11:16
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏՂԱՄԱՐԴԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԳԵՂԵՑԻԿ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԷԱԿ Է

2013-07-12 11:00

«Դե Ֆակտո»  5 (2007թ.)

«Ինչ լավ զույգ ենք, մաշնես ու ես…», սրանք բառեր են ժամանակակից հայկական էստրադային մի երգից, որը կատարում է հայ երիտասարդ տղաների մի խումբ։ Չգիտեմ` զարմացրեցի՞ն ձեզ այս բառերը, թե՞ ծանոթ էիք արդեն ու հասցրել էիք զարմանալ, հուզեցի՞ն ու ալեկոծեցին ձեր հոգին, թե՞ սարսափելի զայրույթ առաջացրեցին։ Միգուցե հավանե՞լ եք և կարծում եք, որ տղաներն իրենց երգով և մտածողությամբ նոր շունչ են հաղորդում։ Արդյո՞ք մտածել եք, թե ինչու են այս` արտաքինից առողջ թվացող ու, կարծես թե, առանց շեղումների երիտասարդները իրենց միակ ու անկրկնելի, հավատարիմ ու գեղեցիկ զույգ համարում ՄԵՔԵՆԱՆ։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա մեզ համար, երբ անդրադառնանք հայտնի հոգեբան Կ. Գ. Յունգին, բայց դրա մասին մի փոքր ուշ։

Բոլորիս էլ հուզում է այսօրվա մեր հասարակության կյանքը, մարդկային հարաբերությունները, իսկ ավելի կոնկրետ` կին և տղամարդ առնչությունները, դրա հետ կապված արժեքներն ու համակարգը։ Եվ այն հարցերը, որոնք կշոշափենք, որոնց մասին կխորհենք, փորձենք հասկանալ, չքննադատել, չբաժանել երևույթները լավի ու վատի։

Ես 23 տարեկան եմ, այսօրվա երիտասարդության մի մասնիկն եմ, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ շատ երևույթներ ինձ սարսափեցնում են։ Ամենասարսափելին ինձ համար հիմա այն է, որ զգում եմ, թե ինչպես են ամենավեհ ու գեղեցիկ երևույթները երկրաչափական պրոգրեսիայով մակերեսանում։ Մակերեսային է դարձել ամենավեհ զգացմունքը` սերը կնոջ և տղամարդու միջև, կարծես պակասել է պարզությունն ու անմիջականությունը, անկեղծությունն ու փոխադարձ վստահությունը։ Պակասել է այն ռոմանտիզմը, որին, եկեք անկեղծ լինենք և ասենք, կարոտ ենք բոլորս։ Երիտասարդներից շատերի կողմից ճիշտ չեն գնահատվում բարոյական արժեքները։ Ցավալի է, որ շատ հաճախ աղջիկներն իրենց սերը տղամարդու նկատմամբ չափում են վերջինիս դրամապանակի հաստությամբ, մեքենայի արժեքով կամ մոդելով, այնպիսի երկրորդային արժեքներով, որոնք անհրաժեշտ են, բայց ոչ առաջնային։ Եվ ցավալի է, որ տղամարդկանցից ոմանք հաճախ դիտում են կնոջը որպես միայն որոշակի պահանջմունքների բավարարման օբյեկտ, այլ ոչ թե անհատ` իր ինքնատիպությամբ և առանձնահատկություններով։ Կինը նույնպիսի գեղեցիկ աստվածային էակ է, ինչպիսին հենց իրենք են` տղամարդիկ։ Կնոջ և տղամարդու կապը նման է հզոր, գեղեցիկ ու աննման մի հյուլեի այս մեծ տիեզերքում։ Դա մի ամբողջություն է, որն իրարից անջատ դիտելը, գնահատելն ու հասկանալը ուղղակի անմտություն կլինի։ Փոխլրացման սկզբունքով է ստեղծվում կնոջ և տղամարդու կապը։ Եվ եթե այսօր սեռերի միջև մեր հարաբերություններում որևէ բան տհաճ է, դուր չի գալիս մեզ, փորձենք հասկանալ, սխալը առաջին հերթին գտնենք ինքներս մեր մեջ և գիտակցենք, որ մեր հարաբերություններում հակառակ սեռի հետ ամեն ինչ փոխկապակցված է, ունի պատճառ և հետևանք։ Իհարկե, հոռետես չլինենք և նշենք, որ վերը նշվածները համընդհանուր բնույթ չեն կրում, այնուամենայնիվ, դրանց առկայությունն արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս։

