23:06
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ջրի մակարդակի արագ փոփոխությունը կարող է խաթարել Սևանի էկոհամակարգը

2013-02-26 11:34

«Դե Ֆակտո» 75 (2012թ.)

  Ըստ մասնագետների` ողջ աշխարհում քաղցրահամ ջրի սով է սպասվում. ջրի պաշարներն արագորեն նվազում են, և առաջիկայում ջուրը նավթից ու ոսկուց թանկ կարող է գնահատվել: Ըստ նույն կանխատեսումների` երրորդ համաշխարհային պատերազմը հենց ջրային պաշարների տիրապետության համար կարող է սկսվել:

Տարածաշրջանում զբաղեցրած դիրքով, ջրի որակական հատկանիշերով Սևանն այս առումով մեր երկրի ռազմավարական հաղթաթուղթն է: Ե՛վ նավթը, և՛ ոսկին այլընտրանք ունեն. ելք կգտնվի դրանց պաշարների նվազման դեպքում, իսկ ջուրը ոչնչով չես կարող փոխարինել: Սևանը մեր ՙպահուստային ֆոնդն՚ է, մեր բնական ջրամբարն է, և մենք աչքի լույսի պես պետք է պահպանենք Սևանը` մեր գլխավոր հարստությունը, մեր ապագան: Այս տեսակետն է արտահայտում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Գաբրիելյանը, հիշեցնելով, որ Սևանը դժվար տարիներին մեզ ջուր, լույս, մատչելի և, որ շատ կարևոր է` օգտակար սնունդ է տվել, փոխարենը ոչինչ չպահանջելով:

- Պարո՛ն Գաբրիելյան, Սևանի հիմնախնդիրը վերջին տարիներին պետական ուշադրության կիզակետում է. ընդունվել է Սևանի մասին օրենք, նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է լճի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողով: Այս ամենով հանդերձ, հասարակական դժգոհությունը, ահազանգող հրապարակումները մամուլում չեն նվազում: Սևանից նախատեսվածից ավելի ջուր բաց թողնելու`  հասարակական բուռն քննարկումների առիթ դարձած ԱԺ օրինագծին արձագանքել է անգամ մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով, որ հարցի վերաբերյալ օրենքով պահանջվող հասարակական քննարկումներ չեն իրականացվել… Ինչպե±ս եք գնահատում իրավիճակն այս առումով:

- Որպես մեր ազգային հարստություն, ընդունում եմ, որ Սևանի ճակատագրով պետք է մշտապես մտահոգ լինել: Այլ հարց է, թե ինչպես: Ներկա դրությամբ շատերը, այդ թվում Սևանի խնդիրներով զբաղվող տարբեր ՀԿ-ներ, ՙsos՚ են գոռում` երբեմն չպատկերացնելով, թե այս պահին հատկապես ինչ խնդիրներ ունի Սևանը և չհիմնավորելով իրենց ներկայացրած ՙփաստարկները՚: Մեկ նշվում է ջրի գույնի փոփոխությունը, մի ուրիշ անգամ` այսպես ասած, վայ-ձկնորսներից իմացել են, թե իբր մուտանտներ են առաջացել Սևանում: Մինչդեռ պետք է հիմնավոր փաստարկներ ունենալ, հետազոտել դրանք, ինչով էլ արդեն շուրջ 90 տարի զբաղվում է մեր գիտահետազոտական ինստիտուտը:

      Ջրի մակարդակի բարձրացման հետ կապված մտավախություն կար, որ լճում օրգանական նյութի ավելցուկ կառաջանա: Եվ այդ նպատակով էլ առաջարկվեց ափամերձ գոտիները բույսերից, ծառերից և շինություններից մաքրել: Ճիշտ է այդ գործընթացը սկզբնական շրջանում անհրաժեշտ մակարդակով չարվեց, ինչ-որ տեղ անցած բացառիկ տեղումնաշատ տարին էլ իր դերը խաղաց, մակարդակը պլանավորածից մի քիչ ավելի բարձր եղավ և դա ևս որոշակիորեն բարդացրեց մաքրման աշխատանքները: Սակայն ներկայում, այդ խումբը հեռացվել է, և մաքրման աշխատանքները բարեհաջող ընթանում են: Ջրի որակական փոփոխությունների մտավախություն իհարկե, միշտ կարող է լինել, և մշտադիտարկման անհրաժեշտությունն առկա է: Համենայն դեպս անցած տարվա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ջրի որակի վատացում չի արձանագրվել, նույնիսկ որոշ պարամետրեր, ասենք տարբեր սեզոններին ջրի թափանցելիությունը, ինչպես նաև նոր տեսակի անողնաշարավորների հայտնվելը, որոնք  բնորոշ են մաքուր ջրերին, մատնանշում են, որ ջրի որակի վատացում չկա: Իհարկե, դա չի նշանակում, որ խնդիրը ամբողջությամբ լուծված  կարելի է համարել, և վստահ լինել, որ մյուս տարիներին տատանումներ չեն լինի, խնդիրներ չեն առաջանա. ափերը պետք է նախապատրաստվեն, մաքրվեն: Ընդ որում, ինչքան լճի մակարդակը բարձրանա, այնքան ծավալը կմեծանա, ինքնամաքրման ունակությունը և մեխանիզմները ավելի լավ կաշխատեն, կիջնի միջին ջերմաստիճանը, թթվածնի պարունակությունը կմեծանա…

