02:29
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հրանտ Դավթյան

2014-04-16 10:29

                                                                                                                                        «Դե Ֆակտո» N 94 (2014թ.)


“Դե Ֆակտո” ամսագրի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանը։ Թե ինչ է հասցրել անել պատգամավորը 2012-ից ի վեր, ինչ գործունեություն է ծավալել նախքան պատգամավոր ընտրվելը, կպարզենք նրա հետ զրույցում։

 

-Պարոն Դավթյան, երկար տարիներ զբաղվել եք գործարարությամբ, ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել քաղաքական դաշտ։

 -1995թ. ավարտել եմ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելիորացիայի ֆակուլտետը, ճարտարագետ-հիդրոտեխնիկ մասնագիտությամբ, 1995-2001թթ. զբաղվել եմ մասնավոր գործունեությամբ։ 2001 թվականից  “Գրանտ-գրուպ” իրավաբանական անձանց միության նախագահն եմ։ Տարբեր ոլորտներում եմ աշխատել, զբաղվել եմ գործարարությամբ, բազմաթիվ բարեգործական ծրագրեր եմ նախաձեռնել և իրականացրել։ Վերջերս էլ հաշվի առնելով տարիների կուտակած իմ փորձառությունը, հնարավորություններն ու ցանկությունը հանրօգուտ գործունեություն ծավալելու, որոշեցի մտնել քաղաքական դաշտ։

-Ինչո՞ւ հենցԲարգավաճ Հայաստանկուսակցություն։

 -Այո, հենց “Բարգավաճ Հայաստան” կուսակցություն, քանի որ այս կուսակցության քաղաքական ուղին, գաղափարախոսությունն ու տեսլականը լիովին համապատասխանում են երկրի ու հասարակության զարգացման վերաբերյալ ունեցած իմ սեփական մոտեցումներին։ Ուստի և 2011-ին պաշտոնապես անդամագրվել եմ ԲՀԿ-ին, իսկ 2012-ի մայիսի 6-ի ընտրություններում համամասնական ընտրակարգով ԲՀԿ ցուցակով ընտրվել եմ ԱԺ պատգամավոր։

Ուզում եմ նաև ընդգծել, որ նախկինում ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, քաղաքական ոչ մի հոսանքի չեմ հարել, ես կայուն մարդ եմ, յուրաքանչյուր որոշումս լուրջ ծանրութեթև անելու, վերլուծելու արդյունքում եմ ընդունում, այնպես որ ընտրությունս ամենևին պատահական կամ ինքնանպատակ չի եղել։

 

Այս խորհրդարանը շատ ավելի բաց է կարծիքների, քննարկուների և բանավեճերի համար

-Թեև պատգամավորական գործունեության Ձեր առաջին փորձն է, այնուամենայնիվ, կխնդրեի գնահատել 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը և համեմատել այն նախորդի հետ։

 -Արդեն մեկուկես տարի է, ինչ օրենսդիրում եմ։ 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը բավականին բարձր եմ գնահատում, քանի որ այս խորհրդարանը շատ ավելի բաց է կարծիքների, քննարկումների, բանավեճերի համար, քան նախորդները։ Բոլոր հանձնաժողովներն աշխատում են բավականին ակտիվորեն։ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն իր ակտիվ ու գործուն դերն ունի ԱԺ-ում։ Մեր առանձին պատգամավորներ տարբեր հանձնաժողովների կազմերում ևս բավականին  ակտիվ են և նախաձեռնող։

-Իսկ ի՞նչ կասեք Ձեր մասին` իբրև պատգամավորի։

-Գիտեմ, դուք` լրագրողներդ, ինձ անվանում եք “չխոսկան” պատգամավոր։ /ժպտում է/ Այո, ես գուցե շատ չեմ խոսում, այլոց նման ամպագոռգոռ հայտարարություններ չեմ անում, հանրային ելույթներ չեմ ունենում, սակայն բարեխղճորեն և պարտաճանաչ կերպով կատարում եմ իմ աշխատանքը։ Ընդգրկված եմ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով մշտական հանձնաժողովի կազմում, որի շրջանակներում ևս ծավալում եմ համապատասխան գործունեություն։ Ինքս բնակվելով գյուղական վայրում` մայրաքաղաքից հեռու, քաջատեղյակ և մտահոգված լինելով հեռավոր շրջանների բնակչության խնդիրներով, շատ եմ կարևորում հանձնաժողովի դերը ԱԺ-ում, քանի որ մեր կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի  ՏԻՄ ինստիտուտների զարգացումը, ՀՀ մարզերի և գյուղական համայնքների, հատկապես սահմանամերձ գյուղերի համաչափ զարգացումը։ Անձամբ ես և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը շատ ենք կարևորում երկրի համաչափ զարգացման անհրաժեշտությունը, մայրաքաղաքից դուրս` մարզերում ու հեռավոր գյուղերում կյանքի որակի, առողջապահության և այլ սոցիալական խնդիրների բարելավման անհրաժեշտությունը, և մեր գործունեությունն ու նախաձեռնություններն ուղղված են հենց այդ խնդիրների կարգավորմանն ու լուծմանը նպաստող օրենքների ընդունմանը։

-Պարոն Դավթյան, Դուք ներկայացնում եք Էջմիածնի տարածաշրջանը։ Ինչպիսի՞ն է կապը տարածաշրջանի բնակչության հետ, ի՞նչ առաջնային խնդիրներ կան այս պահին Էջմիածնի տարածաշրջանում։

