12:05
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ա Յ Ս Պ Ի Ս Ի՜ Ս Ե Ր

2014-08-01 11:21

                                     «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Ի~նչ աղջիկ էր Թերեզը՝  նազուկ,  ճեմասահ, բարձրահասակ,  նրբիկ դիմակերպով,  խաժ, խելոք աչքերով,  իսկ ամենաառանձնահատուկը նրա երկու գիսակներն էին, որ խիտ հյուսքով ձգվում էին գոտկատեղից  էլ ներքև և աղջկա յուրաքանչյուր թեթև քայլքի հետ տարուբերվում էին­ ՝ իշխանուհու թիկնոցի ծալքերի պատրանքով: 

Այո՛,  իշխանական բնատուր շունչ կար նրա շարժուձևի մեջ: Արդյո՞ք աշոցքցի գրագետ,       7 գյուղի տանուտեր Թադևոս պապից,  թե՞ գյումրեցի փաշա Գևորգ պապից էր ժառանգել և կամ թե բացառիկ երևույթ՝ մաթեմատիկայի գիտակ Գևորգ հորի՞ց,  իսկ առավել ևս ոսկեձեռիկ,  նրբաճաշակ Հեղինե մորի՞ց.  ավելի ճիշտ բոլորը միասին վերցրած իրենց մասն ունեին աղջկա անզուգական կերտվածքի մեջ:   Համեստագույնն էր համեստների շարքում, իմաստուն էր խելացիների մեջ, աջակից ու բարի, բոլորին հասնող, ոչ մեկից ոչինչ չակնկալող: Այդպես միայն բնական լուսատուն է ունակ իրենից  ջերմություն արձակելու, գորշ  շրջապատին  տրվելու  անմնացորդ,  լուսավորելու,  իմաստավորելու, նպատակաուղղելու…

Դժվար մանկություն ու պատանեկություն ունեցավ: Գևորգ հայրը Մեծ Հայրենականի նահատակներից մեկն էր, չնայած այն բանին, որ ուներ պատերազմը շրջանցելու հիմնավոր պատճառ՝ ստամոքսի խոցը: Սակայն, որպես երդվյալ կոմունիստ, չանսալով  Հեղինե կնոջ և Գևորգ աներոջ աղերսն ու հորդորները, թողեց  2 անչափահաս մատղաշներին,  ջահել կնոջը, ծեր մորը,  դարձավ 4 եղբայրների մեջ քավության նողազը, նրանցից ամենանվիրյալն իր հայրենիքին, նրանց ծառայության բեռն էլ շալակեց, նրանց բարի անուններն էլ անբասիր պահեց ու կամովին մեկնեց առաջավոր գիծ: Միայն առաջավոր գիծ` այդ էր խնդրել զինկոմին հղած իր դիմումում:  Հետո պիտի այդ նույն եղբայրները պատեհ, թե անպատեհ առիթներով շահարկեին իրենց զոհված եղբոր հիշատակը, թե տեսեք,  մենք էլ կորուստ  ունեցանք,  մենք էլ ամասն չենք մնացել… Այնինչ կարող էին և պարտավոր էին նրան հետ պահել վերահաս արհավիրքից՝ առավել ևս, որ եղբայրներից ավագը զբաղեցնում էր բավական պատասխանատու պաշտոն:  Լսված բա՞ն է արդյոք հիվանդ եղբորը, ամենայն սառնասրտությամբ,  ուղարկել  գործող  բանակ, երբ քաջ հայտնի էին  դրա վերահաս  ողբերգական հետևանքները:   Ինչևէ, Գևորգ հոր կորստյան փաստն օգտագործվեց  ի շահ  կենդանի մնացածների… 

Հեղինե մայրը… Երբևէ հանդիպե՞լ եք այնպիսի կնոջ, որը դեռ 32-ը  չլրացած  այրիանար՝ ցմահ, և սակայն մնար իր ամուսնուն սիրահարված, նրան փառաբանող, նրանով զմայլված՝ ցմահ: Ոչ մի դժգոհություն, ոչ մի տրտունջ կամ բողոք:  Գևորգը մնաց տիկին Հեղինեի միակ անզուգական տղամարդու իդեալը՝ պարթևահասակ, վեհ, առինքնող… Տիկին Հեղինեն Գյումրիում հայտնի էր որպես ձեռագործի  յուրահատուկ վարպետ:  §Մի ձեռք՝ հազար հունար¦,- այդպես էին որակել նրան ճանաչողները, այդ աստվածատուր շնորքով էլ նա կարողացավ արժանապատվությամբ պահել,  մեծացնել , ուսման տալ իր 2 դուստրերին՝ առանց որևէ մեկից որևէ օգնություն հայցելու:

