14:03
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԴՊՐՈՑՈՒՄ Է ԿԵՐՏՎՈՒՄ ԵՐԿՐԻ ՎԱՂՎԱ ՔԱՂԱՔԱՑԻՆ

2020-06-22 09:06

  «Դե Ֆակտո» N 02/153 (05/2020թ.)

ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան 
հ. 200 հիմնական դպրոցի տնօրեն

Դպրոցի միջանցքներում աշակերտական աշխույժ աղմուկի մեջ արդեն իսկ ուրվագծվում է վաղվա հայը: Այս ամենին նպաստում է այն ուրույն միջավայրը, որը յուրաքանչյուր օր կերտվում է տնօրենի և մանկավարժական անձնակազմի կողմից: Տնօրեն Մարինե Հովհաննիսյանն իր գործի անխոնջ նվիրյալն է և այդ ոգով ստեղծել է այն աշխարհը, որը կոչվում է Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց, որը հասակակիցն է Հայաստանի Երրորդ Հանրապետության:

2019թ. Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Զաքարյանի կողմից արված առաջարկությունը հավանության արժանացավ, և Երևանի հ.200 հիմնական դպրոցն անվանակոչվեց Արցախյան շարժման ակտիվ մասնակից, քաջարի մարտիկ Լեոնիդ Ազգալդյանի անունով: Հոկտեմբերի 2-ին կայացավ դպրոցը ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» մեդալակիր Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու կապակցությամբ կազմակերպված «Փնտրե՛ք ինձ ձեր մեջ» խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Կրթության տեսչական մարմնի պետ Ալեքսանդր Շագաֆյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը, Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը, հերոսի մարտական ընկեր, Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ԱԺ պատգամավորներ, Լեոնիդ Ազգալդյանի քույրը` տիկին Նելլին, զարմիկները, «Կարին» ազգագրական երգի և պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, մարտական ընկերները:
2019 թ-ի նոյեմբերի 22-ին նշվեց Լ. Ազգալդյանի ծննդյան 77-ամյակը: Հերոսի կյանքից դրվագներ պատմեցին գնդապետ, Ազգալդյանի մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանը, տիկին Նելլին: Միջոցառումը շարունակվեց ծաղկադրմամբ Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրու մոտ: Իսկ ՀՀ Զինված ուժերի օրվա կապակցությամբ դպրոցում հունվարի 27-ին առաջին անգամ կայացավ «Ազգալդյանական I մարզական խաղերը», որի ընթացքում թիմերն իրենց մարզվածությամբ ներկայացրին հերոսի գործունեության զորությունը` ուժի և գաղափարի միասնությունը: Միջոցառմանը ներկա էին Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ԱՏՁՄ ինժեներական լաբորատորիաների հիմնադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Սպորտլանդիայի հաղթողները պարգևատրվեցին Լ. Ազգալդյանի կրծքանշաններով, որոնք պատրաստվել էին դպրոցի ծնող, բելգիահայ բարերար Սամվել Բեգյանի կողմից դպրոցին նվիրած Fabpro 1000 գերժամանակակից տպիչ սարքի միջոցով:
Հերոսի անվան հետ առնչվող պատմությունների շարքին ավելացել է ևս մեկը, որը շատ հուզիչ է: Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկացել էին, որ սեպտեմբերի 1-ին երկրորդ դասարանցիների կողմից երկինք բաց թողնված կարմիր փուչիկները` «Բարի գալուստ Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց» պաստառով, հասել են հայ-ադրբեջանական սահման: Սահմանին ծառայող մեր զինվորները, գտնելով այդ փուչիկները, լուսանկարվել էին` հպարտությամբ նշելով, որ այդ դիրքերն անվանակոչել են Ազգալդյանի անունով: Առաջիկայում նախատեսվող գործերից է դպրոցի դիմաց Լ. Ազգալդյանի կիսանդրին տեղադրելը: 
