14:17
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք հավատարիմ ենք մեր անցած ուղուն և դավանած արժեքներին

2014-10-16 11:38

                              «Դե Ֆակտո» N 100 (2014թ.)


Ռուբեն Թադևոսյան, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ

 

-Պարո՛ն Թադևոսյան, Հայաստանի հանրապետական կուսակցությունը կայացման երկար ու դժվարություններով լի ճանապարհ է անցել։ Դուք եղել եք կուսակցության ակունքներում և այսօր էլ շարունակում եք ապրել ՀՀԿ գաղափարախոսությամբ և անձամբ Ձեր ներդրումն ունեք կուսակցության աշխատանքներում։ Հետադարձ հայացք ձգելով դեպի անցյալ` ի՞նչ մտորումներ եք ունենում։  

-ՀՀԿ-ն ձևավորվել և կայացել է Հայաստանի անկախության համար  ընդհատակյա գործունեություն ծավալած մեր ավագ ընկերների նպատակային գործունեության շնորհիվ և կարողացել է Հասատանի անկախ հանրապետության կայացման անմիջական մասնակից ու ՀՀ-ում առաջին գրանցված կուսակցությունը լինելուց զատ, այսօր դառնալ իշխող կուսակցություն և իր ուսերին կրել հայ ժողովրդի և հայոց պետության զարգացման ուղու կերտման պատասխանատու բեռը։

Մենք` ՀՀԿ անդամներս,  երբեք չենք մոռանում մեր անցած ճանապարհը, որը միանշանակ օգնում է ճիշտ լուծումներ գտնել։ Իհարկե, չեմ կարող ասել, թե մենք մշտապես ճիշտ որոշումներ ենք կայացրել և բացթողումներ չենք ունեցել, սակայն ես վստահ եմ, որ  մեր հայրենասիրական ոգին մշտապես ձգտել է հնարավորինն ու անհնարինն անել մեր պետության և ժողովրդի համար։

Պետք է նշեմ, որ իշխող կուսակցություն լինելը բավականին բարդ է, քանի որ  մեր աշխատանքին մշտապես հետևում են բոլորը, և փորձում սխալներ  գտնել և քննադատել մեր աշխատանքը։ Ես հիմա մեծ ցավ եմ ապրում, որ այսօր խոսքի ազատություն հասկացության ներքո ինֆորմացիոն տեռորի է ենթարկվում մեր ժողովուրդը` ստանալով խեղաթյուրված ինֆորմացիա ընթացող քաղաքական, տնտեսական գործընթացների և  մեր կուակցության մասին, որը ձևավորում է կեղծ պատկեր։ Սակայն ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը դժվարություններից չի երկնչել երբեք և այսօր էլ շարունակում է նույն ոգով կազմակերպել իր աշխատանքները և ունենալ համակիրների մեծ բանակ, որը զերծ է մնում կեղծ պատկերներից և մեզ հետ անմիջական շփման միջոցով ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանները։ Մենք բաց ենք քննարկումների և արդյունավետ որոշումներ կայացնելու համար, քանի որ քաղաքական ու կուսակցական աշխատանքին լուրջ ենք վերաբերվում և այն մեզ համար ինքնանպատակ չէ։

Ինչ վերաբերում է ինձ, ապա նշեմ, որ ես եղել եմ կուսակցության կազմավորման, զարգացման և կայացման համեստ մասնակիցը ու այսօր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եմ և ղեկավարում եմ կուսակցության ամենաբարդ և պատասխանատու պաշտոններից մեկը` ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն եմ 2003թ.-ից։

-Ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները քաղաքական գործունեության ճանապարհին։

-Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ունեցել եմ հիանալի ուսուցիչներ, ովքեր նաև իմ ավագ ընկերներն են եղել։ Նրանցից են Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը և ուրիշներ։ Սակայն ինձ համար կյանքի ամենամեծ ուսուցիչը հայրս էր, ում մոտեցումները, խրատներն ու դավանած արժեքներն ինձ համար դարձել են ուղենիշ։

-Դուք նշեցիք, որ Ձեր հայրիկի մոտեցումները ուղենիշ են  Ձեզ համար, որո՞նք են դրանք։

-Դրանք գուցե շատ պարզ թվացող հասկացություններ են, սակայն ինձ համար կայուն արժեքներ են, որոնք առկա են իմ ամենօրյա գործունեության մեջ. անկեղծություն և սկզբունքայնություն մարդկային փոխհարաբերություններում, աշխատանքում պատասխանատվության զգացում, նվիրվածություն ընտանիքի և հայրենիքի նկատմամբ, օգտակար լինելու անսահման պատրաստակամություն և ոչ երբեք անտարբերություն։

