15:14
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵՐԲ ԼՈՒՅՍԵՐԸ ՄԱՐՈՒՄ ԵՆ` ՉԴԱՌՆԱԼՈՎ ՄԹՈՒԹՅՈՒՆ…

2013-02-27 11:06

«Դե Ֆակտո» 28 (2008թ.)

  Շահեն Հովասափյան

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր

 -Առաջին երազանքս հայրենիքս և ծննդավայրս ազատ տեսնելն է:

Երկրորդը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

վերջնական   զինադադրից հետո սկսի իր  տնտեսությունն ու

քաղաքականությունն ուժեղացնել: Եվ վերջապես` Հայաստանը

տեսնել հզոր պետություն: Քաղաքականությամբ չեմ զբաղվում,

ինչպես նաև չեմ ձգտում որևէ պաշտոնի: Ես կոնկրետ գործով եմ

զբաղվում, իմ գործով, և ամեն ոք պետք է իր գործով զբաղվի:

Չեմ հասկանում և չեմ ընդունում 40  կուսակցության գոյության

փաստը մի փոքրիկ հանրապետությունում, և լավ կլիներ,

որ ամեն ոք զբաղվեր իր գործով,-ՙԱվանգարդ՚ թերթին

տված  իր  հարցազրույում նշել է արցախյան պատերազմի

հերոս, գեներալ, մայոր Շահեն Հովասափյանը:

 

Շահեն Վարդգեսի Հովասափյանը ծնվել է 1958թ. նախկին ադրբեջանական ԽՍՀ Գյուլիստան գյուղում: Ավարտել է Խարկովի ՙԱվտոճանապարհային՚ ինստիտուտը, մասնագիտությամբ` ավտոճանապարհային տրանսպորտի շահագործող է: Ազգային զարթոնքի տարիներին եղել է Շահումյանի շրջանի ռազմական շտաբի պետ, գործկոմի նախագահի տեղական, գործկոմի նախագահի պաշտոնակատար և նախագահ: 1993թ. մայիսից Պաշտպանության նախարարի հրամանով եղել է թիկունքի գծով զորամասի հրամանատարի տեղակալ, 1995թ. Շահումյան-Գետաշեն հայրենակցական-բարեգործական միության նախագահն էր: Այնուհետև նշանակվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ: 2001թ. նշանակվել է ՙՕպերատիվ-հետախուզական՚ վարչության պետ, 2002թ. նշանակվել է ՙԽոշոր հարկատուների՚ վարչության պետ և 2003թ. էլի գնացել է ՙՕպերատիվ-հետախուզական՚  վարչության պետ և մինչև մահվան օրն աշխատել է տվյալ պաշտոնում: Ամուսնացած է, չորս զավակների հայր:

-Շահեն Հովասափյանը շատ հայրենասեր անձնավորություն էր, շատ ընկերասեր: Ես հիշում եմ, որ միշտ սեպտեմբերի մեկին առաջին դասարանցիներին` հատկապես Շահումյանի բնակիչների երեխաներին, հովանավորում էր, ապահովում պայուսակներով, գրքերով, տետրերով: Հովանավորում էր ազատամարտիկներին, նրանց  ընտանիքներին: Շահեն Հովասափյանը կռվել է Շահումյանում, բայց չէր սիրում այդ մասին խոսել: Շատ թռուցիկ է պատմել այդ օրերի մասին, որովհետև Շահումյանը հանձնեցին, դրանից հետո ինքն այդ թեմայով չէր խոսում: Շատ ընկերասեր անձնավորություն էր, ամենակարևորը, որ աշխատանքի վայրում, անկախ իր անձնական մոտեցումներից, չէր առանձնացնում աշխատողներին, նա մարդկանց վերաբերում էր ըստ կատարած աշխատանքի, իր գնահատականների հարցում օբյեկտիվ էր: Պետական բուրգում բարձրանալու համար իր մտերիմներին չէր աջակում,-վկայում են ընկերները:

Շահեն Հովասափյանը առանձնահատուկ վերաբերմունք և նվիրվածություն ուներ ընտանիքի և հայրենիքի նկատմամբ: Շատ էր սիրում երեխաներին, նրանցից յուրաքանչյուրին վերաբերում էր` նրանց էության առանձնահատկություններից ելնելով: Ոչ ոք չէր կարող ասել, թե ում է հատկապես շատ սիրում:

-Հիշում եմ, երբ  թոռնիկը ծնվել էր, անհամբեր սպասում էր, որ պետք է կնքի նրան: Երբ հացնում էի` ո՞նց է թոռդ, ասում էր` բան չեմ հասկանում, դեռ շատ փոքրիկ է, մեծանա, ձեռքից  բռնեմ, գնանք սրճարան, որ նոր հասկանամ,-պատմում է մտերիմ ընկերներից մեկը:

Բավական հետաքրքիր մոտեցումներ ուներ պետական շինարարության վերաբերյալ, մտահոգված էր և պատրաստ իր աջակցությունը ցուցաբերել: -Խառնվածքով շուտ բռնկվող էր, բայց ամենակարևորը` լսելու ունակ էր և կարողանում էր ճիշտ հետևություններ անել: Շատ առողջ մտածողություն ուներ և անձնական համակրանքներով չէր առաջնորդվում: 48 տարեկանում` շատ երիտասարդ, մահացավ, շատ եմ  ցավում… Նա մեծ ծրագրեր ուներ ապագայի հետ կապված:

Կատարվածի առնչությամբ  որևէ բացահայտում դեռ չկա: Ինչ որ  մամուլը գրում է, այդ նույն ինֆորմացիային էլ ունեն ընտանիքն ու ընկերները, և բոլորն էլ պնդում են, որ նա անձնական թշնամիներ չուներ:

-Ինքը շատ ուժեղ անձնավորություն էր: Վարչությունն իր օրոք բավական հաջողությունների է հասել:

Շատ կատակասեր էր, նրա հետ շփվելը և° հաճելի էր, և° ուրախ, և° սովորելու շատ բան կար:

-Մի անգամ իր աշխատանքային սենյակում նստած էինք, հեռախոսի զանգը հնչեց, վերցեց ասում է` հա, շեֆ ջան, լսում եմ:  Ես զարմացած իրեն եմ նայում: Հարցնում է`  ինչու՞ ես այդպես ինձ նայում: Էս տանս շեֆն էր:

 

Աշխատանքային սկզբունքներին երբեք չէր դավաճանում և բարկանում էր, երբ հարկ չէին վճարում, ստվերում էին փորձում աշխատել: Չէր կարողանում հասկանալ այդ մարդկանց մտածելակերպը:

-Որպես որդի` շատ լավն էր, հոր և մոր հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Նրա  աշխատասենյակում  իրենց գյուղի մեծ նկարն էր կախված, բավական գեղեցիկ բնակավայր էր: Մանրամասն պատմում էր իրենց գյուղի, դպրոցի մասին: Շատ էր ուրախանում, որ իր հայրենակիցներից մի զանգված հանրաճանաչ մարդիկ են դարձել: Ինքը միշտ հպարտանում էր շահումյանցիներով: Նա միշտ ասում էր` ես Ղարաբաղի եվրոպական մասից եմ: Բավական ընկերասեր էր, բոլորին աջակցում էր, եթե ինչ-որ հարցով դիմում էին նրան: Սրտացավ էր մոտենում բոլորին:

Նա երբեք թիկնապահներ չի ունեցել: Երբեք չէր սպասում, որ իր նկատմամբ կարող է ինչ-որ մեկը վատ տրամադրված լինել:

-Նրա երեխաների պահվածքը շատ գովելի է, և այդ հարցում մեծ դեր ունի նաև  նրա կինը` Ռիտան: Նրա երեխաների մասին երբեք վատ բան չես լսի: Շատ զուսպ, չափի մեջ երեխաներ են:

 

Սերն ապրում է իմ մեջ, ուժ տալիս և շշնջում, որ  կողքիս է…

 

Շահեն Հովասափյանի կինը` տիկին Ռիտան

-Ինքը շատ ռոմանտիկ անձնավորություն էր: Մենք ամուսնացել ենք, հետո սիրահարվել ու սիրել միմյանց: Շատ էր սիրում պոեզիա, նաև ասմունքում էր Շիրազ, Իսահակյան: Շատ ուժեղ տղամարդ էր, նրա համար բոլոր խնդիրները լուծելի էին: Ինքը միշտ հպարտ էր, ուրախ: Կյանքով լեցուն տղամարդ էր, սիրում էր կյանքը:

Երբ շարժումը սկսեց, մենք փախանք: Ոտքով չորս օր ճանապարհ ենք գնացել: Երեխաներիս հետ այստեղ էինք ապրում, ինքը` այնտեղ: Պարտիզանական ջոկատ կար, Հայդուկներ էր կոչվում,  այդ ջոկատում էր: Շահենն անընդհատ ներշնչում էր մեզ, որ մենք հաղթելու ենք, մենք ոչ մի տեղ չենք գնալու: Բայց հետո այլև չէինք կարող մնալ: Նա 1994թ. տեղափոխվեց այստեղ, թեկունքի հրամանատար էր: Նրա կերպարը ես իմ որդիների մեջ եմ տեսնում:

Ճաշի ժամին նա պարտադիր տանն էր:  Ընթրիքին էլ բոլոր երեխաներին հավաքում էր և ընթրում: Դրանից հետո երեխաներից յուրաքանչյուրին հարցնում էր` ի՞նչ եք արել, ու  խորհուրդ տալիս: Հիմա ինձ համար ավելի ծանր է ապրելը: Փորձում եմ ուժեղ լինել:

Նրա համար կյանքում ամենակարևորը ընտանիքն էր, տարված էր ընտանիքով: Ինքը միշտ պատմում էր երեխաներին Գյուլիստան գյուղի, իրենց բնության,  սարերի մասին: Փոքրս միշտ ասում էր` այդքան պատմում ես Ղարաբաղի մասին, ե՞րբ եմ տեսնելու:

Հիմա ամեն քայլ անելիս մտածում ենք` ինքն ինչպե՞ս կաներ, ի՞նչ կասեր: Տանն էր հանգստանում, չէր սիրում դուրս գնալ: Մենք մտերիմ ընկերներ ենք եղել: Մենք մեր ընտանիքը միասին ենք ստեղծել: 

Ինքը թիկնապահ չէր պահում: Իսկ երբ իրիկունները դուրս էր գալիս այլ մարդկանց հետ,նրանց ասում էր` ինձնից հեռու կանգնեք, կարող է դուք ինչ-որ մեկին վատ բան եք արել, ձեզ խփեն, ինձ չդիպչի: 

Որդին` Գևորգը

-Ինձ ասում էր` որդիս, դու ուրիշ ես:  Նրա կոքին  ես չէի կարող տխրել, կանհանգստանար անմիջապես` ինչու՞ ես տխրում: Ինձ միշտ ասում էր` եթե մարդն ընկեր չունի, ուրեմն տեղ չունի այս կյանքում ապրելու: Ամեն մեկի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Եղել է, որ փոքր եղբորս հետ դրսում վիճել ենք, ինքը բարկացել է` երբեք եղբորդ հետ դրսում մի կռվի: Ես ու եղբայրս շատ մտերիմ ենք, մեր ընկերները նույնն են: Պապան անվախ մարդ էր, իր նման հզոր մարդ ես չեմ պատկերացնում: Ինքը մեզ այնպես  է դաստիարակել, որ կյանքում ոչնչից չվախենանք, ամեն ինչ հնարավոր է հաթահարել:

Նրա տեղը միշտ էլ զգացվում է, ամեն վայրկյան: Մենք ամբողջ ընտանիքով ձգտում ենք ուժեղ լինել, պապայի անունը բարձր պահել:

Ինձ չի թվում, որ կա մի մարդ, որ իր կնոջն այնպես վերաբերի, ինչպես պապան մամային: Մաման նրա համար և° կին էր, և° ընկեր, և° եղբայր:

Նա միշտ ասում էր` հայը երբեք իր հող ու ջրից չպետք է դուրս գնա, ընտանիք կազմի: Քո հայրենիքի համար պետք է ծառայես, արյունդ տաս, եթե պետք է: Փոքր եղբայրս է շատ նման է պապային: Նրա նման շատ հետաքրքրասեր է և իր հարցերի պատասխանները ինքնուրույն է փորձում գտնել, համոզվել, որ այդպես է ճիշտ:

Կրտսեր որդին` Գոռը

-Որպես իր փոքր երեխա` ինձ շատ էր սիրում: Իրար հետ խաղեր էինք խաղում: Ինձ միշտ ասում էր` սովորի°ր, պետք է գալու: Պատերազմից էր պատմում տարբեր դեպքեր:

Նրան բոլորը սիրում էին, և իր խոսքը հարազատի պես էին ընդունում: Ամեն կիրակի գնում  էինք պապիի մոտ` Աբովյան, այնտեղ լավ ժամանակ էինք անցկացնում: Մեծ խնջույքներ էր կազմակերպում, հրավիրում բոլոր շահումյանցիներին:

Ավագ որդին`Գրիգորը

-Ինքը շատ լավ հայր է եղել, ընկեր է եղել նախ և առաջ: Նա ինձ համար լավ մարդու, գործչի, հոր կերպար է եղել, որին փորձել եմ նմանվել: Նրա խոսքը խոսք էր ու գործ: Երբեք  չէր փոխի իր խոսքը: Շատ սկզբունքային անձնավորություն էր:

Հիմա նրա մասին շատ բաներ եմ իմանում, որ նա երբեք չի պատմել մեզ: Շատ է պատահում, որ  մեզ պատմում են, թե պապան  իրենց ինչպես է օգնել:

Ես փորձում եմ, որպես մեծ որդի, ամեն ինչ անել իմ հարազատների համար, որ հայրիկի բացակայությունը շատ չնեղացնի նրանց, բայց որքան էլ փորձեմ, միևնույնն է, նա անփոխարինելի է…

Էջը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...