21:32
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արա Կիրակոսյան

2013-01-29 11:02

«Դե Ֆակտո» 69

2012-ը` վերականգնման և կայունության տարի

Հայրցազրույց ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Արա Կիրակոսյանի հետ

-Պարո՛ն Կիրակոսյան, պատմեք խնդրեմ ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի գործունեության մասին:

-Բանկն իր գործունեությունը սկսել է 1991թ-ի դեկտեմբերից: Իր գործունեության ընթացքում այն անցել է մեր տնտեսությանը բնորոշ բոլոր անցումային փուլերը: Բանկը մինչև 2006 թվականը գործում էր որպես ՙՀայինվեստբանկ՚ ՓԲԸ: 2006թ-ի օգոստոսի 10-ին ՙՀայինվեստբանկ՚-ի բաժնետերերի արտահերթ ժողովում որոշվեց բանկը վերանվանել ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ: Ներկայումս բանկի սեփականատերն է հանդիսանում ՙՔրիսթի Մենեջմենթ՚ ընկերությունը: 2006-2011 թվականներին բանկը շուկայում վարել է ընդլայնողական քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ բանկային համակարգում այժմ զբաղեցնում է առաջատար դիրք գրեթե բոլոր ցուցանիշերի գծով: Նշված ժամանակահատվածում բանկի ակտիվներն աճել են մոտ 20 անգամ, իսկ ընդհանուր կապիտալը` գրեթե 10 անգամ: 2011 թվականը մենք ավարտեցինք արդեն 29 գործող մասնաճյուղերով, այն դեպքում, երբ 2006 թվականի սկզբին չունեինք դեռևս ոչ մեկը: Ներկայումս բանկն ունի 586 աշխատակից: Մեզ մոտ սպասարկվում են 96,678 հաճախորդ, որոնցից 2569 իրավաբանական անձիք են:

- Իսկ ինչպիսի՞ն է բանկի ռազմավարությունը և ո՞րն է նրա ուղղվածությունը:

- Բանկի ռազմավարությունը կառուցված է տնտեսության իրական հատվածի և մասնավոր սպառման արդյունավետ ֆինանսավորման վրա` ապահովելով և կարգավորելով նման գործունեությունից բխող բոլոր ռիսկերը: Ասվածի համատեքստում խիստ կարևոր է առանձնացնել այն ոլորտներն ու գործարար խմբերը, որոնց հետ համագործակցությունը կարող է լինել երկարաժամկետ և կայուն: Այս առումով մեր կողմից իրականացվում են ՀՀ տնտեսության զարգացման տեմպերի վերլուծություն ըստ ճյուղերի, ինչի արդյունքում վեր են հանվում այն ոլորտները, որոնք միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական առումով կարևորություն են ներկայացնում բանկի համար: Նման գործողությունները մեզ թույլ են տալիս բանկի ռազմավարական կառավարումը իրականացնել իրական ժամանակում և ունենալ հուսալի ու կայուն հաճախորդներ:

- Ի՞նչ չափանիշերով եք ընտրում բանկի աշխատակիցներին:

- Ընդհանրապես աշխատակիցների ընդունման գործընթացը չափազանց կարևոր է բանկի համար, քանի որ աշխատակիցների աշխատանքի բարձր արտադրողականությունն է հուսալի ու կայուն բանկի երաշխավորը: Այդ առումով մենք չափազանց կարևորում ենք պրոֆեսիոնալ կադրերի ներգրավվածությունը բանկային գործունեության մեջ: Պրոֆեսիոնալ ասելով հասկանում ենք միջազգային և տեղական հավաստագրերով ամրագրված մասնագետներ, ովքեր իրենց ոլորտը զարգացնող առաջամարտիկներ են: Մեզ համար շատ կարևոր են նաև երիտասարդ, բանիմաց ու հեռանկարային կադրերը, որոնց ընտրության և վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է նպատակային` հաշվի առնելով տվյալ երիտասարդների ունակությունները:

Նշեմ  նաև, որ 2012 թվականին մենք նոր մոտեցումներ ենք դրսևորելու կադրերի ընդունման և վերապատրաստման գործընթացում: Ստեղծելու ենք ուսումնական կենտրոն, որտեղ կպատրաստենք իսկապես մրցունակ մասնագետներ` մատուցելով տեղական և միջազգային պահանջներին համապատասխան գիտելիքներ:

-Բանկային ո՞ր ծառայություններով է առանձնանում ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ն հայաստանյան բանկային համակարգում:

-Լինելով ունիվերսալ բանկ` ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ն տրամադրում է բանկային ծառայությունների ամբողջ սպեկտրը, որն առկա է մեր շուկայում: Մեր ծառայությունների մեջ են մտնում նորարարական համարվող այնպիսի ծառայություններ ինչպիսին է ինտերնետ բանկինգը: Պատրաստվում ենք ներդնել mobile banking ծառայությունը: Կուզեի նշել նաև բանկոմատների նորարարական լուծումների ներդրման մասին, որոնց կիրառումը էապես կհեշտացնի մեր հաճախորդների սպասարկման գործընթացը և կբարձրացնի սպասարկման արդյունավետությունը: Խոսքս ՙերեքը  մեկում՚ ծառայություններ իրականացնող մեքենաների ներդրման մասին է, որոնց օգնությամբ մեր հաճախորդները կկարողանան կանխիկ գումար մուտք անել և ստանալ, իրականացնել վճարումներ, համալրել իրենց ընթացիկ և ավանդային հաշիվները, իրականացնել դրամական փոխանցումներ` չայցելելով բանկ և խնայելով իրենց ժամանակը: ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները անընդհատ թարմացվում են` հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքները և միջազգային փորձը:

-Վերջին տարիներին հիփոթեքային վարկերը հասանելի դարձան նաև մեր երկրում, այնուամենայնիվ, տոկոսները Հայաստանում ավելի բարձր են, քան արտերկրում: Ինչո՞վ է պայմանավորված տոկոսադրույքների այս տարբերությունը:

-Ճիշտ եք, ՀՀ հիփոթեքային շուկայում տոկոսադրույքները բարձր են, քան զարգացած երկրներում: Կցանկանայի անդրադառնալ պատճառներից երկուսին. առաջինը` երկար փողերի բացակայությունն է, իսկ երկրորդը` վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձր մակարդակը: Զարգացած երկրներում վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակը տատանվում է 0.25-1 տոկոսի միջակայքում, իսկ մեր երկրում այն կազմում է 8 տոկոս: Իհարկե, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նման բարձր մակարդակը միտված է գնաճային միտումները զսպելուն, սակայն արդյունքում թանկանում է փողը: Եթե անդրադառնանք երկար փողերի բացակայությանը, նշեմ որ մեր երկրում ներկայումս արդեն սկսվել է ձևավորվել կենսաթոշակային կուտակային համակարգը, ինչը կարող է հիմք հանդիսանալ ՀՀ-ում երկար էժան փողերի առկայությանը` հանգեցնելով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազմանը միջնաժամկետ հեռանկարում: Չնայած այս ամենին` հիփոթեքային վարկավորման գծով մենք համագործակցել ենք միջազգային ֆինանսական հեղինակավոր այնպիսի կառույցի, ինչպիսին է KFW-ն, այնուհետև համագործակցությունը շարունակվել է Ազգային հիփոթեքային հիմնադրամի հետ, ինչի արդյունքում ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ն հիփոթեքային վարկերի ծավալով, որը կազմում է մոտավորապես 12 մլրդ դրամ,  գրավում է առաջնային դիրքեր ՀՀ բանկային համակարգում:

-Միջազգային համագործակցության ինչ ծրագրեր ունի բանկը ներկայումս:

-Մեր համագործակցությունը միջազգային կառույցների հետ կարելի է համարել կայացած փաստ: Այն կարելի է դասակարգել ըստ աշխարհագրության և ըստ նպատակայնության: Մասնավորապես, 2010թ. փոքր ու միջին բիզնեսի զարգացման առումով համագործակցության պայմանագրեր են կնքվել Համաշխարհային բանկի և Եվրասիական զարգացման բանկի հետ: Մի շարք վարկային համագործակցության ծրագրերից կցանկանայի առանձնացնել ՙԳերմանահայկական հիմնադրամի կողմից ՀՀ-ում վերականգնվող էներգիայի խրախուսում՚ վարկային ծրագրի մասին, որը ֆինանսավորվում է Գերմանական KFW բանկի կողմից, և որի նպատակը վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացումն է: Այլ կերպ ասած` ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ և միջազգային ֆինանսական կառույցների համագործակցությունը միտված է փոքր ու միջին բիզնեսի, ինչպես նաև վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացմանը: Ավելացնեմ նաև, որ 2012 թվականի համար արդեն ստեղծվել են բոլոր նախադրյալները այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ նոր համաձայնագրեր կնքելու համար:

-Ի՞նչ եք կարծում, համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքն ի՞նչ ազդեցություն ունեցավ հայաստանյան տնտեսության վրա:

-Եթե 2009-2010 թվականները համարվում էին գլոբալ ճգնաժամի հաղթահարման օպտիմալ սպասումների ժամանակահատված, ապա 2011թ. հիմնականում գերակշռել է տնտեսական դժվարությունների պահպանման զգացողությունը երկարաժամկետ հեռանկարում: 2009թ. վերջին չարդարացան ամենավատ սպասումները` հնարավորություն եղավ խուսափել գլոբալ տնտեսական փլուզումներից, դիմակայեց ֆինանսական համակարգը, վերականգնվեց տնտեսական աճը, գործազրկությունը չհասավ կատաստրոֆիկ չափերի: Ավելի մեծ էին սպասումները, որ ճգնաժամը շուտով կավարտվի և կսկսվի սոցիալ-տնտեսական զարգացման դրական դինամիկա, ինչը բնորոշ էր նախորդ տասնամյակի համար: 2010թ. ավարտվեց ճգնաժամի առաջին փուլը և սկսվեց երկրորդ փուլը` սոցիալ-տնտեսական զարգացման նոր մոդելի կառուցման փուլը: Առաջին փուլից աշխարհը դուրս է եկել բավականին թույլ և մասամբ վերականգնված: Եթե գնահատելու լինենք ՀՀ տնտեսության վրա ճգնաժամի 2-րդ ալիքի ունեցած ազդեցության աստիճանը, ապա պետք է համադրենք մի քանի ցուցանիշեր: 2010թ. սկսվեց տնտեսության աշխուժացում, որը պայմանավորված էր ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության իրականացմամբ, դոնորների զգալի օգնությամբ և Հայաստանի առևտրային գործընկերների վիճակի լավացմամբ: 2010թ-ին, 2009թ-ի  համեմատ, աճել են դրամական փոխանցումների ծավալները, ինչպես նաև գունավոր մետաղների գները: 2010թ. ՀՆԱ-ն աճել է 2.6%-ով, իսկ ՍԳԻն` 8.2%-ով, ինչը գերազանցում է ԿԲ-ի կողմից նպատակադրած գնաճի շեմը 2.7%-ով: Իշխանությունների կողմից 2010թ. հուլիսից իրականացվող կայունացման ծրագրերը ֆինանսավորվել են ԱՄՀ-ի կողմից տրամադրված միջնաժամկետ միջոցների շրջանակներում: Դրանց թվում են հարկային համակարգում բարեփոխումների իրականացում, ֆինանսական համակարգի վերահսկողության հետագա խստացում և գործարար միջավայրի բարելավման համար կառուցվածքային բարեփոխումներ: 2012թթ. համար ԱՄՀ-ն կանխատեսում է համաշխարհային ՀՆԱ-ի աճ 3.95 և 3.99 %, ՀՀ ՀՆԱ-ի աճ 4.6 և 4.3%, իսկ գնաճի տեմպերը համապատասխանաբար 5.7 և 4.12%: Ասված ցուցանիշերը վկայում են, որ մի կողմից 2012թ. համար ՀՀ տնտեսության աճի տեմպերը գերազանցելու են համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերին, իսկ մյուս կողմից, ըստ կանխատեսման, ՀՀ տնտեսության մեջ կգրանցվի իրական տնտեսական աճ:

-Իսկ ի՞նչ ռազմավարություն է իրականացնում ՙՀայբիզնեսբանկը՚ ճգնաժամային այս իրավիճակում:

 - Ճգնաժամային իրավիճակը ցույց տվեց, որ բանկային համակարգում դիմակայեցին այն բանկերը, որոնք հիմնականում ռիսկերի կառավարումն իրականացրել են` իմիտացիոն մոդելավորման միջոցով ստանալով տարբեր ռիսկերի համար սցենարային հավանական լուծումներ: PriceWatterHaouseCoopers խորհրդատվական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ 2010թ. համար աշխարհում բանկային համակարգի համար գերակայող առաջին 5 ամենակարևոր ռիսկերն են եղել քաղաքական միջամտությունը, վարկային ռիսկը, լրացուցիչ կարգավորումը, մակրոտնտեսական միտումները և իրացվելիությունը: Միանշանակ ցանկացած ֆինանսական ինստիտուտ չի կարող հաշվի չառնել այս ռիսկերի կառավարման և նվազեցմանն ուղղված գործողությունները իր ռազմավարական կառավարման մեջ: Որպես այս մտքի շարունակություն ուզում եմ նշել 3 կարևորագույն ուղղություններ, որոնք ռազմավարական տեսանկյունից խիստ կարևոր են բանկի համար միջնաժամկետ հեռանկարում: Դրանք են. ավելի քիչ կապիտալաինտենսիվ մոդելի կառուցում, որը թույլ կտա մեծացնել բանկի ROE-ի, այլ կերպ ասած կապիտալի շահութաբերության նորմը, ընդհանուր ծախսերի վերաբաժանում և վերադասակարգում, ինչը թույլ կտա նվազեցնել բանկի ընդհանուր ծախսերը, և 3-րդը` նոր հնարավորությունների ներգրավումն է, որն իրենից ներկայացնում է ծառայությունների գնային նոր քաղաքականություն հիմնված մատուցվող ծառայության տնտեսական նշանակության վրա, դեպի սպառողն ուղղված նորարարական մոտեցումների կիրառումն է, որի հիմքում ընկած են սպառողների անհատական կարիքները, իսկ մյուս մոտեցումը բանկային ռիսկերի կառավարման գործունեության արդյունավետության անընդհատ կատարելագործումն է:  

- Ըստ Ձեզ` ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել համաշխարհային և մասնավորապես` հայաստանյան տնտեսության կայունացման համար:

- Նախ սկսենք նրանից, որ ներկայիս ճգնաժամի երկրորդ ալիքը, ինչպես դա եղել է նաև 1937թ. ԱՄՆ-ում Մեծ Դեպրեսիայի երկրորդ ալիքի ժամանակ, հետևանքն է ժամանակավրեպ ֆիսկալ քաղաքականության կոշտացման: Ի տարբերություն ամերիկյան կառավարության Ֆեդերալ դաշնային համակարգը շատ լավ հասկանալով իրավիճակը և դասեր քաղելով պատմությունից վարում է խթանող մոնետար քաղաքականություն, ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և հաղթահարելու նպատակով: Սակայն ներկայումս մոնետար խթանման միջոցները սպառել են իրենց, դրանով իսկ ստեղծելով տնտեսության մեջ իրացվելիության ծուղակ: Ըստ Նոբելյան մրցանակակիր Պոլ Կրուգմանի, աշխարհի զարգացած երկրների 70%-ը գտնվում են իրացվելիության ծուղակի մեջ: Առաջին հերթին դրանք անռիսկ ակտիվներ ունեցող պետություններն են` ԱՄՆ, Ճապոնիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա: Նման իրավիճակներում ամենաարդյունավետ մեթոդը տնտեսական աճի ապահովման նպատակով համարվում է էքսպանսիոնիստական ֆիսկալ քաղաքականությունը: Սակայն ներկայումս այդ գործիքը գրեթե անհասանելի է: Եվրոյի գոտու երկրներում ճգնաժամի հետևանքով ուղղակի ընտրության հնարավորություն չկա: Իսկ այնպիսի զարգացած երկրներում ինչպիսին են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան պետական ծախսերի աճը հնարավոր չէ քաղաքական պատճառներով: Նման իրավիճակներում մոնետար իշխանությունները կարողանում են ազդեցություն ունենալ միայն ֆինանսական շուկաների վրա, սակայն նման գործողությունների արդյունավետությունը բավականին ցածր է: Ձևավորված իրավիճակում բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ առաջարկում են ուղղակի մեծացնել գնաճի նպատակային շեմը, ինչը կհանգեցնի ներդրումների խթանմանը:

Եթե անդրադառնանք ՀՀ տնտեսությանը, պետք է նշեմ, որ անհրաժեշտ է անցում կատարել պահանջարկի տնտեսությունից դեպի առաջարկի տնտեսություն: Շատ համառոտ փորձեմ մեկնաբանել ասածս միտքը: ՀՀ տնտեսության մեջ վերջին տարիների հիմնական բնութագրիչ հատկանիշերն են եղել սպառման ավելի մեծ հակվածությունը, խնայողությունների ցածր մակարդակը, երկարաժամկետ ներդրումների փոխարինում կարճաժամկետ ներդրումներով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները փոխարինվեցին վարկային ներդրումներով: Կարճաժամկետ ներդրումների եկամտաբերությունը մասնավոր սպառման աճի պայմաններում բացատրվում է ներքին շուկայի մեծացմամբ և դրամի արժեվորմամբ: Այս ամենը բնորոշում է տնտեսական աճի անհավասարակշռվածությունը: Այլ կերպ ասած մեծ ներքին ծախքերը նվազեցնում էին արդյունաբերության մրցունակությունը, ինչն արտահայտվում էր արտահանման ոչ բավարար մակարդակով և ներմուծման արագ աճի տեմպերով: Սակայն ներքին շուկայում այդ ծախքերը կոմպենսացվում էին ի հաշիվ մասնավոր սպառման մեծացման, ինչը թույլ էր տալիս ապահովել արդյունաբերության ոլորտում որոշակի աճ, անգամ մրցունակության նվազման պարագայում: Նման գործոնների համախումբը հիմք է տալիս նշելու, որ երկարաժամկետ հեռանկարում նման մոդելը չի կարող բավարար հիմք հանդիսանալ տնտեսական զարգացման համար և անհրաժեշտ է անցնել տնտեսական աճի նոր մոդելի, որը կբնութագրենք հետևյալ չափանիշերով` աշխատանքի ու կապիտալի ինտենսիվ օգտագործում, ներքին ծախքերի իջեցման համար պայմանների ապահովում (մասնավորապես գործարար միջավայրի բարելավում և ներքին մրցակցության աստիճանի բարձրացում), ներդրումային մոդելի փոփոխություն դեպի երկարաժամկետ ներդրումների ներգրավում, խնայողությունների հակվածության աճ: Այլ կերպ ասած դեպի առաջարկի տնտեսություն անցումը կապահովի երկար փողեր տնտեսության մեջ, տոկոսադրույքների իջեցում, տնտեսության ռիսկայնության աստիճանի նվազեցում և համաչափ զարգացում:

-Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին և ձեր հաճախորդներին նոր` 2012 թվականի համար:

- 2011 թվականը սկսվեց բացասական սպասումներով, կապված ճգնաժամի երկրորդ ալիքի հետ, այնուհանդերձ տարին ավարտվեց առանց ցնցումների և արդեն դրական սպասումներով: 2012 թվականը կանխատեսվում է լինել վերականգնման ու կայուն զարգացման տարի: Մեր հաճախորդներին կցանկանայի նոր տարում նոր նախագծերի իրականացում, իսկ ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ն կանի հնարավորը այդ նախագծերը կյանքի կոչելու առումով:

Եվ վերջում, օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել Ձեր ամսագրի ընթերցողներին և մեր ողջ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2012թ. լինի բարեկեցության տարի հայ ժողովրդի համար:

Հարցազրուկցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...