16:29
10/18/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԿՅԱՆՔԻ ՆՈՐ ԷՋ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-02-12 11:30

ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյան

 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)  

Մարզի ընդհանուր տարածքը 2090 կմ2 է, որը կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքի 7%-ը, բնակչությունը` 258.2 հազ. մարդ (ՀՀ բնակչության 8.7%-ը): 
ՀՀ Արարատի մարզն իր մեջ ընդգրկում է 95 համայնք, որից 4-ը` քաղաքային և 91-ը` գյուղական, ունի մեկ խոշորացված համայնք` Ուրցաձորը: Բնակչության շուրջ 71.8 %-ը գյուղաբնակներ են, իսկ 28.2 %-ը` քաղաքաբնակներ: 
Հանրապետության համախառն ներքին արդյունքում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 6.3%: Վերջին տարիներին մարզի համախառն ներքին արդյունքում արագ թափով ավելանում է արդյունաբերական արտադրանքի ծավալը և կազմում է ՀՀ ընդհանուրի 12.5%-ը: 
Մարզում կան 112 հանրակրթական դպրոցներ, որոնցից 21-ը` հիմնական և 86-ը` միջնակարգ, 5-ը` ավագ, կան 76 նախադպրոցական հաստատություններ, գործող 23 նախակրթարաններ: Արարատի մարզում գործում են 71 մշակույթի տներ, 8 երաժշտական և 2 արվեստի դպրոցներ, 8 մարզադպրոց և շախմատի ակադեմիայի 5 մասնաճյուղ:
Մարզում գործում են 6 հիվանդանոցներ և գյուղական 50 բժշկական ամբուլատորիաներ:

Աշխատանքային կարճ ժամանակահատված, բազում ձեռքբերումներ և հեռանկարային ծրագրերի իրականացում. ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել, սակայն ՀՀ Արարատի մարզը տարին ամփոփում է առաջատարի ցուցանիշներով, գրեթե բոլոր ուղղություններով՝ բերքատվություն, մթերումներ, ներդրումային ծրագրերի իրականացում, աշխատատեղերի ստեղծում, սեփական եկամուտների հավաքագրում և այլն, մարզում արձանագրված ցուցանիշները խոսուն են, ինչը, անշուշտ, հետևողական, նվիրված և սրտացավ աշխատանքի արդյունք է: Հաշվի առնելով Արամայիս Գրիգորյանի աշխատանքային բարձր արդյունավետությունը, նախաձեռնողականությունը և հանուն Արարատի մարզի զարգացման նպատակաուղղված գործելաոճը՝ «Դե Ֆակտո» ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա մարզպետ 2017»: 


Մարզում իրականացված աշխատանքների, կարևոր ձեռքբերումների, հեռանկարային ծրագրերի և դեռևս չլուծված խնդիրների մասին զրուցեցիք ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ:


Այս վեց եւ ավելի ամիսների ընթացքում ես փորձել եմ հնարավորինս խթանել մարզի

առավել զարգացած ոլորտների առաջընթացը, ինչպես նաեւ զարգացման հիմքեր ստեղծել այն ոլորտների համար, որոնցում աշխուժացում չի նկատվում:


ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ


ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ

 

 

-Պարո՛ն Գրիգորյան, նախ շնորհավորում ենք Ձեզ «Տարվա մարզպետ 2017» ճանաչվելու առթիվ և մաղթում պահպանել և զարգացնել այն ձեռքբերումները, որ ունեցել եք 2017թ. ընթացքում: 

Դուք 2017թ. փետրվարի 2-ից զբաղեցնում եք ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնը, և այս կարճ ժամանակահատվածում հասցրել եք բավականին մեծ աշխատանք կատարել մարզում: Ամփոփելով մինչև այսօր կատարված աշխատանքները` ինչպե՞ս կգնահատեք արձանագրված արդյունքները, և հետաքրքիր է, ինչպե՞ս է հաջողվել այդքան կարճ ժամանակահատվածում մարզում նման առաջընթաց ապահովել: 

-Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար: 
Արարատի մարզն իմ ծննդավայրն է, որտեղ ես ծնվել, մեծացել եմ, աշխատել եմ տարբեր ոլորտներում, ունեցել եմ նաև մարզպետական աշխատանքի փորձառություն, այսինքն` մշտապես տեղյակ եմ եղել մարզի խնդիրների մասին, և ինձ համար անցումը ՀՀ Արարատի մարզպետի աշխատանքային պարտականություններին մեծ բարդություն չի ներկայացրել: Այս 6 և ավելի ամիսների ընթացքում ես փորձել եմ հնարավորինս խթանել մարզի առավել զարգացած ոլորտների առաջընթացը, ինչպես նաև զարգացման հիմքեր ստեղծել այն ոլորտների համար, որոնցում աշխուժացում չի նկատվում:
Ներկայացնեմ մեր հաջողությունները: Համայնքների ավագանիների կողմից հաստատվել են համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերը: Կարճ ժամանակում առաջինը հանրապետությունում մեզ հաջողվեց մշակել և բոլոր համայնքների կողմից պատրաստել «Համայնքների էլեկտրոնային անձնագրեր»: Դա լավ հնարավորություն է ստեղծում ներկայացնելու Արարատի մարզի յուրաքանչյուր համայնք` իր ռեսուրսներով ու նկարագրով: Որևէ համայնքի մասին իրական պատկերացում կազմելու համար պետք է ընդամենը մուտք գործել մեր կայքէջ:
Մյուս կարևոր ծրագիրը համայնքներին ուղղված ուղեցույցն էր, որի նպատակն էր պարզեցնել մարզպետարանի հետ ավագանիների և համայնքների ղեկավարների աշխատանքը: Ուղեցույցն իրենից ներկայացնում է գործողությունների մի փաթեթ, որում յուրաքանչյուր համայնքի ղեկավար կարող է գտնել անհրաժեշտ ինֆորմացիա իր աշխատանքը տեղում և մարզպետարանի հետ արդյունավետ կազմակերպելու համար: Այն մեծապես հեշտացնում է մեր աշխատանքը համայնքների հետ: Եվ պետք է ասեմ, շնորհիվ ուղեցույցերի` հաջողվել է նախորդ տարվա համեմատությամբ` 170 մլն. դրամի չափով ավելի սեփական եկամուտներ հավաքագրել:
Նշեմ նաև, որ մեր կողմից ՀՀ կառավարությանն է ներկայացվել 14 ներդրումային ծրագիր, որոնցից կառավարության հավանությանն են արժանացել 2-ը` Վեդի քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման և Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնման ծրագրերը` ընդհանուր 857.5 մլն դրամ արժեքով: Վերջերս ՀՀ վարչապետն արտագնա նիստերի շրջանակում այցելեց նաև Արարատի մարզ և տվեց ծրագրերի իրականացման վերաբերյալ համապատասխան հրահանգներ:

-Զարգացման ի՞նչ ցուցանիշեր են արձանագրվել մարզի գյուղատնտեսության ոլորտում: 

