17:43
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ԺԱԿ-ը և «Գարդմանա երկիրը» մեր անբաժան, կարեկից բարեկամներն են»

2013-05-30 11:36

«Դե Ֆակտո» 69 էքսկլյուզիվ (2012թ.)

 Ռիմա Առաքելյան, «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հ/կ նախագահ

-Տիկի՛ն Առաքելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Ձեր կազմակերպությունը, գրեթե մշտապես, իր ակտիվ, բազմամարդ մասնակցությունն է բերում «Ժողովրդավարություն և Աշխատանք» կուսակցության և «Գարդմանա երկիր» հ/կ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող միջոցառումներին։ Ո՞րն է այդ մտերմության գաղտնիքը։

- Նախ` մի փոքրիկ ճշտում, ոչ միայն մեր կազմակերպությունն է ակտիվորեն մասնակցում նրանց միջոցառումներին, այլ նաև իրենք են նույնքան ակտիվ, պարտաճանաչ կերպով արձագանքում մեր նմանօրինակ նախաձեռնություններին։ Մեր փոխհարաբերությունները վաղուց վերաճել են սերտ բարեկամության… Խոսելով մտերմության բուն շարժառիթների մասին` պետք է անկեղծ խոստովանեմ, որ դա ի սկզբանե պայմանավորված է եղել բացառապես Սպարտակ Մելիքյանի անձով։ Նրա հետ ծանոթացել եմ մոտ ինը տարի առաջ, երբ դեռ նա չէր զբաղվում քաղաքականությամբ և հանրությանը հայտնի էր սոսկ որպես հաջողակ գործարար։ Իմացա, որ Սպարտակ Մելիքյանը Ռուսաստանից մշտական բնակության է վերադարձել իր հարազատ Աբովյան քաղաք և, բիզնեսին զուգահեռ, նաև զբաղվում է բարեգործությամբ` մեզ նման կազմակերպություններին ցուցաբերելով համակողմանի օժանդակություն։ Ծանոթանալով մեր` դեռ մեկ տարին նոր-նոր բոլորած կազմակերպության գործունեությանը, առկա խնդիրներին և ծրագրերին` նա խոստացավ օժանդակել մեր հետագա ծրագրերին։ Սակայն նաև դրեց մեկ պայման` մեր կազմակերպությունը պետք է շարունակեր բարեխղճորեն կատարել իր հայրենանվեր առաքելությունը։ Մենք` երկուսս էլ, անցած տարիների ընթացքում մնացել ենք մեր խոստմանը հավատարիմ, և դրա շնորհիվ էլ անձամբ Սպարտակ Մելիքյանից բացի, տարեցտարի մեր անբաժան, կարեկից բարեկամներն են դարձել նաև հետագայում նրա կողմից հիմնած ԺԱԿ կուսակցությունն ու «Գարդմանա երկիր» հ/կ-ը։ Այդպիսով, մեր պատահական, սովորական ծանոթությունը, հիմնականում Սպարտակ Մելիքյանի ջանքերի և մարդկային այլ բարձր որակների շնորհիվ, ներկայումս հիմք է դարձել նաև ավելի լայն ձևաչափով համագործակցության համար։   

- Առավելապես ինչպիսի՞ խնդիրներով և կոնկրետ ի՞նչ առիթների դեպքում եք դիմում նշված կազմակերպությունների կամ անձամբ Սպարտակ Մելիքյանի օգնությանը։

- Առաջադրվող խնդիրներն, իհարկե, հիմնականում նյութական բնույթի են լինում։ Ինչպես դժվար չէ կռահել մեր կազմակերպության անվանումից, մեզ համար թիվ 1 առիթը ամեն տարվա հունիսի 29-ին Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշելն է։ Այդ օրը Հայաստանում պետականորեն սահմանվել է 2000թ.` ՀՀ կառավարության թիվ 663 որոշմամբ, և մենք ամեն տարի փորձում ենք Արցախյան մարտադաշտերում մեր անհայտ կորած զավակների հիշատակը խնկարկել ավելի կազմակերպված, հավուր պատշաճի։ Այդ նպատակով մենք, իհարկե, առաջնահերթ համակարգված, լուրջ աջակցություն ենք ստանում ՀՀ պաշտպանության նախարարությունից, որի ղեկավար պարոն Սեյրան Օհանյանը միաժամանակ նաև հայ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով կառավարական հանձնաժողովի նախագահն է։ Սակայն կազմակերպական-նյութական բնույթի որոշ ընթացիկ խնդիրների պարագայում մենք ապավինել և ապավինում ենք նաև Սպարտակ Մելիքյանի աջակցությանը։ Մասնավորապես, նա հունիսի 29-ին և հիշատակի այլ օրերին պատրաստակամորեն լուծում է թարմ ծաղիկների և ծաղկեպսակների ձեռքբերման հարցերը, տրամադրում տարածք և նյութական միջոցներ` հիշատակի երեկույթների և նմանօրինակ այլ հանդիպումների կազմակերպման համար, քանիցս նրա կողմից թանկարժեք նվերներ են մատուցվել մեր նորապսակ թոռներին, ամեն տարի կանանց տոնի առթիվ մեր մայրերը անպայման ստանում են որոշակի դրամական օգնություն կամ նվերներ… Հատկանշական է, որ Սպարտակ Մելիքյանի նախաձեռնությամբ, անընդմեջ, նմանօրինակ միջոցառումներ են կազմակերպվում նաև Եղվարդի զոհված ազատամարտիկների կանանց համար։ Ծրագրի պատասխանատու Ագնեսա Հովակիմյանի և մեր միջև հաստատված աշխատանքային սերտ հարաբերությունների շնորհիվ, արդեն ավանդական են դարձել մեր փոխայցելությունները այդ հիշարժան օրերի առթիվ։ Ի դեպ, տարեցտարի ընդարձակվում է մեր հանդիպման առիթների շրջանակը։ Օրինակ. թեպետ ես մասնագիտությամբ ուսուցիչ չեմ, սակայն ամեն հոկտեմբեր ամսի մեր կանանցից շատերի հետ հրավիրվում եմ մասնակցելու Ուսուցչի օրվա առիթով Սպարտակ Մելիքյանի կողմից կազմակերպվող ավանդական տոնախմբություններին, որոնք արժանի են միայն հիացմունքի և գովասանքի։ Նույնը կարող եմ ասել «Գարդմանա երկիր» հ/կ-ի միջոցառումների մասին. ես արմատներով լոռեցի եմ, սակայն նրանց ամեն մի միջոցառման ժամանակ ինչ-որ չափով, կարծես, ես էլ եմ դառնում գարդմանցի, ապրում նրանց ներկայով և անցյալով, վերապրում նրանց գեղեցիկ ծննդավայրի կորստի ցավը…     

-Իսկ այլ կազմակերպություններ կամ անհատներ մինչ օրս չե՞ն արձագանքել Ձեր` աջակցության խնդրանքին։

-Իհարկե, եղել են, և բավականին շատ։ Բայց, ցավոք, նրանց աջակցությունը եղել է կա՛մ մեկանգամյա, կա՛մ շատ կարճատև։ Մենք, անշուշտ, երախտապարտ ենք բոլորին, ովքեր մեզ երբևէ աջակցել են։ Սակայն, ես, ինձ հետ նաև մեր բոլոր որդեկորույս մայրերը, մեր խղճի պարտքն ենք համարում միշտ հատուկ շեշտելու, որ մեր կողքին` որպես անհատ, առաջին հերթին միշտ հաստատուն կանգնած է եղել Սպարտակ Մելիքյանը։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...