13:14
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միհրան Բարոնյան

2015-04-14 16:33

                                     «Դե Ֆակտո» N106 (2015թ.)


Սերն ու կարոտն այն հզոր զգացմունքներն են, որոնցով համակված մարդն ի զորու է անհնարը հնարավոր դարձնել  նվիրական ցանկությունն իրականություն դարձնելու  համար։ Յուրաքանչյուր հայրենասեր մարդու  երազանքն է սեփական ներդրումն ունենալ  հայրենիքի շենացման գործում։

Հոգևոր ներդաշնակություն և երջանկության զգացողություն պարգևող այդ քայլն իմաստավորում է մարդու կյանքը։ Կյանքն իմաստավորելու  այդպիսի ուղի է ընտրել  AZAD գրուպի հիմնադիր Միհրան Բարոնյանը։ Նրա ներդրումային ծրագրերի շնորհիվ` բացվում են աշխատատեղեր, հատկապես  ՀՀ գիտական ներուժի համար։

 Միհրան Բարոնյան, AZAD գրուպի հիմնադիր

-Պարո՛ն  Բարոնյան, խնդրում եմ պատմեք` որտեղից  են Ձեր արմատները, կյանքի ինչպիսի ճանապարհ եք անցել և որքա՞ն ժամանակ է, որ ապրում եք Շվեյցարիայում։

-Ծնողներս Կիլիկիայից են եկել, հայրս  ծնվել է Կիլիկիայում, մայրս` Բեյրութում։ Հորս ծնողները զոհվել են 1915թ. եղեռնի ժամանակ, նա մեծացել է մանկատանը։

Ընտանիքում մենք երեք եղբայր, երկու քույր ենք, ծնվել ենք Իսրայելում։ 1962թ. մեկնել ենք Կանադա` Մոնթրեալ, այդ ժամանակ ես 15 տարեկան էի։ Հայրս եկավ այն եզրակացության, որ արաբներն ու հրեաները հավիտյան պետք է պատերազմեն իրար դեմ, և Իսրայելում մեզ համար ապագա  չկա։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի  Concorida University-ի Ֆինանսներ և մարքեթինգ բաժինը։ 1969թ. սկսեցի աշխատել Johnson&Johnson կոորպորացիայում մինչև 1989թ.` հասնելով գլխավոր ֆինանսական տնօրենի պաշտոնին։ Այնուհետև 1990թ. տեղափոխվեցի  Շվեյցարիա՝ գլխավորելու Cilag ընկերությունը  մինչև 1997թ.։ 1997թ. վերադարձա  Նյու-Յորք` կրկին աշխատելու Johnson&Johnson-ի գլխամասում, սակայն երկու տարի աշխատելուց հետո ես և ընտանիքիս անդամները չցանկացանք այլևս  ապրել ԱՄՆ-ում և վերադարձանք Շվեյցարիա։

2000թ. հիմնեցինք AZAD ընկերությունը սկզբում Կանադայում, 2002թ.` Շվեյցարիայում և 2004թ.` Հայաստանում և Չինաստանում։ AZAD գրուպը զբաղվում է դեղագործական հումքի ստեղծմամբ և զարգացմամբ։

-Ինչպե՞ս ծագեց AZAD-ի ստեղծման գաղափարը։ Մենք տեղյակ ենք, որ ընկերության անունը կնքել եք Ձեր մոր` Ազատուհու անունով։

-Ես արդեն դեղագործության բնագավառում էի աշխատում` Cilag-ը հենց այդպիսի գործունեությամբ էր զբաղվում, ուստի` ինձ համար շատ հեշտ էր այդ բնագավառում ներդրում կատարել և ստեղծել իմ սեփական ընկերությունը։ Բացի այդ, ես բավականին կապեր ունեի դեղագործության ասպարեզում, բոլոր նախադրյալները կային AZAD-ի ստեղծման գաղափարը իրականություն դարձնելու համար։ AZAD-ը ստեղծելուց հետո համաձայնագիր կնքեցինք Johnson&Johnson կոորպորացիայի հետ, ըստ որի` AZAD-ը դարձավ այդ ընկերության դիստրիբյուտորը։

-Ինչպե՞ս որոշեցիք ներդրում կատարել Հայաստանում։

-Հայաստանում մենք բացեցինք մեր գլխամասային գրասենյակը ԱՊՀ տարածքում և Իրանում գործունեություն ծավալելու համար։ Հայաստանի ներդրումային առավելությունները շատ են. նախ աշխարհագրական դիրքը, հասարակության ռուսերեն, անգլերեն, նաև պարսկերեն լեզուների իմացությունը, տարածաշրջանի երկրների հետ միջմշակութային կապը և կարևորագույն գործոնը` Հայաստանն իմ հայրենիքն է։ Այս տարածաշրջանի երկրների հետ աշխատել Շվեյցարիայից կամ Կանադայից չէինք կարող։ Հայերը նախկին սովետական երկրների ժողովուրդների հետ շատ ավելի կապված են,  միմյանց լեզուն լավ են հասկանում, մշակութային ընդհանրությունները շատ են։