  Իսկ Թերեզը… իր շրջապատում առանձնանում էր բնատուր խելքով,  հատկապես ուժեղ էր ճշգրիտ գիտելիքների գծով.  §Հորն է քաշել¦,- հաճախ սիրում էր կրկնել տիկին Հեղինեն: Տասնամյակն ավարտեց փայլուն գիտելիքներով,  մազ մնաց ոսկե մեդալի արժանանար, սակայն ընտանիքի սուղ բյուջեն անկարող եղավ ապահովելու ընկեր Հռիփսիկի՝ դպրոցի տնօրենի, սպասելիքները՝ մաղարիչի տեսքով, իսկ արծաթե  մեդալի  համար պայքարելն անիմաստ էր:

   Լենինականի մանկավարժական ինստիտուտի  ֆիզմաթ ֆակուլտետն ընտրեց  իր կամքով. երդման նման մի բան էր ՝ կատարեց  հոր վերջին իղձը, որ գրել էր ֆրոնտից  ուղարկած մի նամակում.  §Թերեզիկս թող գնա իմ ճանապարհով¦:  Գնաց  ու լավ գնաց. կարմիր դիպլոմ, լայն հեռանկարներ,  ուսումը  շարունակելու դեպքում՝ մեծ ասպարեզ: Բայց… կանգ առ ակնթարթ.  Աչքի առաջ մայրն է՝ արդեն  ծերացող,  մեջքը կքած կարի մեքենային,  Լուլու քույրն  է՝ դեռևս ուսանող.  ինչո՞վ  են յոլա գնալու,  ինչպե՞ս են հոգալու  հարաճուն կարիքները:  Դեռ շնորհակալ պիտի լինի մորը,  որ ուրիշների նման չքշեց աշխատանքի՝  փող վաստակելու,  այլ պնդեց,  համառեց,  հորդորեց  բուհ  ընդունվել:  Իսկ հիմա արժանին փոխհատուցման  պահն  է,  չէ՛, չի՛ գնա ասպիրանտուրա,  որքան էլ գայթակղիչ լինի: Բաց թողեց առավել նպաստավոր աշխատանքի առաջարկները,  մտավ դպրոց,  ինչպես հայրը. թող լինի հոր պատգամի լիակատար իրականացում:  Նվիրվեց սիրած աշխատանքին անմնացորդ,  բուռն ու լիասիրտ,  ինչպես հավատացյալն  է  ողջակիզվում  հոգով-մարմնով, լույս տվեց բոլորին, ամենուրեք սփռեց մաքրություն,  ջերմություն… և այդպես 50 տարի:

   Սակայն… էն ի~նչ աղջիկ էր Թերեզը, §էյ դու, ջահել, հպարտ հասակ¦…  Շարմաղ, թելիկ-մելիկ,  շիմշատ… Ուսանողական տարիներին  շատ  տղաներ էին երազում նրա հետ ընկերանալ,  կնության  առնել, և բոլորին ուներ մի հակիրճ պատասխան.  §Դեռ ժամանակը չէ¦  ու վերջ:  Ինքը սպասում էր իր  §սպիտակ ձիավոր ասպետին¦,  և  հավատ կար մեջը, թե նա կհայտնվի  ինչ-որ անհայտ տեղից, ոչ երկրային,  այլ տեսլական, եթերային, մշուշով պարուրված… ամպաթաթախ  ճերմակ նժույգը՝  կայծակնացայտ սմբակներից  բոց ու ծուխ արձակելով,  կանգ կառնի հենց իրենց շքամուտքի մոտ,  պատվախնդիր ձիավորը՝ աթլաս ու ղումաշ  հագած,  ճտքավոր կոշիկների պսպղուն խթանները կզնգացնի մուտքի սալաքարին, իրավով կհրի-կբացի դուռը…Եվ  ինքը՝ խաս աղջիկ Թերեզը,  որ նստած էր թախտին, սպասում  էր բախտին, առանց երկմտելու  տեղից  վեր կթռչի, կընկնի ասպետի վզով, տաք-տաք համբույր կտա ու կառնի, ու դռանը սպասող ձիու վրնջյունին ականջալուր ասպետի ջլապինդ թևերի վրա՝  կլքի հայրենի օջախը , հարեհաս կլինի իր երջանկությանն ընդառաջ:

Ավաղ, սակայն, նման պատրանք լինում է միայն հեքիաթներում, այնինչ իրականում  կյանքն է՝ որքան գորշ, այնքան գեղեցիկ,  լավ ու վատ անակնկալներով  լեցուն:    Ուղղակի պիտի լինել   ավելի շրջահայաց,  սթափ պիտի նայել դեպքերին ու դեմքերին, և եթե չպակասեր այսպես կոչված շրջահայացությունը,  Թերեզն  անշուշտ կնկատեր այնքան երազած իր ասպետին:   Նա իր կողքին էր, ընդամենը երկու փողոց այն կողմ:  Ճիշտ է, տղան սպիտակ ձիու վրա չէր, ու ոչ էլ աթլասե  թիկնոց  ուներ,  բայց  որ մինչև ականջները Թերեզին սիրահարված  խենթ էր,  դա գիտեին  շատերը՝  հարևանները,  բարեկամները… Երկու փողոցի հեռավորությամբ  ծանոթներ էին՝  հին գյումրվա  ավանդներով ափեափ հագեցած նիստուկացով: 

