17:13
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կնոջ առողջությամբ է պայմանավորվում և՛ իր բարեկեցությունն ու երջանկությունը, և՛ իր ընտանիքի բարեկեցությունն ու ամրությունը, և՛ զավակների ապագան։

2014-04-22 11:43

                                                      «Դե Ֆակտո» N 94 (2014թ.)

Խաչանուշ Հակոբյան
“Հայ-ամերիկյան առողջության կենտրոն” հիմնադրամի գործադիր  տնօրեն


                                                                                                                                                     
                                                                                                                        

-Տիկին Հակոբյան, ինչպիսի՞ն էր 2013 թվականըՀայ-ամերիկյան առողջության կենտրոնհիմնադրամի համար։

-2013 թվականը դարձավ մի տեսակ եզրագիծն այն ամենի, ինչի մասին մենք երազում էինք 17 երկար ու ձիգ տարիներ։ Կենտրոնի ստեղծման օրը մենք նույնիսկ չէինք համարձակվում երազել, որ մի օր կարող ենք հասնել այն ամենին, ինչ այսօր ունենք։ Այս տարվա ընթացքում մենք ունեցանք 37000 այցելու, ինչը մեր կենտրոնի համար ռեկորդային թիվ էր։ Ես այցելությունների համար առաջին հերթին ուրախանում եմ, քանի որ գնալով ավելի շատ կանայք են գիտակցում ժամանակին և պրոֆիլակտիկ հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը։

2013-ին կայացավ այն երազանքը, որին ձգտել էինք այսքան տարի` մենք ունեցանք մեր վիրահատարանն ու ատամնաբուժարանը։ Ատամնաբուժարանի ստեղծումը ժամանակի պահանջ էր, քանի որ այսօր արդեն բժշկությունը պարզել է, որ բերանի խոռոչի առողջությամբ է պայմանավորված ամբողջ օրգանիզմի առողջությունը։ Ատամնաբուժարանը հագեցած է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով։

Դե իսկ վիրաբուժական բաժանմունքի ստեղծման գաղափարն ու ծրագրերը տարիներ շարունակ շրջանառվում էին թե’ մեր` տեղի ադմինիստրացիայի և թե’ հիմնադիրների կողմից, քանի որ քաջ գիտակցում էինք, որ տեղում ախտորոշվելուց հետո նույն կենտրոնում համալիր բուժում ստանալը լավագույն լուծումն է հիվանդի համար։ Մեր կենտրոնը տարիների փորձով և ձեռք բերած վստահությամբ վաստակել է տարածաշրջանում ոլորտի առաջատարի իր դիրքերը, և ես հուսով  եմ, որ շատ շուտով նույն ուղով կգնա նաև վիրաբուժական բաժանմունքը։ Վիրահատարանը համալրված է վերջին սերնդի սարքավորումներով, ինչն, իհարկե, խոսում է նրա բարձր որակի մասին, և ես չեմ վախենա ասել, որ այսօր այն միակն ու լավագույնն է ՀՀ-ում։  Մեզ մոտ գործում է աշխարհի առաջատար երկրներում տարածված “մեկօրյա կլինիկա” սկզբունքը։ Վիրահատությունից երկու-երեք ժամ անց այցելուները արդեն դուրս են գրվում, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ կարիք կա ավելի երկար` 2-3 օր մնալու, այս դեպքերի համար էլ ունենք բոլոր պայմաններն ու հնարավորությունները։ Կատարվում են կրծքագեղձի, վահանաձև գեղձի, արգանդի, միզապարկի, կույրաղիքի և լեղապարկի վիրահատություններ։

Պետք է նշեմ, որ մենք կոնսերվատիվ բուժման կողմնակից ենք, և միայն հույժ անհրաժեշտության դեպքում ենք գնում վիրահատական միջամտությունների։ Ռադիոլոգիայի բաժանմունքի բժիշկները աշխատում են վիրաբույժների հետ, պարբերաբար անցկացնում են համատեղ խորհրդակցություններ, որոնց արդյունքում վեր է հանվում լուծման ամենաօպտիմալ տարբերակը։ Այցելուն մի քանի փուլ բուժումներ անցնելուց հետո միայն ենթարկվում է վիրահատական միջամտության։

Կենտրոնում հավաքված են բանիմաց և հմուտ մասնագետներ։ Մասնագետների ընտրության ժամանակ հենվել եմ վիրահատված հիվանդների շրջանում անցկացված հարցումների վրա, հասկանալու համար, թե որ վիրաբույժին են առավել շատ վստահում նրանք։ Ահա այդ բժիշկներին էլ առաջարկել ենք աշխատել մեր կենտրոնում, և փառք Աստծո, չենք սխալվել։ Ես շատ եմ կարևորում բժշկի ոչ միայն մասնագիտական, այլ նաև մարդկային որակները, քանի որ խորապես համոզված եմ, որ վատ մարդը չի կարող լավ մասնագետ լինել. սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող եք և չկիսել։ /Ժպտում է/։ Բժիշկն առաջին հերթին պետք է մարդասեր ու մարդամոտ լինի, կարողանա գրավել հիվանդի սիրտն ու վստահությունը։

