17:37
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կրթելուց ու դաստիարակելուց մեծ երջանկություն գոյություն չունի.

2014-04-19 10:57

                                                                                                                        «Դե Ֆակտո» N 94 (2014թ.)


                         
                                                                                                                                                  Ռուզաննա Ալավերդյան
                                                                                                                                          
                                                                                                                                          


Ուսուցչի
վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի

Օրինակելի, կիրթ, խելացի ու կանացի... թերևս այսպես կարելի է բնորոշել Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի տնօրեն  Ռուզաննա Ալավերդյանին, ով աշխատանքին իր նվիրվածությամբ, աշակերտների հանդեպ ջերմ ու հոգատար վերաբերմունքով մեծատառերով է կրում մանկավարժի իր կոչումը։ Մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի և բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրերով և պատվոգրերով։

Ներկայացնում ենքԴե ֆակտոամսագրի հարցազրույցը Ռուզաննա Ալավերդյանի հետ։

-Տիկին Ալավերդյան, 2011 թվականից հանդիսանում եք Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի տնօրեն։ Կպատմե՞ք մինչ տնօրեն նշանակվելը ի՞նչ գործունեություն էիք իրականացնում։

-Իմ մկրտությունը ստացել եմ այս դպրոցում։ 1990 թվականից այստեղ աշխատանքի եմ ընդունվել որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, այնուհետև, երկու տարի անց, նշանակվել եմ   “հայոց լեզու և գրականություն” առարկայի մասնախմբի ղեկավար։ 1994 թվականից  ստանձնել եմ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով  փոխտնօրենի պաշտոնը։  Մասնակցել եմ բուհական ընդունելության քննություններին որպես  “հայոց լեզու և գրականություն” առարկայի ստուգող հանձնաժողովի անդամ։  2010 թվականին նշանակվել եմ  դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 2011 թվականին ընտրվել եմ  դպրոցի տնօրեն։

-Կպատմե՞ք Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի մասին։

-Դպրոցը հիմնադրվել է 1937 թվականին։  1983-84 ուումնական տարում այս հինավուրց շենքում իր կրթական գործունեությունը սկսեց նորաբաց ուսման մի դարբնոց, որը կոչվեց N182 ռուսական միջնակարգ դպրոց։ 1993 -1994 ուսումնական տարվանից դպրոցում կրթությունը իրականացվում է մայրենի լեզվով։ 1999 թվականի դեկտեմբերին դպրոցը անվանակոչվեց  20-րդ դարի նշանավոր հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Գևորգ Էմինի անվամբ։ 2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ դպրոցը վերակազմավորվեց առանձին գործող ավագ դպրոցի, և այն սկսեց կերտել իր նոր պատմությունը։ Ստեղծման օրվանից դպրոցը շարունակում է կատարել իր բարձր առաքելությունը՝ մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը, լիիրավ մարդու և պետության քաղաքացու կերտումը։ 2011 թվականին  “Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան” ՊՈԱԿ-ի և “Գ. Էմինի     անվան թիվ 182 ավագ դպրոց” ՊՈԱԿ-ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։ 2012 թվականից  դպրոցը “Դպրոց-կենտրոն” իրավաբանական անձանց միության անդամ է։ Տարեցտարի ավելանում է դպրոցում սովորել ցանկացող  աշակերտների թիվը։  Դպրոցի մանկավարժական կուռ կոլեկտիվը չի ընկրկում ժամանակի մարտահրավերների և դժվարությունների առջև, ընդհակառակը, դժվարությունները ավելի են կոփում։ Եվ օր օրի   նրանք կերտում են դպրոցի պատմությունը՝ ձգտելով միշտ դեպի վեր, դեպի նորանոր բարձունքներ՝ չբավարարվելով ձեռքբերումներով։  Վաստակաշատ     մանկավարժական կոլեկտիվը  կրթել, դաստիարակել է բազում    սաների, որոնցից  շատերը դարձել են անվանի լրագրողներ, դերասաններ, պետական գործիչներ, արվեստագետներ, զինվորականներ, բժիշկներ։ Այսօր էլ մեր աշակերտության մեջ կան շատ տաղանդավոր սովորողներ, որոնք դեռ հնչեցնելու են Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի անունը։ Դպրոցն ունի ակտիվ գործող աշակերտական և ծնողական խորհուրդներ։ Պահպանելով տարիների ավանդույթները՝ դպրոցն այսօր ստեղծում է նորը, հետաքրքիրը և ժամանակակիցը։ Դպրոցի յուրաքանչյուր օրը արարում է և իրագործում է մի պարզ իմաստություն՝ այսօրը կերտում է վաղը, այսօրվա սերմը ապագայի հունդն է։