 Էդվարդի գերդաստանը անվանի տոհմից էր սերված.  փառահեղ պապը՝ սպիտակ, դարվինյան  մորուքով,  բաց- շագանակագույն  ֆրակով, անբաժանելի  ձեռնափայտով  ու ցիլինդրով,  խանում-խաթուն տատը՝  իր հ արգը  իմացողի ճեմասահ  քայլքով,  լայն ճանաչում ու պատիվ վայելող հայրը,  եփող-թափող, ի սկական տանտիկին և լավ մանկավարժ մայրը: Ինքը՝ Էդվարդը , երկու քույրերի միամորիկ եղբայրը՝  լավ պահված, խնամված,  չափուձևի մեջ տեղավորված… սակայն, ավա՜ղ, ասպետ չէր, իսկ Թերեզին ասպետն էր ձգում:  Նա անգամ չէր էլ նկատում տղայի սիրատոչոր  հայացքը,  բանի տեղ չէր դնում այս ու այն կողմից  իր ականջին հասնող կես-ճիշտ,  կես-ուռճացրած  լուրերը՝  տղայի խենթ սիրո,  նվիրվածության,  ծնողների՝  Թերեզին նախապատվությունը տալու, ընտանիքի բարեկեցիկ ապրելակերպի և շատ այլ բաների վրա:     Ուրիշ բան, եթե մի օր Էդվարդը  իր երևակայական  ճերմակ  նժույգը  կանգնեցներ  Թերեզենց  դռանը,  առաց  թույլտվության ներս  մտներ, վերցներ իր թևերին աղջկան ու մի շնչով տաներ երկու փողոց այն կողմի իրենց առանձնատունը: Այ դա կլիներ իսկական ասպետավարի քայլ: Սակայն, ավա՜ղ, Էդվարդը շատ էր չափած-ձևած,  որը տվյալ պարագայում միայն խանգարիչ  դեր խաղաց… Եվ Թերեզն էլ իր հերթին՝  ծայրահեղ համեստ էր,  չնախաձեռնող, սպասողի իր դիտակետից  դեռ հավատում էր իր իսկական ասպետի գալստյանը:

  Իսկ ժամանակը՝ մեր երջանկության ամենամեծ թշնամին, թռչում էր սրընթաց հունով, ու եկավ  մի պահ, երբ բարի կամեցողները բացահայտեցին, որ եթե այս աղջիկը մի քիչ էլ սպասի, ուրեմն կվաստակի  §տունը մնացածի¦  խարանելի պիտակը…Հեղինե մայրը գլուխը կորցրած,  անցավ վճռորոշ հակագրոհի. Պայմանը հետևյալն էր՝ առաջին իսկ  խնամախոսին այլևս չեն մերժում, այլ ասում են՝ այո…Սա նման էր շախմատի մեջ հարկադրական,  առանց ակնկալիքի ԶՈՀ տալու քայլին:

  …Եվ ամուսնացավ Թերեզը՝ առանց ճանաչելու,  չունենալով փեսացուի ոչ  գեների, ոչ ընտանիքի, ոչ անցյալի ու ապագայի և ոչ էլ նրա նախասիրությունների մասին գեթ  մոտավոր պատկերացումներ: Ամուսնացավ առանց սիրո, ամուսնացավ ամուսնանալու համար, որ չար լեզուները չտարփողեին՝  §տանը մնաց¦:  Այդպիսին էին այն ժամանակվա Գյումրվա բարքերը: Եղավ սիրված կին, հարգված, մեծարված հարս, լավ տանտիկին, բոլորին հասնող, օգնող, խորհուրդ տվող,  իսկ Աստծո կամոք իրեն բաժին հասած ամուսնու համար առավել ևս՝ անդավաճան ընկեր, խնամող, կերակրող, պարտքի բարձր զգացումով հիանալի անձնավորություն… և միայն այսքանը: Բացակայում էր այն կրակը, որ հոգին թունդ պիտի հաներ, որ թևեր պիտի տար՝ ճախրելու, սլացքի, ոգեշնչման…Այդպես էլ սուսուփուս, անշուք, անժառանգ հոսեց-անցավ ողջ կյանքը՝ ի տրիտուր փայփայած այնքան գունեղ, այնպես շենշող երազների, որ թաքուն ուներ  հոգու ինչ-որ խորշում  դեռ անթեղ, անշեջ, ծխացող…

