05:40
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՑՈՆԳԱՆ ՈՒ ԱԼԻՆ` ՄԵԿ ՄԱՐԴ ԿՈՐՏՈՒՄ

2013-10-04 11:07

Sport Դե Ֆակտո 08/2013          

Թենիսի համաշխարհային դասակարգման ցուցակում վերջին տարիներին ընդգծվել են առաջատար այն մարզիկները, ովքեր պայքար են մղում ներկայացուցչական յուրաքանչյուր մրցաշարում ևհատկապես «Մեծ սաղավարտի» մրցումներում։ Իհարկե, Նովակ Ջոկովիչը, Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը ևԷնդի Մարեյը որոշակիորեն առանձնանում են մյուսներից։ Սակայն կա թենիսիստների մի խումբ, ովքեր կարծես թե առաջատար մարզիկներ չեն, սակայն ի զորու են պայքարելու յուրաքանչյուր մրցակցի հետ։ Նման թենիսիստների շարքում միանշանակ կարելի է տեսնել ֆրանսիացի Ժո Ուիլֆրեդ Ցոնգային։ Արդեն երկար տարիներ է, ինչ Ցոնգան, մասնակցելով բարձր կարգի բոլոր մրցաշարերում, հավակնում է բարձր տեղերի, սակայն միշտ չէ, որ նրան հաջողվում է հասնել վերջնական հաղթանակին։ Այն, որ մարզիկը օժտված է թենիսիստին բնորոշ տաղանդով, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, բայց համարյա միշտ էլ ֆրանսիացուն չի հաջողվում վճռորոշ խաղերում առավելության հասնել լավագույն քառյակի թենիսիստների նկատմամբ։ Միգուցե սպորտային բախտը չի ժպտում թենիսիստին, միգուցե նա պարզապես չի կարողանում կենտրոնանալ դասակարգման ցուցակում իրենից բարձր տեղեր զբաղեցնող թենիսիստների հետ խաղում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ էլ նշենք, որ Ցոնգայի նկատմամաբ հաղթանակի հասնելու համար յուրաքանչյուր թենիսիստ պետք է խաղա իր ուժերի առավելագույն սահմաններում, հակառակ դեպքում Ժո Ուիլֆրեդին հաղթել ուղղակի հնարավոր չէ։