     Այո, վերջին շրջանում Սևանի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ զգալի աշխատանքներ են իրականցվել: Իրականում գործում է երկու խորհուրդ. մեկը` ակադեմիային կից փորձագիտական խորհուրդն է, մյուսը` նախագահին կից: Երկուսի աշխատանքներն էլ համակարգում է Վլադիմիր Մովսիսյանը:

Փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկվել են Հայաստանի լավագույն մասնագետները. ամեն ինչ մասնագիտորեն վերլուծվում, համադրվում է և հետազոտության արդյունքները ներկայացվում են երկրորդ խորհրդին, որտեղ էլ ընդունվում են կառավարության ու Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սևանի հարցով առաջարկությունները: Երկրորդ խորհրդի կազմում ոլորտին առնչվող գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ են ընդգրկված: Վլ. Մովսիսյանը բավականին հմուտ ղեկավար է, տիրապետում է հիմնախնդրին, կարողանում է աշխատանքները համակարգել արդյունավետորեն, մարդկանց` անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից,  բառացիորեն աշխատացնել, համախմբել: Սևանի խնդրում գրանցված ներկա առաջընթացում շատ մեծ է նրա ներդրումը: Նա հեղինակություն է, ում լսում են բոլորը, և արդյունքն արդեն իսկ նկատելի է: Վերջապես մենք ունեցանք մի օղակ, որը համակարգում է Սևանի հիմնախնդիրը ողջ ասպեկտով:

Դառնալով Սևանից նախատեսվածից ավելի ջուր բաց թողնելու հարցին, նշեմ, որ փորձագիտական հանձնաժողովը  280 մլն խմ ջրի բացթողումը բավարար է համարել, և ինչ-որ տեղ անհասկանալի կառավարության`  320 մլն խմ չափաքանակի որոշումը:

-Նկատի ունենալով ԱԺ-ում քննարկվող օրինագիծը, կարո±ղ ենք Սևանի համար ՙsos՚ վիճակն արդեն անցած համարել:

- Իրականում պետք է անհանգստանալ կենսառեսուրսների, ձկնային պաշարների հիմնախնդրով, որոնք անմխիթար վիճակում են: Ի դեպ, Սևանի պատմության մեջ այդ առումով այսպիսի վիճակ երբևէ չի եղել: Փաստորեն, մենք հիմա արժեքավոր ձկների որևէ արդյունագործական պաշար չունենք: Թերևս միայն լճածածանն է` կարասը, որը մենք չենք դիտում որպես արժեքավոր ձկնատեսակ, այն նույնիսկ վնաս է տալիս բնիկ էնդեմիկ ձկնատեսակներին, բայց քանի որ վերջիններիս պաշարները խիստ նվազել են, խեցգետնի հետ միասին այն ևս եկամուտի աղբյուր է համարվում: Եվ հատկապես այս, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդրի առումով պետք ՙsos՚ գոչել, քանի որ Սևանի ավազանում հանքերի, գործարանների շահագործման հարցը դամոկլյան սրի դեր է կատարում. դրանք պետք է մշտադիտարկման ենթարկվեն, վերահսկվեն, որպեսզի ժամանակ առ ժամանակ աղտոտումներն իրենց վնասակար ազդեցությունը չթողնեն Սևանի վրա:

- Ձկնապաշարների նվազման հարցում ջրի մակարդակի բարձրացումը որևէ դերակատարություն ո±ւնի, և արդյո±ք դրանք վերականգնելի են:

- Ձկնապաշարների նվազման հիմնական պատճառը գերորսն է. ի դեպ որսը արվում է թույլտվությամբ, արտոնագրով, բայց որսի թույլատրելի քվոտաները հիմնականում խախտվում են, ինչն էլ հանգեցնում է նման իրավիճակին: Որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև Սևան լցվող և ձվադրավայր հանդիսացող գետերի ջրի աղտոտվածությունը, թեև հիմա այդպիսի իրավիճակը գրեթե բացառվում է, քանի որ գետերում բնական ձվադրում գրեթե տեղի չի ունենում. մինչև ձվադրման նպատակով գետ մտնելը ձուկը որսվում է և գետերի ջրերի որակի հարց այլևս չի առաջանում: Իրականում և՛ գետերի ջրի որակի, և՛ ձվադրման, և՛ պահպանության հարցերը համալիր լուծում են պահանջում: Որքան  էլ փորձենք արհեստականորեն ավելացնել ձկնապաշարները, եթե բնական վերարտադրություն չապահովվի, ձուկը չի կարող վերականգնել իր վայրի պոպուլյացիան: Եթե այս հարցերը միասին լուծվեն, կունենանք ձկների բնական վերարտադրություն: Հիմա փաստորեն սիգի բնական պաշարները լիովին ոչնչացված կարելի է համարել, և միայն այլ վայրերից բերվելու դեպքում, ինչպես նախկինում է արվել, հնարավոր կլինի այդ պաշարները վերականգնել: Իշխանի պաշարների վերականգնման գործընթացում դրական միտումներ կան, բայց հիմա էլ, երբ ձուկը բարձրանում է գետերում ձվադրման, որսագողերը հենց գետաբերանին որսում են և գրեթե ոչ մի ձուկ չի կարողանում ազատվել դրանց գիշատիչ ցանցերից: Այս առումով երկու կարևոր խնդիր ունենք ` պահպանություն և կառավարելի որս: Մենք առաջարկել ենք որսի արտոնագրման ձևերը փոխել, թույլտվություն տալով ոչ թե անհատ ձեռներեցների, այլ, ինչպես նախկինում` խոշոր միավորումների երկարատև ժամկետով, նրանց վրա դնելով և՛ պահպանության, և՛ վերարտադրության, և՛ որսի կառավարման հարցերը: Կարճաժամկետ թույլտվության դեպքում ձեռներեցը մտահոգ է միայն իր եկամուտներով, իսկ երկարատևի դեպքում նա մտահոգ կլինի նաև վերարտադրության, և այդպիսով` հաջորդ տարիներին ևս շահավետ որսի հարցերով:

   Ճիշտ է, բնակչության գիտակցական մակարդակը, քաղաքացիական ակտիվությունը Սևանի հարցում նկատելի է, հիմնախնդրով մտահոգ բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են այդ ուղղությամբ: Գործում են նաև մարզային ՙՕրհուս՚ կենտրոնները: Սակայն ձկնապաշարների պահպանման և բազմապատկման առումով բնակչության շրջանում դեռևս զգալի աշխատանք է պետք տանել: Նախկինում ձկնորսը ձկների ձվադրման շրջանում երբևէ որս չէր անում. հիմա ձկնորսներ չեն, այլ ձուկ փախցնողներ:

   Անհանգստության տեղիք են տալիս նաև ՙվայ-գիտնականների՚ շնորհիվ արհեստականորեն Սևան ներմուծված որոշ ձկնատեսակները, մասնավորապես` արդյունագործական նշանակություն չունեցող հայկական տառեխը և ՙչեբաչոկը՚. վերջինս իբր տարածքում մոծակների դեմ պայքարի նպատակով է բերվել: Որպեսզի չխաթարվի և հնարավորինս պահպանվի էկոհամակարգը, ցանկալի է, որ Սևան այլ ձկնատեսակներ չբերվեն. ցանկացած նորամուծություն պետք է գիտական մանրամասն ուսումնասիրություններից, հետազոտություններից հետո միայն իրականացնել, ինչպես ժամանակին արվեց սիգի պարագայում: Իշխանի պարագայում հիմա որոշել ենք գետաբերանում հատուկ ցանցերով ժամանակավոր պահել ձվադրման նպատակով գետ բարձրացող ձուկը, այնուհետև ձկնկիթը վերամշակել գործարանում` կիսաարհեստական աճեցում իրականացնել, իսկ մայրական կազմը 10-15 օրից բաց թողնել, ինչպես արվում էր խորհրդային տարիներին: Այդ կերպ կարելի է պահպանել և մայրական կազմը, և ստանալ արհեստական աճեցման համար համապատասխան քանակի ձկնկիթ: գետաբերանում ձվադրման գնացող ձկան որսը:

- Շրջակա միջավայրի աղտոտման վտանգը որքա±ն է գնահատվում…

-  Այս առումով բավականին հակասական իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից արդյունաբերական պոտենցիալի նվազումը, մյուս կողմից` բնակչության արտագաղթը թվացյալ բարենպաստ պայմաններ են ստեղծել, և Սևանի ավազանի աղտոտման վտանգը նվազել է: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերի վնասակար ազդեցությունը ևս պակասել է, քանի որ բանկչությունը դրանց թանկության պատճառով քիչ է օգտագործում: Սակայն այս ամենը բոլոր դեպքերում ուրախացուցիչ չէ, քանի որ սոցիալ-տնտեսական դժվարությունների հետևանք են: Սա ևս ցույց է տալիս, որ Սևանի խնդիրը համակողմանի լուծման կարիք ունի. պետք է հաշվի առնվեն բոլոր ասպեկտները, այդ թվում` սոցիալ-տնտեսական: Սևանի ավազանը այլ տարածաշրջանների համեմատ սահմանափակ հնարավորություններ ունի` բնակչության հիմնական եկամտի աղբյուրը ձուկն է, արդյունաբերական ձեռնարկություններ եթե այլ վայրերում թույլատրելի են, ապա Սևանի համար դրանց արտանետումները կարող են կործանարար լինել, և այս կերպ ևս մարդկանց հնարավորությունները աշխատանքի առումով սահմանափակել. Սևանի մասին օրենքի համաձայն ավազանում միայն էկոլոգիապես մաքուր արտադրություն կարելի է իրականացնել: Այդ առումով, հատուկ ուշադրություն և հոգածություն է պետք շրջանի հիմնախնդիրներին: Մինչդեռ առանձնահատուկ քայլեր այս ուղղությամբ կարծես չեն արվում, համենայն դեպս անհրաժեշտ ծավալի աշխատանքներ դեռևս նկատելի չեն: 

- Ժամանակին տեսակետ էր շրջանառվում, թե Սևանը մեռնող լճերի թվին է պատկանում  և իբր զուր են վերջինիս պահպանմանն ուղղված ջանքերը:

- Դրանք իրականում ոչ իրավասու, վայ-գիտնականների գնահատականներ են:  Ինչպես յուրաքանչյուր օրգանիզմ, լիճը ևս ծնվում, գոյատևում և մահանում է: Լճի դեպքում այդ գործընթացը միլիոնավոր տարիներ է տևում, օրգանական նյութը մեռնելով, նստում է հատակին, վերջինս մոտեցնելով ջրի մակարդակին. լիճը ճահճանում է, որն էլ հանգեցնում է լճի ծերացման: Սևանի պարագայում մարդկային գործոնն էր լճի մակարդակը անբնականորեն իջեցնում և մոտեցնում հատակին, այդ կերպ արհեստականորեն Սևանը մի քանի հազար տարի ծերացնելով: Դա էր հիմնախնդիրը և ջանքերը` վերականգնելու Սևանը, ուղղված էին մարդկային վնասակար գործոնների դեմ: Հիմա Սևանի մակարդակը բարձրացնելով, մենք ջահելացնում, երիտասարդացնում ենք մեր Սևանը, մեր ազգային հարստությունն ու հպարտությունը:

     Ջրի մակարդակը ներկայում 1900մ է, դա անցյալ դարի 60-ականներին գրանցված մակարդակն է, որից հետո սկսվեց Սևանի էֆտրոֆացման վտանգավոր գործընթացը: Ամենացածր մակարդակը գրանցվել է 2000 թվականին, երբ ջրի մակարդակը իջել էր 20,2 մետրով: Մեր նպատակը ջրի մակարդակը նվազագույնը 1903 մետր ցուցանիշին հասցնելն է, ինչը պետք է արվի աստիճանաբար, որպեսզի լճի էկոհամակարգը հասցնի փոփոխությանն ադապտացվել: Սևանի ջրի մակարդակը շատ ավելի բարձր է եղել: Բայց մակարդակի արագ փոփոխությունը կարող է լճի էկոհամակարգի խաթարման հանգեցնել:

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...