-AZAD գրուպի մեջ մտնում են մի քանի ընկերություններ, ի՞նչով են զբաղվում դրանք։

-AZAD գրուպն իրականացնում է լայնամասշտաբ գործունեություն, իր մեջ ներառում է մի քանի ընկերություններ` AZAD Pharma, AZAD Pharmaceutical Ingredients, Moosmann Pharmaceuticals։ Մենք ստեղծում ենք դեղերի հումքը, տալիս արտադրության, և մեզ պատկանող հումքից դեղեր պատրաստում։ Ունենք գիտահետազոտական կենտրոններ`          Ցյուրիխի, Տրեստի համալսարաններին կից, որտեղ աշխատում են 30-40 քիմիկոսներ։ Նրանք զբաղվում են դեղագործական նյութերի ստեղծմամբ և զարգացմամբ։ Վերջիններիս ստեղծած հումքը լաբորատոր փուլից հետո տեղափոխվում է արտադրական փուլ, այնուհետև դեղագործական արտադրամաս, որտեղ պատրաստվում են դեղերը։

Մենք ունենք գործընկերներ Հունաստանում, Գերմանիայում, Պորտուգալիայում, որոնց տալիս ենք մեր հումքերն ու դեղերի քիմիական բաղադրությունը, և իրենք արտադրում են մեզ համար։

-AZAD-ի ստեղծած հումքերը Ձեր հեղինակայի՞նն են, թե վերարտադրված, և արդյո՞ք դրանք պատենտավորված են։

-Մենք ունենք հեղինակային և վերարտադրված դեղերի 50 տեսակի հումքեր։ Ունենք օրիգինալ դեղեր, օրինակ, Brinzolamide աչքի կաթիլները, որը օրիգինալից տարբերվում է, այսինքն` մերն էլ է օրիգինալ։

Այսօր դեղագործական շուկայի խաղացողները մեծամասամբ զբաղվում են դեղերի վերատադրմամբ. երբ լրանում են դրանց պատենտների ժամկետները, դրանք վերարտադրվում են այլ ընկերությունների կողմից։ Հնարավոր է պատենտավորել դեղերի ստեղծման գործընթացը և դրանց քիմիական բաղադրությունը։

Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ յուրաքանչյուր երկրի շուկա մտնելու համար պետք է ուսումնասիրել և հարգել պատենտների հետ կապված այնտեղի ընդունված կանոնները։

-AZAD-ի կողմից ստեղծված  նյութերը կլինիկական ո՞ր  խմբերն են ընդգրկում։

-Մենք ստեղծում ենք քիմիական նյութեր, կենսաբանական նյութեր չենք ստեղծում։ Դրանք հիմնականում տեսողության և քաղցկեղի բուժման համար նախատեսված նյութեր են։ Ունենք նաև հումքեր` նախատեսված սրտանոթային,  երիկամային հիվանդությունների  բուժման համար։

-Ըստ Ձեր ուսումնասիրությունների` ո՞ր հիվանդություններն են առավել տարածված այսօր Եվրոպայում և Հայաստանում։

-Թվում է, թե առաջին տեղում պետք է ուռուցքները լինեին, բայց ոչ, կարծում եմ` առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, երկրորդը` դիաբետիկ հիվանդությունն է, որը խրոնիկական է և մեծ  ծախսեր է պահանջում։

-Ըստ Ձեզ` ի՞նչ հաջողություններ կարձանագրի AZAD-ի նորաբաց լաբորատորիան։

-Մենք համատեղ ստեղծել ենք գիտահետազոտական կենտրոն` 5 լաբորատորիայով, որտեղ այս պահին աշխատում են երիտասարդ 25 քիմիկոս գիտնականներ։ Լաբորատորիայի վարիչը Վաունի Կարապետյանն է, ով Գերմանիայում գիտության դոկտորի աստիճան ստացած երիտասարդ է։ Ուրախալի է, որ նրա  նման երիտասարդը վերադարձել է  Հայաստան և աշխատում է այստեղ։ Կարծում եմ` մենք ստեղծել ենք մեծ հեռանկար ունեցող լաբորատորիա, քանի որ նրանում ընդգրկված է ՀՀ երիտասարդ ներուժը։ Դա նաև շնորհակալ գործ է երիտասարդ կադրերին Հայաստանում պահելու համար։

