01:14
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր համայնքն առաջիկա տարիներին տեսնում եմ ավելի զարգացած, բարեկարգ և համերաշխ

2015-03-20 14:59

                                                  «Դե Ֆակտո» N105 (2015թ.)


Հակոբ Բալասյան, Բյուրեղավանի քաղաքապետ

-Պարո՛ն Բալասյան, եթե ամփոփենք 2014թ-ը, ինչպիսի՞ն էր այն Բյուրեղավան համայնքի համար, ի՞նչ դրական արդյունքներ  գրանցեցիք, ինչպիսի՞ ձեռքբերումներ ունեցաք, ի՞նչ աշխատանքներ  իրականացվեցին  համայնքում։

-Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ տարին մեր համայնքի համար հագեցած էր։ 2014թ-ի բյուջեով նախատեսված ծրագրերը կարողացել ենք ամբողջովին իրականացնել և կատարել պետության կողմից սահմանած կատարողական առավելագույն ցուցանիշները։ 

Նախորդ տարի Բյուրեղավան համայնքում իրականացված հիմնական ծրագրերի շրջանակներում կատարվել է վերելակների հիմնանորոգում, ասֆալտապատման աշխատանքներ՝ խիտ բնակեցված բազմաբնակարան շենքերի բակերում, շարունակական են եղել բակերում մանկական փոքր խաղահրապարակների կառուցումը, ինչպես նաև  քաղաքում ավարտվել է  խմելու ջրի ջրագծերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ 2014թ-ին նախապատրաստվել է նաև մշակույթի տան հիմնանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, պատվիրվել է համայնքի գլխավոր հատակագիծը։

Իրականացված աշխատանքները շատ են և ծավալուն, բայց ուզում եմ ընդգծել, որ 2008թ-ից քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց  ի վեր, յուրաքանչյուր տարի բարձրացվել է մեր համայնքի սեփական եկամուտների ցուցանիշը (դա բացառապես բոլոր տարիների է վերաբերում),  որի ամենակարևոր գրավականը համախոհների այն թիմն է, որը բոլորիս համախմբել է նույն գաղափարների և նպատակների շուրջ՝ ի բարօրություն մեր քաղաքի։ Այդ թիմում ձևավորվել է մեծ վստահություն՝ ի հաշիվ իմ կողմից որդեգրված թափանցիկ աշխատելաոճի, որտեղ երևում է համայնքային բյուջեից ծախսվող յուրաքնչյուր գումարի  տեղին և նպատակային լինելը։

-Ներկայումս  որո՞նք են համայնքում հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները։

-Ներկայումս համայնքում առկա ամենահրատապ խնդիրը, որն ընդգրկվել է նաև Կոտայքի մարզի զարգացման ծրագրում՝ չգործող մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքն է. մեր նպատակն է բնակելի շենքի առաջին հարկում գործող արվեստի դպրոցը, որտեղ սովորում են շուրջ 200 երեխա, վերակառուցումից հետո տեղափոխել մշակույթի տան շենք։

-Ի՞նչ նոր ծրագրեր, ի՞նչ նպատակներ կան իրագործելու, ո՞ր ոլորտներին են հիմնականում  ուղղվելու  համայնքային միջոցները։

-Տարին դեռ նոր է սկսվել,  և մենք էլ ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք փորձելու ենք կատարել ժամանակին և հավուր պատշաճի։ Այս տարի նախատեսում ենք մեր միջոցների հաշվին սկսել մշակույթի տան վերակառուցման աշխատանքները, ավարտին հասցնել բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնանորոգման և շահագործման աշխատանքները, իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ՝ շենքերի ընդարձակ բակերում։

-Պարո՛ն Բալասյան, ի՞նչ նշանակալի աշխատանքներ են իրականացվում համայնքում անհատ բարերարների միջոցներով։

-Մեր համայնքը  մինչ այժմ չունի եկեղեցի,որը ես համարում եմ ամենակարևոր բացը մեզ համար, սակայն այս խնդրի լուծումն արդեն  ժամանակի հարց է, քանի որ 2013թ-ին քաղաքի կենտրոնական մասում տրվել է եղեկեցու կառուցման մեկնարկը։ Այն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարարների՝ Արոյան եղբայրների կողմից, որոնց ազգանվեր նախաձեռնության շնորհիվ  4-5 տարի հետո Բյուրեղավան քաղաքի եկեղեցին կհանձնվի շահագործման։

-Երիտասարդների զբաղվածության հարցը գերխնդիր է ամբողջ հանրապետությունում. ինչպիսի՞ն է պատկերը Բյուրեղավան համայնքում, ի՞նչ ցուցանիշների է հասնում գործազրկությունը։