-Տիկին Հակոբյան, այս տարվա ընթացքում որքանով  է ավելացել այցելությունների թիվը կենտրոնում և ի՞նչ միտումներ եք տեսնում 2014-ի համար։

-2013-ի ընթացքում օրական սպասարկել ենք 160-190 այցելու։ Միակ դժգոհությունը մեր կենտրոնից, որ այցելուն կարող է հայտնել, այն է, որ նա մի փոքր երկար է սպասում, ինչն իհարկե հիմնավորվում է նրանով, որ  բժիշկները կատարում են համակողմանի հետազոտություն, խորհրդակցություն, ուստի և հետազոտությունը կարող է մի փոքր երկար տևել։ Մենք հուսով ենք, որ առաջիկայում մեր այցելուների քանակը կավելանա։

-Իսկ ինչպիսի՞ն են հիվանդության երիտասարդացման միտումները։

-Հիվանդության երիտասարդացման միտումներ, ցավոք, առկա է։ Այս տարվա ընթացքում ունեցել ենք 0-29 տարեկան 72 այցելու, որոնց մոտ, ցավոք սրտի, հայտնաբերվել է չարորակ գոյացություն։ Սա, իհարկե, մտահոգիչ ու ցավալի թիվ է։ Սակայն հուսադրող է նաև այն, որ մեր այցելուների հոսքը ևս երիտասարդանալու միտում ունի։ Ես նկատում եմ, որ երիտասարդներն ավելի իրազեկված են, գրագետ, պարբերաբար այցելում են կենտրոն, պրոֆիլակտիկ հետազոտություն են անցնում, ինչը էապես նպաստում է հիվանդության հայտնաբերումն ու կանխարգելումը նախնական փուլում։

-Տիկին Հակոբյան, ինչպիսի՞ն է բնակչության սոցիալապես անապահով խավի սպասարկումը կենտրոնում։

-Սոցիալապես անապահով և անվճարունակ քաղաքացիների համար մեզ մոտ գործում են հատուկ պայմաններ, կենտրոնի միջոցներով, ինչպես նաև USAID ծրագրի հետ համագործակցության շրջանակներում օրական 10-15 անվճար հետազոտություն է կատարվում կենտրոնում, վիրահատությունների դեպքում ևս արվում են զեղչեր։ Սակայն անվճար վիրահատություններ իրականացնելը շատ դժվար է, քանի որ բարձրակարգ վիրահատարանը և դեղորայքը մեծ գումարներ են պահանջում։ Այս կապակցությամբ մենք մի հետաքրքիր  բան նախաձեռնեցինք. կենտրոնում գործող կոնֆերանս սրահի վարձակալության հասույթը ներդրվում է անվճարունակ կանանց առողջության պահպանման, բուժման և վիրահատությունների գերխնդրի լուծման գործում։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ սրահն առայժմ գործում է մի փոքր պասսիվ, այցելուների հոսքը քիչ է։ Հուսամ, որ մոտ ապագայում կազմակերպություններն ու անհատները, գիտակցելով սրահից գանձվող գումարի առաքելությունը, ավելի հաճախ միջոցառումներ կանցկացնեն մեզ մոտ։

-Ի՞նչ ծրագրեր ունեք 2014-ի համար։

-Ինչպես գիտեք, յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամիսն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Մեր կենտրոնը ևս պատրաստվում է համալիր ծրագիր իրականացնել 2014-ի հոկտեմբեր ամսին։ Երեք օր անընդմեջ կենրոնում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին, կանխարգելման միջոցներին, գիտատեխնիկական նորամուծություններին։ Մենք հրավիրելու ենք նաև մեր դոնոր կազմակերպություններին աշխարհի տարբեր երկրներից։

-Տիկին Հակոբյան, դժվար չէ՞ աշխատել մի ոլորտում, որտեղ ստիպված ես մարդուն հայտնել ցավալի նորություն, գործ ունենալ մահացու հիվանդության հետ։

-Դժվար է, իհարկե։ Քանի որ ինքս մասնագիտությամբ բժիշկ չեմ, սկզբնական շրջանում ես կարծում էի, թե չեմ կարողանա այլևս աշխատել, երբ տեսնում էի կանանց, որոնք արցունքն աչքերին լսում էին այդ ցավալի լուրը։ Բայց տարիների հետ կարողացա ամրանալ, ընտանիքս ինձ շատ օգնեց այդ հարցում, հաղթահարեցի։ Փառք Աստծո, այսօր 21-րդ դարն է, գիտությունն ու տեխնիկան զարգանում են օր-օրի։ Քաղցկեղը անբուժելի է, բայց կանխարգելելի, ուստի ես կոչ եմ անում մարդկանց ժամանակին դիմել բժշկին, կանխել կամ գոնե դանդաղեցնել հիվանդության ընթացքը, դրական տրամադրվել, չհուսահատվել և պայքարել ապրելու, առողջ կյանք վարելու  համար. մի թողեք, որ հիվանդությունը հաղթի ձեզ։