-Կարծում եմ` գաղտնիք չէ, որ Արարատի մարզում գերակա ճյուղ է գյուղատնտեսությունը. մարզի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2016թ. կազմել է ՀՀ ընդհանուրի 14.5 տոկոսը: Իհարկե, դեռ վաղ է ամփոփել 2017թ. գյուղատնտեսական տարին, սակայն կարող եմ ներկայացնել մինչև այսօր արձանագրված ցուցանիշերը: 
Արտադրվել է 16596.1 տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, որից 12.100 տոննա ցորեն և մոտ 2.000 տոննա գարի, ինչպես նաև կարտոֆիլ` 21041.0 տոննա, բանջարեղեն` 192 606.4 տոննա, որից 80.900 տոննա լոլիկ, բոստանային մշակաբույսեր` 244828. տոննա: Կուտակվել է 119291.0 տոննա խոտ և ծղոտ: Տեխնիկական մշակաբույսերից արտադրվել է 138.0 տոննա /չոր զանգված/ ծխախոտ և 310.0 տոննա արևածաղիկ: 
Մարզում արտադրվել է 48830.3 տոննա պտուղ և հատապտուղ, որոնցից ծիրան` 22668.8 տոննա, դեղձ` 18106.8 տոննա: 
Վերջին տարիներին մարզում զարգանում է նաև չրագործությունը և այսօր ամենախոշոր ընկերությունը գտնվում է Սուրենավան համայնքում:
Ուզում եմ առանձնացնել խաղողագործության ճյուղը, որը զարգացած է մարզում: Պետք է նշեմ, որ այս տարի առաջին անգամ մեզ հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ Պ. Սևակ, Երասխ, Արմաշ, Սուրենավան համայնքներում խաղողի մթերումը կազմակերպել մյուս համայնքներից 15 օր շուտ, որը նպաստեց, նախորդ տարիների համեմատ, բարձրացնել տվյալ տարածաշրջանի խաղողի որակը և քանակը, ու սահուն կերպով սկսել խաղողի բերքահավաքի ընթացքը: Մեզ ընդառաջ գնաց «Պռոշյանի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ն, ինչի համար շնորհակալ ենք տնօրինությանը, կարողացանք առողջ մթնոլորտում կազմակերպել ողջ գործընթացը, արժանանալ խաղողագործների գոհունակությանը: Այս որոշումը ձեռնտու էր նաև գործարանին, քանի որ խաղողի ավելի ուշ մթերման դեպքում բերքի որակը կընկներ: Մենք հետևում ենք մթերման գործընթացին, և եթե որևէ խնդիր է առաջանում, անմիջապես արձագանքում ենք, բանակցություններ վարում վերամշակողների հետ, որպեսզի խաղողի ողջ բերքը ամբողջությամբ մթերվի: 
Մարզում այսօրվա դրությամբ մթերվել է 6735 տոննա խաղող` 7 գործարանների կողմից, 1 կգ-ի արժեքը` 120-130 դրամ, իսկ սև խաղողի առանձին տեսակներ` մինչև 160-170 դրամ: Եղել են դեպքեր, որ ըստ խաղողի վիճակի` մթերվել է նաև 110 դրամով, բայց դրանք շատ քիչ քանակություն են կազմում: Մենք հանդիպել ենք նաև խաղողագործների հետ, նրանք բոլորն էլ գոհունակություն են հայտնել մթերման գործընթացի հետ կապված:

-Զարգացման ի՞նչ փուլում են ջերմոցային և սառնարանային տնտեսությունները: 

-Գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերից մեկն ուղղված է մարզում ջերմոցային տնտեսությունների աճին ու զարգացմանը: Տեղեկացնեմ, որ մարզում գործող «Գրին Հաուս» կազմակերպությունն ունի 30 հա ջերմոցային տնտեսություն, որն այս տարի ընդլայնվել է ևս 5 հա-ով: Դրա արդյունքում ստեղծվել են հավելյալ աշխատատեղեր, ինչի կարիքը մենք շատ ունենք: 
Ջերմոցային տնտեսություններ են ավելացել նաև Սայաթ-Նովա, Ղուկասավան, Դարակերտ համայնքներում: Ընդհանուր առմամբ, մարզում ունենք 394 հա ջերմոցային տնտեսություն, որից 63,7 հա-ը` ժամանակակից տեխնոլոգիաներով: Կարծում եմ` տարեցտարի այս ոլորտն ավելի կզարգանա: 
Մեզ համար առաջնահերթություն է նաև սառնարանային տնտեսությունների զարգացումը, ինչը շահավետ է թե՛ բնակչության, թե՛ ֆերմերների, թե՛ վերամշակողների համար, քանի որ սառնարանային տնտեսությունները նույն ձևաչափով կատարում են խաղողի և այլ մրգերի մթերումներ: Մարզում գործում են թվով 1840 17.770 տոննա ընդհանուր տարողությամբ սառնարանային տնտեսություններ: Դա բավականին լուրջ թիվ է: 
Վերջերս, երբ զրուցում էինք սառնարանային տնտեսությունների սեփականատերերի հետ, նրանք նշեցին, որ սառնարանային տնտեսությունը գյուղատնտեսության ոլորտի լավագույն ճյուղերից է, որի շահութավետությունը բավականին բարձր է, իսկ եթե հնարավոր լինի նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը կամ անցնել արևային էներգիայի օգտագործման, ապա կարձանագրվի կրկնակի, եռակի շահույթ: Կարծում եմ` սա հնարավորություն է, որ կարելի է զարգացնել ողջ հանրապետության տարածքում: 

 

Մարզում իրականացվել են ներդրումային ծրագրեր՝

ուղղված գյուղատնտեսության զարգացմանը:


-Արդյո՞ք մարզում կան ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող այգիներ, եթե այո, ապա որքա՞ն տարածք են դրանք զբաղեցնում: 