Նա հատկապես չէր հանդուրժում անտարբերությունը, որը համարում էր չարիք։ Նա նաև ստեղծագործում էր և գիտեր խոսքի արժեքը, որը փորձում էր հաղորդել նաև մեզ։ 

Պետք է հպարտորեն նշեմ, որ հորս խորհուրդներին հավատարիմ ապրելով` ես ստեղծել եմ լավ ընտանիք և ունեմ լավ ընկերներ, որոնք իմ ամենամեծ ձեռքբերումներն են։

Կյանքը ուղղորդող, սովորեցնող հատկություն ունի, այլ բան է, թե դու դասեր քաղո՞ւմ ես, թե՞ ոչ։ Կարծում եմ` ես կարողանում եմ կյանքից դասեր քաղել։

-ՀՀԿ ավագ սերունդն ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ երիտասարդ սերնդին, արդյո՞ք դուք ունեք արժանի հետևորդներ։

-Պետք է նշեմ, որ ՀՀԿ անցած ճանապարհը մեզ պարտադրում է մտածելու ապագայի և հոգալու նոր սերնդին  մեր դավանած արժեքները փոխանցելու մասին։ Այո, ես կարող եմ հպարտորեն նշել, որ մենք ունենք հիանալի սերունդ, որը կարող է շարունակել մեր գործը և լծվել պետականաշինության հայրենանվեր գործին։

Կուսակցությունն այս ընթացքում բավականին լուրջ ճանապարհ է անցել, դիմակայել է լուրջ մարտահրավերների, ունեցել է ձեռքբերումներ, նաև կորուստներ։ Կարծում եմ` ժամանակը կտա իր գնահատականը կուսակցության աշխատանքին և առանձին գործիչների գործունեությանը։

-Մի փոքր խոսենք Ձեր ներկայիս աշխատանքից. ինչպիսի՞ պարտավորություններ են դրված Ձեր ուսերին։ 

-ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի աշխատանքները բավականին լարված և հոգսաշատ են,  քանի որ մենք ունենք 103 տարածքային, շրջանային  և 1949 սկզբնական կազմակերպություններ, իսկ կուսակցությունը, ընդհանուր առմամբ,  ունի 152 հազար անդամ։

Ինչպես նշեցի, 2003թ.-ից ղեկավարում եմ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովը, որը կազմակերպում և համակարգում է ՀՀԿ շարքերի անդամագրության, հաշվառման խնդիրները, ՀՀԿ կառույցների, տարածքային, շրջանային, սկզբնական կազմակերպությունների և կառուցվածքային ստորաբաժանումների անդամների վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորումը, կադրերի վերապատրաստման աշխատանքները։ Կազմում և կուսակցության վերադաս մարմիններին է ներկայացնում կառույցների կողմից ստացված առաջարկությունները, խնդիրները։ Համակարգում է ղեկավարության կողմից հաստատված ծրագրերի, առաջադրանքների իրականացման աշխատանքները։ Կազմակերպում է կուսակցության կառույցների` մարզային և Երևանի տարածքային կազմակերպությունների կողմից բարձրացված հրատապ խնդիրների ուսումնասիրությունը, վերջնական մշակված առաջարկները ներկայացնում է ՀՀԿ նախագահին և ՀՀԿ գործադիր մարմնին։

ՀՀԿ նախագահի և ՀՀԿ գործադիր մարմնի հանձնարարությամբ, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների դեպքում իրականացնում է կուսակցության կառույցների աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց ընտրությունը, հրահանգավորումը և կատարված աշխատանքների վերլուծությունը։ Համակարգում է դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ կատարվող աշխատանքները։

Մենք նաև սոցիալական շատ տարբեր խնդիրներ ենք վեր հանում, որոնք մեզ ներկայացվում են մեր կառույցների կողմից, կազմակերպում ենք նմանատիպ հարցերի քննարկում, իրականացնում ենք վերլուծություն` անհրաժեշտ մասնագետների, շահագրգիռ կազմակերպությունների   ընդգրկմամբ, և արդյունքները ներկայացնում վերադասին` խնդիրների լուծմանը  համապատասխան ընթացք տալու համար։

Այն մարզերում, համայնքներում, որտեղ առկա են տեղական և հասարակական հնչեղություն ունեցող հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրներ, ՀՀԿ նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է ՀՀԿ անդամ նախարարների, փոխնախարարների, ԱԺ պատգամավորների և համապատասխան պատասխանատուների մասնակցութամբ արտագնա քննարկումներ։

