22:36
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարեն Բոքսյան

2015-11-23 12:48

Երազում եմ ծովից ծով Հայաստանի մասին  

«Դե Ֆակտո» N113 (2015թ.)

Երգիչ Կարեն Բոքսյանը կրկին Հայաստանում էր, առիթը հրավերն էր` համերգային կատարումներով հանդես գալու: Թեև նրա այցը գործնական էր, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց նրան հանդիպել և զրուցել իր ստեղծագործական կյանքի, ապագա ծրագրերի մասին:

 

Ես լավատես եմ եւ փորձում եմ իմ լավատեսությամբ վարակել նաեւ շրջապատիս մարդկանց:

Նպատակ ունեմ Հայաստանում բարեգործական մեծ համերգ ունենալ:

Իմ երկրորդ կեսին դեռ չեմ հանդիպել, ով ներքին եւ արտաքին գրավչության հետ մեկտեղ` պետք է նաեւ խելացի եւ ինտելեկտուալ անձնավորություն լինի:

-Հարգելի՛ Կարեն, Դուք երկար տարիներ ապրում և ստեղծագործում եք ԱՄՆ-ում, մի փոքր պատմեք Ձեր ստեղծագործական ուղու մասին, ե՞րբ եք սկսել երգել, ի՞նչ երգերով եք հանդես եկել:


-Ես ծնվել եմ Թբիլիսիում, կարճ ժամանակ ապրել եմ Հայաստանում` Գյումրիում, այնուհետև մեկնել Մոսկվա, հետո` ԱՄՆ: Մոսկվայում ստացել եմ երաժշտական կրթություն, ավարտել եմ երաժշտական ուսումնարանի հարվածային գործիքների բաժինը: Իմ կատարումները բարձր գնահատականի արժանացան, և ես հրավեր ստացա ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանից` այնտեղ սովորելու: Եվ արդեն շուրջ 18 տարի է ապրում եմ ԱՄՆ-ում:
2003թ. թողարկվեց իմ առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «ԾՏÿ ՎպփՑՈ», իսկ այսօր արդեն չորս ձայնասկավառակ ունեմ:


-Ձեր երգերի հեղինակը Դո՞ւք եք:


-Մեծամասամբ` այո, սակայն կան շատ տաղանդավոր կոմպոզիտորներ, որոնք գրում են ինձ համար: Նրանք նաև իմ ընկերներն են:


-Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր, որ Ձեր կատարումներում հայկական շունչ լինի, քանի որ Դուք հիմնականում ռուսերեն լեզվով եք երգում:


-Ես ռուսական կրթություն եմ ստացել, խոսել սկսել եմ ռուսերեն լեզվով եմ խոսել, մինչև վերջերս հայերեն ազատ չէի կարողանում խոսել, դա է միակ պատճառը, որ իմ կատարումները ռուսերենով են, իսկ ինչ վերաբերում է ոգուն, ապա հոգիս, միտքս, արվեստս հայաշունչ են: Կարծում եմ` երաժշտությունը հայրենիք չունի, և ցանկացած լեզվով երգելիս ասելիքը, միևնույնն է, տեղ է հասնում:
Պետք է նշեմ, որ ԱՄՆ-ում ապրելով և շփվելով հայ համայնքի հետ` հայերենս բավականին զարգացել է և ի ուրախություն ինձ ու իմ լսարանի` ես հայերեն երկու երգ եմ ձայնագրել, որոնք գրվել են հատուկ ինձ համար:


-Հայերեն կատարումների մեկնարկը տրվել է, արդյո՞ք շարունակական բնույթ կկրի:


-Ես մեծ ցանկություն ունեմ, որ շարունակություն լինի և կարծում եմ` կլինի: Ես շատ ուրախ եմ, որ իմ մայրենի լեզվով երգեր եմ կատարում, որոնք արդեն դրական արձագանքներ են գտել:


-Հետաքրքիր է ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ռուսաստանում են Ձեզ ավելի շատ լսում:


-Տոկոսային հարաբերությամբ չեմ կարող ասել, բայց կարծում եմ` Ռուսաստանում ավելի շատ են լսում: Ռուսերեն լեզուն թույլ է տալիս, որ լսարանս լի լինի տարբեր ազգերի ներկայացուցիչներով:


-Համերգային շրջագայություններ հաճա՞խ եք ունենում, ո՞ր երկրներ եք հիմնականում մեկնում:


-Այո՛, համերգային շրջագայություններ բավականին հաճախ եմ ունենում, հիմնականում հանդես եմ գալիս Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում:


-Հրավերներ հաճա՞խ եք ունենում տարբեր համերգային միջոցառումներին մասնակցելու:


-Հրավերներ ունենում եմ, սակայն հակված չեմ մասնակցելու հատկապես մրցանակաբաշխություններին, քանի որ ճիշտ չեմ համարում իմ մասնակցությունը: Նախ` ես շատ ինքնաքննադատ եմ, երկրորդ` ճիշտ չեմ համարում մասնակցել այն համերգային միջոցառմանը, որը կազմակերպվել է այնպիսի մարդկանց կողմից, ովքեր երաժշտության հետ որևէ կապ չունեն: Ես մեծ հաճույքով ելույթ եմ ունենում բարեգործական համերգներին, հատկապես` երեխաներին նվիրված:
Ինձ համար ամենամեծ նվերը և մրցանակն իմ լսարանի ջերմ ընդունելությունն է, երբ տեսնում եմ ինչ սիրով են գալիս իմ համերգներին և վայելում այդ մի քանի ժամը:


-Տարբերություն կա՞ տարբեր երկրների լսարանների միջև:


-Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ինձ համար հայ հանդիսատեսն առանձնանում է իր անկեղծությամբ, պարզությամբ, ջերմ արձագանքով: Իսկ, ընդհանրապես, այդքան էլ տարբերություն չկա, բոլորն էլ գալիս են սիրով անցկացնելու լավ ու հետաքրքիր ժամանակ, ինչը ինձ համար փոխադարձաբար հաճելի ու սպասելի է: Ընդհանրապես, մեր բնագավառում ամենահաճելի բանը լսարանի հետ շփումն է, դրական հույզերը միմյանց փոխանցելը:


-Դրական հույզերից խոսեցիք, ինչպիսի՞ն է Ձեր հուզական աշխարհը:


-Ես կյանքում միշտ կենտրոնանում եմ դրականի վրա և շատ լավատես մարդ եմ: Նաև փորձում եմ թեթև ապրել` գիտակցելով, որ կյանքը կարճ է և այն պետք է վայելել, հնարավորինս շատ ուրախ ու երջանիկ պահեր ապրել: Այդ պատճառով իմ հուզական աշխարհը միշտ լի է դրական էներգիայով, որն աշխատում եմ պահպանել և փոխանցել իմ հարազատներին:


-Հայերը սիրում են ուրախ միջոցառումներ անցկացնել` հրավիրելով իրենց նախընտրած երգիչ-երգչուհիներին: Հրավերներ հաճա՞խ եք ունենում:


-Հրավերներ ունենում եմ և հաճախ մասնակցում եմ նման միջոցառումների: Դա շատ բնական երևույթ է յուրաքանչյուր երգչի համար, նույնիսկ հանրահայտ աստղերն են մասնակցում նման միջոցառումների, պարզապես ունեն իրենց կողմից սահմանված արժեքը, որը պետք է վճարի հրավիրող կողմը:


-Ասում են` ԱՄՆ-ում գումար վաստակելը ավելի հեշտ է, քան Հայաստանում, իրո՞ք այդպես է:


-Դա հեքիաթ է: Այնտեղ կյանքի ռիթմը շատ ակտիվ է և գումար վաստակելը` բավականին բարդ: Սակայն ձգտող, աշխատող մարդը կարող է հասնել իր ուզածին յուրաքանչյուր երկրում: Բայց եթե չես հարմարվում, բողոքում ես պայմաններից ու կյանքից, ոչնչի էլ չես հասնի, որ երկրում էլ որ լինես:


-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:


-Ես նպատակ ունեմ Հայաստանում բարեգործական մեծ մենահամերգ ունենալ, հանդես գալ իմ ազգի համար: Դա իմ սրտի ցանկությունն է, որն անպայման պետք է իրականացնեմ: Նման ծրագիր ունեմ նաև Արցախի հետ կապված:


-Ամենաշատը Հայաստանի ի՞նչն եք կարոտում Հայաստանից հեռու:


-Ամենաշատը կարոտում եմ Հայաստանի պատմամշակութային կոթողները, ավանդական խոհանոցը: Ամեն գալուց ծրագրում եմ պատմական վայրերից մի քանիսն այցելել, սակայն ժամանակի սղության պատճառով ոչ միշտ է հաջողվում:
Հայաստանում ունեմ ընկերներ, հարազատներ, որոնց նույնպես կարոտում եմ, աշխատում եմ ժամանակ հատկացնել նաև նրանց և կարոտս առնել:


-Հնարավո՞ր է մի օր տեղափոխվեք Հայաստան ապրելու, եթե այո, ապա ե՞րբ դա կլինի:


-Չեմ բացառում, որ ապագայում կարող է տեղափոխվեմ Հայաստան, գուցե այնպես ստացվի, որ թե՛ իմ կարիերայի, թե՛ անձնականի հետ կապված` տեղափոխվեմ Հայաստան, սակայն ստույգ ասել չեմ կարող, թե դա երբ կլինի:


-Ամուսնացա՞ծ եք:


-Ամուսնացած չեմ, սակայն որպես հայ տղամարդ` մեծ ցանկություն ունեմ իմ կեսին հանդիպելու և ստեղծելու հայկական ավանդական գեղեցիկ ընտանիք: Շատ եմ ուզում ամուսնանալ հայուհու հետ:


-Գտե՞լ եք նրան, ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր հայուհին:


-Ես դեռ չեմ գտել նրան, սակայն երբ նա իր տեղն ունենա իմ կյանքում, բոլորը կիմանան: Նախ` նա պետք է ներքին և արտաքին գեղեցկություն ունենա, կիրթ լինի, ինտելեկտուալ և մենք միասին ստեղծենք ավանդական հայկական ընտանիք: Ես ինքս մեծացել եմ ավանդական ընտանիքում, ավանդապաշտ եմ, աշխատում եմ պահպանել հայկական ավանդույթները, որոնք մինչև հիմա սովորում եմ:


-Ինչի՞ մասին եք երազում:


-Երազում եմ լավ ընտանիք ստեղծել: Երազում եմ նաև ծովից-ծով, խաղաղ ու ծաղկուն Հայաստանի մասին: Մեր ժողովուրդը ստեղծող, արարող ազգ է, պարզապես պետք է միասնական լինի և ազգովի ձգտի շենացնել մեր հայրենիքը:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...