02:15
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հմայակ Կարապետյան

2014-09-12 10:50

                                   «Դե Ֆակտո» N 99  (2014թ.)

Հմայակ Կարապետյանը սկսած 1992 թվականից աշխատում է «Գրացիա» Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում որպես ֆիզիկական թերապիայի բաժանմունքի կոորդինատոր: Ավարտելով Ֆիզիկական կուլտւրայի հայկական պետական ինստիտուտը, մասնակցել է արտասահմանյան երկրների կողմից (Գերմանիա և այլ)Հայաստանում կազմակերպված տեսական և պրակտիկ դասընթացների ստանալով  ֆիզիկական թերապիստի որակավորում:  Բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետն այս տարիների ընթացքում օգնել է ֆիզիկական ակտիվ, ինքնուրույն կյանքի վերադառնալ հազարավոր հիվանդների: Թե ինչ է իրենից ներկայացնում ֆիզիկական թերապիան և որքանով է այն զարգացած Հայաստանում,  «Դե ֆակտո» ամսագիրը փորձեց պարզել Հայաստանում այս ոլորտում առաջատար մասնագետ համարվող Ֆիզիկական թերապիստ Հմայակ Կարապետյանից, ով վերապատրաստվել և աշխատել է նաև Չինաստանում և Քաթարում:

-Նշեմ, որ ֆիզիկական թերապիան ուղղված է մարդկանց ֆիզիկական առողջությանը, ֆիզիկական ֆունկցիոնալ վիճակի բարելավմանը, ստացած վնասվածքներից հետո ակտիվ և ինքնուրույն կյանքին վերադարձնելուն: Ֆիզիկական թերապիայում նվազեցված է դեղորայքի կիրառմամբ  բուժումը: Բուժման այս մեթոդն իր մեջ ներառում է առաջին հերթին ֆիզիկական առողջության գնահատում և բուժման պլանավորում, միջոցներն են. մանիպուլյացիաներ ուղղված ոսկրա-մկանային համակարգերին,  մերսումներ, էլեկտրոպրոցեդուրաներ, ֆիզիկական վարժություններ, տարբեր խորհրդատվություններ և այլն:

Համաշխարհային պրակտիկայում Ֆիզիկական թերապիան կիրառվում է բժշկության տարբեր ուղղություններում, որոնցից հիմնականներն են նևրոլոգիական, օրթոպեդիկ, սիրտ-անոթային, մեծահասակների և պալեատիվ: Մեր կենտրոնում հիվանդների նկատմամբ  ֆիզիկական թերապիա կիրառվում է  դեռահաս տարիքից :

 -Որքանո՞վ է Հայաստանում զարգացած ֆիզիկական թերապիան, արդյո՞ք այս ոլորտում մասնագետների պահանջարկ կա:

 -Հայաստանում տարեցտարի ոլորտը զարգացում է ապրում: Եթե համեմատելու լինենք բուժման այս մեթոդի կիրառումն այժմ և 20 տարի առաջ, ապա իսկապես տարբերությունը մեծ է: Մեր կենտրոնը հետևում է միջազգային փորձին և փորձում հասնել միջազգային չափորոշիչներին: Չնայած նրան, որ Հայաստանում կան լավ մասնագետներ, սակայն ստանդարտների կիրառման առումով հետ ենք մնում միջազգային փորձից: Այն աշխատանքը, որն իրականացվում է Երևանում, պիտի արվի Հայաստանի ողջ տարածքում: Մասնագետների պահանջ ևս կա, դա լրացվում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտների կողմից,  ովքեր հանդիսանում են կինեզոլոգիայի բաժնի շրջանավարտներ:

-Ժամանակակից  բժշկությունն  օրեցօր  զարգացում  է  ապրում  և ի հայտ են գալիս բուժման նոր մեթոդներ:  Կպատմե՞ք , թե ֆիզիկական թերապիայի ոլորտում  ի՞նչ նորամուծություններ են կիրառվում միջազգային պրակտիկայում:

-Այո,  բնականաբար նորամուծություններ անընդհատ կան և ամեն օր նոր մեթոդ, նոր մոտեցում է ի հայտ գալիս:

Եթե նախկինում ժամանակակից և տրադիցիոն բժշկությունները հակադրվում էին միմյանց հետ, ապա այժմ գնում են միմյանց զուգահեռ,  քանի որ նպատակը մեկն է` օգնել մարդուն ապրել առանց  ցավ, լինել առողջ և կարողանալ տնօրինել ֆիզիկական ունակություններն ըստ իր ցանկության:

 -Այսօր շատ մարդիկ  «դատապարտված են»  օրվա մեծ մասն անցկացնել համակարգչի առջև, ինչը ևս կարող է առաջացնել լուրջ ֆիզիկական խնդիրներ: Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք գրասենյակային աշխատողներին`  հետագայում խնդիրներից խուսափելու համար:

-Նման դեպքերում խորհուրդ եմ տալիս օրվա ռեժիմի մեջ ներառել ֆիզիկական ակտիվության ժամեր կամ րոպեներ:  Ցանկալի է,  որ դա լինի մարզասրահում, սակայն, անգամ գրասենյակում կատարած մի քանի վարժություններ կկանխարգելեն մկանների գերլարումը: Խորհուրդ կտայի հաճախ կտրվել համակարգչից,  ժամը մեկ  5 րոպե հատկացնել ֆիզիկական վարժություններին`  օրինակ կատարել կքանիստ:  Ընդհանրապես, բոլոր ծնողներին հորդորում եմ, 5-6 տարեկանից սկսած   երեխաների մոտ զարգացնել համակարգված  ֆիզիկական ակտիվությունը :  Բոլոր նրանք, ովքեր համակարգված ֆիզիկական ակտիվություն ունեն, ավելի հեշտ են հետագայում լուծում ֆիզիկական խնդիրները:

-Ֆիզիկական վնասվածք ստացած մարդկանց մոտ բնականաբար ի հայտ են գալիս նաև հոգեբանական խնդիրներ: Արդյո՞ք նրանց տրվում է համապատասխան հոգեբանական օգնություն:

-Բնականաբար, սակայն մեր աշխատանքն իր մեջ ներառում է նաև խոսքը: Վնասվածքից  հետո մարդ շատ հարցեր է ունենում և եթե  ստանում է մասնագիտական պատասխան ակնկալվող վիճակի մասին, նրա մոտ հոգեբանական բարդույթներ չեն առաջանում կամ ավելի մեղմ են լինում:

-Որքանո՞վ  է  ֆիզիկական թերապիան Հայաստանում մատչելի և հասանելի:

 -Հայաստանում վերականգնողական բուժումը հաշմանդամության խումբ ունեցողների համար կատարվում է պետպատվերով, կան նաև վճարովի ծառայություններ.  բուժման ծառայության տարբերակները անհատական են: Կարծումեմ, որ Հայաստանի պայմաններում ֆիզիկական թերապիան այլ երկրների համեմատ մատչելի ծառայություն է:

Հարցազրույցը` Լուսինե Հովհաննիսյանի

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...