Ես հուսով եմ, որ կգա այն ժամանակը, երբ մեր հայ տղաները կսովորեն գեղեցիկ վարվելաձևի, գեղեցիկ և հաճելի կոմպլիմենտներ անելու արվեստը հմայիչ աղջկան, կսովորեն հարգել կնոջը անկախ նրանից` ինչպիսին է նրա ընտրած կյանքի ուղին կամ ինչպիսի հայացքների տեր է նա։ Մեր աղջիկները թող փորձեն ցանկացած պարագայում չկորցնել իրենց կանացիությունը բառի լայն իմաստով, միշտ լինեն վեհ,  արժանապատվության և ինքնավստահության բարձր զգացումով լի։ Ի վերջո, աղջիկնե՛ր, չմոռանանք, որ շատ անգամ մեզանով է պայմանավորված, թե որքանով է տղամարդն իրեն տղամարդ զգում մեր կողքին։

Կնոջ և տղամարդու կապը շատ փխրուն է և կարծես ընթանում է ածելիի նուրբ սայրի վրայով, մի թեթև տատանումը, մի փոքր քայլը բավական է հարմոնիան խախտելու համար։ Իսկ այդ հարմոնիան ենթադրում է շատ մեծ պատասխանատվության զգացում կնոջ և տղամարդու միջև. պատասխանատվություն, որի պակասն այսօր հանգեցնում է անառողջ հարաբերությունների։ Իզուր չեն Էկզյուպերիի «Փոքրիկ իշխան» պատմվածքի հետևյալ բառերը խորը հետք թողել իմ հոգում. «Մենք պատասխանատու ենք նրանց առջև, ում ընտելացնում ենք մեզ…»։

Մարդկային հարաբերություններում շատ են հարցականները, բազմաթիվ են քողարկված երևույթները։ Հոգեկան ապրումներն ու վիճակները շատ անգամ քողարկվում են անտրամաբանական ստերեոտիպերով, մտքերով և արարքներով։ Շատերս ենք ականատես, թե ինչպես է այսօրվա կյանքում հոգեկան դատարկությունը շղարշվում, լրացվում նյութական արժեքներով, ինչպես է առողջ հարաբերությունների անկարող մարդը զարտուղիներով կոմպենսացնում իր հոգեկանի դատարկությունը։

Այդ իսկ պատճառով վերը նշված երգի բառերն ինձ դրդեցին խորհելու այս ամենի շուրջ։ Երգում, որպես տղայի սիրելի զույգ, նշվում է անշունչ մեքենան, որին նա նվիրում է իր ժամանակը, ուշադիր վերաբերմունքը և, ի վերջո, այս նշված սերենադը։ Սակայն տղաների մտքով անգամ չի անցնում, որ պատահական չէ նրանց և, ընդհանրապես տղամարդկանց մեծ զանգվածի, նման սերը մեքենայի հանդեպ։ Ըստ հայտնի հոգեբան Յունգի տեսության` մարդու հոգեկանում մեքենայի արխետիպը ունի կանացի սկիզբ։ Պարզաբանեմ… Արխետիպերը հոգեկանի անպայմանական և արժեքաբանորեն չեզոք այն միավորներն են, որոնք խթան են հանդիսանում տարբեր ազգերի մշակույթներում և տարբեր ժամանակներում ի հայտ եկող կերպարների և մտածողության համար, որոնց ներկայությունը կապված է հուզական հզոր լիցքի հետ։ Արխետիպերն ընդհանրապես ենթական չեն փոփոխության և երկրե-երկիր, մայրցամաքից մայրցամաք, վաղուց վերացած ազգերի և երիտասարդ ժողովուրդների մոտ, անկախ մաշկի գույնից և կառուցվածքից, կրկնում են միևնույն ձևերը, միևնույն բովանդակությունը։ Կան, օրինակ, հոր և մոր արխետիպեր, որոնք իրենց մեջ ունեն հայրական և մայրական սկիզբ. արևը, կրակը, հողը, ոսկեգույն ցորենի արտը ունեն հայրական սկիզբ, հիշենք Վահագնի ծնունդը, իսկ լուսինը, ջուրը, կուժը ունեն կանացի սկիզբ. մտաբերենք մոր արգանդում հեղուկի` ջրի մեջ գտնվող երեխային։

Մեքենան էլ այս դեպքում հանդիսանում է որպես կնոջ արխետիպ, որին խնամելու, սիրելու վախը ենթագիտակցորեն դրդում են տղամարդուն կնոջ նկատմամբ սերը փոխարինել մեքենայի նկատմամբ։

Սակայն չմոռանանք, որ յուրաքանչյուրը սիրում է յուրովի, արտահայտվում է յուրովի, և եթե որևէ մեկը սիրում է մեզ ոչ այնպես, ինչպես մենք ենք դա պատկերացնում, դա չի նշանակում, որ սիրում է պակաս։

Այսքանն էր ասելիքս։ Երկրային կյանքը անփոխարինելի պարգև է մեզ, և եկեք ուղղակի գեղեցիկ ու վայել ապրենք այն` առանց երկար բարակ դրա մասին մտածելու և շարունակ վերլուծելու. կյանքը դրա համար շատ կարճ է…

 Տաթև Մամյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...