00:52
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՇԽԱՐՀԸ ոտքիդ տակ Գեորգի Ասատրյանի հետ

2018-11-09 13:54

 
Ութ ամիս Միքելանջելոն քարի հանքերում ապրեց` նրա շքեղ դամբարանի մարմարի ընտրությունը կատարելու համար: Հռոմում նրան ուրախ տեսարան էր սպասվում: Սուրբ Պետրոսի հրապարակն ամբողջովին լցված էր իր մարմարով, իսկ տխուր նորությունն այն էր, որ Հուլիոս պապը նրան այլևս չէր ուզում ընդունել: Մինչ երկրի գլխավոր քանդակագործն աշխատում էր քարի հանքում, վերածննդի մեկ ուրիշ, ավելի ճարպիկ հանճարներից մեկը համոզել էր Պապին, որ կենդանության օրոք կառուցված դամբարանը վատ նշան է: Ավելի լավ է գումարը ներդնել իր կողմից կառուցվող Սուրբ Պետրոսի բազիլիկի շինարարության մեջ: Ճարպիկի անունը Բրամանտե էր: Բացի նրանից, Պապի բյուջեի համար պայքարում էր նաև... Ռաֆայելը: Ի տարբերություն մրցակիցների` Միքելանջելոն փող մուրալ չէր սիրում: Նա այնքան հպարտորեն հեռացավ Հռոմից, որ Պապը ստիպված էր անձամբ գնալ նրան վերադարձնելու: Բայց Բրամանտեն դիրքերը չզիջեց: Նա խորհուրդ տվեց պապին` Միքելանջելոյին պատվիրել Սիքստինյան կապելլայի նկարազարդումը, հույս ունենալով, որ Միքելանջելոն կարող է միայն քարերի հետ աշխատել: Նրա հույսերն իզուր էին: Չորս տարի շարունակ Միքելանջելոն պառկեց տախտակների վրա, վեց հարյուր քառակուսի մետրը Աստվածաշնչից վերցված տեսարաններով նկարազարդելու համար և երբեք չդադարեց վիճել Պապի հետ: Երբ Հուլիոս Երկրորդը փորձում էր բարձրանալ նրա մոտ, Միքելանջելոն նրա վրա փոքրիկ տախտակներ էր շպրտում` հրաժարվելով ոսկեզօծել որմնանկարները, որպեսզի վերջիններն ավելի հարուստ տեսք ունենան: Առանց ոսկու էլ պարզ էր:

Գլուխգործոց էր ստացվել: Դրա համար էլ հաջորդ պապերը, ովքեր Միքելանջելոյին աշխատանք էին առաջարկում, գնալով ավելի էին վստահում նրա գեղարվեստական լուծումներին: Բայց պապերից բացի ուրիշ կարևոր անձիք էլ կային: Օրինակ, արարողակարգի պետ Բիաջո դե Չիզենան` «Ահեղ դատաստանը» որմնանկարից: Իր կողմից Միքելանջելոն միայն ավանակի ականջներն էր ավելացրել: Մնացածը կատարելապես նման էր բնօրինակին: Ասում են, Բիաջոն Հռոմում հայտնի էր իր արատավոր կապերով և չնայած դրան վիրավորվել էր ու բողոքել Պողոս Երրորդին: Պապն ասել էր. «Իմ իշխանությունը երկնքում է և երկրի վրա: Դժողքում քեզ ոչնչով օգնել չեմ կարող»:


Պատվիրատուների հարցում Միքելանջելոյի բախտը բերել էր, պատվիրատուներն էլ բախտավոր էին Միքելանջելոյի հարցում: Հուլիոս Երկրորդի դամբարանի աշխատանքը շարունակվեց նաև պապի մահից հետո: Քանդակագործի մահից հետո քանդակների մի մասը նրա աշակերտներն են ավարտել: Եվ եթե չլիներ Մովսեսի անմահ քանդակը, Հուլիոս Երկրորդ պապին կհիշեին միայն պատմաբանները: Լավ է, որ մարմարից թնդանոթներ չեն պատրաստում: Միքելանջելոյի Մովսեսը փոքրիկ գաղտնիք ունի: Մարգարեն կոտոշավոր է: Դա Ելից գրքի սխալ թարգմանության հետևանքն է: Աստվածաշնչում ասված էր. «Մովսեսի դեմքին դժվար է նայել, որովհետև այն շողարձակում է»: Բայց թարգմանիչը որոշել է, որ պետք է լինի «որովհետև այն կոտոշներ ունի»: Եբրայերենով միևնույն խոսքը նշանակում է և՛ կոտոշ, և՛ շող: Այնպես որ Մովսեսի արձանը նվիրված է ոչ միայն եկեղեցու վեհությանն, այլև նրա սխալներին: Ամեն դեպքում եկեղեցին իր ամենամեծ սխալները թույլ է տվել ոչ թե սուրբ գրքերում, այլ քաղաքային հրապարակներում: Ամենահանրահայտ դեպքը Կամպո դե Ֆիորի հրապարակի խարույկն է: Այստեղ, 1600 թվականին, խարույկի վրա այրեցին Ջորդանո Բրունոյին, ով պնդում էր, որ տիեզերքն անծայրածիր է, իսկ մեր երկիրն այնտեղ միակը չէ: Կոլումբոսն արդեն հայտնաբերել էր Ամերիկան, Մագելանը կատարել էր իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, իսկ եկեղեցին համակերպվել էր այն մտքի հետ, որ երկրագունդը կլոր է: Բայց երկինքը հանձնելու համար նա դեռ պատրաստ չէր: Բրունոյի մահապատժից ընդամենը ինը տարի հետո նրա հայրենակից Գալիլեյը ստեղծեց առաջին աստղադիտակը: Ֆլորենցիայի ամբողջ ազնվականությունը գալիս էր այդ խողովակից աստղերին նայելու: Ֆրանսիայի թագավորը խնդրել էր, որ որևէ լուսատու իր անունով կոչեն: Գալիլեյը մեծ փառքի արժանացավ: 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...