21:35
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայոց բանակը արցախյան ազատամարտի տարիներին` ականատեսի աչքերով

2013-01-28 12:44

Հազարամյակների պատմություն ունեցող՝ Հայոց բանակը նախորդ դարում կրկին վերածնվեց, վերակազմավորվեց և նույնիսկ արցախյան ազատամարտում ճաշակեց հաղթանակի բերկրանքը։ Հաղթանակ, դարեր շարունակ պետություն և սեփական կանոնավոր բանակ չունենալուց հետո, վերածնվող, երիտասարդ և և դեռ չկազմավորված բանակով։ Եվ սա այն դեպքում, երբ թշնամին զգալիորեն գերազանցում էր թվաքանակով։ Ընդ որում, մեր մարտիկները պրոֆեսիոնալ չէին, բայց կար մի բան, որը նրանց համար ավելի մեծ դեր խաղաց, քան պատրաստվածությունը և տարավ նրանց դեպի հաղթանակ. դա մարտական ոգին էր, ազգային, հայրենասիրական ոգին։

Այդ տարիներին մեր բանակի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար փորձեցինք զրուցել արցախյան պատերազմի մասնակցի հետ։ Արտյոմ Մարգարյանը 19 տարեկանում կամավոր հիմունքով մեկնելով ռազմաճակատ` 1992թ. սեպտեմբերից մինչև 1993թ. մայիսը Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Կիչան, Սրխավենդ, Չլդրան, Մանիքյու, Ջանյաթաղ, Փաբրավենդ և Կուսապատ գյուղերում մղված ինքնապաշտպանական և ազատագրական գործողություններին: 1993թ. մայիսի 26-ին մարտական գործողության ժամանակ ականի պայթյունից ստացել է ցնցակաթված: Ապաքինվելուց որոշ ժամանակ անց կրկին շարունակել է մասնակցել մարտական գործողություններին` ՀՅԴ այլ ջոկատների կազմում: Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Արտյոմ Մարգարյանի հետ.

-Արտյոմ, ինչը Ձեզ դրդեց 19 տարեկանում կամավոր մեկնել ռազմաճակատ:

Ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը: 1990թ.-ից անդամագրվեցի ՀՅԴ կուսակցության շարքերը: Ես միշտ հպարտացվել եմ մեր հերոս նախնիներով, քաջ ազատամարտիկների, զորավարների, Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի կատարած գործերով: Այս ամենը ինքնին նպաստեց որոշում կայացնելուն:

-Ազատամարտի մեկնելուց ունեի՞ք մարտական պատրաստվածության որոշակի աստիճան:

-Ո՛չ, չունեի: Մինչև մարտական գործողություններին մասնակցելը մենք անցանք մարզումների որոշակի փուլ, սովորեցինք օգտվել հրազենից և ծանոթացանք մարտավարական որոշ հնարքների: Իսկ փորձը կամաց- կամաց ձեռք բերեցի արդեն մարտի դաշտում, այնտեղ կային ավելի տարիքով և փորձառու ընկերներ, որոնք արդեն ունեին մարտերին մասնակցելու փորձ և անցած մարտական ուղի: Թեև դեռ բանակ, որպես այդպիսին, չկար, սակայն արդեն ստեղծված էր մի կորիզ /Պետրոս Ղևոնդյան, Արթուր Ղարիբյան, Վարդան Ստեփանյան /Դուշման/, Աշոտ Ղուլյան /Ասկոլկա/, Կարոտ և շատ այլ ազատամարտիկներ/, որի հիման վրա ստեղծվեց ազատամարտիկների մի մեծ ընտանիք, ստորաբաժանում, որը ուներ արդեն ամուր կառուցվածք և գործում էր արդեն որպես կանոնավոր բանակ: Եվ այդ ստորաբաժանման մարտիկներին միայն վերը նշված անունները արդեն իսկ ոգևորում էին, ներշնչում ռազմական ոգի, քաջություն: Տղաները հպարտ էին, որ իրենց կողքին եղել են ու կան նման մարդիկ: Այդ հպարտությունն ու այդ ոգին էր, որ օգնում էր տղաներին արդյունավետ կերպով մարտնչել թշնամու` ավելի մեծ թվաքանակով զորքի դեմ: Այդ ամենը ծնունդն էր մի մանուկի, որին այժմ կոչում ենք հայկական բանակ: 2011թ. նոյեմբերի 28-ին մենք գումարտակի տղաներով նշեցինք գումարտակի 20-ամյակը` լինելով Արցախում, տեսանք 20 տարի առաջ մեր դրած հիմքերի վրա արդեն կայացած, ծառայության մեջ գտնվող կանոնավոր բանակ:

-Փաստորեն մարտական ընկերներով կապը պահում եք մինչ այսօր:

-Այո, պարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպում տարբեր առիթներով: Դա կարող է լինել գումարտակի օրվա կապակցությամբ, մեր զոհված տղաների մահվան օրերի կապակցությամբ, նաև այն տոների կապակցությամբ, որոնք վերաբերում են մեր հաղթանակներին և մեր պետության կայացմանը: Վերջին անգամ տղաներով հավաքվել էինք փետրվարի 14-ին, որը մեր հրամանատար Պետրոս Ղևոնդյանի մահվան օրն էր: Այդ օրը մենք այցելեցինք հրամանատարի շիրիմին:

-Այսքան տարիներ հետո, երբ տեսնում եք այսօրվա մեր բանակը, որպես բանակի հիմքերը դնողներից մեկը` գո՞հ եք արդյոք այն վիճակից, ինչ ունենք այսօր:

-Ես հպարտ եմ մեր բանակով: Ես մեր բանակը մեր զավակն եմ համարում, մեր ծնունդը: Մեր բանակը այսօր մարտունակ է և ընդունակ է մեր երկիրը պաշտպանելու, նաև թշնամուն արժանի հակահարված տալու:

- Արդարացա՞ն այն սպասելիքները, որ ունեիք ազատամարտի տարիներին:

- Այսօր փողոցով  անցնելիս կարող ես տեսնել պատերազմի մասնակից տղաների, ովքեր ոչ պակաս հերոսներ են եղել, բայց այսօր չեն գնահատվում: Նրանց որոշ մասն էլ ապրում է չքավորության մեջ: Կուզենայի, որ մեր իշխանությունները ուշադրություն դարձնեին ազատամարտին կամավոր մասնակցած տղաների վրա, ովքեր, ի տարբերություն զորակոչվածների և փողոցից տարվածների, չունեն անհրաժեշտ փաստաթղթեր /քանի որ թղթի համար չէին գնացել և նույնիսկ վիրավոր վիճակում հոսպիտալ էլ չէին պառկում/ և չեն կարողանում օգտվել որևէ պետական աջակցությունից կամ արտոնություններից: Կուզենայի, որ հայրենիքը սիրեր այդ մարդկանց այնքան, որքան այդ մարդիկ են սիրում հայրենիքը:

-Եթե վերսկսվեր պատերազմը, նորից կգնայի՞ք կռվելու:

-Բնականաբար, այո՛:

 Կարեն Վարդանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...