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ մարզում 80 հա հողատարածության վրա ունենք ժամանակակից տեխնոլոգիաներով հիմնված այգիներ, որոնցում իրականացվում է կաթիլային ոռոգում: Իսկ այս տարի Երասխում, որը սահմանամերձ համայնք է, 30 հա հողատարածության վրա տնկվում են ինտենսիվ այգիներ, որոնց տնկիները բերվել են Եվրոպայից: Ես հույս ունեմ, որ այս փորձը վարակիչ կլինի մեր մյուս ֆերմերների համար, և նրանք էլ կնախաձեռնեն նման այգիների ստեղծում: 

-Սակավաջուր տարի էր, ի՞նչ հետևանքներ այն ունեցավ, և իրականացվելիք ի՞նչ ծրագրեր կան ոռոգման համակարգը բարելավելուն ուղղված:

-Չնայած սակավաջուր տարվա և երկարաժամկետ շոգ շրջանի, ջրի մատակարարման ուշացման հատուկենտ դեպքեր են գրանցվել, որոնք դրական լուծում են ստացել: Ոռոգման համակարգի կատարելագործման նպատակով մարզում կառուցվում է Վեդու` 90 մլն. եվրո արժողությամբ, 29 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարը: Այն կապահովի Արարատյան հարթավայրի ավելի քան 4.0 հազար հա հողատարածքների ոռոգումը, այդ թվում` 2.8 հազար հա տարածքի մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգման եղանակով: Սա կենսական նշանակության ծրագիր է մեզ համար: 
Oգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տարածքի պատգամավոր Արայիկ Գրիգորյանին, ով բարձրաձայնեց Վեդու ջրամբարի կառուցման անհրաժեշտության խնդիրը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով դեռևս անցյալ տարի որոշում կայացրեց պարտադիր կերպով կառուցել Վեդիի ջրամբարը: Ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, և կարծում եմ` եթե այս տեմպերով շարունակվի, մենք ընդամենը 3 տարի հետո կունենանք նոր ջրամբար: 
Ուզում եմ նկատենք, որ ջրամբարի կառուցումից հետո մենք Սևանա լճի ջրային պաշարներից 29 մլն. խմ-ով պակաս ջուր կօգտագործենք: Նաև դրական տեղաշարժերից է այն, որ մեր ֆերմերներին հնարավորություն կտրվի օգտագործել անջրդի տարածքները` ոռոգման նպատակով օգտվելով Վեդիի ջրամբարից:

Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկը

տրված է, ընդամենը 3 տարի հետո կունենանք նոր ջրամբար:

 

-Իսկ գյուղտեխնիկայի ձեռքբերման առումով կա՞ համալրում: 

-Այո՛, մարզում աշխատանքներ են տարվում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի թարմացման ուղղությամբ: Այժմ մարզում սարքին վիճակում առկա է 1040 տրակտոր, 33 հացահատիկահավաք կոմբայն, 21 կերահավաք կոմբայն: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով մարզ է ներկրվել ևս 6 միավոր տրակտոր: 

-Ուրիշ ի՞նչ ներդրումային ծրագիր է իրականացվել մարզում: 

-2018թ. մարզում կգործի տրիկոտաժի արտադրություն, ներդրողն արդեն ներկայացրել է, որ 1 մլրդ դրամի չափով ներդրում է կատարել Արտաշատի տարածաշրջանի Ոստան համայնքում: Արդյունքում զարկ կտրվի թեթև արդյունաբերության զարգացմանը, կստեղծվի մոտավորապես 350-400 աշխատատեղ, ինչը որոշակիորեն կլուծի մարզում առկա զբաղվածության խնդիրը: Ներդրողը ցանկություն է հայտնել հետագայում ընդլայնել արտադրությունը: 

-Ինչպիսի՞ վիճակում են կրթօջախները, ի՞նչ առաջխաղացում կա կրթության ոլորտում: 

