ձևավորված չեն։   

 Ընտանիք

Արմատներով Գյումրիից եմ։ Ունեմ երեք եղբայր, որոնցից միայն ես եմ ընտրել արվեստի ուղին։ Պաշտում եմ իմ ընտանիքը։ Առօրյաս շատ լիքն է ու հագեցած, տանը շատ քիչ եմ լինում։ Մայրս մեծ խնամքով հարդարում է իմ սենյակը, որը նաև իմ արվեստանոցն է, դասավորում ներկերս, վրձիններս, նյութերս։

 Մուսա, միջավայր  ստեղծագործելու համար

Չկա մի առանձնահատուկ տեղ կամ միջավայր, որն ինձ տրամադրի ստեղծագործելու։ Ինձ համար չկան առանձնացված սահմանումներ` լավ-վատ, չար-բարի, տգեղ-գեղեցիկ։ Իմ մուսան կարող է գալ ցանկացած պահի, նույնիսկ ամենաաղմկոտ միջավայրում, ամենատարօրինակ բաների մեջ կարող եմ գտնել այն կայծը, որից սկսեմ ստեղծագործել։

 Այս պահին

… դասավանդում եմ Հ.Իգիթյանի անվան ազգային գեղագիտական դաստիարակության կենտրոնում։ Աշխատում եմ փոքրիկների հետ։ Դա մի զարմանալի, հրաշալի և անապական միջավայր է, որտեղ ես մանուկներին փորձում եմ ուսուցանել, ուղղորդել դեպի արվեստը, նկարչությունը։ Այդ տաղանդավոր և լուսավոր մանկիկներն իրոք դրական լիցքեր են հաղորդում ինձ, շատ բաներ ինքս եմ սովորում նրանցից։ Սիրում եմ իմ աշխատանքը։

Գործնական

Այս պահին համագործակցում եմ ռուսական «REN TV» հեռուստաընկերության հետ։ Աշխատում եմ Միքայել Պողոսովի սցենարով գրված ռուս-չեչենական պատերազմի մասին ֆիլմի վրա` որպես բեմադրող-նկարիչ և հագուստների նկարիչ։ Ֆիլմի վերնագիրը առայժմ գաղտնիք է։ Սյուժեն բավականին հետաքրքիր է` տարբեր միջավայրեր, տարբեր մարդկային ճակատագրեր և իրավիճակներ, որոնք պահանջում են իմ կողմից բարդ և լուրջ մասնագիտական աշխատանքներ։ Աշխատել եմ Րյունոսկէ Ակուտագավայի «Թավուտում» ճապոնական ներկայացման վրա։ Աշխատել եմ Ալեքսանդր Վամպիլովի «20 րոպե հրեշտակի հետ» ներկայացման վրա։ Հրավերներ եմ ստացել նաև Մայր թատրոնից, Պատանի հանդիսատեսի թատրոնից։

 Ցուցահանդեսներ

Վերջերս ունեցա անհատական ցուցահանդես «Աժեսեյ» ցուցասրահում։ Սա փոքրիկ ցուցադրություն էր։ Նպատակ ունեմ, իհարկե, առավել մասշտաբային ցուցադրություն կազմակերպել, ունեմ հավաքած աշխատանքներ, սակայն դա կապված է մի շարք խնդիրների և դժվարությունների հետ։ Ցավոք սրտի, այսօր մեր երկրում երիտասարդ արվեստագետների համար չեն ստեղծվում հնարավորություններ և պայմաններ առաջ գնալու, ցուցահանդեսներ ունենալու և ի վերջո աշխատելու համար։ Ունենք ժամանակակից արվեստի ցուցասրահներ, կենտրոններ, որտեղ ցուցադրվելու համար, սակայն ճանաչում, հեղինակություն և ֆինանսական միջոցներ են պետք, իսկ ի՞նչ կերպ հասնել այդ ճանաչմանը, եթե ոչ նման ցուցահանդեսներով… Սա հենց սխալ մոտեցման, կարծրացած մտածողության հետևանքն է, ինչը հիասթափեցնում է ինձ և իմ նման շատ երիտասարդ արվեստագետների։ Կարծում եմ Մինասն ամենևին դեմ չէր լինի, որ իր կողքին կախվեր արվեստում նոր խոսք և ասելիք ունեցող մի երիտասարդ նկարչի աշխատանք… մինչդեռ ամենուրեք նույն բյուրոկրատական սխալ վերաբերմունքն է։ Անհրաժեշտ է պետական մոտեցում և հոգածություն երիտասարդ արվեստագետների նկատմամբ։