Դպրոցի առօրյան հարուստ է և բազմազան: 2018թ. հոկտեմբերի 24-ին կայացավ Զգայական ինտեգրացիայի սենյակի բացումը բարերար Արթ Վարթանիանի ներդրման, ինչպես նաև դպրոցի և Լիլիթ Ալավերդյանի մասնակցության ու ջանքերի շնորհիվ: Այսօր դպրոցում աշխատում է տարակարգ ունեցող հինգ ուսուցիչ: Ձեռքբերում է նաև դպրոցի սաների բացարձակ հաղթանակը «Հայ ասպետ» հեռուստատեսային նախագծի «Երևանագիտություն» փուլում:
Դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան իր ընձեռած հնարավորություններով, ուսումնասիրվող ծրագրերի ճիշտ ընտրությամբ, սարքավորումներով, դպրոցի աշակերտների կարողությունների բացահայտման, սեփական գաղափարները գործի վերածելու լավագույն կառույցն է: Պարբերաբար «Արմաթ» ինժեներական լաբորատորիա են այցելում բազմաթիվ հյուրեր` «Սամսունգ էլեկտրոնիկս» կազմակերպության փոխնախագահ Լի Ջին ՈՒկը, Forbes հեղինակավոր ամսագրի լրագրող Վեյդ Շեպարդը, պատվիրակություններ Տայվանի համալսարանից, Բանգլադեշից, Գերմանիայից և այլ երկրներից: 2019թ. ԱՏՁՄ նախաձեռնությամբ Հայաստանում տեղի ունեցած Robotex Armenia և Digicod ռոբոտաշինության մրցույթներին մասնակցեցին նաև մեր աշակերտները` գրանցելով բազմաթիվ հաղթանակներ ՏՏ ոլորտում: Դպրոցի և՛ ձեռքբերումը, և՛ հետաքրքիր առօրյան պայմանավորում է «Արմաթ» լաբորատորիայի առկայությունը, որը բազմաթիվ երկրներից պատվիրակների այցելությանն է արժանացել:
Կարևոր է նաև քիմիայի դասարան-լաբորատորիայի ստեղծման փաստը, որը հնարավորություն է տալիս աշակերտներին տեսական գիտելիքները վերազինել գործնական հմտություններով: Դասապրոցեսն առավել հագեցած դարձնելուն նպատում է դասասենյակներում ինտերակտիվ գրատախտակների առկայությունը: 
Դպրոցում կազմակերպվում են բազմաթիվ առարկայական վիկտորինաներ, որոնց նպատակն է մոտիվացնել աշակերտներին, զարգացնել սովորելու, գիտելիքների պաշար կուտակելու հմտությունները` նպաստելով նաև երեխաների արժեհամակարգի ձևավորմանը: 
2019-2020 ուստարվա ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում ՆԶՊ առարկայից ցուցաբերած արդյունքի համար 9-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Ավետյանն արժանացել է I կարգի դիպլոմի:
Դպրոց-ընտանիք ներդաշնակ համագործակցությունը որոշիչ նշանակություն ունի: Այս առումով ծնող-դպրոց-աշակերտ կապն իրական, ամուր հիմքերի վրա է և ունի արդեն ձևավորված ավանդույթներ: Բազմաթիվ քննարկումների, վերլուծությունների, համատեղ որոշումների կայացմանը, աշխատանքների իրականացմանը զուգահեռ ծնողների հետ կազմակերպվում են թեմատիկ կլոր սեղաններ, էքսկուրսիաներ, այցելություններ մշակութային օջախներ: Ծնողները գիտեն, որ դպրոցը բաց է յուրաքանչյուրի տեսանկյունից ներկայացվող հարցը, խնդիրը քննարկելու համար: Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ «Մայրենին մայրերի համար» ամենամյա ծրագիրը սիրով ընդունվել է ծնողների կողմից: Այս տարի ծրագրի շրջանակներում նրանց մասնակցությամբ կայացավ «Երջանիկ է նա, ով քեզ մայրենի է կոչում» վիկտորինան: Նման ձևաչափով կազմակերպվող միջոցառումները նպաստում են ծնող-դպրոց, ծնող-ուսուցիչ փոխհարաբերությունների սերտացմանը: Ծնողական համայնքի աջակցությամբ դեկտեմբերին դպրոցի պատվիրակությունը այցելեց սահմանամերձ Անիպեմզայի միջնակարգ դպրոց` կազմակերպելով նրանց համար ամանորյա միջոցառում: 