 -Անդրադառնանք գարնանային մեր գեղեցիկ տոնին։ Ի՞նչ եք մաղթում հայ կանանց գարնանային այս հրաշալի տոնի կապակցությամբ։

 -Բոլոր կանանց նախևառաջ մաղթում եմ առողջություն, դա իմ ցանկությունն է ‘և որպես կին, և’ որպես առողջապահության բնագավառի աշխատող, որովհետև կնոջ առողջությամբ է պայմանավորվում և՛ իր բարեկեցությունն ու երջանկությունը, և՛ իր ընտանիքի բարեկեցությունն ու ամրությունը, և՛ զավակների ապագան։ Առողջ կինը առողջ ընտանիքի ու հասարակության հիմքն է։  Ուստի և պատահական չէ բարեմաղթանքիս մեջ առողջությանն առաջնահերթություն տալը։ Ես ուզում եմ, որ հայ կինը լինի գնահատված, երջանիկ ու ամենակարևորը` ապրի խաղաղ, զարգացած ու բարեկեցիկ երկրում։ Սա կարծում եմ` ամեն կնոջ ու մոր երազանքն է։ Ես անչափ ուրախ եմ և լիահույս, որ հեռու չեն այն ժամանակները, երբ մենք իրոք կապրենք այսպիսի Հայաստանում։

 -Տիկին Հակոբյան, այսօր ինչպիսի՞ տեղ ու դեր ունի հայ կինը հասարակական կյանքում։ Այսօր ամբողջ աշխարհում խոսվում է կնոջ դերի բարձրացման, գենդերային հավասարության մասին։ Դուք ինչ եք կարծում, մենք պե՞տք է գնանք այս ճանապարհով։

 -Գլոբալիզացիայի արդյունքում աբողջ աշախրհը հայտնվում է մի հարթության վրա, և բնականաբար մենք պետք է ամեն ինչ անենք աշխարհի առաջատար երկրների հետ նույն հարթության վրա մնալու և հետ չընկնելու համար բոլոր բնագավառներում։  Այո, մենք պետք է գնանք կնոջ տեղի ու դերի բարձրացման ճանապարհով։ Մեր երկրի բնակչության 50 տոկոսից ավելին իգական սեռի ներկայացուցիչներ են, ուստի և չներգրավել նրանց հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, չօգտագործել նրանց պոտենցիալը, մեր նման փոքր երկրի համար անտեղի և սխալ կլինի։ Մենք պետք է քայլենք զարգացած աշխարհին ու միջազգային փորձին համընթաց, պետք է տարբեր ոլորտներում ակտիվորեն ներգրավենք կանանց պոտենցիալն ու ռեսուրսները, սակայն երբեք ու երբեք չստորադասենք այդ ամենին մեր հիանալի ազգային ավանդույթները։ Մենք արևմուտքից պետք է վերցնենք մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման օրինակը, բարձր գիտատեխնիկական զարգացումները, կրթության ու առողջապահության որակի բարձրացումը և այլ դրական բաներ և որքան հնարավոր է հեռու մնանք անհարկի, երբեմն գռեհկության հասնող ազատամտությունից, վարքուբարքից։ Հայ կնոջ առաքելություններից մեկը պետք է լինի նաև մեր ազգային ավանդույթների պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ։

 -Իսկ ո՞րն է հայ կնոջ գերագույն առաքելությունը Ձեր կարծիքով։

 - Ընդհանրապես ամեն մի կին իր առաքելությունն ունի` լինել լավ մայր, սատարել սիրելիին, լավ զավակ լինել ծնողների համար, ամուր պահել ընտանիքը և այլն։ Ինչու հենց “Մայրության և գեղեցկության տոն”, որովհետև հայ կնոջ գերագույն առաքելությունը ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆՆ է։ Պատմությանը հայտնի են բազում հայուհիներ, որոնք իրենց քաջությամբ, խիզախությամբ, անկոտրում կամքով ու անձնազոհությամբ կանգնել են իրենց ամուսինների կողքին, կանգնել են ի պաշտպանություն իրենց զավակների, օջախների, հայրենիքի ու պետության։ Ինչու գեղեցկության տոն, որովհետև ոչ գեղեցիկ կին չի լինում, յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի` մեկն իր գործով, մյուսը բնավորությամբ, մեկ ուրիշն արտաքինով, բարությամբ, առաքինությամբ և այլն։  Ես շատ եմ ուզում, որ հայ կինը միշտ պահպանի իր առաքինությունը։

 -Կանանց նվիրված միամսյակի շրջանակներում ի՞նչ ծրագրեր է իրականացնում կենտրոնը։

-Մենք միանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ծրագրին` կապված կանանց միամսյակի հետ, սակայն ի տարբերություն պետական բուժհաստատությունների, որոնք ստանում են պետական ֆինանսավորում և կանանց հետազոտություններն այս մեկ ամսում կատարում են անվճար, մենք այդ ընթացքում ավելի հաճախակի դարձրեցինք մեր մարզային այցելությունները և մարզերում ապրող կանանց անվճար հետազոտությունները։ 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...