 Ի՞նչ տվեց մեզ անկախությունը

Գիտեք, անկախություն ասվածը չափազանց լայն և բազմաբնույթ հասկացություն է։ Քաղաքական իմաստով վերլուծություն անել և կարծիք հայտնել չեմ ուզում և չեմ էլ կարող։ Իսկ ինչ վերաբերվում է արվեստին, ապա պետք է ասեմ, որ ըստ իս, այն դեռևս պտուղներ չի տվել։ Արվեստը մեր երկրում անկախությունից հետո ինչ-որ քաոսային, որոնողական վիճակներում է դեռ։ Անկախությունից առաջ արվեստում լավ և դրական արժեքներ, անկասկած եղել են, անհրաժեշտ է դրանք ուղղակի զարգացնել, սակայն այդ որոնումները կարծես սխալ, տարերային ուղղությամբ են տանում շատերին, և արդյունքում ունենք այն ինչ ունենք` խառը, անհասկանալի ձգտումներով երիտասարդություն, խորհրդային շրջանից ժառանգություն մնացած բյուրոկրատական մոտեցում, որն արվեստի նկատմամբ անթույլատրելի է։

 Այսօր Հայաստանում արվեստի զարգացման համար խնդիր է

այն, որ արվեստագետն այսօր մենակ է, նրա կողքին չկան ինստիտուտներ, որոնք կլուսաբանեն, ճանաչելի կդարձնեն վերջինիս։ Այսինքն` արվեստագետը ստեղծագործում է, սակայն չի կարողանում դրա պահանջարկն ունեցողներին ներկայացնել իր ստեղծագործության պտուղները։ Նա ստիպված է անել դա ինքնուրույն, իր ձևով, իսկ արվեստագետի հոգին շատ նուրբ է, և ցանկացած փոքր խոչընդոտ կարող է ընկճել, հիասթափեցնել նրան։

 Շարժիչ ուժը կյանքի

Սերն է այն շարժիչ ուժը, որը մղում է ինձ ապրելու, արարելու, ստեղծագործելու, տարօրինակ, խենթ քայլերի գնալու։ Ամեն ինչի մեջ հրաշք փնտրելու ձգտումը. նույնիսկ այն ներկը, որ անզգուշության հետևանքով դուրս է թռչում պարկուճից, կարող է սկիզբ դառնալ մի հզոր կտավի, միթե սա հրաշք չէ… 

 Ամենևին նշանակություն չունի, թե որտեղ եմ ապրում ես,

 ես հայ եմ, իմ հայրենիքն իմ մեջ է

 Ի՞նչ է հայրենիքը

 Ես կարող եմ ապրել ամեն տեղ` մոլորակի ցանկացած անկյունում, գտնել որևէ վառ, լուսավոր կետ և ապրել, ստեղծագործել։ Իմ հայրենիքն իմ մեջ է, դա այն «հայ հատիկն է», որ գեներով ընտանիքիս, ծնողներիս  միջոցով փոխանցվել է ինձ, և ամենևին նշանակություն չունի, թե որտեղ եմ ապրում ես, ես հայ եմ։

 Ծրագրեր ապագայի համար

Ես իմ ամեն օրն ապրում եմ այնպես, կարծես դա կյանքիս վերջին օրն է, ապրում եմ բուռն, ակտիվ, ռիթմիկայով լի կյանքով։ Ունեմ, իհարկե, ծրագրեր երազանքներ, սակայն ապագայի վրա չեմ ֆիքսվում։  Այն ամենը, ինչ երազել և պլանավորել եմ, քիչ-քիչ իրականանում են, հուսով եմ, ապագայում էլ այդպես կլինի։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...