  Անտրտունջ, անմռունչ  տարավ այնքա՜ն անողոք ճակատագրի հարվածները՝ մեկը մյուսի հետևից: 88-ի երկրաշարժից մնացին անտուն, ծվարեցին Հեղինե մոր տանը. ապրում էին լավ թե վատ, ու մեկ էլ ամուսինը  վերցրեց ու  չեղած տեղից մեծ ցավ հայտնագործեց իր համար՝ ականջախեցու քաղցկեղ:  Չլսված- չտեսնված ցավ, որ հարյուր-հազարի մեջ մեկին է հանդիպում,  ու էդ մեկը հենց ինքը եղավ: Երկարուձիգ տասը տարիներ պահեց, փայփայեց, լվաց, վիրակապեց ամուսնու բաց վերքերը, այն նույն աղջիկը, որի մեջ դեռևս դպրոցում ուսուցիչները տեսնում էին ապագայի խոստումնալից  բժշկին,  որոնց խոհրդին, սակայն, չանսաց, քանզի ամեն անգամ  բաց վերք տեսնելիս սարսռում էր և երկար ժամանակ ընկնում հոգեկան անկումնայի վիճակի մեջ: Մի՞թե  դա էլ ամենաբարեգութ  Արարչի կամքն էր:

 Եվ, սակայն, դա դեռ բոլորը չէր: Մի չարաբաստիկ առավոտ, երբ արդեն ապրում էր մեն-մենակ, չկային մայրը, ամուսինը, ոտքը սահեց , մարմնի ծանրությունն ընկավ ոտքի վրա ու կոտրեց ազդրը: Տեղափոխեցին Երևան, որտեղ հույս ուներ ավելի որակյալ բուժում ստանալու: Վիրահատեցին  առաջին անգամ. անկարող եղավ քայլել: Լավագույն մասնագետները գտան, որ նախորդները սխալ են գործել,  հարկավոր է մեկ անգամ ևս վիրահատել: Երկրորդ անգամվանը առաջինին գերազանցեց այն առումով, որ եթե այն ժամանակ հենակներով մի կերպ տեղաշարժվում էր, ապա երկրորդից հետո անկարող եղավ նույնիսկ նստել: Արդեն վեց տարի է, ինչ գամված է անկողնուն: Բարի մարդկանց միջնորդությամբ տեղավորվեց  տուն-ինտերնատում, որտեղ և ապրում է մինչ օրս: Իսկ տուն-ինտերնատում օրերն անցնում են միապաղաղ, գորշ, անշուք. միակ հուսադրող բանը, որ կա՝ դա ապահով կտուրն է գլխավերևում ու մեկ էլ աշխատակազմի  ջերմությունը, ուշադիր վերաբերմունքը: Այլապես վեց տարի գամված պառկելը հանաք բան չէ: Այդ գորշ օրերի շարքում լինում են երբեմն  բացառություն կազմող լուսավոր կետեր: Դրանցից մեկը բացվեց մոտ մեկ տարի առաջ: Եկան, հայտնեցին, թե՝ՙՙ §տիկին Թերեզա, հյուր ունես, մի սոլիդ տղամարդ քեզ է հարցնում¦:  Ներս մտավ մոդայիկ հագուկապով,  բարետես,  արիստոկրատ շարժուձևով մի  մարդ, կանգնեց  Թերեզի դիմաց.

_ Ինձ չե՞ս հիշում, Թերեզս…

  Քրքրեց հիշողության կծիկը. ո՞վ կարող է լինել, որ իրեն դիմեր  §Թերեզսով¦:  Չէ, որքան էլ լարեց  մտքի թելը, անկարող եղավ տեղը բերել: Ախր շա՜տ էր փոխվել երբեմնի նիհար, թխամազ, մգամաշկ տղան:

_ Ես ձեր հարևան Էդվարդն եմ,Մանգասարյանը:

_Այ քեզ բան, Էդվարդ, էս դու՞ ես, ինչպե՞ս ես փոխվել… Լավ, բա ի՞նչ ես անում էստեղ, ո՞նց ես գտել, ո՞նց ես եկել-հասել…

 Հարցերը շատ էին, իսկ տպավորությունը՝ զգլխիչ. նրա դիմաց կանգնած էր լիքը-լիքը, համարյա ատլետիկ կազմվածքով, սպիտակամաշկ, կիսաթափված սպիտակ մազերով, վաթսունին մոտ(իրականում 77 է),  լայնաժպիտ, նախկինին ոչինչ չհիշեցնող Էդվարդը: Մի բան էր միայն նույնը մնացել՝ սևորակ աչքերի ծանոթ փայլը, նրանցում դեռ  կայծկլտում էր ծանոթ հուրը՝ վկայակոչելով անցած ժամանակներից խնամքով զմռսված-անթեղված անպատասխան սիրո առկայության մասին:

_Գիտե՞ս, քեզ որքան եմ փնտրել, ինձ պետք եղավ 3 տարի, որպեսզի գտնեի դեպի քեզ բերող այս բարակ թելը:

 Եվ Էդվարդը պատմեց իր ոդիսականը:

_ Երբ ստացա քո ամուսնության գուժը, այլևս կորցրեցի դեպի քեզ գալու որևէ հույս:Ինձ տվեցի մասնագիտությանս կատարելագործման խնդիրների լուծմանը, մեկնեցի Հայաստանից դուրս, 2 տարի ուսանելուց հետո, վերադարձիս՝ արդեն համարվում էի իմ ոլորտի լավագույն մասնագետը, շարունակ հրավերներ ունեի նախկին ԽՍՀՄ-ի տարբեր վայրերից:  Իմ աշխատանքն ինձ բավարարում  էր լիուլի, նվիրվել էի ինքնամոռաց, անմնացորդ և ամուսնության մասին չէի ուզում մտածել, քանի որ չէի կարծում, թե կհանդիպեմ քեզ նմանին… Բայց կյանքը լի է անակնկալներով՝ թե լավ, թե վատ : Մի  անհեթեթ պատահականությամբ  ծանոթացա ապագա զոքանչիս հետ, նա էլ առաջին իսկ հանդիպումից  ինձ իրենցով արեց: Այո, Թերեզս, և ես, և դու պետք է լինեինք նախահարձակ, դա էր մեր երկուսի պակասը, և դա էլ խաթարեց մեր կապը:

 Չէ, չեմ ասի, թե դժբախտ եմ. Ունեմ ինձ նվիրված կին, լավ խնամակալ է, դողում է ինձ վրա, բայց… Եթե չլիներ այդ բայցը… Բայց, մեր մեջ չկա հոգևոր այն կապը, որ պիտի պարուրեր հոգիս, լցներ ջերմությամբ, էլ չեմ ասում՝ սիրով, նվիրումով: Մենք ամուսիններ ենք բավական սառը շփմամբ: Ես, օրինակ, կարող եմ նրա հետ օրերով  չփոխանակել մեկ բառ անգամ, ինձ տվել եմ ընթերցանության,  շատ եմ կարդում, հեռուստացույց  դիտում եմ իմ առանձին սենյակում: Աշխուժանում եմ միայն այն ժամանակ, երբ այցելում են թոռներս. նրանց հետ շախմատ եմ խաղում, անկեղծ զրուցում եմ, նրանց հետ ես իրոք երջանիկ եմ:

 Հա, շարունակեմ որոնումներիս պատմությունը: Վաղուց դուրս ենք եկել Գյումրիից. ինձ հրավիրեցին Երևան՝ աշխատելու, ապահովեցին բնակարանով, հետո տղաս հաստատվեց Մոսկվայում, ունի իր սեփական կլինիկան քաղաքի լավագույն մասում, դե մենք էլ տարվա մեծ մասն անց ենք կացնում տղայիս մոտ, ամռան 2-3 ամսին վերադառնում ենք Երևան: Այդպես էլ ապրում ենք խաղաղ, ապահովված: Սրանից 3 տարի առաջ էր. երազ տեսա՝ մի զարմանալի տպավորիչ երազ,  հիշում եմ բոլոր մանրամասներով… Կանգնած եմ մեր Գյումրվա <,Գորկա>> այգու այն բարձր, հիշու՞մ ես, սպիտակ սյուներով կլորավուն տաղավարում, որտեղից լայն շրջագծով, կարծես ափի մեջ, երևում են ողջ քաղաքն ու շրջակա գյուղերը,  սահմանագիծը, Արաքսի ջրերը,  §Սև ղուլեն¦՝ գիտես,  ռուսական զորամասի ամրոցն է հենց Թուրքիայի սահմանագլխին:  Իսկ §Գորկայի¦ այդ տաղավարը մեր ժամանակներում սիրահարների հանդիպման վայրն էր. հիմա չգիտեմ այդպե՞ս է, թե փոխվել է:  Կանգնել եմ և անբացատրելի մի զգացում համակել է հոգիս՝ և  ուրախ եմ, և շփոթված: Սպասում եմ, կարծես, հրաշքի: Արահետներից  մեկից  շրշոց  է լսվում,  նայում եմ ակնդետ և ո՜վ  հրաշք,  ո՜վ երանելի ակնթարթ. Դու ես,  գալիս ես դեպի ինձ՝  քո թեթև, եթերային քայլքով, սլացիկ ոտքերդ հազիվ են հպվում գետնին,  երկար,  խիտ հյուսքերդ օրորվում են նազուկ մեջքիդ,  հագիդ քեզ այնքա՜ն սազ եկող կարմիր վերարկուդ է /շատ  լավ եմ հիշում/:  Դու ժպտում ես քեզ հատուկ մոնալիզայական ժպիտով,  ես պարզում եմ թևերս՝ քեզ գրկելու անհագ կարոտով, պարզած թևերով նետվում եմ քեզ ընդառաձ:    Սակայն դու ճամփի կեսից շրջվում  ես ու ետ ես դառնում քո եկած արահետով, դանդաղ հեռանում ես և անէանում մշուշի մեջ… Արթնացա և նույն պահին երդվեցի  գտնել քեզ: Սրտումս անորոշ տագնապ կար, մի անամոք թախիծ: Հաջորդ օրը ևեթ մեկնեցի Գյումրի, եղա  մեր թաղամասում, չափչփեցի մեզ ծանոթ փողոցները, կանգնեցի ձեր դռան առջև: Մի անծանոթ կին դուրս եկավ, ասաց, որ տունը 2 տարի առաջ վաճառել են, ինքը նոր տանտերն է: Իսկ դիմացի հարևանուհին, ում մասին ասում են, թե ամեն ինչից տեղյակ է, և ինձ էլ լավ տեղը բերեց, ասաց. §չգիտեմ, թե ուր են¦:  Բայց ճիշտը չասաց, հավանաբար ինձ խղճաց:

 Մեկ տարի անց կրկին այցելեցի Գյումրի,  քեզ գտնելու հույսով փորձեցի հանդիպել մեր ընդհանուր ծանոթներից որևէ մեկին: Աղբյուրի Գևորը, կհիշես, մեր հասակակիցն է, ասաց, որ տեսել է քո զարմիկին, և որն իբրև թե ասել է. «Թերեզն այլևս չկա…»

 …Թերեզ ջան, պատկերացնու՞մ ես, թե ինչ կատարվեց ինձ հետ, ուր որ է սիրտս պիտի կանգ առներ, հազիվ բռնվեցի մի ծառից, Գևորը տաքսի կանչեց, մի կերպ ինձ գցեցի մեքենան…

 Երրորդ այցս դեպի Գյումրի անցյալ տարի էր՝ 2011-ի ամռանը: Կրկին թափառում եմ իմ և քո ծանոթ փողոցներում, ոտքերս ինքնաբերաբար կրկին տանում են ձեր դուռը, տանից դուրս է գալիս այս անգամ տարեց մի կին, իմ հարցապնդումին, թե.

    -Լավ, ո՞չ մեկը չկա նրանց ծանոթ, թե բարեկամ, որ գոնե մոտավորապես ստույգ տեղեկություն տա,- այդ կինը, Աստված նրան պահապան, գլխով ցույց տվեց դիմացի մայթի անկյունի տունը.

  -Նրանք բարեկամներ են, հաստատ կիմանան Թերեզի մասին:

  Իսկույն  ինձ գցեցի դեպի նշված տան դարպասը:  Ջահել,  գեղեցիկ մի կին, երբ իմացավ՝ քեզ եմ հարցնում,  ինձ ներս հրավիրեց, սուրճ հյուրասիրեց և մանրամասն պատմեց  քո գլխին եկածը:

- Դեպքը կատարվելու հենց առաջին օրը, հիվանդանոցում Թերեզ տյոտյայի մոտ էի, երբ Երևանից եկան քույրը, 2 տղաները և անմիջապես նրան տեղափոխեցին Երևան: Գիտեմ,որ 2 անգամ վիրահատել են, բայց, թե հիմա որտե՞ղ է, հաստատ չեմ կարող ասել: Հավանաբար Երևանի տուն-ինտերնատներից մեկում պետք է, որ լինի:

- Թերեզ ջան, փառք եմ տալիս Աստծոն, որ գոնե իմացա քո գոյության մասին, իսկ էդ Աղբյուրի Գևորին անպայման պիտի տեսնեմ ու աչքը հանեմ՝ սուտ խոսելու համար:

Հա, ոգեշնչված վերադարձա Երևան, ահազանգեցի հնարավոր բոլոր ուղղություններով՝ ներառյալ ՀՀ սոցապ նախարարություն, այնտեղից էլ ստացա քո գտնվելու վայրի ստույգ տեղեկությունը:

…Եվ մազերն էր գուրգուրում և աչքերն էր համբուրում ու ձեռքերը դալկացած, և նրանց շուրջն ակնապիշ մարդիկ էին հավաքվում ու բոլորը հուզված էին արտասովոր այդ տեսարանից և կրկնում էր անհագ.

-Թեր ջան, իմ հեշտ կորցրած ու դժվար գտած Թերեզս…

Իսկ Թերեզը, կարծես մղձավանջից  նոր  արթնացած,  չէր հավատում՝  իրականություն է,  թե երազ: Պառկած էր իր իշխանուհու վեհ տեսքով,  միտքը՝ սթափ, հայացքը՝ պայծառ, հետո, երբ մի փոքր հանդարտվեցին ու հավաքվածները դուրս եկան, հարցրեց.

