18:00
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
21 տարի Կարճաղբյուրի և նրա յուրաքանչյուր բնակչի կողքին

2015-07-03 16:55

                                                «Դե Ֆակտո» N108 (2015թ.)

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղը հիմնադրվել է դեռևս 1828-1830թթ.։ Տարոն Քոչարյանը համայնքը ղեկավարում է արդեն 21տարի։ Այս տարիների ընթացքում Կարճաղբյուրում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են համայնքի կայացմանն ու զարգացմանը։ Ներկայացնում ենք ‚Դե ֆակտոե ամսագրի հարցազրույցը Կարճաղբյուրի համայնքապետ Տարոն Քոչարյանի հետ։

-Պարո՛ն Քոչարյան, ի՞նչ ծրագրեր են այժմ իրականացվում գյուղում։ Ինչպե՞ս է լուծվում բնակիչների զբաղվածության հարցը։

-Դեռևս խորհրդային  տարիներին Կարճաղբյուրը, շնորհիվ իր հրաշալի բնության, Հայաստանի հանգստի կենտրոններից էր։ Այստեղ գործում էր մոր և մանկան հանգստյան տուն, պիոներական ճամբար։ Խորհրդային Միության տարիներին Կարճաղբյուրում գործում էին կոմպենսատորի, տրիկոտաժի գործարաններ, ձկնաբուծարան։ Երկար տարիների դադարից հետո այժմ գյուղում կրկին կառուցվում է եվրոպական չափանիշներին համապատասխան ձկնաբուծարան, որն ունի մանրաձկան աճեցման, մայրական կազմի և վերամշակման արտադրամասեր։ Այժմ Կարճաղբյուրն ունի 2600 բնակիչ և 750 տնտեսություն։ Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ և բուսաբուծությամբ, հիմնականում աճեցվում է հացահատիկ և կարտոֆիլ, պահում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Երիտասարդների մեծ մասը զբաղվում են նաև խեցգետնի որսով ։

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել Ձեր պաշտոնավարման տարիներին։

-Գյուղապետ ընտրվելուց  հետո՝  1996 թվականին,  ձեռնամուխ եղա լուծելու խմելու ջրի հարցը։ Մոտ 4.5 կմ հեռավորությամբ ջրագիծ կառուցվեց և հարևան Լճավանի  տարածքից խմելու ջուրը բերեցինք գյուղ՝ այն ապահովելով 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Կարողացանք հիմնանորոգել նաև ոռոգման ցանցը, ինչի արդյունքում լուծվեց նաև ոռոգման ջրի խնդիրը։ Համայնքն ամբողջությամբ գազաֆիկացված է։

Նշեմ նաև, որ Կարճաղբյուրում  տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմիև Արցախյան  զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար։ Բացի այդ, բացվել է պուրակ, որտեղ համայնքի բնակիչները կազմակերպում են իրենց հաճելի ժամանցը։

Բացի այդ, այս տարիների ընթացքում իրականացվել է ճանապարհների ասֆալտապատում, լուսավորություն։ Այժմ համայնքի հիմնական փողոցներն ասֆալտապատված են, իսկ մյուսները՝ բյուջեի սղության պատճառով, կասֆալտապատվեն 2016 թվականից։  Այս տարիների ընթացքում իրականացվել են դպրոցի վերանորոգման աշխատանքներ, որի համար ամենածանր ժամանակահատվածում կարողացա հայթհայթել 133 մլն դրամ։ Դպրոցն ապահովված է գերազանց պայմաններով։  Ամբողջովին հիմնանորոգվել և բարեկարգվել է նաև Կարճաղբյուրի մանկապարտեզը՝ նախատեսված 60 երեխայի համար։ Գյուղն ունի նաև հիմնովին վերանորոգված մշակույթի տուն, որտեղ գործում են սպորտային ու պարի խմբակներ։

Կարճաղբյուրում կա նաև բուժամբուլատորիա, որը սպասարկում է հարակից երկու գյուղերին։

 -Ի՞նչ խնդիրներ կան համայքնում։

-Համայնքի կարևորագույն խնդիրներից մեկը մարդկանց աշխատանքով ապահովելն է։ Հուսամ, որ ձկնաբուծարանի գործարկմամբ այդ հարցն ինչ-որ չափով կլուծվի։  Ցավոտ խնդիր է նաև աղբահանությունը, որը փորձում ենք լուծել հաճախակի շաբաթօրյակներ կազմակերպելով։  Գյուղում ունենք 1-2 սեփական աղբահանության մեքենա։

-Ի՞նչ հարթության վրա է ընթանում գյուղացիների հետ շփումը։

-Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։ Միշտ հասանելի եմ գյուղի բոլոր բնակիչների համար։ Գյուղի ցանկացած բնակչի խնդիրը համարում եմ  նաև իմը և փորձում եմ հնարավորությանս սահմաններում լուծել։ Սիրում եմ գյուղի ժողովրդին և դա փոխադարձ է։ Հենց այդ սերն ու հարգանքն էլ ինձ ուժ է տալիս, որ ծառայեմ նրանց և ինձ երջանիկ զգամ։

-Ո՞ր հատկանիշներն եք կարևորում մարդու մեջ։

-Մարդու մեջ կարևորում եմ արժանապատվությունն ու հայրենասիրությունը։ Այս երկու հատկանիշները փոխկապակցված են. արժանապատիվ մարդը նաև հայրենասեր է։

 

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի





Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...