-Էջմիածնում ունենք գործող գրասենյակ, որտեղ աշխատանքները համակարգում է  Ազգային Ժողովի իմ օգնական (խորհրդական) Սամվել Մելքոնյանը։ Մեր գրասենյակի դռները միշտ բաց են բնակիչների առաջ, գրեթե ամեն օր մեզ դիմում են ամենատարբեր հարցերով։ Գյուղացին այսօր հոգսաշատ է։ Գրասենյակի աշխատանքների հիմնական նպատակը ընտրողների, կուսակցության անդամների և Էջմիածին քաղաքի հարակից գյուղերի բնակիչների հետ պարբերաբար հանդիպումերն են։ Այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են մի շարք հարցեր և խնդիրներ, որոնք բազմազան են և բազմաշերտ` առնչվելով սոցիալ-տնտեսական, զբաղվածության, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտներին։ Մեր գրասենյակը մշտապես կապի մեջ է բնակչության հետ, լսում և կիսում է նրանց հուզող բոլոր հարցերն ու խնդիրները, փորձում հնարավորինս աջակցել այդ հարցերում։ Մենք պարբերաբար աջակցում ենք անապահով ընտանիքներին, ամանորյա տոների նախաշեմին բնակչությանը հատկացվել են տոնական փաթեթներ, աջակցում ենք նաև երիտասարդությանը, ուսանողներին, իսկ ամեն տարի մարտի 8-ին` արդեն ավանդույթ դարձած, մեծ և շքեղ միջոցառում է կազմակերպվում։

-Պարոն Դավթյան, Էջմիածնի քաղաքապետարանի կողմից Դուք արժանացել եքԷջմիածնի բարեկամկոչմանը։ Հետաքրքիր է իմանալ` ինչի՞ համար։

-Այո, 2009-ին արժանացա Էջմիածնի բարեկամկոչմանը Էջմիածին քաղաքի ու նրա բնակիչների համար մի շարք բարեգործական և հանրօգուտ աշխատանքներ իրականացնելու համար։  Սա չափազանց ուրախալի և միևնույն ժամանակ պարտավորեցնող կոչում է ինձ համար, այն ինձ ավելի հարազատ ու սրտամոտ դարձրեց մեր քաղաքին ու տարածաշրջանին։ Սա քաղաքին ծառայելու իմ երկարամյա տարիների աշխատանքի արդյունքն է։

-Վերջերս տեղի ունեցավ ԲՀԿ համագումարը։ Ի՞նչ գլխավոր հարցեր բարձրացվեցին համագումարի ընթացքում և ի՞նչ խնդիր դրվեց ԲՀԿ-ական գործչի առջև այդ հարցերը լուծելու համար։

 -Համագումարը վեր հանեց արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները, գնահատական տրվեց ՀՀ կառավարության գործունեությանը, քննադատվեց երկրի սոցիալ- տնտեսական վիճակը, ուղիներ նախանշվեցին այդ վիճակից դուրս գալու համար։ Դե’, իսկ ԲՀԿ-ի խոսքը գործ է, և դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել է կյանքում։ ԲՀԿ-ն կատարում է իր բոլոր խոստումերը, մեր կուսակցությունը ժողովրդի կողքին է ցանկացած հարցերում և իրավիճակում։

-Անդրադառնանք նաև այս շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած հարցին` Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Մաքսային միությանը։ Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այս մասին։

-Մաքսային միությունը` որպես այդպիսին, ինձ համար դեռևս մութ և անորոշ կառույց է, ժամանակը ցույց կտա, թե որքանով է այդ միությանն անդամակցությունը նպատակահարմար և արդյունավետ մեր երկրի համար։ Այս պահին տարբեր հանձնաժողովներ աշխատում են այդ ուղղությամբ, մնում է հուսալ, որ ելքը բարի է լինելու. ինձ համար անձամբ լավ է այն ամենն, ինչը լավ է մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Իսկ ինչ վերաբերում է միասնական տնտեսական գոտի ստեղծելու գաղափարին, ապա տեսականորեն այն լավ միտք է, մնում է գործնական կիրառումը բխի մեր երկրի շահերից։

 -Պարո’ն Դավթյան, բավականին խիտ գրաֆիկով եք աշխատում` Ազգային ժողով, կուսակցություն, տեղական գրասենյակ. Իսկ ընտանիքի համար ժամանակ մնո՞ւմ է։

-Ճիշտ եք` բավականին զբաղված եմ լինում ողջ օրվա ընթացքում, սակայն ընտանիքիս համար ժամանակ անպայման գտնում եմ։ Ունեմ մեկ որդի, մեկ դուստր, երկու հրաշք թոռնիկներ, որոնք իմ երջանկությունն են։ որքան էլ հոգնած կամ բարկացած լինեմ օրվա ընթացքում, հենց թոռնիկներիս գրկում եմ, ամեն ինչ մոռանում եմ։ /Ժպտում է/։

 -Պարո’ն Դավթյան, քանի որ մեկ ամբողջ ամիս մեր երկրում տոն է` մայրության ու գեղեցկության տոն` մեկամսյակ, Դուք ի՞նչ կմաղթեք մեր կանանց։

-Ես ուզում եմ հայտնի դասականի խոսքերը մեջբերել. “Ազգի ապագան մոր ձեռքերում է”։ Սիրենք ու գնահատենք հայ կնոջը, հայ մորը, ով մեր ապագա զինվորի, ապագա մոր ու ուսուցչի ծնողը, սնողն ու դաստիարակողն է։ Շնորհավորում եմ բոլոր կանանց և թող որ ոչ թե մեկ ամիս, այլ ողջ տարին, յուրաքանչյուր օր հայ կինն իրեն գնահատված, սիրված ու ապահով զգա։

 

 

       

 





Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...