14:08
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եղբայրություն, հավասարություն, միասնություն, ցտեսություն, հաջողություն, ներողություն

2013-05-02 11:43

«Դե Ֆակտո» 12 (2007թ.

 Շատերս ենք լսել դեռևս խորհրդային միության տարիներից քարոզվող Եղբայրության, հավասարության և միասնության գաղափարախոսության մասին, բայց դա այդպես էլ մնաց երազելի և անգամ ամպագոռգոռ հնչող բառերի շարան ընդամենը։ Այսօր էլ բազմիցս հնչում են և պահանջվում եղբայրություն, հավասարություն և միասնություն։ Բայց այս տարիների ընթացքում այդպես էլ չհասանք բաղձալի նպատակին։ Այս կոչերն ավելի ուժգին են հնչում նախընտրական շրջանում, երբ քաղաքական այրերը ներկայի կիսախավարում պայծառ  լույս են խոստանում, խոստանում և վստահեցնում, բայց բավական է, որ ընտրական շրջանն ավարտվի, և կրկին մոռացության են մատնվում անձնազոհություն, ազգասիրություն և հավասարություն խոստացող կոչերը։ Ընտրություններից առաջ բոլորը կարծես առյուծի զորությամբ պատրաստ են սաստելու ժողովրդին խեղճացնողներին, բայց առյուծները փիսիկների են վերափոխվում, երբ բանն հասնում է գործելուն։ 

 Բոլորս էլ հավատում ենք` որտեղ միաբանություն, այնտեղ` հաղթանակ, բայց միաբանությունը չի կարող ստեղծվել խաբեության հիմքի վրա։ Երբեմն հաջողվում է խաբել մարդկանց, բայց կաշառել ժողովրդին անկարելի է։ Այսօրվա քաղաքական իրողությունը, որի արդյունքում ոչ թե պետությունն է ծաղկում, այլ առանձին անհատներ են բարգավաճում, ամբողջը քայքայվում է ` խլացնելով Աստծո ձայնը, որը ժողովրդի ձայնն է։ Մարդկությունը միայն երկու ուղի ունի` կամ առաջընթաց, կամ անկում, տեղապտույտը հակասում է բնության օրենքների էությանը, և ոչինչ այնքան նողկալի չէ, որքան մարդկային միջակությունը, որն արտահայտվում է տարաբնույթ հարցերի շուրջ ցուցաբերած անտարբերությամբ։ Ժողովրդավարությունն ինքնին նշանակում է կառավարում այլակարծության պայմաններում, բայց այլակարծությունն ամենևին էլ լոկ այլախոսություն չէ` զուտ դատարկաբանություն, այլ այլախոհությունն ու գործելակերպն հանուն երկրի բարեկեցության։ Այսօր միմյանց գրեթե սերտաճած իրենց ընդդիմադիր համարող քաղաքական այրերն այնքան շատ են, որ տարբերակելն արդեն գլխացավանք է, և ակամայից հարց է ծագում ` արժե ազատվել բոլորից, նույնիսկ, եթե վատը շատ է, թե` կարելի է՞ խնայել վատը, եթե նրանց հետ պետք է կործանվի նաև լավը։ Արդարության, հավասարության և միաբանության մասին խոսողները չպետք է մոռանան, որ պետք է պատրաստ լինել առաքինի գործերի, այլ ոչ թե առաքինության մասին պարբերաբար կարդացվող ճառերի, որոնց թողած տպավորությունն ու ոգևորությունը րոպեների կամ ժամերի կյանք են ունենում։ Եղբայրությունը չի կարող ստեղծվել լոկ խոսքերով։ Խոսքերը, որոնցում չկա իրողություն, և չկա իրացման ոչ մի հիմք, չեն կարող փարոս դառնալ մոլորվողների համար, և ինչով ապրեն ճյուղերը, եթե արմատի մեջ կյանք չկա։ Ասել լոկ, թե ինչ չպետք է անել և ինչպես չանել, դեռ բավարար չէ, հարկավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է անել, և ինչ։ Առիթները` արտահայտվելու, բավարար են եղել, բայց արդյունքը այդպես էլ չտեսանք։ Չմոռանանք, որ հարմար առիթ ձեռք բերելը դժվար է, սակայն շատ հեշտ է այն ձեռքից բաց թողնելը։ Մի՞թե հնարավորությունն արդեն  բաց է թողնված։ Եթե ոչ` այդ դեպքում ո՞րն է լռության և անգործության պատճառները։ Բոլորս էլ գիտենք կամ գուցե ուզում ենք հավատալ,որ ազնիվ մարդուն կարող են հետապնդել, բայց պատվազրկել` ոչ։ Բայց արդյո՞ք դա այդպես է, արդյո՞ք ժամանակների հոսքը չի փոխել հասարակության բնականոն հունը։ Բնական է, որ ամենածիծաղելի ցանկություններից է բոլորին դուր գալու մղումը, բայց վստահության արժանանալն անշուշտ անհնար բան չէ. պետք է կարևորագույն հարցերում հուսախաբ չանել հավատացողներին։ Ժողովրդի համար պատմության վշտալի դասերը ապագայի լավագույն ուղեցույցներն են, և նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու։ Իսկ մեր ընդդիմությունը չի՞ հիշում արդյոք բոլոր ընտրություններին ցուցաբերած իր քաղաքական միևնույն վարքը և բնական չի համարում ընտրությունների արդյունքները, որոնք ոչ մի անգամ գոհացուցիչ չեն լինում։ Հիմա էլ, երբ կրկին քննարկվում է ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման հարցը, որը պետք է, որ շատ կարևոր փաստ լինի, թվում է, թե տարիների ընթացքում` ընտրություններից ընտրություն, ոչինչ չի փոխվել. նույն պայքարը, նույն վարքագիծը, նույն քարոզներն ու ճառերը, և անվերջ քննարկվող և լուծում չստացած միևնույն խնդիրը։ 