Լաբորատորիաները ամբողջությամբ զինված են գերմանական սարքավորումներով, Գերմանիայից ապամոնտաժվել է 5 լաբորատորիա, բերվել Հայաստան և ուղղակի նույնականացվել տարածքի մեջ, վերանորոգումն իրականացվել է վերջին գիտահետազոտական նման կենտրոնների չափանիշներին  համապատասխան։

Ինձ համար շատ կարևոր է, որ լաբորատորիայի հայաստանյան թիմը ցույց տա, որ կարող է որակյալ աշխատանք կատարել, հպարտ կլինեմ Շվեյցարիայի իմ գործընկերներին ցույց տալ, որ այստեղի ժողովուրդը լավ կրթություն ունի և պրոֆեսիոնալ մասնագետներ։ Հայ ժողովուրդը խելացի է, և դա պետք է տեսանելի լինի։

Այժմ չորս մոլեկուլ ենք հանձնել մեր լաբորատորիայում աշխատող քիմիկոսներին, որպեսզի նրանք կարողանան  պատենտը հարգելով` ստեղծել հումքի սինթեզի նոր ճանապարհ։ Վստահ եմ, որ իրենք կարող են։

-Ունե՞ք պետական աջակցություն։

-Մենք աշխատեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ` Արման Խաչատուրյանի գլխավորությամբ։ Նրանք մեզ շատ օգնեցին գրասենյակի բացման, մաքսատան հետ կապված խնդիրները լուծելու առումով։ Այստեղ օրենքներն այլ են, և մեզ համար դժվար կլիներ միայնակ հաղթահարել  ստեղծված խնդիրները։

-Moosmann-ի մասին խոսենք, ո՞րն է ընկերության գործունեության գերնպատակը։

-Մենք 2010թ. ստեղծեցինք Moosmann-ը, որպեսզի շուկա մտնենք մեր դեղերով` համագործակցելով դեղատների հետ։ Այսօր դրանք լայն սպառում ունեն Ռուսաստանում, Ղազախստանում, Հայաստանում։ Աշխատում ենք բոլոր դեղատների հետ, որոնցում ներկայացված է 10 տեսակի դեղորայք։ Դրանք և՛ հաբեր են, և՛ քսուքներ և՛ ներարկման դեղեր։

-Ո՞րն է Ձեր սկզբունքը կյանքում և աշխատանքում հաջողությունների հասնելու համար։

-Ինձ համար աշխատանքում հաջողության հասնելու բանաձևը մեկն է` սիրել աշխատանքը և լինել պրոֆեսիոնալ։ Ես շատ եմ սիրում դեղագործության բնագավառը, քանի որ այն օգտակար է մարդկության համար։

Կյանքում ինձ համար կարևոր արժեքներ են` սերը, նվիրվածությունը, ազնվությունն ու հայրենասիրությունը։

-Ի՞նչ հաճախականությամբ եք լինում Հայաստանում։

-Շատ հաճախակի եմ գալիս Հայաստան, տարվա ընթացքում վեց-յոթ անգամ։ Ինձ համար Հայաստանն անփոխարինելի վայր է հոգևոր ներդաշնակություն ապրելու համար։

-Ամեն անգամ Հայաստան գալուց ի՞նչ զգացողություն եք ունենում։

-Կարծում եմ` յուրաքանչյուր հայ, ով ապրում է հայրենիքից հեռու, լցված է մեծ կարոտով, որը բառերով նկարագրել հնարավոր չէ։ Հայաստանն իմ տունն է, որտեղ հայերեն են խոսում և որտեղ ամեն ինչում ներդրված են հայկական  ավանդույթները, հայկականությունն ու հայկական շունչը, ինչն ինձ շատ է գրավում։ Հայրենիքից հեռու ապրելով` կարծես հոգուս այդ մասը անընդհատ լցվելու կարիք ունի, և ամեն այցի ժամանակ փորձում եմ այդ բացը լրացնել։ Ինչպես անգլիացիներն են ասում` “I feel at home” (“Ես զգում եմ ինձ` ինչպես իմ տանը”)։

-Հայաստանի ո՞ր վայրն եք շատ սիրում։

-Շատ եմ սիրում Գառնին, Գեղարդը։ Ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի նաև  Էջմիածնի մայր տաճարը։

-Քանի՞ երեխա ունեք, ո՞րն է այն ամենակարևոր բանը, որ դաստիարակության միջոցով հաղորդել եք իրենց։