-Մենք հաջողություններ ունենք նաև կրթության ոլորտում: Մասնավորապես` 2017-2018թթ. ուսումնական տարում մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ են հաճախում 32504 աշակերտներ, որն անցած ուսումնական տարվա համեմատ, ավել է 548-ով: Բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել 573 դիմորդներից 510-ը /89%-ը/: Շուրջ 18 հազար աշակերտներ /55.6%-ը/ ապահովված են անվճար դասագրքերով: Մարզային ենթակայության 107 հանրակրթական դպրոցների 14276 աշակերտներ և 23 նախակրթարանների 623 երեխաներ ստանում են դպրոցական սնունդ:
Պետք է նշեմ, որ ՀՀ Արարատի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 550 մլն. դրամ, որից որոշակի մաս հատկացվել է դպրոցաշինության ծրագրերին, այդպիսի ծրագրեր են իրականացվել նաև Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրերի մեջ ներառված են նաև նախադպրոցական հաստատություններ:
Սակայն ունենք նաև խնդիրներ: Մարզում դեռևս կան դպրոցներ, որոնք ունեն լիարժեք վերանորոգման, կարելի է ասել, վերակառուցման կարիք: Դրանց թվում են Բարձրաշենի դպրոցը և Մասիսի տարածաշրջանի որոշ դպրոցներ: Այդ խնդրի շուրջ մենք առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ՀՀ կառավարությանը միջոցներ տրամադրելու այդ աշխատանքներն իրականացնելու համար: Դա կլինի մեր տարածաշրջանում լավագույն ներդրումը, քանի որ մեզ մոտ տարեց տարի ավելանում է աշակերտների թիվը և գրանցվում է առաջադիմության աճ: 

 

Զարգացման ցուցանիշեր են արձանագրվել մարզի կրթության,

առողջապահության եւ ճանապարհաշինության ոլորտներում:

 

-Ի՞նչ վիճակում են մարզի առողջապահական հիմնարկները, արդյո՞ք մարզն ունի ժամանակակից բուժսպասարկման հնարավորություններ: 

-Պետք է նշեմ, որ այսօր ամբողջությամբ հիմնանորոգված է «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, և այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում «Մասիսի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն», «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ներում: Բոլոր տնօրենների առջև խնդիր է դրված, որ կարողանան շատ ավելի բարձր մակարդակով հետևել մեր ժողովրդի առողջությանը, վերացնեն բոլոր տհաճ երևույթները, որ նախկինում առկա են եղել կենտրոններում: Կարծում եմ` կարճ ժամանակ անց արդյունքը տեսանելի կլինի: 
Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ այժմ իրականացվում են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները` 1550.0 մլն. դրամ արժեքով, իրականացվել է ընդհանուր ծավալի 64%-ը, որի ավարտը նախատեսված է 2018 թ-ին: Բժշկական կենտրոնը պետք է վերազինվի համապատասխան սարքավորումներով, բուժանձնակազմը նույնպես համալրված է լինելու լավագույն մասնագետներով:

-Ճանապարհաշինական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել մարզում: 

-ՀՀ Արարատի մարզն ընդգրկում է 103.6 կմ միջպետական նշանակության, 151.5 կմ հանրապետական նշանակության և 354.8 կմ մարզային (տեղական) նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ:
Մարզի 609.9 կմ ավտոճանապարհներից հիմնովին վերանորոգվել ու վերակառուցվել է 237.5 կմ-ը` 38.9%, որից`

- միջպետական նշանակության - 46.6 կմ` 45%, որից 19.6կմ հյուսիս-հարավ տրանշ 1 ծրագրի շրջանակում

- հանրապետական նշանակության - 89.4կմ` 59%

- մարզային (տեղական) նշանակության - 
101.5 կմ` 28.6%

ՀՀ պետական բյուջեից Արարատի մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման համար հատկացվել է 46.905 մլն դրամ: Կատարվում է 194.4 կմ ճանապարհների ձմեռային պահպանման և 33.453 կմ ճանապարհների ամառային պահպանման աշխատանքներ:
Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության 17% համաֆինանսավորման ՀՀ տրանսպորտի և կապի տեխնոլոգիաների նախարարության ԾԻԳ-ի պատվիրատվությամբ ճանապարհաշինության բնագավառում տարբեր ծրագրերով նախատեսվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով իրականացվող Երևան-Արտաշատ Տրանշ-3 հատվածի հիմնանորոգման ֆինանսական միջոցների խնայողության շրջանակներում թվով 6 ուղեանցերի վերականգնման և 2 նորի կառուցման աշխատանքներ` 3800.0 միլիոն դրամ արժողությամբ:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի շրջանակներում, նախագծման փուլում են գտնվում ընդհանուր 6 կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ:

