2013-07-02 11:17
«Դե Ֆակտո» 38 (2009թ.)
Մարդկային միտքը դարեր շարունակ փորձելու է բացահայտել ճշմարտություն կոչվող առեղծվածի էությունը։ Այդ փնտրտուքի ճանապարհին ստեղծվել և ստեղծվում են ճշմարտություններ, որոնց շուրջ համախմբվում են մարդիկ ու փորձում հավատարիմ մնալ դրանց։
Ճապոնիայի ազգային հերոս, գրական անվանակիր Ռյունոսկե Ակուտագավայի «Թավուտում» պատմվածքը ճշմարտության ըմբռնման յուրահատուկ օրինակ է, որը հունիսի 10-ին թատերական բեմականացման տեսքով ներկայացվեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։
-Այսօր ճշմարտությունը յուրաքանչյուր ոք ներկայացնում է իր շահի տեսանկյունից։ Այս արդիական հարցն իր արտացոլումն է գտել «Թավուտում» ներկայացման մեջ։ Այն գրականության մեջ հանդիպող մյուս ստեղծագործություններից տարբերվում է նրանով, որ վերջաբան չունի։ «Յուրաքանչյուր ոք, կարդալով այս ստեղծագործությունը, ինքն է իր վերջակետը դնում»,-նշեց նախագծի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Գուժ Թադևոսյանը։
Սա Գուժ Թադևոսյանի առաջին աշխատանքն է, ինչպես նաև ներկայացման մեջ խաղացող երիտասարդների։ Ներկայացումը բեմադրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հովանավորությամբ։
-Ես ունեմ այս գործի վերաբերյալ իմ կարծիքը, ճշմարտության իմ տարբերակը, սակայն մտածեցի, որ այն կարող է մեկ այլ մարդու տեսակետին հակասել։ Այդ պատճառով որոշեցի անավարտ թողնել այն։ Եթե վերջաբան լիներ, ներկայացումը կկորցներ իր գեղարվեստական արժեքը։
Յուրաքանչյուր ստեղծագործող սպասում է գնահատականի, որն իրեն կոգեշնչի իր հետագա աշխատանքներն իրականացնելիս.«Ինձ համար ամենամեծ գնահատականն այն կլինի, որ հանդիսատեսը ներկայացումը դիտելուց հետո ինչ-որ եզրահանգման գա, ինչ-որ բան քաղի իր համար։ Մեր իրականությունում ճշմարտություն ասվածը աղավաղվում է, որից տուժում է մարդկային անկեղծությունը»։
Սուսաննա Թամազյան
Վերադառնալ