21:38
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները առողջ և հիվանդ նորածինների համար

2013-04-11 11:34

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

Պավել Մազմանյան,  Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ

-Պարո՜ն Մազմանյան, արդեն քանի՞ տարի է, ինչ վերակազմավորվել է կենտրոնի նորածնային բաժանմունքը, ինչպիսի՞ կառուցվածք ունի այն և տարեկան քանի՞ նորածնի է սպասարկում։

-Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքը (վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի) վերակազմավորվել է 1999թ.` դառնալով գերժամանակակից բուժսարքավորումներով հագեցած, միջազգային չափորոշիչներին համապատասխան նորածնային բաժանմունք։ Մինչ այդ, առողջական խնդիրներ ունեցող, վաղաժամ ծնված երեխաները ծնվելուց հետո տեղափոխվում էին մանկական այլ հիվանդանոցներ, որտեղ առկա էին բուժման համապատասխան պայմաններ։   Կենտրոնի տնօրեն, պրոֆ. Գեորգի Օկոևը նախաձեռնեց ստեղծել առավել լավ, միջազգային ստանդարտներին համապատասխանող նորածնային բաժանմունք, որտեղ նորածինը կարող է ստանալ իրեն անհրաժեշտ խնամքն ու բուժումը։ Մենք որդեգրել ենք այն սկզբունքը,  որ մեր բաժանմունքից այլ հիվանդանոցներ նորածինները չպետք է տեղափոխվեն` բացառապես այն նորածինների, որոնք կարիք ունեն շտապ վիրաբուժական միջամտության։ 

Մեր կենտրոնը տարեկան սպասարկում է ավելի քան 3000 նորածնի, այդ թվում շուրջ 1000 նորածնի` ծնված բարձր ռիսկի խմբի հղիներից, ինչպես նաև մոտ 300 հիվանդ և անհաս նորածինների։

Նորածնային ծառայության էությունը կայանում է նրանում, որ առողջ նորածինները 24 ժամ անընդմեջ գտնվում են հետծննդյան բաժանմունքում` մայրերի հետ համատեղ։ Խնդիր ունեցող նորածինները բուժվում են ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, որից հետո բուժումը շարունակվում է հատուկ խնամքի և խնամքի 2-րդ էտապի բաժանմունքում։ Կենտրոնում գործում է ռիսկի խմբի երեխաների հետագա հսկողության ծառայություն։

-Բաժանմունքն ունի նաև գիտական նվաճումներ։ Կներկայացնե՞ք։

-Հայաստանում առաջին անգամ մեր կենտրոնում հաջողությամբ ներդրվել և կիրառվում են նորածինների բուժման ամենաժամանակակից մեթոդները։ Դրանց թվին են պատկանում սուրֆակտանտի կիրառումը, նորածինների մոտ թոքերի ոչ ինվազիվ օդափոխումը (CPAP), որը կատարվում է  հատուկ սարքի միջոցով։ Վերջինս միացվում է նորածնի քթին և հնարավորություն է տալիս երեխային ինքնուրույն շնչել` բաց պահելով թոքերը։

Այստեղ անցկացվում են նաև  խորը անհաս նորածինների մոտ բաց բոտալյան ծորանի վիրահատական բուժում, գլխուղեղի  գերձայնային հետազոտություն և այլն։

Այսօր մեր նորածնային բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և ցուցաբերում է ցանկացած ծավալի բուժօգնություն։

-Համագործակցության ինչպիսի՞ կապեր ունի կենտրոնը Հայաստանից դուրս։

-Շուրջ 10 տարի է, ինչ մեր բաժանմունքը մշտապես համագործակցում է Լոնդոնի Թագավորական բժշկական քոլեջի, Ցյուրիխի համալսարանական նորածնային կենտրոնի, Տրիեստ քաղաքի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնի հետ։

Մենք համագործակցում ենք նաև Համերսմիթ (Անգլիա) հիվանդանոցի հետ։  Մասնավորապես` մենք սերտ կապեր ունենք հիվանդանոցի նորածնային բաժանմունքի բուժքույր-դասավանդող Քեթի Մելորի հետ։

