10:47
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռուբեն Գրիգորյան

2015-11-24 15:33

ՀԱՅՆ ամենուր պետք է ստեղծի ու արարի հանուն հայրենիքի


   «Դե Ֆակտո» N113 (2015թ.)

 

-Պարո՛ն Գրիգորյան, Դուք այն հայերից եք, ով, ապրելով և աշխատելով հայրենիքից դուրս, պահպանել է հայի իր դիմագիծը, հայրենասերի գործելաոճն ու մարդ կոչումը: Կխնդրեմ` ներկայացնեք Ձեր անցած ուղին:


-Շնորհակալ եմ նման բնորոշումների համար: Որտեղ էլ հայը ապրի, պետք է պահպանի իր ազգային դիմագիծը, ստեղծի ու արարի հանուն հայրենիքի:
Ինչ վերաբերում է իմ անցած ուղուն, ապա ծնվել եմ Երևանում, ավարտել Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցը, որից հետո` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեների մասնագիտություն: Նաև տնտեսագիտության թեկնածու եմ, թեկնածուական թեզ եմ պաշտպանել «Փոքր ձեռնարկությունների կառավարման մեխանիզմները» թեմայով: Արդեն 35 տարուց ավելի է` ապրում եմ Մոսկվայում: 
Մինչև Մոսկվայում հիմնովին հաստատվելս` 4 տարի Գերմանիայում էի ապրում, աշխատում էի որպես ինժեներ, հետո տեղափոխվեցի Մոսկվա, որտեղ ղեկավարում էի պրոֆտեխուսումնարանը, որը բավականին մեծ ուսումնարան էր, 800 ուսանող ուներ: Այնուհետև իմ գործունեության մեջ կտրուկ փոփոխություն կատարեցի և որոշեցի զբաղվել բիզնեսով: Սկզբում առևտուր, ռեստորաններ, այնուհետև` որոշեցի գործունեություն ծավալել անշարժ գույքի շուկայում: Այդպես ստեղծվեց «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը, որն այսօր բարի համբավ և ճանաչում ունի ոչ միայն Ռուսաստանում:


-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Մոսկվայում տեղի ունեցավ ամենամեծ Հայկական ինտերակտիվ թանգարանի բացման արարողությունը, որի նախաձեռնողն ու հիմնադիրը Դուք եք: Թանգարանն իր աննախադեպությամբ արժանացավ հարյուրավոր մարդկանց հիացմունքին և բարձր գնահատականին: Հետաքրքիր է, ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը:


-«Թանգարանի ստեղծման գլխավոր գաղափարը ապագայում ցեղասպանությունների կանխարգելումն է, ու նաև տեղեկացնելն այցելուներին, որ Հայաստանն ամենահին պետություններից է, իսկ հայերը մարդկության զարգացման ուղու կերտողներից են եղել, ու նրանց ոչնչացնելու փորձը նման է ամբողջ մարդկության մշակույթի մի մասի ոչնչացմանը: 100 տարի այդ ողբերգական իրադարձությունների հետ կապված զգացումները և հիշողությունները անցնում են սերնդե-սերունդ: Այդ զգացումներն անցել են հորիցս ինձ: Ես հիմա տեսնում եմ, որ ինձնից անցնում են որդուս: Սպանված անմեղ ցեղակիցների հանդեպ ցավի, կարեկցանքի, կորստի զգացումներն արդեն մեկ հարյուրամյակ փոխանցվում են սերնդե սերունդ` դառնալով խրոնիկական հիվանդություն, իսկ այդ հիվանդությունից բուժվելու միակ միջոցը՝ հզոր պետություն, գիտակից ժողովուրդ և ուժեղ տնտեսություն, գիտություն, մշակույթ, սպորտ, զինված ուժեր ունենալն է: Պետք է կյանքի կոչել և իրականություն դարձնել այդ բոլորը: Հենց այս պատճառով յուրաքանչյուր հայի համար ժողովրդի և պետության շահերը պետք է գերակայեն անձնական շահերից»: Ահա այս խոսքերը մեծ տառաչափով փակցված են մեր թանգարանում, և կարծում եմ` ավելի հրատապ բան հայերի և Հայաստանի համար հիմա չկա, որովհետև Հայաստանը ներկայումս կանգնել է ոչ անվտանգ մի եզրագծի առջև, որը շուտափույթ հաղթահարել է պետք: Իսկ դա, ես համոզված եմ, մենք կարող ենք անել: Աստված պահապան մեր երկրին:


-Կնկարագրե՞ք` ինչպիսին է թանգարանը, ինչպիսի մոտեցմամբ է կառուցված:


-Պետք է նշեմ, որ թանգարանը ժամանակակից գեղեցիկ կառույց է, որտեղ օգտագործվել են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները. ցուցանմուշները ներկայացված են «3D կինոթատրոն», «Հայերի կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Հայկական երաժշտության գրադարան», «Հուշահամալիր», «Դանթեական» և «Վիրտուալ երկրագունդ» թեմատիկ դահլիճներում, իսկ 5 սրահներում` ազգային տարազներ, կենցաղային իրեր և պատմություններ` Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև սպանված և կտտանքների ենթարկված մարդկանց անուններ:


-Ովքե՞ր էին թանգարանի բացման պատվավոր հյուրերը, ի՞նչ տեսակետներ հնչեցրեցին նրանք:


-Բացման արարողությանը ներկա գտնվեցին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Հռոմի պապի նվիրակ Իվան Յուրկովիչը, ռուսաստանյան հրեական կոնգեսի ղեկավար Յուրի Կանները, ՌԴ պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, քաղաքական և հասարակական գործիչներ, ազգային և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք բոլորն էլ հիացած էին կառույցի և նրա բովանդակության գաղափարախոսությամբ, որը հնչեցրեցին նաև իրենց խոսքում: Մասնավորապես` Ստանիսլավ Գովորուխինը, պետդումայի պատգամավորներ Օլգա Տիմոֆեևան, Վլադիմիր Կոնոնովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն իրենց ելույթներում նշեցին, որ շատ կարևոր է, որպեսզի թանգարան այցելեն նաև այլ ազգերի ներկայացուցիչները, քանի որ Հայոց ցեղասպանության մասին պետք չէ լռել, պատմական փաստերը պետք է հասանելի լինեն բոլորին:


-Ո՞րն է եղել «Ռուցոգ ինվեստի» առաջին յուրահատուկ կառույցը:


-Մեր առաջին շենքն իր տեսակի մեջ այն ժամանակվա Ռուսաստանում եզակի էր: Խորհրդային իշխանության փլուզումից հետո՝ 1996թ., սկսեցինք «Օլիմպիկ պլազա»-ի կառուցումը: Այն գտնվում է Մոսկվայի կենտրոնում, բաղկացած է գրասենյակային և բնակելի հատվածներից: 
Առայսօր կառուցում ենք միայն Մոսկվայի կենտրոնում, քաղաքի պատմական դիմագծին ներդաշնակ, ժամանակակից շինություններ` տեխնիկական բարդագույն լուծումներով: Մեր նպատակն է ոչ միայն չխաթարել, այլև գեղեցկացնել քաղաքի դեմքը:
Ընկերության առանձնահատկությունն այն է, որ ոչ միայն ճարտարապետական գաղափարներ է տալիս ու շինարարություն իրականացնում, այլ նաև ֆինանսավորում է շինարարությունը և իրացնում ու շահագործման է հանձնում նորակառույցները:


-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:


-Բիզնեսում մեծ փող է աշխատում նա, ով ընդհանրապես փողի մասին չի մտածում: Ով շատ է ուզում աշխատել, նաև փող կունենա: Այնպես որ` սկզբում գործ, հետո փող: Ինձ համար շատ կարևոր է հաճույք ստանալ իմ արած գործից, ստեղծագործել, արարել, կյանքի կոչել լավ գաղափարներ:


-Պարո՛ն Գրիգորյան, մի հարց հայաստանյան իրականությունից: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, արդյո՞ք հնարավոր չէր կանխել դա:


-Այն, որ իշխանություններն ունեն իրենց մեղքի բաժինը, որ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր է, քան հարևան երկրներում, կասկածի տեղիք չի տալիս: Բայց այն, որ իշխանությունները հեշտությամբ համաձայնեցին սակագնի բարձրացմանը, իսկ հետո էլ նույն հեշտությամբ հայտարարեցին, թե՝ «ինչ արած, եկեք աուդիտ անցկացնենք», միայն մեծացնում է իշխանությունների հանդեպ անվստահությունը:
Բայց աուդիտ անցկացնելն այնքան էլ վատ գաղափար չէր: Կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ներկայացուցիչներ ընտրեր նախաձեռնող խմբի անդամներից և սկսեր համագործակցել իշխանությունների հետ: Չէ՞ որ, եթե ընտրվեին ճիշտ հարցեր աուդիտի համար և ճիշտ աուդիտորներ (փորձագետներ), ապա հնարավոր կլիներ ստանալ եզրակացություն, որն, ըստ իս, ի հայտ կբերեր այս ոլորտի բոլոր խնդիրները` կապված և՛ ֆինանսների, և՛ տնտեսության, և՛ կառավարման՝ այդ թվում նաև կոռուպցիոն բաղադրիչի հետ:
Ի վերջո, Ռուսաստանի հետ համեմատած՝ Հայաստանում կենսաթոշակը 4 անգամ ավելի ցածր է, միջին աշխատավարձը՝ 2-2,5 անգամ, և ներկայումս Հայաստանում գրեթե երկու անգամ ավելի բարձր է էլեկտրաէներգիայի սակագինը, քան Ռուսաստանում:
Տեսնելով բողոքի դուրս եկած երիտասարդությանը` ես ուրախանում եմ, որ մենք այդպիսի երիտասարդություն ունենք: Հոգուս խորքում հանգստություն եմ զգում, քանի որ կա վստահելի ապագա:


-Ձեր գործունությունն անընդմեջ ուղեկցվում է բարեգործական ծրագրերով: Կխնդրեմ պատմեք դրանց մասին, օրինակ, 2013թ. օծվեց Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցին:


-Ես չեմ սիրում խոսել բարեգործական նախաձեռնություններիս մասին, որոնք իսկապես շատ են, քանի որ ես դա իմ հոգու համար եմ անում, մեր հայորդիների համար, ովքեր ինձ պես մեծագույն արժեք են համարում նվիրվածությունն ու սերը, պատասխանատվության բարձր զգացումը հայրենիքի հանդեպ:


-Ամեն դեպքում կխնդրեմ ներկայացնեիք դրանցից մի քանիսը:


-«Ռուցոգ ինվեստ» ընկերությունը Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու շինարարական աշխատանքները ստանձնել է 2006թ., եղել է տեխնիկական պատվիրատուն, կատարել է նախագծային բոլոր աշխատանքները: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի և հպարտության արժանի կառույց է: Ես հպարտ եմ, որ գործուն մասնակցություն եմ ունեցել եկեղեցու կառուցման ամբողջ ընթացքին: 
Մեր ջանքերով վերակառուցվել է Արմավիրի Այգեշատ գյուղում հին բազիլիկ եկեղեցին, ուր հայրս է մկրտվել: Շատ գեղեցիկ է ստացվել, քանի որ վերակառուցելով` պահպանել ենք պատմական շունչը, նույնիսկ հին պատերը: Կարողացել ենք պահպանել այն հատվածները, որոնք հարազատ էին մարդկանց` հորս, գյուղի բնակիչներին: 
Փորձել եմ օգտակար լինել նաև գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես` հակակարկտային կայաններ նվիրել Արմավիրի մարզին: 
Իրականացրել եմ նաև հոգուցս բխող մեկ այլ նախագիծ. Արցախում նախաձեռնել եմ զինվորականների համար բնակելի տների կառուցում:


-Դուք նաև տարիներ շարունակ օժանդակում եք Ձեր հարազատ Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցին, որի շրջանավարտն եք եղել:


-Այո՛, ինձ հարազատ կրթօջախի հետ մշտապես կապի մեջ եմ և աջակցում եմ թե՛ հիմնանորոգման, թե՛ գույքի ձեռքբերման և այլ հարցերով:


-Հայաստան այցելելիս Դուք նաև Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում դասախոսություններ եք կարդում ուսանողների համար: Այս տարի նման ծրագրեր ունեի՞ք:


-Այո՛, իհարկե: Ես կարևորում եմ երիտասարդ սերնդի ինտելեկտուալ կարողությունների, աշխարհայացքի զարգացումը, որը պայմանավորվում է նաև ավագ սերնդից դեպի երիտասարդ սերունդ եկող ինֆորմացիոն հոսքերով, փորձի փոխանակմամբ: ՀՀ այսօրվա քաղաքացին պետք է ամուր կանգնած լինի իր հողին թե՛ ֆիզիկական և թե՛ մտավոր կարողություններով:
Ամեն տարի Հայաստան այցելելիս ես փորձում եմ իմ փոքրիկ լուման ունենալ այդ հարցում` փորձելով անպայման ժամանակ գտնել դասախոսությունների համար: Այս տարի սեպտեմբեր ամսին կարդացել եմ դասախոսություն մանկավարժականի ուսանողների համար, որը նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերին:


-Հետաքրքիր է, ազատ ժամանակ ունենո՞ւմ եք, եթե այո, ապա ինչո՞վ եք սիրում զբաղվել:


-Ազատ ժամանակ երբեմն ունենում եմ, որը լցնելու համար սիրելի շատ զբաղմունքներ ունեմ, որոնցից ամենագերադասելին ստեղծագործելն է: Բազմաթիվ հոդվածների և բանաստեղծությունների հեղինակ եմ, գրում եմ մեծ ներշնչանքով ու հաճույքով և շատ խստապահանջ եմ գրավոր խոսքի հանդեպ, որը պահանջում եմ նաև դիմացինից:


-Դրանո՞վ է պայմանավորված վերջերս Մոսկվայում լրատվական գործակալության հիմնումը:

-Գուցե ենթագիտակցաբար դա էլ պատճառ հանդիսացավ, որ ստեղծեմ լրատվական գործակալություն, որի նպատակն է լրատվամիջոցներին ամենատարբեր բնագավառների վերաբերյալ ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելը: 

 

Հարցազրույցը` 

Սեդա Գասպարյանի
Նյութը պատրաստեց 
Սուսաննա Թամազյանը

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...