21:38
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եղիր դոնոր, փրկիր կյանք

2015-08-15 13:26

                                        «Դե Ֆակտո» N110 (2015թ.)


Կյանքն Աստծո պարգև է` ամենաթանկ նվերը մարդուն, որ երբևէ հնարավոր է ստանալ։ Մարդուն հնարավորություն է տրվել նաև փրկել կյանք` ստանձնելով դոնորի դեր և դառնալով մեկ ուրիշի կյանքի շարունակության արարիչ։

Ֆրիդա Ջորդան, “Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր “ բարեգործական հիմնադրամի  նախագահ

-Տիկի՛ն  Ջորդան, կխնդրեմ պատմեք  Ձեր մասին, ինչպե՞ս որոշեցիք հիմնել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրբարեգործական հիմնադրամը Հայաստանում։

-Ես ծնվել եմ Իրանում, մասնագիտական կրթությունս ստացել եմ Լոնդոնի  “Kings College” համալսարա նում, որտեղ և պաշտպանել եմ իմ թեզը՝ բիոքիմիայի բնագավառում։  Համալսարանն ավարտելուց հետո տասնչորս տարի աշխատել եմ Անգլիայում “Anthony Nolan” հիմնադրամում, որը աշխարհում ոսկրածուծի դոնորների առաջին ռեեստրն է։ Իմ աշխատանքի 14 տարիների ընթացքում ես հանդիպում էի բազմաթիվ դեպքերի, երբ հայազգի հիվանդներն ապարդյուն փորձում էին համատեղելի դոնոր գտնել աշխարհի տարբեր ռեեստրներում։ Վերջին հայ հիվանդը , ով և դարձավ մեր ռեեստրի հիմնադրման գլխավոր շարժառիթը, Ալիք Թոփալյանն էր։ Չորսամյա մի աղջնակ, որի համար չկար և ոչ մի համատեղելի  դոնոր ամբողջ աշխարհում գրանցված 8 միլիոն կամավորների  մեջ։ Պատճառն ավելի քան ակնհայտ էր `հայկական գենոֆոնդը գրեթե ներկայացված չէր դոնորների համաշխարհային բանկում, որը խիստ նվազեցնում էր հայերի համար դոնոր գտնելու հավանականությունը։  Միանշանակ էր, որ պետք է ստեղծվեր հայկական ռեեստր, և միանշանակ էր նաև այն,որ դա պետք է ստեղծվեր  Հայաստանում։ Այդ ամենը նկատի ունենալով` 16 տարի առաջ ես իմ գործընկերոջ` բժիշկ Սևակ Ավագյանի հետ համատեղ որոշեցի հիմնել “Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամը։ Իր գործունեության տարիների ընթացքում  ՈԴՀ ռեեստրը հավաքագրել և տիպավորել է շուրջ 27000 հայ դոնորների, ոչ միայն Հայաստանից և Արցախից, այլ նաև աշխարհի բոլոր հայաշատ համայնքներից։

-Ի՞նչ փուլերով  է  իրականացվում  դոնորագրվելու և դոնոր դառնալու ամբողջ գործընթացը։

-Կամավորագրվելու համար դոնորը լրացնում է դիմում-հարցաթերթիկ՝ տրամադրելով տեղեկատվություն անձնական տվյալների և առողջական վիճակի վերաբերյալ։ Այնուհետև դոնորից վերցվում է 3-4 մլ երակային արյուն։ Այդ արյունը տիպավորվում է ռեեստրին կից լաբորատորիայում։ Նշեմ որ լաբորատորիան միակն է Հայաստանում և տարածաշրջանում, որն ունի Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի (EFI) որակավորման հավաստագիր։ Մեր մասնագետները վերապատրաստվել են արտասահմանյան լավագույն լաբորատորիաներում և ունեն մասնագիտական բարձր մակարդակ։ Տիպավորման արդյունքները մուտքագրվում և պահպանվում են ռեեստրի տվյալների բազայում։ Այսքանով վերջանում է նախնական փուլը։ Սրանով մարդը դառնում է գրանցված դոնոր։ Եթե լինում է նախնական համընկնում, որևէ հիվանդի հետ, իրականացվում են ավելի խորը հետազոտություններ, վերջնականորեն ճշտելու համատեղելիությունը։ Փոխպատվաստման համար համընկնումը պետք է լինի 100 տոկոս։ Եթե փոխպատվաստման կենտրոնը ընտրում է դոնորին, որպես լավագույն տարբերակ հիվանդի համար, ապա ռեեստրի ‚Ցողունային բջիջների հավաքմանե բաժնում դոնորի երակային արյունից, հատուկ սարքի միջոցով անջատվում է անհրաժեշտ քանակությամբ ցողունային բջիջներ։ Անջատված բջիջները հատուկ առաքման ծառայության միջոցով փոխանցվում է փոխպատվաստման կենտրոն։ Արդյունքում դոնորը նվիրաբերում է հիվանդին կյանք պարգևող բջիջներ։

-Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ վախենում կամ խուսափում են դոնոր դառնալ։

-Մարդիկ խուսափում են ցողունային բջիջների և ոսկրածուծի դոնորության գործընթացին մասնակցելուց,  քանի որ չունեն ճշգրիտ պատկերացում դրա մասին։ Որպես օրենք դոնորության մասին տեղեկություն են ստանում ոչ մասնագիտական աղբյուրներից։ Մարդու մոտ ուրիշին օգնելու գաղափարը պետք է սերմանել փոքր հասակից։ Երբ ասում ենք ոսկրածուծի դոնորություն, հաճախ հասկանում են՝ ժողովրդական լեզվով ասած “ողնաշարից հյութ քաշել”։ Այս գործընթացը բացարձակ կապ չունի ողնաշարի հետ։ Կարմիր ոսկրածուծը տեղակայված է հիմնականում տափակ ոսկորներում (կոնքոսկր, կրծոսկր) և կարևոր դեր ունի արյան բջիջների ստեղծման գործընթացում։ Ոսկրածուծի, ինչպես նաև ցողունային բջիջների դոնորությունը անվտանգ և ապահով գործընթաց է։

 -Բժի՛շկ Ջորդան, կխնդրեմ խոսեք նաև ապագա ծրագրերի մասին։

-Մեր ապագա ծրագրերից են՝ պորտալարային արյան բանկի ստեղումը և ճարպից ցողունային բջիջների հավաքագրումը։ Այժմ հաստատված է, որ ճարպի մեջ շատ ցողունային բջիջներ կան, որոնք կարող են փոխպատվաստման համար հիմնական նյութ լինել։ Ունենք նաև գիտական մեծ ծրագրեր, որոնք   փորձում ենք Հայաստանում իրականացնել։

-Ո՞րն է Հայաստանում Ձեր ամենասիրած վայրը։

-Հայաստանում շատ եմ շրջագայել, եղել եմ տարբեր պատմական վայրերում, հիացել իմ հայրենիքի գեղեցկությամբ։ Իմ ամենասիրած վայրը Հայաստանում Նորավանքն է` ինձ համար շատ հոգեհարազատ վայր։ Ես շատ տպավորված եմ քարերի մեջ կառուցված եկեղեցուց։

Աստված տա մի օր կարողանամ տեղափոխվել Հայաստան։

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...