Վերջերս մենք անցկացրեցինք կուսակցության շարքերի վերահաշվառում, որի արդյունքներն արդեն ամփոփվել են, զեկուցվել են և անհրաժեշտ հետևություններ են արվել։ Հստակ է, թե մենք  ինչ խնդիրներ ունենք և ինչ լուծումներ են դրանք պահանջում, ինչպիսի կադրային քաղաքականություն պետք է վարենք։ Ես շատ եմ կարևորում կադրային ռեսուրսը, որը մեր կուսակցության հիմնական արժեքներից է։

-Եղե՞լ են դեպքեր, որ կուսակցության շարքերից հեռացվել են որոշ անդամներ։

-Այո, իհարկե, եղել են,  կան հազարավոր մարդիկ, որոնք կուսակցության կանոնադրությամբ նախատեսված պարտականություններ չկատարելու, կարգապահության ու գործունեության անհամատեղելիության պատճառով հեռացվել են կուսակցությունից։

-Պարո՛ն Թադևոսյան, քաղաքական աշունը կարծես թե մեկնարկել է, ՀՀԿ-ն ի՞նչ ծրագրերով ու նպատակներով է սկսում այն։

-Մեր ծրագրերն ու նպատակները իրագործելու համար տարվա բոլոր եղանակներն էլ թեժ են. այդպես է, եթե աշխատում ես։ Իհարկե, ես թեժ ասելով` նկատի չունեմ հակադրություններն ու հակասությունները, այլ` ակտիվ և պատասխանատու աշխատանքը։  Իսկ մենք մշտապես աշխատում ենք և մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական բոլոր գործընթանցներին։

Այսօր թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական դաշտը լի է տարբեր գործընթացներով և խմորումներով։

Արդեն մեկ տարի է, ինչ հնչել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու ՀՀ նախագահի որոշումը, որի արդյունքը, կարծում եմ, շուտով կտեսնենք։ Դա միանշանակ ճիշտ քայլ էր ՀՀ նախագահի կողմից, մանավանդ`  ներկայիս աշխարհաքաղաքական գործընթանցների զարգացման ֆոնին։  Այն մեզ կտա թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության երաշխիքներ, որոնց մասին բազմիցս խոսվել է և հիմնավորվել մասնագետների կողմից։

Կարևորում եմ նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որն անհրաժեշտ է մեր կառավարման մոդելը կատարելագործելու, պետական ճիշտ քաղաքականություն վարելու համար։ Եթե հետադարձ հայացք ձգենք մեր անցած ճանապարհին, ապա կտեսնենք, որ մենք չորս անգամ կորցրել ենք մեր անկախությունը, որի պատճառներից մեկը տվյալ ժամանակահատվածին բնորոշ ազգային օրենքներ չունենալն էր։ Այդ ամենը քաջ գիտակցելով և հաշվի առնելով, որ  մենք այսօր դինամիկ զարգացման փուլում ենք, իսկ աշխարհը շատ ինտենսիվ տեմպով է զարգանում, քաղաքական իրավիճակները և հանրային կառավարման մեթոդները փոփոխությունների են ենթարկվում,  պետք է ունենանք կառավարման օպտիմալ քաղաքական գործիքներ և ճկուն մեխանիզմներ, որպեսզի ադեկվատ լուծում տանք առաջացող յուրաքանչյուր խնդրի, իսկ դրա համար անհրաժեշտ է օրենսդրական ճիշտ քաղաքականություն վարել։ Այդ պատճառով մեր հիմնական օրենքը` սահմանադրությունը, որոշակի բարեփոխումների կարիք ունի, որի անհրաժեշտությունն այսօր հիմնավորված է նաև այլ արգումենտներով։ Մենք այսօր թե՛ օրենսդիր, թե՛ դատաիրավական մարմինների, թե՛ գործադիր իշխանության համար պետք է ստեղծենք հնարավորություն ճիշտ կազմակերպելու իրենց գործունեությունը։ Պետք է  ազատվել անցյալի կարծրատիպերից, ինչը թույլ կտա օրենսդիր, գործադիր և դատական մարմիններին ներդաշնակ գործելու ի փառս մեր պետության և ազգի։

-Պարո՛ն Թադևոսյան, Դուք մասնակցել եք ՀՀ և Արցախի սահմանների պաշպանության համար մղվող մարտերին, ստացել եք փոխգնդապետի կոչում, պատերազմի բովով անցած մարդու աչքերով` ինչպիսի՞ ելակետ կունենա բանակցային գործընթացը, ի՞նչ սպասել երկու նախագահների հանդիպումներից։

