07:49
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կինոն լեզու է հոգու հետ խոսելու համար

2014-11-11 13:10

                                     «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

-Պարո՛ն Քեշիշյան, ժամանակակից հայկական կինոմատոգրաֆիան անհնար է պատկերացնել առանց Հրաչ Քեշիշյան ռեժիսորի. ո՞րն է այն ասելիքը, որը փորձում եք փոխանցել  Ձեր ֆիլմերի միջոցով։

-Նախ, շնորհակալ եմ նման կարծիքի համար։ Ընդհանրապես, կինոն մի այնպիսի միջավայր է, որտեղ հնարավոր է հերոսների հետ վերապրել այս կամ այն պատմությունը կամ իրավիճակը։ Ռուսերենում կա շատ գեղեցիկ բառ՝”сопереживание”. ցավոք, չեմ կարողանում գտնել այս բառի հայերեն համարժեքը։ Ասելիքն ամեն անգամ լինում է տարբեր, բայց հիմքում միշտ սերն է ու այն մեծ ցանկությունը, որ հանդիսատեսը իր զգացմունքները չզսպի, որ ֆիլմի տևողության ընթացքում լինի նրա հերոսների հետ, ու, գոնե ,մինչև տուն հասնելը խորհելու բան ունենա։

-Ձեր նկարահանած ֆիլմերից յուրաքանչյուրը բուռն արձագանք է ստանում, թե՛ հասարակության, թե՛ կինոքննադատների կողմից. ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Կինոյի և թատրոնի քննադատների կողմից ես միշտ կոնստրուկտիվ արձագանք եմ ստացել։Վերջին երկու ֆիլմերը հիանալի դրական ռեվյուների շարք են ունեցել։ Շատ շնորհակալ եմ այն մասնագետներին, ովքեր կարողանում են անկողմնակալ և հետաքրքիր վերլուծել այն աշխատանքը, որն արվում է։ Ֆիլմի համար շատ կարևոր է ռեվյուն, ի վերջո, ֆիլմի առաջխաղացման համար, ամբողջ աշխարհում պրեմիերաներից հետո բոլորը սրտատրոփ սպասում են քննադատների արձագանքին. ես էլ նրանց պես։ Սակայն տպավորություն է ստեղծվել, որ միայն ես եմ սպասում դրանց, և միայն իմ ֆիլմերն են քննարկվում, որովհետև այլ ֆիլմերի մասին հաճախ չեմ կարդում որևէ հոդված կամ կարծիք. երևի սա էլ է ինչ-որ բան նշանակում։ Կարծում եմ, իմ ավագ կոլեգաները, որ երկար ժամանակ ջանում էին չնկատել, հիմա հաշվի են նստում իմ յուրաքանչյուր աշխատանքի հետ, որի համար շնորհակալ եմ նրանց։ Ի դեպ, կա նաև լրագրողաբամաբասանքային զազրախոսություն, որին որևէ կերպ չեմ վերաբերում և աշխատում եմ անտեսել։

-Ռեժիսորները նշում են, որ լավ ֆիլմ ստեղծելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որն էլ մեր երկրում մի փոքր բարդ է։ Ինքներդ ինչպե՞ս եք հայթհայթում այդ միջոցները, և արդյո՞ք միայն ֆինանսը բավարար է մնայուն արժեք ստեղծելու համար։

-Ես չեմ կարծում, որ ամեն բան ֆինանսենրի կամ այն հայթայթելու մեջ է։ Գումարը պետք է աշխատել սեփական քրտինքով, դժվար, բայց հաճույքով, տարիների ընթացքում ձեռք բերել վստահություն, գործընկերներ, համախոհներ և միայն գործընկերության սկզբունքով ստեղծել այն, ինչին ձգտում ես։ Ես կարծում եմ, լավ ֆիլմ նկարահանելու համար ֆինանսականից զատ առավել կարևոր է երազանքն ու  ցանկությունը։

 -Պարո՛ն  Քեշիշյան, ի՞նչ եք կարծում, այսօր, հայկական  կինոն որքանո՞վ է կարողանում քայլել ժամանակին հանընթաց, և այդ արագ տեմպի մեջ մենք որքանո՞վ ենք կարողանում ստեղծելերկարակյացֆիլմեր։

-Այսօր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում և այդ տեմպի մեջ կինոաշխարհը խենթ արագությամբ փորձում է կլանել գիտական հայտնագործությունների մեծագույն բաժինը։ Բնականաբար, մենք տեխնոգեն կինոյին դեռևս մոտ կանգնած չենք, սակայն վստահ եմ, որ մարդկային ու մասնագիտական պոտենցիալը առկա է մեզանում։ Բացի այդ, կինոն սահմանումներ չունի. կարելի է դասական եղանակով, մինիմալ հնարավորություններով ստեղծել զգացմունքային ու մարդկային կինո։ Նույնիսկ տեխնոլոգիապես հագեցած ֆիլմերի առաջին պլանում պատմությունն է և այն, թե ինչպես ես այն պատմում…