Մենք, կարևորելով հիվանդների բարձրակարգ խնամքի ապահովումը բուժքույրերի կողմից,  7 տարի շարունակ, տարին մի քանի անգամ Քեթի Մելորին հրավիրում ենք վերապատրաստման դասընթացներ անցկացնելու մեր բուժքույրերի հետ` վերջիններիս մասնագիտական հմտությունները միջազգային չափանիշերին համապատասխանեցնելու նպատակով։ 

Մեր կենտրոնում հիվանդ և անհաս նորածինների կենսակայունության ցուցանիշերը համադրելի են եվրոպականի հետ։

- Ինչո՞վ է կենտրոնի նորածնային բաժանմունքը  տարբերվում մյուսներից։

-Ինչպես նշեցի, մեր կենտրոնում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները առողջ և հիվանդ նորածինների համար։  Մեզ մոտ հիվանդ և անհաս նորածինների բուժումը և խնամքն իրականացվում է ամենաժամանակակից կյուվեզներում  ու ջերմության և խոնավության ինքնակարգավորվող ինտենսիվ թերապիայի համակարգերով։ Թոքերի արհեստական շնչառությունն իրականացվում է շնչառական բոլոր հայտնի ժամանակակից եղանակներով։ Մեր կենտրոնում առկա է դեռևս միակը մեր երկրում բարձր հաճախականության օսցիլյատոր` թոքային հիվանդությունների ծանր բարդությունների բուժման համար (բարոտրավմա և նորածինների պերսիստենտ թոքային հիպերտենզիա)։ Իրականացվում է նաև գլխուղեղի գերձայնային հետազոտություն հենց նորածնի մահճակալի մոտ։ Մեր կենտրոնում հիվանդ և անհաս նորածինների կենսակայունության ցուցանիշերը համադրելի են եվրոպականի հետ։

-Որքանո՞վ է կարևոր մոր և երեխայի շփումը, ինչպես նաև մայրական կաթով կերակրելը։

-Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնց մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում։ Մեր կարծիքով` ծնողները պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերեն երեխայի բուժմանը և խնամքին։

Մեր բաժանմունքի սկզբունքն առողջ և հիվանդ նորածինների բնական սնուցման ապահովումն է։ Մայրական կաթի նույնիսկ մի քանի կաթիլն ի զորու է երեխային զերծ պահել վնասակար հիվանդությունների զարգացումից և տարբեր վարակներից։ Յուրաքանչյուր մոր կաթ համապատասխանում է իր երեխայի անհատական պահանջներին։ Օրինակ, եթե կինն ունեցել է վաղաժամ ծննդաբերություն, ապա նրա կաթի մեջ սպիտակուցի պարունակությունն ավելի շատ է։ Բնությունը նախատեսել է, որ վաղ ծնված նորածնի ստամոքսը ավելի փոքր է և նրան շատ էներգիա է պետք աճի համար։ Ներկայումս բաժանմունքում է գտնվում 600 գրամ քաշ ունեցող, խորը անհաս նորածին, որի մայրը 20 օր շարունակ երեխային ապահովել է թարմ կթված կաթով։ Դրա շնորհիվ` մեզ հաջողվել է խուսափել այնպիսի վտանգավոր բարդությունից, ինչպիսին  նեկրոտիզացնող էնտերոկոլիտն է։

-Ի՞նչ  խորհուրդ կտաք ապագա մայրերին։

-Երեխայի կյանքը չի սկսվում նրա ծնվելուց. այն սկսվում է բեղմնավորման պահից։ Կանայք պետք է գրագետ մոտենան իրենց առողջությանը հղիության ժամանակ։ Մոր առողջությունը շատ կարևոր  նախադրյալ է առողջ երեխա ունենալու համար։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կնոջ կրթական մակարդակը և երեխայի առողջությունը ուղղակիորեն կապված են միմյանց հետ։ Կրթված կինը գիտի հղիության ընթացքի առանձնահատկությունները, նշանները, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժշկին և այլն։

Եթե հղի կինը առողջական խնդիր ունի և սպասվում է բարդացած ծննդաբերություն, ապա նա անպայման պետք է ճիշտ ընտրի ծննդօգնության այնպիսի բուժհաստատություն, որտեղ առկա են բոլոր պայմանները նորածնին և իրեն բարձրորակ օգնություն ցուցաբերելու համար։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...