Ուսուցիչն աճող սերնդի կրթիչն ու դաստիարակիչն է, որովհետև այսօրվա երեխաները մեր երկրի վաղվա տերն ու ապագան են։

-Երկար տարիներ զբաղվում եք մանկավարժական գործունեությամբ։ Ձեր բնորոշմամբ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը։

-Ուսուցչի գործը բարիք ստեղծելն է։ Ուսուցչի մանկավարժական գործունեությունը  պատասխանատու  է, քանի որ դրանից է կախված յուրաքանչյուր սովորողի կյանքն ու ճակատագիրը։ Անսահման սեր ու նվիրվածություն է պահանջվում ուսուցչից իր սաների հանդեպ։ Յուրաքանչյուր օր նա պետք է կյանքից, աշխարհում տրվող գիտական տեղեկություններից վերցնի նորը, հարստացնի իր իմացությունը և հասցնի իր սաներին։ Բոլոր իրավիճակներում ուսուցչին հատուկ պետք է լինի համբերատարության և զսպվածության դրսևորումը, քանի որ նա ամեն օր գործ է ունենում մեծաքանակ տարբեր անհատական և հոգեբանական առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։ Սովորողի հոգեկան աշխարհի կերտումը առաջին հերթին կախված է ուսուցչի գործունեությունից։ Իր սաների համար ուսուցիչը պետք է լինի  բարության, գթասրտության, խղճի  պարզության մարմնացում։ Ուսուցիչն է պատասխանատու աճող սերնդին կրթելու, դաստիարակելու, զարգացնելու, լավ մարդ ձևավորելու համար։ Լավ ուսուցիչ լինելու համար ինչքան կարևոր են գիտելիքները, այնքան էլ կարևոր է մանկավարժական վարպետությունը։ Այսօրվա ուսուցիչը պետք է լինի ակտիվ նորարար, միշտ հպարտ լինի իր կոչման համար և պետք է հիշի՝ ինչ ցանվում է այսօր, պտուղ է տալու վաղը։

Միասնական քննությունների առկայությունը գնալով դառնում է ավելորդ։

-Կրթական ոլորտում պարբերաբար բարեփոխումներ են իրականացվում։ Դուք՝ որպես դպրոցի տնօրեն և բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժ, ի՞նչ բացթողումներ եք նկատում այս ոլորտում։

-Հասարակական կյանքում  կատարվող  հիմնարար որակական փոփոխությունները և տեղեկատվական ինտենսիվացումը որակապես փոխել է այսօրվա սովորողին, և նա չի կարող ապրել դանդաղ ռիթմով։ Այլ են նոր սերնդի մտածողությունը, ձգտումները և գիտելիքները։ Այսօր աշակերտի համար ավելի կարևոր է ուսուցչի կողմից իրեն գիտելիք մատուցելու ձևը, մեթոդը և գերադասում են ուսուցման ավելի ակտիվ ու ինքնուրույն ձևերը։ Պարբերաբար իրականացվող բարեփոխումները միտված են բավարարելու այսօրվա սերնդի կրթական պահանջները։ Բարեփոխումների հիմնական նպատակն է բարձրացնել կրթության որակը և ստեղծել սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղություն։ Ինչպես գիտեք, ավագ դպրոցում իրականացվում է տարբերակված հոսքային  կրթություն։ Ավագ դպրոցը հանդիսանում է միջանկյալ օղակ պարտադիր հիմնական և մասնագիտական կրթության միջև և նրա առաքելությունը սովորողին  մասնագիտական կողմնորոշում տալն է։ Ավագ դպրոցը կայանում է, սակայն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ խանգարում են նրա լիարժեք կայացմանը։ Մենք ուսուցման մեր կազմակերպմամբ հետևողական ձգտում ենք հասնել ցանկալի արդյունքի, սակայն, ավանդույթի համաձայն, ծնողները վստահում են կրկնուսույցին, որպես այլընտրանք ավագ դպրոցին։ Այս կարծրատիպը կվերանա այն ժամանակ, երբ միասնական քննություններն այլևս չեն լինի։ Հոգեբանական բարդույթ կա, որ պիտի հաղթահարենք։

-Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում շատերի մոտ տեսակետ է ձևավորվել, որ այն խոչընդոտում է աշակերտների ուսմանը, քանի որ երեխաները կլանվում են համակարգչային խաղերում՝ կրթությունը մղելով երկրորդական պլան։ Դուք ի՞նչ կարծիքի եք այս մասին։

-Այսօր ավելի հաճախ լսվում է՝ երեխաներն  ամբողջությամբ տարված են համակարգչով։ Պետք է խոստովանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները որակապես փոխել են այսօրվա սովորողին. ես կասեի՝ լավ կողմով են փոխել։ Համակարգչային խաղերն սկզբնական շրջանում էին նրանց ավելի շատ հետաքրքրում։ Այսօր շատ դպրոցներ հագեցած են տեղեկատվական տեխնոլոգիաներով և դասերի մեծ մասն անցկացնում են ռեսուրս- կենտրոնում, որն էլ օգնում է դասերը վարել հետաքրքիր, նորագույն մեթոդներով։ Աշակերտն ավելի շատ նոր տեղեկություններ է ստանում, սովորում նպատակային օգտագործել համակարգիչը։ Նրանք օգնում են դպրոցում կազմակերպվող միջոցառումների և բաց դասերի համար սլայդներ պատրաստելուն, նյութեր հավաքագրելուն։ Շատ աշակերտներ ծուլանում են աշխատել դասագրքով և նախընտրում են դասագրքի էլեկտրոնային տարբերակը։ Թող աշխատեն այնպես, ինչպես իրենց հարմար է։

Ուսուցիչը պետք է լինի ապրումակցող՝ հասկանա ու կիսի երեխայի և դառնությունը և ուրախությունը։

-Ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններն ինչպե՞ս են ձևավորվում։ Արդյո՞ք դժվար չէ դրանք կառուցել ներկայիս սերնդի հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ ավագ դպրոցում ուսանում են հասունացման տարիքում գտնվող դեռահասները։

-Պատանեկան տարիքը մշտապես տարբերվում է տարիքային մյուս փուլերից միայն իրեն հատուկ կազմախոսական և հոգեբանական առանձնահատկություններով։ Այս տարիքը նաև անձի սոցիալականացման յուրահատուկ փուլ է։ Սովորաբար այս տարքի սովորողին լրջորեն մտահոգում է իր արտաքին տեսքը, նա ձգտում է ուշադրություն գրավել, դուր գալ շրջապատին և ավելի շատ կարիք ունի մարդասիրական վերաբերմունքի, հարգանքի, աջակցության։ Դեռահասությունից  պատանեկության անցման փուլում ավագ դպրոցի սովորողի համար դժվար է լինում կողմորոշվել իր համար օգտակար և վնասակար երևույթների ընտրության հարցում , եթե նա չլինի ավագ սերնդի հստակ և առողջ ուղղորդման և վերահսկողության ներքո։ Ուսուցիչը պետք է կարողանա բարեկամանալ երեխաների հետ, անսահման սեր ու նվիրվածություն ցուցաբերի նրանց նկատմամբ, հավատա, որ յուրաքանչյուր երեխա կարող է լավ մարդ դառնալ, լինի ապրումակցող նրանց և ուրախությանը և դառնությանը։ Ուսուցիչը պետք է հետևի մանկավարժական շփման կանոններին, օգնի երեխաներին իրենք իրենց ճանաչելուն, տիրապետի աշակերտների հետ ոչ պաշտոնական, ջերմ շփման ոճին, հանդես բերի զգացմունքային հավասարակշռություն։ Վերոնշյալ մանկավարժական մոտեցմամբ մեր կոլեկտիվին հաջողվել է հաստատել ջերմ շփում  ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում։

-Դպրոցն ընդգրկված է նաևԴպրոց-կենտրոնների միությունիրավաբանական անձանց  միության կազմում։ Ի՞նչ է դպրոցին տալիս այս կառույցին անդամակցումը։