-”Մեր սրտի տնակ”-ը  ֆիլմը սեպտեմբերի 5-ից արդեն կինոթատրոնների էկրաններին է. այն լիրիկական կատակերգություն է՝  ընտանիքի ստեղծման գեղեցիկ պատմություն. ո՞րն է ֆիլմի հիմնական գաղափարը։

-Կարծում եմ, ֆիլմի գաղափարն ակնհայտ է։ Ցավոք, տարիներ շարունակ, և հիմնականում կինոյում, մենք  ստեղծել ենք հայի մի կարծրատիպ, ով հաջողակ չէ, կիսագրագետ է, տգեղ է։ Այնինչ, հայն իրականում հաջողակ է և արժանապատիվ։ Ի վերջո, եթե մենք հպարտանում ենք մեր լեգենդար հայերով, ինչու չպատմենք հենց նրանց մասին, ինչու չասենք, որ միջին ստատիստիկ հայը  խելացի է, հաջողակ ու արժանապատիվ, որ ընտանիքը կարևոր է մեզ համար, որ մենք կարեկից և կիրթ ենք։ Ինչու չպարծենալ մեր բնությամբ և չհպարտանալ այն մարդկանցով, ովքեր ապրում են այդ բնաշխարհում։  Այնքան ենք կեղտաջրում ձուկ որսում, որ չենք էլ նկատում՝ ինչպես ենք ինքներս մեզ նվաստացնում։  Ես կարծում եմ, տաղանդավոր ու հայտնի հայերի մասին ֆիլմեր ստեղծելու ժամանակն է։ Տիգրան Մեծից մինչև  Այվազովսկի, Հովհաննես Ադամյան ուՎիկտոր Համբարձումյան, Խորեն Աբրահամյան ու Շառլ Ազնավուր… Պետք է նաև Հենրիխ Մխիթարյանի ու Լևոն Արոնյանի մասին ժամանակակից պատմություններ էկրան հանել։

-Ֆիլմում նկարահանվել են ոչ միայն հայ, այլև ռուսական կինոյի հայտնի դերասաններ. ինչպե՞ս ստացվեց այդ համագործակցությունը։

-Ես հաճախ եմ աշխատում ոչ հայ դերասանների և աստղերի հետ։ Ի վերջո, կարող եմ հպարտորեն ասել, որ աշխատել եմ Չուլպան Խամատովայի, Միխայիլ Եֆրեմովի հետ, մինչ այդ առիթ եմ ունեցել համագործակցել հեռուստատեսային հայտնի գործիչների հետ։ Իսկ այս ֆիլմին իր յուրահատուկ ջերմությունը բերեց Արմեն Ջիգարխանյանը։  Եկատերինա Ստրիժենովայի յուրաքանչյուր այցը Հայաստան տոն է, իսկ գլխավոր դերակատար Մարիա Սյոմկինան ուղղակի հիանալի ընկեր է… կարող եմ երկար խոսել իմ օտարազգի գործընկերների և դերասանների մասին, թե ինչպես են նրանք սիրահարվում Հայաստանին, որ նույնիսկ ուզում են մի անկյուն ունենալ մեր երկրում։

-”Մեր սրտի տնակըֆիլմին նախորդում էր “Thank you, հայրիկֆիլմը, որը նույնպես շատ սիրվեց հանդիսատեսի կողմից. վերջիններս ունեն որոշակի կառուցվածքային նմանություն, այն առումով, որ երկու ֆիլմերում էլ իրադարձությունները զարգանում են հոր թողած կտակի շուրջ. այս դեպքում, արդյո՞ք  ռեժիսորի համար ավելի դժվար չէ ստեղծագործել։

-Իրականում շատ դժվար էր։ Եթե երկու ֆիլմն էլ ես նկարահանած չլինեի՝  ինձ կթվար, թե ինչ-որ դիտավորություն կա այս ամենի մեջ։ Մենք “Մեր սրտի տնակը”  ֆիլմի նկարահանումները գրեթե ավարտում էինք, երբ Միքայել Պողոսյանն ինձ տվեց “Thank You, հայրիկ” ֆիլմի սցենարը։ Երբ սցենարը կարդացի, չգիտեի՝ ինչ անել։ Հասկացա, որ շատ նման են, և Միքայելին խնդրեցի  կարդալ “Մեր սրտի տնակը”  ֆիլմի սցենարը։ Եվ՛ Միքայել Պողոսյանը,  և՛ “Մեր սրտի տնակը” ֆիլմի սցենարի հեղինակ ու համապրոդյուսեր Միխայիլ Պողոսովն, ինձ ուղղակի համոզեցին, որ դրանք ինչքան էլ իրար նման, միևնույն ժամանակ տարբեր են իրարից։ Ինձ մնում էր ուղղակի անել այնպես, որ երկու նման պատմությունները լինեին տարբեր։ Կարծում եմ՝ ստացվել է, հատկապես գլխավոր հերոսուհիների դեպքում՝ շատ տաղանդավոր ու խոստումնալից ամերիկուհին՝ հայուհու դերում…ամեն դեպքում հետաքրքիր էր։  

 Հարցազրույցը` Գայանե Սողոմոնյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...