Իսկ ինչո՞վ է պայմանավորված շրջահայաց քաղաքական գործիչների  քաղաքական անհաջողությունները։ Գուցե պատճառն այն է, որ խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավարար չէ մարդկանց ճանաչել, պետք է սիրել նրանց, և ոչ թե համարել հաջողության միջոց` նպատակին հասնելու միջոց։ Մթագնած ուղեղով քաղաքական գործիչը սարսափելի է, իսկ մթագնած սրտովը` աղետ։   Հավանաբար այստեղից է բխում երկրում տիրող անսերությունը։ Կառավարելը լոկ վերևից նայելու հանարավորություն չէ, այն նաև ազնիվ լինելու արվեստ է։ Այն իշխանությունը կամ իշխանավորը, որն անազնիվ է իր ղեկավարման մեջ և ի վնաս ժողովրդի է կառավարում, շատ ավելի վատն է ու վտանգավոր, քան իրական թշնամին։

   Դե իհարկե վատ է, երբ պաշտոնյաները հաճախ են փոխվում, սակայն ավելի վատ է, երբ վատ պաշտոնյաները մնում են տեղում։ Եվ ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ, եթե այսօրվա պաշտոնյաները չմոռանան, որ իրենք վաղվա նախասահմանված պաշտոնազուրկն են։ Բայց այստեղ էլ ես ինձ թերևս հակասեմ. գուցե հետագայում պաշտոնազուրկ լինելու անխուսափելի իրականության գիտակցումն է, որը դրդում է կողոպտել ժողովրդին` ապահովելու իր սերունդների բարեկեցիկ կյանքը։ Աշխարհը ծայր չունի, բայց, երբ փառքի ահավորությունն այն տենչացողներին հանդուգն է դարձնում, թվում է, թե իրապես  դա է կյանքի ավարտը, և այն կետը, որտեղ մենք կանգնած ենք, երբեմն թվում է աշխարհի ծայրը։ Նախընտրական շրջանում միշտ բոլորն անսպասելիորեն նկատում են Հայաստանում  տիրող  իրական իրավիճակը և փրկության ուղին տեսնում են արդարության և ազատության մեջ, իսկ մենք` հասարակ մարդիկս, հույսի լույսը տեսնում ենք մեզ նման մոլորվածների մեջ, իսկ կարո՞ղ է կույրը մեկ ուրիշ կույրի առաջնորդել։ Երբ գալիս է գործելու ժամանակը, բոլորը լռում են, և որպես արդարացում լսում ենք Հաջողություն, Ցտեսություն, Ներողություն, խղճահարություն առաջացնող բառերը։                                                             

Հասմիկ Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...