10:59
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շուտով Հայաստանի Հանրապետությունը կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան տեղական արտադրանք

2018-11-30 11:35

 «Դե Ֆակտո» N 146 (09-10/2018թ.)  

Այսօր երկրի տնտեսական զարգացման համար առաջնային և կարևոր նախադրյալը ներդրումային ծրագրեր են, որքան շատ լինեն ներդրումները, այնքան պետությունը կլինի տնտեսապես զարգացած և հզոր:
2013 թվականին իրանահայ գործարար Հենրիկ-Տեր Ղուկասյանի միջոցներով հիմնադրվեց «Արմօյլ» ընկերությունը, որը նոր որակ և նոր ձևաչափ բերեց հայկական շուկա:
Ընկերությունը հիմնադրվեց արտերկրում արդեն 20 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հիմնադիրների կողմից, ովքեր նախքան Հայաստանում ընկերության հիմնադրելը, գործունեություն էին ծավալում մի շարք առաջավոր երկրների նավթային շուկաներում:
Այսօր «Արմօյլ» ընկերությունը հանդիսանում է առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում, այն առաջին էր, որ ներկայացրեց նավթային ոլորտում նման որակի և բազմազանության բարձրորակ արտադրանք:
«Դե Ֆակտո» ամսագիրը զրուցեց «Արմօյլ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն, իրանահայ Ալֆրեդ Աբեդիի հետ, ով ներկայացրեց ընկերության գործունեության զարգացման փուլերը, ընկերության առջև ծառացած խնդիրները և առաջիկա ծրագրերը:

 

-Պարո՛ն Աբեդի, 2013 թվականից ընկերությունը գործում է, ի՞նչ զարգացման փուլեր է անցել ընկերությունը և ո՞րն էր նրա նպատակը:

-Իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը, օգտագործելով իր ունեցած միջազգային փորձը, 2013 թվականին հայրենիքում ստեղծեց «Արմօյլ» ընկերությունը, որը պետք է թողարկեր միմիայն բարձրորակ արտադրանք:
Նախքան «Արմօյլ» ընկերության հիմնումը, հատուկ մասնագետների կողմից բազում խորը ուսումնասիրություններ են անցկացվել հայաստանյան շուկայում, մանրամասնորեն ուսումնասիրվել է տեղական շուկան, տեղի կլիմայական պայմանները, շուկայում գործող քաղաքականությունը, սպառողների պահանջարկն ու միջազգային որակը: Ստացված արդյունքների հիման վրա ստեղծվեց, տեսակի մեջ եզակի, «Արմօյլ» ՓԲԸ-ն:
Սկզբնական շրջանում ավտոյուղերը ներմուծում էինք Դուբայի «Լուբրեքս» ընկերությունից, մի որոշ ժամանակ անց, որոշեցինք զարկ տալ տեղական արտադրանքին և ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում սկսեցինք «Արմօյլ» գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքները: Շուտով Հայաստանի Հանրապետությունը կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան տեղական արտադրանք, որը հանդիսանում է «Արմօյլ» ընկերության հիմնական նպատակներից մեկը: Իմ կարծիքով, տարատեսակ յուղերի և որակյալ բիտումի արտադրության գործարանն անհրաժեշտություն է Հայաստանի համար:

-Ի՞նչ տեսականիով է ներկայանում «Արմօյլ» ընկերությունը:

-«Արմօյլ» ընկերությունը հանդիսանում է «Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և ԱՊՀ երկրներում, իսկ ավտոյուղերը ներմուծում է ԱՄԷ-ից:
«Արմօյլ» ընկերությունն առաջարկում է տարբեր ծավալների բարձրորակ յուղեր, հիդրավլիկ, մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփերի, կոմպրեսորի յուղեր, արգելակման հեղուկ, հակասառեցնող հեղուկներ /անտիֆրիզներ/, քսայուղերի, դիզելային վառելիքի այլնի լայն ընտրանի:
Ներկայումս «Արմօյլ» ՓԲԸ-ն հայաստանյան շուկայի համար առաջարկում է բիտումի 60/70 և 85/100 տեսակները: Բիտումի այս տեսակները հանդիսանում են շուկայի ամենամեծ պահանջարկ ունեցողները, սակայն պահանջարկը բավարարելու համար «Արմօյլ» ընկերությունն առաջարկում է նաև բիտումի այլ տեսականի:
Նաև նշեմ, որ «Արմօյլ» ընկերությունը Դավթաշեն
2-րդ թղմ., 28/4 հասցեում ունի իր` մասնագիտացված խանութ-ցուցասրահը, որտեղ բարձր որակավորում ունեցող անձնակազմը, ով հատուկ վերապատրաստում է անցել Դուբայում, անհրաժեշտ տեղեկություն և անվճար խորհրդատվություն է տրամադրում վարորդներին:

-Գործարանի շահագործումից հետո ի՞նչ արտադրանքով կներկայանա ընկերությունը:

-Յուղերի և որակյալ բիտումի արտադրության գործարանի կառուցումից հետո նախատեսվում է ՀՀ շուկան, նաև արտաքին շուկաններն ապահովել տեղական արտադրանքի շարժիչի յուղերով, հակասառեցման հեղուկներով, արգելակման հեղուկներով, քսայուղերով, արդյունաբերական յուղերով, հավելանյութերով և այլ ապրանքներով:
Արտադրական պրոցեսը կկատարվի մի քանի փուլերով: Առաջին փուլում արտերկրից կներմուծվի հումքը, որը բեռնատարներով կառաքվի մեր գործարան, այնուհետև կպիտակավորվի և կպահեստավորվի հատուկ պահեստային բաքերում:
Երկրորդ փուլը կլինի արտադրման փուլը, որի ժամանակ յուղի հումքը, որն արտադրության հիմնական և գլխավոր հիմքն է, կօգտագործվի բոլոր արտադրատեսակների արտադրության մեջ:
Յուղի հումքին հատուկ քանակներով հավելանյութեր խառնելուց հետո կստանանք տարբեր որակի և նշանակության արտադրանք:
Երրորդ փուլում` արդեն իսկ պատրաստի արտադրանքը կլցվի տակառների, ISO բաքերի և տարաների մեջ: Արդեն 1, 4, 5, 20 լիտր տարողությամբ տարաներում փաթեթավորված արտադրանքը կպիտակավորվի, կփաթեթավորվի և պատշաճ կերպով կնքվելուց հետո, կդասավորվի արկղներում և սպառումը կիրականացվի ներքին և արտաքին շուկաներում:

-Պարո՛ն Աբեդի, իսկ արտադրության հումքը, ո՞ր երկրից եք ներկրում:

-Բիտումի և ավտոյուղի բարձր որակի հումքը ներկրում եք Իրանից, որտեղ այն գտնվում է որակի ամենաբարձր սանդղակի վրա:

-Խոսենք աշխատանքային թիմի մասին, այսօր որքա՞ն աշխատող ունի ընկերությունը և որքա՞ն հաճախ են աշխատակիցները մեկնում վերապատրաստումների:

-«Արմօյլ» ընկերության տնօրինությունը գիտակցում է բարձր որակավորում ունեցող մասնագետների կարևորությունը ընկերության կայացման և զարգացման գործընթացում: Ընկերության բացման իսկ օրվանից, մեր աշխատակիցները մեկնում են արտերկրներ վերապատրաստումների, որը լինելու է շարունակական: Այս պահի դրությամբ ընկերության աշխատակիցների թիվը հասնում է քառասունի, սակայն գործարանի աշխատանքների մեկնարկով աշխատակիցների թիվն անհամեմատ կավելանա:

-Բացի ներքին շուկայից, ծրագրու՞մ եք սպառումը իրականացնել նաև արտաքին շուկայում:

-Իհարկե, մենք արտադրելու ենք տարբեր տեսակի և որակի ավտոյուղեր, բիտում որոնք ներկայացված կլինեն նաև միջազգային շուկայում: Առաջին անգամ նման որակի արտադրանք ներկայացված կլինի ողջ աշխարհում, որը Հայաստանին կտա ճանաչում, ինչպես նաև կապահովի տնտեսական աճ: Մեր կողմից ներկայացվող բոլոր յուղերը լիզենզավորված կլինեն ENOC Միացյալ Էմիրությունների ազգային հզոր նավթային ընկերության կողմից, որի համաձայնությունն արդեն իսկ ունենք: Մեր նպատակն է միջազգային շուկայում ներկայացնել հայկական արտադրանքը, և ձեռք բերել որակյալ արտադրողի համբավ:
Արտադրության ծավալները բավականին մեծ են` յուղերը ամսեկան հինգ հազար տոննա, բիտումը` ամսեկան տասը հազար տոննա, դա նշանակում է, որ մենք կարող ենք մեր արտադրանքով ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը և Արցախը, այլ նաև 70% կարող ենք արտահանել:

-Արտադրանքի սպառման և ներկայացման համար շատ կարևոր են համագործակցությունները, ինչպիսի՞ համագործակցության շրջանակ ունի «Արմօյլ» ընկերությունը:

-Մենք համագործակցում ենք միջազգային ճանաչում ունեցող Արաբական Միացյալ էմիրությունների ENOC ազգային նավթային ընկերության հետ, ինչպես նշեցի, մեր ընկերության արտադրանքը լիցենզավորվելու է նրանց կողմից:
Վերջերս այդ ընկերության ներկայացուցիչներն այցելեցին մեր ընկերություն, նրանք բավականին տպավորված էին գործարանի ծավալներից և տարվող աշխատանքներից:
Համագործակցությունները կլինեն շարունակական, առաջիկայում նաև ցանկություն ունենք համագործակցել գերմանական խոշոր ընկերությունների հետ:

-Դուք ցանկանում եք զարկ տալ տեղական արտադրանքին, արդյո՞ք տեղական արտադրողի համար ստեղծված են բավարար պայմաններ:

-Այսքան ժամանակ պետության կողմից որևէ աջակցություն չենք ստացել: Այս ընթացքում բազում խնդիրներ են առաջացել կապված գործարանի կառուցման, շահագործման և ներմուծվող ապրանքների հետ:
Մեծ դժվարությունների միջով ենք անցել այս հինգ տարիների ընթացքում, չեմ կարծում, որ մեր կատարած ներդրումն այդքան չնչին էր Հայաստանի համար, որն անտեսվում էր: Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի արտերկրում ապրող մեր հայրենակիցները շահագրգիռ լինեն այստեղ ներդրումներ կատարելու հարցում և կարողանան հանգիստ աշխատել:
Մեր ներդրումների նպատակը ոչ միայն բիզնես շահն է, այն նաև ուղղված է երկրի հզորացմանն ու տնտեսապես զարգացմանը:

-Մենք տեղյակ ենք նաև, որ հանդիպել եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ սպասելիքներ ունեք այսօրվա կառավարությունից:

-Այո, հանդիպում ենք ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով մեզ հետ զրույցում հավաստիացրել է, որ ամեն ինչ երկրում կատարվելու է օրենքի սահմաններում:
Հայաստանում ներդրումային ծրագրերին պետությունը միայն օժանդակելու է:
Այժմ երկրում իրավիճակ է փոխվել, մենք լիահույս ենք, որ ապագայում խնդիրներ չեն առաջանա և մենք մեր հերթին կարող ենք աշխատել ներկայացնելով որակյալ արտադրանք` մեր հայրենիքի համար:
Սակայն ցավով պետք է նշել, որ ներկայումս օրենսդրության մեջ շատ հակասող դրույթներ կան, և այն շատ բարդություններ է առաջացնում, կարծում եմ այստեղ ևս շատ անելիքներ կան, և մենք առաջարկում ենք մեր աջակցությունը` որպես տնտեսվարող սուբյեկտ, համագործակցել պետական մարմինների հետ այս ոլորտում բարեփոխումներ կատարելու հարցում:

-Պարո՛ն Աբեդի, ի՞նչ նախանշված ծրագրեր ունենք առաջիկայում:

-Առաջիկայում ունենք բազում ծրագրեր: Նպատակ ունենք ստեղծել սեփական տրանսպորտային միջոցներ, որպեսզի կարողանանք Իրանից արտադրատեսակների հումքը սեփական տրանսպորտային միջոցով հասցնել Հայաստան և արտահանել:
Նաև լաբորատորիա ենք բացելու, որը սերտիֆիկացված է լինելու միջազգային լաբորատորիաների կողմից, և մեր լաբորատորիայի կողմից տրված հավաստագրերը ընդունված կլինեն ողջ աշխարհում: Այդ լաբորատորիան յուրաքանչյուր ժամ կվերահսկի արտադրության պրոցեսը: Լաբորատորիան կարող է ծառայել նաև Հայաստանի Հանրապետությանը, որպես միջազգային վարկանիշ ունեցող լաբորատորիա:
Բացի այդ, Արցախում և ՀՀ մարզերում ևս կունենանք մեր վաճառքի կենտրոնները:

-Իսկ Երևանում նախատեսվա՞ծ է ունենալ ավտոմեքենաների զննման և սպասարկման կենտրոններ:

-Մեր ցավալի խնդիրներից է, որ Հայաստանում վարորդներն ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ շարժիչի յուղը պետք է համապատասխանի իրենց մեքենային: Յուղի սխալ ընտրությունը կարող է պատճառ հանդիսանալ հետագայում շարժիչի բազում խնդիրների առաջացմանը, այդ իսկ նպատակով, առաջին անգամ Հայաստանում ստեղծեցինք ավտոյուղ փոխելու շարժական ծառայություն: Մեկ զանգի միջոցով ընկերության սպասարկող մեքենան այցելում է հաճախորդին` ցանկացած վայրում և իրականացնում է մեր կողմից առաջարկվող ծառայությունները, նշեմ որ սպասարկումը անվճար է:
Մենք հաճախորդին սովորական յուղման կետերի քարտերի փոխարեն տրամադրում ենք գրքույկ, որտեղ մանրամասն նկարագրված է, թե որ յուղն ինչի համար է, որն անհրաժեշտ ինֆորմացիա է վարորդների համար:
Դեռ շատ անելիքներ կան, որոնք կիրականացնենք քայլ առ քայլ:

-Աշխատանքում ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

-Ավելին, քան լավագույնը:

-Ձեր բոլոր կատարած աշխատանքները խոսում են հայրենիքի հանդեպ Ձեր մեծ նվիրումի մասին, ինչպե՞ս կցանկանաք տեսնել Հայաստանը մի քանի տարի անց:

-Ես և Հենրիկ Տեր-Ղուկասյանը միշտ սերտ կապ ենք ունեցել հայրենիքի հետ, չնայած ապրել ենք արտերկրում:
Գիտեք, դժվար թե Իրանում գտնվի որևէ հայ ընտանիք, ով հայրենասիրությունից դրդված մասնակցություն չունեն հայրենիքի պահպանման և զարգացման ազգանվեր գործին:
Լինելով հեռու հայրենիքից, որքանով որ կարողացել ենք, օգնել ենք ազգապահպանության գործին:
Պարոն Հենրիկն էլ մշտապես իր հայրենիքի կողքին է, և որքանով որ կարողանում է, օգնում է, որ Հայաստանն ունենա բարեկեցիկ ապագա: Սա մեր պետությունն է, մեր ամրությունը, ինչով կկարողանանք կշենացնենք այն:
Հուսով ենք, որ նոր կառավարությունը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, երկիրը կտանի էլ ավելի լուսավոր և պայծառ ապագայի:
Թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից, դուրս հայ ժողովուրդը արժանի է լավ ապրելուն:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...