-Ես, լինելով զինվորական, անցել եմ սահմանը Հորադիզից մինչև Բագրատաշեն և լավ գիտեմ մեր բանակում տիրող իրավիճակը, ծանոթ եմ մեր զինվորի մարտական ոգուն և պետք է նշեմ, որ մեր  բանակը պետք է դառնա յուրաքանչյուրիս հոգատարության առարկան, քանի որ ազգային բանակը մեր անվտանգության երաշխավորն է. այնտեղ ծառայում են մեր երեխաները։

Երբ 1990-ականներին Արցախում պատերազմ էր, սպառազինության տեսակետից Ադրբեջանն ավելի հզոր էր, մեր թշնամին ավելի շատ զինտեխնիկա և մարտապաշարներ ուներ, բայց 1994թ.-ին մեր հերոսական բանակի շնորհիվ հաղթեցինք։ Պետք չէ վախենալ այդ սպառազինութուններից և անհրաժեշտ է համապատասխան հետևություններ անել։ Մենք հզոր ենք մեր բանակով, մարտական ոգով և նվիրվածությամբ մեր հողին, պետությանը և ազգին։ Մենք գիտենք ինչի համար ենք կռվում, մեր երեխաները գիտեն հանուն ինչի են կանգնած սահմանին և պատրաստ են ամենաթանկը` իրենց կյանքը, նվիրաբերել հայրենիքին։ Տա՛ Աստված, իհարկե, որ միջադեպեր չլինեն, և  մեր զինվորների կյանքը վտանգի չենթարկվի։ Իսկ վերջին միջադեպերը ցույց տվեցին, որ մենք ունենք լավ զինվորներ, հզոր բանակ։ Ես մեծ պատիվ եմ համարում, որ ծառայել եմ հայկական բանակում։

Նախագահների հանդիպումը Սոչիում, Անգլիայում, առաջիկայում նախատեսվող հանդիպումները  էապես կլիցքաթափեն լարվածությունը և կառավարելի կդարձնեն սահմանային միջադեպերը։ Կարծում եմ` ճիշտ ուղու վրա ենք, հավատում եմ և վստահում ՀՀ նախագահին։

-Արդեն տասը տարուց ավելի է` Դուք ՀՀԿ անդամ եք, ո՞րն եք համարում Ձեր ներդրումը ՀՀԿ գործունեության մեջ։

-Ես համեստ ներդրում ունեմ, նվիրված աշխատում եմ` ձգտելով առավելագույնին։ Աստված տա` երկար աշխատեմ, քանի որ արդեն փորձառություն ունեմ, իսկ նպատակներն ու ծրագրերը շատ են։ Վստահ եմ` ղեկավարության կողմից դրված խնդիրները գոնե նվազագույն կերպով կատարում ենք։

-Ո՞րն եք համարում ՀՀԿ-ի գլխավոր առավելությունը։

-Մեր սկզբունքայնությունը, հետևողականությունը, նվիրվածությունը հայրենիքին, պետությանը, ազգին և մեր որդեգրած գաղափարներին, ինչպես նաև ազգային և պետական շահերի առաջնությունը կուսակցական և անձնական շահերից։

-Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ արժեքներ եք փոխանցել  Ձեր երեխաներին։

-Ես փոխանցել եմ իմ երեխաներին այն արժեքները, որոնք մեր պապերն ու հայրս են ինձ փոխանցել, և այսօր հպարտանում եմ ու երջանիկ եմ իմ ընտանիքով,  երեխաներով, թոռներով։  Ես ցանկանում եմ տեսնել նրանց երջանիկ  և  հայրենիքին նվիրված քաղաքացիներ։

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը տարիներ անց։

-Կարծում եմ, որ տարիներ անց մեր բոլորի համատեղ աշխատանքում կունենանք անկախ, հզոր, բարեկեցիկ, ապահով, միացյալ Հայաստան։ Շատ կուզենայի, որ Սփյուռքի մեր հայրենակիցները կարողանան ապրել և արարել  մեր պատմական հայրենիքում։ 

-Ո՞րն եք համարում մեր ազգի հարատևման գրավականը։

-Արևի տակ հարատևելու մեր գրավականն, միանշանակ, մեր նախնիներից ժառանգած գեներն են, ոգին ու կամքը, մեր լեզուն ու ընտանիքը, մեր ավանդույթներն ու պատմությունը, մեր ազգային միտքն ու ձգտումները, մեր արժեհամակարգը, որոնք մենք պետք է կարողանանք փոխանցել հաջորդ սերունդներին։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...