 -Այ տղա, դու, որ էդպես սիրում էիր,  էն ժամանակ ու՞ր էիր,  ինչու՞  էիր ուրիշների միջոցով լուրեր ուղարկում, ես  չեմ զգացել,  որ դու լուրջ ես տրամադրված,  ինձ միշտ թվացել է, թե դու էլ հերթական արբանյակներից մեկն էս, կգաս ու կգնաս…

-Թերեզ ջան, իսկ դու գիտե՞ս,  թե ձեր ինստիտուտի տղաներից քանիսի՜ն եմ հետ պահել, քանիս՜ի հետ եմ  կռվել ու վիճել…  Նրանք բոլորը գիտեին, որ դու իմը պիտի լինես, ամենքը գիտեին, բացի քեզանից: Այ հենց դա էլ իմ մեծագույն  ճակատագրական սխալը եղավ, որը սակայն, ուներ իր տրամաբանական պատճառը. Դա գալիս էր իմ ընտանիքի դրվածքից: Մերոնք ինձ ասում էին. «Այ տղա, շատ մի թեթևացիր,  թող աղջիկն ինքը որոշի՝ քեզ է սիրում, թե ուրիշին»:  Ախ, Գյումրվա չգրված, չարտոնված բարքեր…

Եվ ինչու՞ հնարավոր չէ անցածը հետ բերել,  ինչպե՜ս կսկսեր իր կյանքը նորից, իր ուզածի պես: Սակայն նրա առջև դառն իրականությունն է. այնքան պաշտելի ու անհասանելի լուսեղեն մի էակ՝ մահճին գամված, անօգնական, լքված… Չէ, չպիտի տրվել զգացականին,  Էդվարդ,  ժպտա,  կատակիր:  Ու հիշում էին անցած օրերից զավեշտական դեպքեր, առանձնահատուկ դեմքեր, կոլորիտային խոսք ու զրույց՝ կապված ծանոթների, ընկերների, այլոց հետ: Ժամանակն անցնում էր աննկատ, պետք է վեր կենալ, հոգնեց հավանաբար:

-Թեր ջան, պիտի խնդրեմ մինչև հաջորդ գալս քեզ մոտ ունենաս ոտքիդ վիրահատված մասի ռենտգեն նկարը: Լավ մասնագետ ընկեր-տղաներ կան, միասին կնայենք, կարծում եմ մի ճար կգտնենք: Հո էսպես պառկած չե՞ս մնալու:

-Իսկ ին՞չ ես դու առաջարկում, պարոն բժիշկ. Քեզ հայտն՞ի է, որ սրունքոսկրից 25 սմ չկա, դատարկ է:

- Դեռ նախօրոք չեմ կարող որևէ բան ասել, համատեղ կոնսիլիումը կորոշի:

Ադիկը գնաց և իր հետևից թողեց աղոտ լույսի մի շող: Այն, որի մասին մեկ-մեկ իր մտքովն էլ էր անցնում, սակայն չէր հանդգնում բարձրաձայնել, հիմա, կարծես ավելի շոշափելի դարձավ,

ավելի իրատեսական: Ինչպես խորհուրդ էր տվել անվանի բժիշկներից վերջինը՝ 3-րդը.    «Անհրաժեշտ է ամպուտացիա, Ձեր նման քանի՜- քանիսն են եկել ու գնացել ապաքինված, հաշվեք, թե մի ոտք եք ունեցել, ին՞չ ունեք կորցնելու՝ ոչինչ, սակայն կգտնեք տեղաշարժվելու քիչ թե շատ ազատություն՝ թող որ սայլակով, կամ հենակներով»:

   Բայց Էդվարդն  էլ ին՞չ Էդվարդ կլիներ, եթե չկանգներ իր ասածին: Կրկին հայտնվեց, վերցրեց ռենտգեն նկարներն ու տարավ: Հա, ասեմ, որ նա գալիս էր Թերեզի մոտ, ոնց որ կմտներն մի սրբավայր կամ բարձրաշխարհիկ մի տիկնոջ սրահ. անպայման ճոխ ծաղկեփնջով, մրգերով, հյութերով:

…Որոշ ժամանակ անց մասնագետ բժիշկների միաձայն կարծիքը հաստատեց 3-րդ բժշկի վարկածը՝ հարկ  է անհապաղ հեռացնել ոտքը՝ սրունքամասից վերև: Ասելը հեշտ է, իրականացնելը գրեթե անհնար: Նախ՝ հսկայական գումար կպահանջվի, որտե՞ղից: Իսկ որ ամենակարևորն է՝ կդիմանա՞ արդյոք այդ տարիքում արդեն բավականին հյուծված, թուլացած, ծեր կինը: Չէ, Թերեզիկ, խելք հավաքիր գլուխդ, մնացած կյանքդ մի՛ դարձրու գեհեն: Մեծ կտրվածքով բաց վերք է, բա որ չլավացա՞վ, մրից կընկնես մրջուրը: Չէ, պետք չէ ու վերջ..

