00:57
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սխրագործները պետք են արևի պես

2014-04-15 12:23

                                                                                                              «Դե Ֆակտո» N 94 (2014թ.)

 

Եթե բժշկական ինստիտուտի շրջանավարտի մեջ կա աստվածատուր “շնորհառատ բժշկողի”(Հոմերոս) կայծը, նշանակում է ինչ-որ բան էլ կա Հիպոկրատից, Հերացուց, Պիրոգովից, Դեբեյկայից… Բարեբախտաբար ցանկը կարելի է շարունակել։ Եվ չէ՞ որ կյանքը ցույց է տվել, որ նրանց բոլորին միավորում է  ոչ միայն նեղ մասնագետի, այլև առողջապահության կազմակերպչի տաղանդը։ Եվ այդ հիրավի սրբազան ցանկում ես գործի իմացությամբ, համարձակորեն կընդգրկեի նաև բժիշկ Մուրադյանին։ Ընդգծեմ, որ բոլորը՝ մեծից փոքր նրան հարգալից ու ջերմագին անվանում են Լիդիա Կարպովնա։ Այստեղ ես ցանկանում եմ կատարել մեկ, թերևս ոչ քնարական, ինչպես ընդունված է ասել, այլ դրամատիկական շեղում։ Չգիտես ինչու մեր ծանոթության առաջին իսկ օրը(իսկ դա վաղուց էր) ես գուշակեցի, որ նա բոլորովին էլ Կարպովնա չէ։ Չսխալվեցի և նրանում, որ Լիդայի հորը կոչում էին Կարապետ։ Իմացա, որ նրա հայրը՝ Կարապետ Մուրադյանը եղել է դաշնակցական։ Զարմանալի է այն, որ ՊԱԿ-ի աշխատակիցները բավական ճշգրիտ “հաշվարկել” էին դա, ծանոթանալով նրա բանաստեղծություններին։ Երբ Կարապետ Մուրադյանին ձերբակալեցին, այրեցին նրա բոլոր բանաստեղծությունները, մինչև վերջին տողը։ Անմոռանալի Սիլվա Կապուտիկյանի նման, Լիդան էլ ծնվել էր հոր սպանության տարում։ Եվ, այ քեզ համընկնում. երկուսի հայրերն էլ ակտիվ դաշնակցականներ էին։ Խոստովանեմ, նրանք հոգուս շատ թանկ են, բացի ամենայնից, և այն պատճառով, որ հորս սպանությունից վաթսունվեց տարի անց ես Կոմի Հանրապետության արխիվներից իմացա, որ իմ հայրը ոչ միայն “նացիոնալիստ” և “տրոցկիստ”  էր, այլև դաշնակցական։ Եվ ես, ինչպես Սիլվան, ինչպես Լիդան, հպարտանում եմ դրանով։ Այնպես որ, երկուսն էլ ինձ համար քույրերի պես են։

…Լիդան դեռևս դպրոցում երազում էր դառնալ մանկական բժիշկ։ Ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը, նա անցավ բժշկի կայացման բոլոր փուլերով. պոլիկլինիկա, տեղամասային բժիշկ, հիվանդանոց, օրդինատոր, մանկական բաժանմունքի ղեկավար, մանկական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Մի խոսքով, նա մանրազնին նախապատրաստվում էր իրագործելու իր գլխավոր երազանքը. պետք է հասնել նրան, որ բժիշկը բուժի ոչ թե միայն իր հիվանդին, այլ բոլոր տառապողներին։ Թվում է, շատ բարձրագոչ և նույնիսկ անհավանական բանաձև է, բայց բավական է հետևել փորձառու կլինիցիստի և առողջապահության տաղանդավոր կազմակերպչի քայլերին, որպեսզի համոզվես, որ նա իրատես է։ Նա հասավ նրան, որ 1993 թվականին մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցը վերագործարկվի որպես “Նորք-Մարաշ” սրտաբանական կենտրոն։ Հարցազրույցներից մեկում արդեն մասնագիտացված բժշկական կենտրոնի ղեկավարը խոստովանել է, որ իր գործընկերների հետ դժոխային ճանապարհ է անցել, որ պայմանները ծանր էին, ընթանում էր արցախյան պատերազմը, չէր բավականացնում շինանյութը, չկային դրամական միջոցներ, բայց կային սրտի արատ ունեցող բազմաթիվ երեխաներ։ Այդ պայմաններում դժվար էր իրագործել իր վաղեմի երազանքը՝ կազմակերպել մի ամբողջ սրտաբանական համալիր, որտեղ պետք է ներառվեին առանց բացառության բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումները՝ վիրահատարաններ, լաբորատորիաներ, զոնդավորում, թերապիա, վերակենդանացման, հետվիրահատական ծառայության բաժանմունքներ և շատ այլ բաներ։