-Ինչպե՞ս իրականացվեց մարզում «Մաքուր Հայաստան» ծրագիրը: 

-Այս տարվա գարնանը կյանքի կոչված «Մաքուր Հայաստան» ծրագրով Արարատի մարզում կատարվել է հսկայածավալ աշխատանք: Նախօրոք նախանշված 263 աղբակտորների գերակշիռ մասը վերացվել է հաշված օրերի ընթացքում: Առկա 33 հիմնական աղբավայրերից 14-ը փակվել է, աշխատանքներ են տարվում մնացած 19-ից առավել անհրաժեշտ մի քանիսը դարձնելու լիցենզավորված աղբավայրեր, մյուսները վերջնական վերացնելու ուղղությամբ: Պետք է շեշտեմ, որ Արարատի մարզն առաջինն էր, որին հաջողվեց լիարժեք իրականացնել մաքրության աշխատանքները: 
Մարզում գործում է աղբահանությամբ զբաղվող 9 կազմակերպություն, որոնցից «Մաքուր երկիր» ընկերությունը ընդլայնում է աշխատանքները` կնքելով պայմանագրեր արդեն շուրջ 30 համայնքների հետ: Բանակցություններ են վարվում նաև «Սանիթեք» ընկերությունը մարզի աղբահանության գործընթացին մասնակից դարձնելու ուղղությամբ հատկապես այն համայնքներում, որոնք առավել մոտ են մայրաքաղաքին:

 

ՀՀ Արարատի մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով, որոնք պետք է

հիմք հանդիսանան մարզում զբոսաշրջությունը զարգացնելու համար:

 

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել մարզում` զբոսաշրջության զարգացումը խթանելուն ուղղված: 

-Պետության կողմից հրատապ ծրագրերի համար մեզ տրամադրված գումարից մենք որոշակի հատկացումներ ենք կատարել զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացմանը: Դուք գիտեք, որ Արարատի մարզում մենք ունենք պատմամշակութային կենտրոններ` Հին Դվինը և Խոր Վիրապը, որոնք Արարատի մարզի այցեքարտն են: Եվ քանի որ պետությունը գնում է տուրիստական հոսքերի ավելացման, տուրիզմի զարգացման ճանապարհով, ապա կարծում եմ, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք, որ ասֆալտապատեցինք Հնաբերդի ճանապարհը, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան մաքուր ճանապարհով գնալ տեսնելու մեր պատմամշակութային արժեքները: 
Վերջերս ՀՀ մշակույթի նախարարի հետ այցելեցինք Հին Դվին, տեսանք, որ ճանապարհը, անցուղիներն արդեն կառուցված են, բայց դեռևս բավականին աշխատանք կա անելու` ուղղված Հին Դվինն ամբողջությամբ ներկայացնելուն, թե ինչպիսին է եղել այն նախկինում, ինչպիսին է այսօր: Կարծում եմ` պարոն Ամիրյանն արդեն հրահանգներ տվել է այդ աշխատանքների իրականացմանն ուղղված:

-Կցանկանայի փոքրիկ անդրադարձ կատարեիք Խոսրովի անտառի խնդրին: 

-Բնականաբար, ինձ համար ցավալի է Խոսրովի անտառի հետ կատարված դեպքը, և ոչ միայն ինձ համար, այլ մարզի ողջ ազգաբնակչության համար, ովքեր այդ օրերին և՛ ֆինանսապես, և՛ ֆիզիկապես ներգրավված էին անտառի փրկման աշխատանքներին: Կարևորն այն է, որ անտառն ամբողջությամբ չվնասվեց, որոշակի հատվածներ կարողացանք պահպանել: 
Պետք է նշեմ, որ մեր բարերարներից մեկը ցանկություն է հայտնել 100 հազար ԱՄՆ դոլար ներդնել նոր անտառի հիմնման աշխատանքներն իրականացնելու համար: Մենք ներկայացրել ենք առաջարկություն մոտակա տարածքում նոր անտառ հիմնելու վերաբերյալ, եթե նախագիծը հավանության արժանանա և նոր անտառի հիմնման աշխատանքները սկսվեն, ապա կարծում եմ` այլ բարերարներ ևս ցանկություն կհայտնեն մասնակցություն ունենալու այս նախագծի իրականացմանը: 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