Կարևոր է աշխատանքային մթնոլորտում կայուն, հանգիստ փոխհարաբերությունների ապահովումը, աշխատակիցների, մանկավարժների աշխատանքը գնահատելը, ուստի հանրագումարի բերելով դպրոցում առկա բոլոր օղակների գործունեության արդյունքները` մեկ ուսումնական տարվա կտրվածքով իրականացվում է ամենամյա «Ոսկե թևեր» պատվոգրերի շնորհման արարողությունը: 
COVID 19-ի մարտահրավերը Երևանի Լ. Ազգալդյանի անվան հ.200 հիմնական դպրոցն ընդունեց մեծ պատասխանատվությամբ: Մնալով տանը` մեր աշակերտները չնվազեցրին սովորելու իրենց ցանկությունը, չընկճվեցին, սովորեցին ավելի արդյունավետ օգտագործել այն ժամանակը, որը նախկինում միգուցե սահմանափակ էր:
Դպրոցում շարունակվեց կրթական գործընթացը հեռավար ուսուցման և ՏՀՏ առցանց գործիքների կիրառման միջոցով: Հեռավար ուսուցման հմտություններին տիրապետելով` ուսուցիչները մշակեցին հեռավար դասեր` մեկտեղելով և՛ իրենց, և՛ աշակերտների ու ծնողների ջանքերը, հաղթահարելով կազմակերպական փուլը: Օգտագործված մեթոդներն ու տեխնոլոգիաները լիովին համապատասխանում էին աշակերտների շահերին, նրանց` ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ լիարժեք կրթություն ստանալուն: Ընդլայնվել էին ուսուցիչների և աշակերտների հնարավորությունները, ապահովված էր ձգտումը գիտակրթական գործունեության որակի նկատմամբ, յուրացվում էին ձևեր, որոնք պահանջված էին դարձել կրթական միջավայրում: Այսօր արդեն ուսումնական գործընթացն ավարտված է` հանձինս դպրոցի տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանի և փորձառու ուսուցիչների ապահովելով լավագույն արդյունք: 
Հեռավար ուսուցման կազմակերպմանը զուգահեռ դպրոցն ապրել է հագեցած ծրագրով` մասնակցելով ԿԳՄՍ-ի կողմից հայտարարած «Մնա տանը, եղիր առողջ» տեսաձայնագրությունների, ինչպես նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից հայտարարված ընթեցանության առցանց մրցույթներին, «Երբ մենք տանն ենք» նկարչական ֆլեշմոբին, «Եղի՛ր Երկիր մոլորակի հավատարիմ բնակիչը» վիկտորինային, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Մայիսյան եռատոնին, Սուրբ Զատիկին, «Հրաժեշտ Այբբենարանին», Ընտանիքի միջազգային օրվան նվիրված տեսանյութերի ստեղծմանը /1-9-րդ դասարանների աշակերտները/: 
ZOOM հարթակում իրականացվել է նաև հանդիպում ԿԳՄՍՆ-ի հանրակրթության վարչության պետ պարոն Աշոտ Արշակյանի և դպրոցի 9-րդ դասարանցիների հետ, որի ժամանակ քննարկվել են մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև երեխաներին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները լիարժեք ստանալով` նրանք սեփականեցին արժեքավոր գաղափար, որ կրթությունը գիտելիք է տալիս ողջ կյանքի համար:
Պետք է հավատալ, որ մտքերն առարկայանում են, և բուռն ցանկությունը վերածվում է նպատակի, իսկ վճռականությունն ու փորձառությունը, հետևողական աշխատանքը կդառնան նոր ձեռքբերումների հիմք, ու վերադառնալով բնականոն կյանքին` դպրոցը կրկին կապրի իր սաների աշխույժ ձայներով:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...