Լիդա Կարպովնայի, և պետք է ասել՝ մեր ժողովրդի բախտը բերեց։ Հենց այդ բարդ ժամանակներում Հայաստան եկավ ականավոր սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, որը պարզապես պաշտում էր կենտրոնի տաղանդավոր ղեկավար Լիդա Մուրադյանին։ Իմ սրտի երկրորդ վիրահատությունը կատարել է Հրայրը։ Դրանից հետո մենք բարեկամացանք։ Եվ ահա թե ինչ ասաց նա Լիդա Կարպովնայի մասին. “Աստվածատուր բժիշկ է և առողջապահության կազմակերպիչ։ Ողջ ազգային սրտաբանական մարտավարությունը նա հանգեցնում է նրան, որ ոչ միայն ներդաշնակ աշխատեն բոլոր ծառայությունները, այլև աճեցվեն նորանոր գործուն, բարձրակարգ սրտավիրաբույժներ։ Դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ և մեծահասակներ վիրահատվեն, այսինքն, որպեսզի իրոք իրագործի իր երազանքը՝ փրկել բոլորին, աշխատեցնել բոլոր տառապողների սրտերը։ Թե ինչպես էր նա անում դա, ես չգիտեմ։ Երևի հրաշագործուհի է։ Նրա ներկայությամբ ես հանգիստ էի։ Բացի վիրահատությունից, գործնականում ուրիշ ոչ մի բանով չէի զբաղվում, գիտենալով, որ բոլոր խնդիրները կլուծի Լիդան։ Եվ մի քանի տարի անց արդեն երևան եկան նոր, բավական խոշոր վիրաբույժներ։ Շատ բանի մասին է վկայում և այն փաստը, որ երբ ինձ էր պետք սրտի վիրահատության պառկել սեղանին, ես չգնացի Ամերիկա։ Ինձ վիրահատեց իմ աշակերտ Վիլեն Մանուկյանը։ Գիշեր ու ցերեկ շարունակվող աշխատանքի ընթացքում մենք չէինք մտածում այն մասին, որ այդ կինը պարզապես սխրանք է գործում”։ Իսկ չէ՞ որ այս գնահատականը տալիս է համաշխարհային մասշտաբի ականավոր սրտավիրաբույժ, որն ընդգծեց՝ Լիդա Մուրադյանի երազանքն արդեն իսկ իրագործվել է միայն այն պատճառով, որ ներկայումս կենտրոնում ամեն տարի անցկացվում են սրտի մոտ հազար վիրահատություն։

Եվ իրոք, դժվար է չհամաձայնվել սրտիս թանկ Հրայր Հովակիմյանի հետ։ Համամիտ եմ, խոսքն իրոք սխրանքի մասին է, որին նա գնում էր երկար տարիներ։ “Բուժել ոչ թե մեկին, այլ բոլորին, բոլորին”։ Սա իսկական սխրագործողի կոչ է։ Դեռ մեծ գրող, տաղանդավոր բժիշկ Ա.Պ.Չեխովն է ասել. “Սխրագործները պետք են արևի պես”։

Լիդա Կարապետի Մուրադյանի նման մեր հայրենակիցներն իրոք  արևի պես պետք են։

 

Զորի ԲԱԼԱՅԱՆ

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...