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր քաղաքում  սոցիալական վիճակը հանրապետության այլ համայնքների ցուցանիշների համեմատ միջինից բարձր մակարդակի վրա է գտնվում։ Բյուրեղավանը  լինելով արդյունաբերական խոշոր կենտրոն, նախկինում ունեցած հզորությունները ներկայումս էլ գործարկում է,  իհարկե, ոչ նախկին ծավալներով, բայց քաղաքում այսօր էլ կան բավարար աշխատատեղեր։ Բացի այդ, քաղաքի աշխարհագրական բարենպաստ դիրքը թույլ է տալիս համայնքի բնակիչներին իրենց աշխատանքը կազմակերպել նաև Աբովյանում և Երևանում։

-Պարո՛ն Բալասյան, ինչպիսի՞ ձևավորված ավանդույթներ կան համայնքում։

-Իմ ղեկավարման այս տարիներին ձևավորվել է երկու գեղեցիկ ավանդույթ,  այդ միջոցառումներին համայնքի բնակչության ակտիվ մասնակցությունից կարելի է եզրակացնել,  որ նրանց կողմից մեծ հավանության են արժանացել դրանք։

Յուրաքանչյուր տարվա մայիսի 9-ին, նկատի ունենալով Շուշիի ազատագրումը և 1941-45թթ. Հայրենական  պատերազմում  տարած հաղթանակները, համայնքի ողջ ազգաբնակչության մասնակցությամբ  կազմակերպվում է երթ դեպի հուշահամալիր։ Հաջորդը՝ ավագանու որոշմամբ, օգոստոսի 18-ին սահմանված  քաղաքի օրն է, սակայն օրվա տոնական  միջոցառումներն անցկացնում ենք խաղողօրհներքի եկեղեցական տոնի հետ համատեղ՝ ըստ եկեղեցական տոնացույցի, նպատակ ունենալով ավելի ամրապնդել բնակչության կապը մեր սուրբ եկեղեցու հետ։ Այդ օրը կրկնակի տոն է մեզ համար՝ օրհնված խաղող է բաժանվում համայնքի բնակիչներին, ինչպես նաև կազմակերպվում է մեծ միջոցառում՝ բացօթյա համերգային ծրագրով։

-Պարո՛ն Բալասյան, որո՞նք են Ձեր կողմից որդեգրած մոտեցումները համայնքը  ղեկավարելու պատասխանատու աշխատանքի հարցում, ո՞րն է արդյունավետ աշխատանքի Ձեր բանաձևը։

-Պատասխանատվություն գործի հանդեպ, հետևողականություն աշխատանքում և ազնիվ մարդկային փոխհարաբերություններ. ահա այս հատկանիշների որդեգրմամբ եմ ես առաջնորդվում իմ աշխատանքի մեջ՝ համայնքի ղեկավարման պատասխանատու գործում, որը, կարծում եմ, տալիս է իր դրական և տեսանելի արդյունքները։ 

Բացի այդ, ինձ տրված լիազորությունների շրջանակներում, համայնքի ղեկավարին ուղղված յուրաքանչյուր քաղաքացու խնդրի փորձում եմ մոտենալ անհատապես։ Շաբաթական մեկ օր իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, սակայն չեմ մերժում մյուս օրերին հրատապ հարցերով ինձ դիմած քաղաքացիների ընդունելությունը։ 2014թ-ի ընթացքում կատարվել է 349 բնակչի ընդունելություն ։ Հիմնականում մեզ դիմում են անձնական հարցերով՝ սոցիալական, աշխատանքի տեղավորման, բուժօգնության, դրամական օգնություն ցուցաբերելու խնդիրներով։ Իհարկե, ոչ մի դիմում-խնդրանք անպատասխան չի մնում, և ինքս աշխատում եմ անել հնարավոր ամեն ինչ բնակիչների հոգսերը թեթևացնելու համար։

-Պարո՛ն Բալասյան, ամփոփելով հարցազրույցը, հետաքրքիր է իմանալ, երբ Դուք ստանձնեցիք քաղաքապետի պաշտոնը, որքա՞ն էր բնակչության թիվը, և որքա՞ն է այն կազմում այսօր։

-Ինձ համար շատ հաճելի հարց հնչեց, իսկ պատասխանս,  միգուցե, զարմանք առաջացնի՝  հաշվի առնելով վերջին տարիներին շրջանառվող բնակչության թվաքանակի նվազման մասին լուրերը, պետք է ասեմ, որ Բյուրեղավանում, հուրախություն մեզ, բնակչության թիվը ավելանում է՝ ըստ վիճակագրական պաշտոնական տվյալների այդ թիվը 2008թ-ին եղել է 8300, իսկ ներկայումս այն կազմում է 10400 մարդ։

 

Հարցազրույցը՝ Գայանե Սողոմոնյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...