05:27
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եվգենի Պլյուշչենկոն Երևանում բնակարան կգնի

2013-01-30 11:35

«Դե Ֆակտո» N33

Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Հայաստան առաջին անգամ եկավ 2008թ. վերջին: Տպավորությունները Հայաստանից ու հայաստանցիներից բավականին բուռն էին: Առաջին հերթին գեղասահորդը շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին` Սերժ Սարգսյանին, ջերմ ընդունելության համար:

Ի դեպ, տպավորություններն այնքան մեծ էին, որ մեզ տված հարցազրույցում Եվգենի Պլյուշչենկոն խոստովանեց.ՙՈՒզում եմ բնակարան գնել Երևանում: Արդեն ամռանը ընտանիքիս էլ Հայաստան կբերեմ՚: Այսուհետ Եվգենի Պլյուշչենկոն Երևան շատ ավելի հաճախ կգա. իր անունը կրող գեղասահքի դպրոցում մարզելու է հայ մանուկներին:

Աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մեզ տված հարցազրույցը ներկայացնում ենք  թարգմանաբար:

ԵրբևԷ ինքներդ Ձեզ հարցրե՞լ եք` եթե ոչ չմուշկ, ապա ինչ:

–Ես 2 անգամ շատ լուրջ որոշել եմ թողնել գեղասահքը, բայց բարեբախտաբար չեմ արել դա: Երբ ապրածդ կյանքի մեծ մասը սառույցի վրա է անցնում, այլ բանի մասին չես էլ մտածում: Սա է իմ կյանքը: Բայց եթե չլիներ գեղասահքը, գուցե լիներ մեծ թենիս կամ ֆուտբոլ: Սրանք իմ սիրելի մարզաձևերն են:

Ի՞նչն է Ձեզ  ուժ տալիս:

– Ես սիրում եմ երազել: Եվ ես մաղթում եմ, որ մարդիկ ավելի շատ երազեն: Եթե մարդ չի երազում, նշանակում է`  նրա հետաքրքրությունը կյանքի նկատմամբ մարել է: Հրաշալի է, երբ երազում ես և ձգտում հաղթահարել որոշ դժվարություններ, երբ իսկապես ուզում ես , որ երազանքդ իրականանա: Անընդհատ ուզում ես աշխատել, աշխատել ու աշխատել. ահա, թե ինչն է կարևոր: Ուզում ես ստեղծել նորը, արարել գեղեցիկը:

Ի՞նչն է ամենից դժվար տրվում Եվգենի Պլյուշչենկոյին:

– Ինձ ամեն ինչ հեշտ է տրվում, թու-թու:  Երբ երազում ես, երբ ապրում ես ու հաճույք ես ստանում կյանքից, երբ սիրում ես կյանքը, ամեն ինչ ստացվում է: Իհարկե, եղել է նաև դժվարությունների շրջան` 11-15 տարեկանում: Դա, իսկապես, բարդ ժամանակահատված էր, բայց ամեն ինչ հաղթահարվեց: Ասեմ, որ 15 տարեկանից հետո կարծես վերելքի ժամանակաշրջան էր  թե՛ պրոֆեսիոնալիզմի և թե՛ ֆինանսական առումներով: Ես ինձ այսօր միայն մի բան կմաղթեմ` առողջություն: Սա թերևս ամենակարևորն է կյանքում: Ես շատ գաղափարներ ու նպատակներ ունեմ և եթե առողջ լինեմ, կարծում եմ`  դրանք բոլորն էլ կիրականացվեն:

ԵրբևԷ  մտածել ե՞ք` ինչ կլինի Ձեզ հետ 20 տարի անց: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան:

– Նպատակները, իհարկե, շատ են: Ես ներկայում մի գաղափար ունեմ: Ուզում եմ սահադաշտ կառուցել Սանկտ-Պետերբուրգում, հետագայում`  գեղասահքի դպրոցներ ողջ աշխարհում և երևի թե մարզիչ դառնալ: Բայց  սրան զուգահեռ, կարծում եմ, կզբաղվեմ նաև բիզնեսով. դա կարող է հյուրանոցային կամ ռեստորանային բիզնես լինել, անգամ ակումբային որևէ պատմություն: Գաղափարները  դեռևս սրանք են:

Ի՞նչը կամ ո՞վ է օգնում Ձեզ աշխատել, ստեղծագործել, ապրել, ապրել ազատ:

– Առաջին հերթին` Աստված: Իհարկե, օգնում են ծնողներս, հատկապես մայրս,  հարազատներս, ընկերներս ու նաև շրջապատը: Կարծում եմ`  կյանքում պետք է ճիշտ ուղի ընտրել, այնպես անել, որ լավ ու առողջ շրջապատում ապրես:

Դուք անընդհատ ժպտում եք:

–  Ես միշտ եմ ժպտում, միշտ: Ժպիտն օգնում է:

Երջանի՞կ մարդ եք:

– Այո՛, ես երջանիկ մարդ եմ: Երջանիկ եմ, քանի որ ամեն ինչ ունեմ. ունեմ ամենագլխավորը` ծնողներ, որդի և հավատարիմ ու լավ ընկերներ: Սա է թերևս պատճառը, որ ես այսօր կարող եմ վստահ ասել` ես երջանիկ եմ:

Ո՞րն է օլիմպիական չեմպիոնի ամենամեծ երազանքն այսօր:

– Ես հիմա մի մեծ, հսկայական առանձնատուն եմ կառուցում Սանկտ-Պետերբուրգի մերձակայքում` լճի ափին: Ուզում եմ, որ  այնտեղ հավաքվեն իմ մտերիմները, ընկերներս ու ընտանիքս, իմ որդին, ապագա որդիներն ու դուստրերը: Ուզում եմ նրանց հետ լավ ժամանակ անցկացնել: Երազում եմ նաև ձիանոց կառուցել ու ձի հեծնել:

Հարցազրույցը`  Նորա Աբրահամյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...