-”Դպրոց-կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միությունը դպրոցների համագործակցության ցանց  է, որում ընդգրկված ուսումնական հաստատությունները հանրակրթական ոլորտի փորձարարական և նորարարական դպրոց-կենտրոններ են։ Լայն է նրա  աշխատանքների շրջանակը, ուր մշակվում և ներդրվում են բազմաթիվ ուղեցույցներ, մանկավարժամեթոդական նյութերի մշակման փաթեթներ, կազմակերպվում են հանդիպումներ։ Անդամակցելով այս  կառույցին՝ դպրոցը ակտիվ մասնակցություն է ունենում կազմակերպված միջոցառումներին, համագործակցում է միության այլ անդամ-դպրոցների հետ, որոնք նպաստում են  տարբեր առարկաների ուսուցիչների և մասնագիտական այլ խմբերի մասնագիտական կարիքների բավարարմանը։ Հավելեմ նաև, որ դպրոցը մասնակցում է նաև միության տրամադրած տարբեր դրամաշնորհային ծրագրերի։ Միաժամանակ հանդիսանում եմ միության փորձագետ-սեմինարավար։

-Տեղյակ եմ, որ Դուք հանդիսանում եք Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամ։ Կպատմե՞ք, թե ինչպես ստացվեց Ձեր անդամագրումը կառույցին և ի՞նչ գործունեություն եք այնտեղ իրականացնում։

- ՀՀԿ “Կենտրոն” տ/կ կանանց հանձնախմբի անդամ եմ 2009 թվականից։ Մասնակցում եմ հանձնախմբի կազմակերպած միջոցառումներին, որոնք ուղղված են կանանց, ընտանիքի, մայրության և մանկության բազմապիսի հիմնախնդիրների վերհանմանը և լուծմանը։

Ինձ երջանիկ կին եմ համարում, քանի որ ունեմ լիարժեք ընտանիք։

-Կպատմե՞ք, թե ինչպիսին եք Դուք դպրոցից  դուրս։ Արդյո՞ք հասցնում եք համատեղել տնային գործերը։

-Օրվա մեծ մասն անց եմ կացնում դպրոցում։ Կին ղեկավար լինելն առհասարակ հեշտ գործ չէ։ Սակայն, երբ սիրում ես աշխատանքդ ու այն կատարում սիրով և նվիրվածությամբ, և երբ ընտանիքդ քեզ աջակցում է, ապա փորձում ես ամեն ինչ հասցնել, ճիշտ բաշխել ժամանակը, միաժամանակ հասցնել հոգալ նաև ընտանիքի կարիքները։ Տանը ես առաջին հերթին մայր եմ, կին, տատիկ և աշխատում եմ այստեղ էլ ինձ արդարացնել։ Ունեմ երկու զավակ, երկուսն էլ ամուսնացած են։ Երջանիկ մայր եմ, քանի որ նրանք արդարացրել են հույսերս, ստացած կրթությամբ և դաստիարակությամբ գտել են իրենց տեղը կյանքում, լուրջ, կայացած մարդիկ են։ Չորս թոռնիկներս իմ ուրախությունն են, ամենաթանկ պարգևներն իմ կյանքում։ Իսկ միակ մարդն, ում հետ կարող եմ լիովին անկեղծանալ, կիսվել ու խորհուրդ հարցնել, ամուսինս է, ով ցանկացած պահի իմ կողքին է։

Կրթելուց ու դաստիարակելուց մեծ երջանկություն գոյություն չունի։

-Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

- Իմ ընտանիքը, որի շնորհիվ ես ինձ ավելի ամուր ու վստահ եմ զգում։ Աշխատանքային ձեռքբերումը սաներիս ու շրջապատի սերն ու հարգանքն է։ Մարդ կրթելուց ու դաստիարակելուց մեծ երջանկություն գոյություն չունի։ Երջանիկ է այն մարդը, ով ընդունակ է երջանկացնելու։

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում։

-Ամեն առավոտ ինձ հարց եմ տալիս՝ թե ի՞նչ պիտի անեմ այսօր, իսկ երեկոյան հարցնում՝ ի՞նչ արեցի։ Ցանկացած հարցի վերաբերվում եմ մեծ պատասխանատվությամբ, խստապահանջ եմ առաջին հերթին ինքս իմ հանդեպ՝ ամեն ինչում լավագույնս ինքնադրսևորվելու սկզբունքով։

-Ի՞նչ կմաղթեք բոլոր հայ կանանց։

-Մաղթում եմ, որ հայ կանանց  կյանքի յուրաքանչյուր օրը լինի գարնանային օրվա պես պայծառ ու արևոտ, ուրախ տրամադրությունը, անսահման սերն ու երջանկությունը ուղեկից լինեն նրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Գնահատեն այն, ինչ ունեն, սիրեն և լինեն սիրված։

Հարցազրույցը՝  Լուսինե Հովհաննիսյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...