Արմատներով Ցոնգան Կոնգոյից է։ Համենայնդեպս, նրա հայրը Դիդյո Ուիլֆրեդ Ցոնգան Կոնգոյից է։ Բայց ծնվելով ու մեծանալով Ֆրանսիայում` Ցոնգան մարզական լրիվ այլ կարգի պատրաստականություն է ստացել, քան իր հայրը, ով ժամանակին զբաղվել է ձեռքի գնդակով։ Ընդհանրապես Ցոնգայի ընտանիքը մարզական է, քանի որ նրա եղբայրը՝ Էնցո ՈՒիլֆրիդ Ցոնգան էլ բասկետբոլիստ է, իսկ զարմիկը` Շառլ Նզոգբիան, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Յոթ տարեկանից զբաղվելով թենիսով` 2003 թվականին Ցոնգան հասել է իր առաջին մեծ հաջողությանը։ 2003 թվականին ֆրանսիացին հաղթեց US Open-ի պատանեկան մրցաշարում՝ շատ լուրջ հայտ ներկայացնելով հաջորդող մրցումներում հաղթող դառնալու համար։ Մեկ տարի անց ATP կարգի մրցումներում իսպանացի հայտնի թենիսիստ Կառլոս Մոյայի նկատմամաբ հաղթանակը ապացուցեց, որ համաշխարհային թենիսում նոր աստղ է ծագում։ Իր հզոր մատուցումը, որը ցուցադրեց Ցոնգան 2004 թվականին Փարիզի Մասթերս մրցաշարում, ցույց տվեց, որ Ցոնգան արագ թենիսի կողմնակից է։ Գնդակը նրա մատուցումից հետո ընթացավ 234 կմ/ժ արագությամբ։ Բայց հետագայում ու մասնավորապես` մինչև2008 թվականը, ֆրանսիացին չկարողացավ ամրապնդել իր դիրքը պրոֆեսիոնալ թենիսում։ Պատճառը տարբեր կարգի վնասվածքներն էին։ Հենց այս խոչընդոտը մինչև օրս էլ հետապնդում է Ցոնգային։ Երբ նա արդեն հայտնվում է լավ մարզավիճակում, սկսում է հաղթել ու կարծես թե արդեն շատ մոտ է նաևհզոր մրցակիցների նկատմամբ հաղթանակին, ֆրանսիացին վնասվածքի պատճառով ստիպված է լինում բաց թողնել մեկ կամ մի քանի մրցաշարեր, ինչն էլ բերում է մարզավիճակի կորստին, ու հաջողությունը նորից հեռանում է Ցոնգայից։ Տեխնիկական առումով Ժո Ուիլֆրեդը տիրապետում է ժամանակակից թենիսին բնորոշ բոլոր հնարքներին։ Լինելով աջլիկ` Ցոնգան բեք հենդը իրացնում է երկու ձեռքերով։ Խաղերի ժամանակ հզոր մատուցում իրացնելուց հետո շատ անակնկալ կերպով կարող է անցնել նաևկարճեցված հարվածին։ Ընդհանրապես, իր խաղերի ժամանակ նա շատ հաճախ է փոխում իր մարտավարությունը։ Բնական է, որ այս ամենը նա անում է` նաևհաշվի առնելով իր մրցակցի խաղը։ Ֆրանսիացու թույլ կողմերից մեկն էլ կարելի է համարել նրա էմոցիոնալ լինելը։ Ֆեդերերի կամ Մարեյի նման նա չի կարողանում ղեկավարել իր էմոցիաները ու այդ պատճառով էլ ձախողում է այնպիսի խաղարկություններ, որոնցում պարզապես պարտավոր է հաղթելու վիճարկվող միավորը։ Հետաքրքիր է նաև ևս մեկ հանգամանք. Ցոնգան չի սիրում խաղը վարել հետին գծի վրա` հիմնվելով արագ, ցանցին երբեմն մոտ խաղով, որոնք ուղղորդվում են հզոր հարվածներով։ Նրա ուժային խաղի ևհզոր արտաքինի պատճառով Ցոնգային շնորհվել է Ալի մականունը։ Եթե ուշադիր նայեք Ցոնգային, ապա կտեսնեք, որ, իրոք, նա շատ նման է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին, ընդ որում, ոչ միայն արտաքինով, այլ նաևուժեղ հարվածներով։ Իսկ ահա նվաճումներով Ցոնգան առայժմ չի կարող հավասարվել Ալիին։ «Մեծ սաղավարտի» մրցումներում ամենամեծ հաջողությունը Ցոնգայի համար եղել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչը 2008 թվականին։ Քառորդ եզրափակչում առավելության հասնելով ֆին Յարկո Նիեմենենի նկատմամբ` Ցոնգան կարողացավ կիսաեզրափակչում բացահայտ հաղթանակի հասնել Ռաֆայել Նադալի նկատմամբ՝ 6։2, 6։3, 6։2 հաշվով։ Սակայն եզրափակչում նա պարտվեց Նովակ Ջոկովիչին։ «Մեծ սաղավարտի» մրցումներում վերջնական հաղթանակին Ցոնգան շատ մոտ էր նաև2011 և2012 թվականներին, երբ ֆրանսիացին հասավ «ՈՒիմբլդոնի» կիսաեզրափակիչ։ 2011 թվականին Ժոն իրոք շատ լավ մարզավիճակ էր ձեռք բերել ու քառորդ եզրափակչում 0։2 հաշվով պարտվելով Ռոջեր Ֆեդերերին` կամային բարձր հատկանիշներ դրսևորեց ու հաղթեց հետագա երեք սեթերում, ինչպես նաևխաղում։ Սակայն այդ ծանր հանդիպումը իր ազդեցությունն ունեցավ ֆրանսիացու վրա կիսաեզրափակչում, որտեղ նրա մրցակիցն էր Նովակ Ջոկովիչը։ Այստեղ արդեն Ցոնգան պարտվեց 1։3 հաշվով։ Հաջորդ տարի Ցոնգան կիսաեզրափակչում նույն հաշվով պարտվեց Էնդի Մարեյին։

Ինչևէ, ֆրանսիացին արդեն իսկ մարզական լավ ճանապարհ է անցել թենիսում, սակայն անկայուն ելույթները նրան պարզապես զրկել են սպորտային աշխարհում առաջին մեծության աստղ դառնալու հնարավորությունից։ Վնասվածքներից բացի` մեծ հաջողությունների հասնելու գործում, կարծում եմ, նրան խանգարող հանգամանքներից մեկն է նաևհոգեբանական պատրաստականությունը։ Եղել են շատ հանդիպումներ, որոնցում ընդամենը մեկ միավորի խաղարկման ձախողումը դարձել է պատճառ ընդհանուր պարտության ևհակառակը` հաղթելով մեկ բարդ խաղարկման ժամանակ` նա շահել է հանդիպումը։ Իր մարզական կարիերայի ամենաբարձր ցուցանիշին համաշխարհային դասակարգման ցուցակում Ցոնգան հասել է 2012 թվականի փետրվարին, երբ նա հինգերորդն էր։ Իսկ ներկայումս նա ուժեղագույն թենիսիստների ցուցակում ութերորդն է` իր անվան դիմաց առայժմ ունենալով տասը հաղթանակ մասթերս կարգի մրցումներում։ Չմոռանանք նաևնշել, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում Ցոնգան զուգախաղերում Միշել Լոդրայի հետ դարձել է արծաթե մեդալակիր։ Այս տարվա ապրիլի 17-ին Ժո Ուիլֆրեդը տոնեց իր 28-ամյակը։ Իհարկե մեծ հաջողությունների հասնելու համար բաց է թողնվել ուժերի ծաղկուն շրջանը, որ թենիսում անհամեմատ երիտասարդ տարիքն է համարվում։ Բայց այս տարիքում էլ շատ թենիսիստներ հասել են հաջողության, այնպես որ, միգուցե Ալի մականունով Ցոնգան, կկարողանա վերադասավորել իր ուժերը ու վերջապես հասնել բաղձալի հաղթանակին «Մեծ Սաղավարտի» մրցումներից մեկում։

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...