 Սակայն անկոտրում Էդվարդը  էլ ո՞ր Էդվարդն էր… Նա կարծես նոր ուժ էր ստացել, այնպես վճռականորեն էր տրամադրված: Երանի թե այդպիսին լիներ տարիներ առաջ, երբ պիտի որոշվեր իր և Թերեզի կյանքի ուղին: Այսօր նա պիտի քավի անցյալի մեղքերը, պիտի պայքարի իր պաշտելի էակի փրկության համար, պիտի նրան դուրս բերի կործանիչ տիղմից: Եվ իզուր չէ, որ համոզիչ, հուսադրող խոսքերի տարափ էր տեղում նրա վրա.

 - Թերեզս, աստվածս, դու հաստատ կդիմանաս, հապա հաշվի առ, որևէ ներքին ցավ, բողոք ունե՞ս. Քո ամեն ինչը տեղը-տեղին է, սիրտդ առողջ, թոքերդ, ստամոքսդ, երիկամներդ կարգին, էլ ի՞նչ կա խանգարող: Գումարի մասի՞ն ես մտածում, դա էլ խնդիր չէ. ես ունեմ բավական խնայողություն, դա էլ մատաղ կանեմ հենց էդ նպատակին: Իսկ  հետո՞: Հետոն  ավելի քան գեղեցիկ ու լուսավոր կլինի: Կապրենք իմ մյուս տանը, պապս է կտակել ինձ, մեկսենյականոց բնակարան է, շատ հարմար տեղում, 1-ին հարկում, դիմացն էլ փոքրիկ այգի կա : Մենակ թե դու ուժեղ եղիր, դիմացիր, մնացածը շատ-շա՜տ լավ կլինի: Եվ կրկին ու կրկին հաշվարկներ, հնարավոր լավի ու վատի կանխատեսումներ…

 Իսկ ժամանակը թռչում է սրընթաց, ժամանակը՝ մեր անբավ ցավերի, անամոք վերքերի, ծանրաբեռ հոգսերի անդավաճան բալասանը: Թռան-անցան երկարուձիգ, մղձավանջային 6 ամիսները՝ իրենց հետ տանելով անելանելի, անհուսալի, անդարմանելի կարծրատիպը՝ թե ամեն ինչ կորած է, վերջ՛, համակերպվիր քո բաժին դաժան ճակատագրին

 Ոչ՛, չկա  անվանի բժիշկների ախտորոշած ոսկրային քաղցկեղը /է՞դ  ինչ նոր անվամբ ցավ էր/, չկա փայտացած կոճղի վերածված հիվանդ ոտքը, չկա 6 տարի շարունակ մահճակալին գամված, մահվանն ընդառաջ, ակամա մատաղացու այն կինը, որը երդման նման հաճախ էր կրկնում.

  -  Մահից չեմ վախենում: Ինչ որ լինելու է, թող որ լինի արագ, միանգամից, չեմ ուզում ոչ ձեզ, ոչ էլ ինձ տանջել:

 … Երևանի գեղատեսիլ պուրակներից մեկում, բարեկարգ, լայն ծառուղով հանգիստ ճեմում է տարեց մի զույգ: Տղամարդը՝ լայնեզր ամառային գլխարկով, նախշազարդ ձեռնափայտով, ատլետիկ կազմվածքով ու շատ բարի՜-բարի աչքերով, կողքին սայլակին նստած է մի կին՝ դալուկ, նուրբ դիմագծերով,  կարճ կտրած խիտ մազերով,  խելո՜ք- խելոք աչքերով՝ իսկը իշխանուհի: Կնոջ ծնկները թավշե ծածկոցով փակ են, և հնարավոր չէ գուշակել, թե ինչն է այդպես վարպետորեն քողարկված. Արդյո՞ք ոտքը չկա, կամ թե փոխարինված է պրոթեզո՞վ՝ դժվար է ասել: Ակնհայտ է մի բան միայն. Նրանց ողջ տեսքից ճառագում է ժպիտը, երջանկությունը, սերն ու բարությունը:

 Իսկ անցորդները քայլում են նրանց կողքով, անհագ հետաքրքրությամբ հայացքներ են գցում. Ջահելները մտքով տեղափոխվում են առաջ. <<Բան է, եթե իրենց հետ էլ պատահի, կկարողանա՞ն արդյոք պահել-պահպանել այսպիսի ջերմություն, այսպիսի՜ սեր… Տեսնես ինչքա՜ն սիրելիս են եղել իրար ջահել օրերին…»

Մեծերի հայացքում մի քիչ էլ խանդ կա.  Երանի՜ ձեզ, բա մե՞նք…

 

Լուիզա Հովհաննիսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...