-Ունեմ հիանալի ընտանիք, ինձ երջանկացնում են իմ հինգ զավակները. երեք աղջիկ`Էլիզաբեթ, Ջենիֆեր, Նորա, և երկու տղա` Արա, Շանթ։ Ես կրկնակի երջանիկ եմ իմ հինգ թոռներով, որոնք չեն դադարում ինձ հիացնել ու զարմացնել։ Ես նրանց միշտ ասում եմ, որ ամենակարևորը ընտանիքն է, հայրենիքը, ազգայինը, մեր լեզուն։ Ձգտել եմ, որ բոլորն էլ հայերեն սովորեն, մեծ աղջիկս շատ լավ տիրապետում է հայերենին, մնացածը` ոչ այդքան, բայց կարծում եմ` ամենակաևորը հայկական ոգին է։

-Ձեր կինը ազգությամբ հայ չէ, խոսո՞ւմ է հայերեն։

-Կինս շվեյցարացի է, ցավոք, շատ քիչ է կարողանում խոսել հայերեն, սակայն շատ մեծ հարգանքով և սիրով է վերաբերվում հայ ժողովրդին։

-Դուք ունեք բարեգործական հիմնադրամ, ե՞րբ է այն հիմնադրվել և ի՞նչ ծրագրեր է իրականացրել։

-1988թ.` երկրաշարժից հետո, հիմնեցինք “Օգնություն Հայաստանինե բարեգործական հիմնադրամը։ Այդ տարի Շվեյցարիայում ձևավորվել էին խմբեր, որոնք օգնում էին հայերին, ես էլ միացա նրանց, և  մինչև հիմա միասին ենք։

Բազում ծրագրեր ենք իրականացրել Հայաստանում, մեծ ներդումներ ենք կատարել` օժանդակություն ցուցաբերելով մանկատներին, մանկապարտեզներին։ Այժմ վերանորոգում ենք Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի մանկապարտեզը, որի համար նախատեսված է 250 հազար ԱՄՆ դոլարի բյուջե, օգոստոսին պետք է ավարտենք աշխատանքները։ Վերանորոգել ենք նաև Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մանկապարտեզը։

-Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, հետաքրքիր է, ի՞նչ աշխատանքներ են տարվում Շվեյցարիայում։

-Շվեյցարիայում առաջին պահանջը, որ ներկայացնում ենք այն է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրի։ Ես կընդունեմ իրենց ներողությունը, քանի որ պետք է առաջ շարժվենք։ Իմ ամբողջ գերդաստանը սպանվել է թուրքերի կողմից, դա մեծ վերք է մեզ համար, բայց հանուն մեր երիտասարդության և խաղաղ երկնքի` պետք է իրենք ներողություն խնդրեն, իսկ մենք ներողամիտ լինենք, քանի որ հարևան երկրներ ենք ու թշնամի լինել հավետ` չենք կարող։

-Պարո՛ն Բարոնյան, Դուք կես դարից ավելի ապրել եք, կա՞ ինչ-որ բան, որ դեռ չեք հասցրել անել։

-Այդպիսի բաներ շատ կան։ Շատ անելիքներ ունեմ Հայաստանում, մեծ ծրագրեր իրականացնելու գաղափարներ ունեմ։

-Ո՞րն է այն միրգը, որը Ձեզ Հայաստանն է հիշեցնում։

-Հայկական դեղձը շատ յուրահատուկ համ ու հոտ ունի, մեր դեղձի նման համեղ միրգ ես  այլ երկրում չեմ համտեսել։ Ծիրանը նույնպես սիրում եմ։ Ընդհանրապես, մեր հայկական բոլոր մրգերն էլ  շատ համեղ են։

 -Ինչի՞ մասին եք երազում։

-Շատ կուզենայի Հայաստանի գնացքի գծերը փոխարինվեին Շվեյցարական կամ եվրոպական գնացքի համակարգով, որպեսզի քաղաքներն ու գյուղերը կապվեին միմյանց հետ, և գնացքով հնարավոր լիներ մի վայրից մյուսը տեղափոխվել։ Եթե հնարավորություն ունենայի դա անել, երջանիկ կզգայի ինձ։

Կուզենայի նաև Հայոց ցեղասպանությունը վերջապես դատապարտվեր ողջ աշխարհի կողմից և ամենակաևորը` Թուրքիան ընդուներ իր մեղավորությունը։ Սակայն իրենք նախընտրում են խեղաթյուրել պատմությունը և այդպես դաստիարակել իրենց երիտասարդությանը, որոնք փաստորեն ստի աշխարհում են ապրում։ Թուրքերը պետք է հասկանան, որ իրենք բռնել են դժբախտության ուղին։

-Ինչո՞վ եք հպարտանում կյանքում։

-Հպարտ եմ, որ կարողացել եմ կյանքում ստեղծել առողջ, ազնիվ փոխհարաբերություններ։ Հպարտ եմ, որ իմ մեջ կրում եմ ազգային մշակույթն ու ինքնագիտակցությունը։ Եվ ես հպարտ եմ, որ հայ եմ։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի





Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...