02:24
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2750-ամյա Գավառը` վերածննդի եւ կրկին արտադրական քաղաք դառնալու ճանապարհին

2018-11-23 14:55

  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գավառի քաղաքապետ

«Դե Ֆակտո» N 146 (09-10/2018թ.) 

 2018 թվականը Գավառ քաղաքի համար, նախ և առաջ նշանավորվում է քաղաքի ծննդյան 2750-ամյակով: Չնայած դժվարություններին` դարավոր պատմություն ունեցող մեր քաղաքն այսօր էլ ապրում է զարգացման իր ժամանակները:

 

-Պարո՛ն Մարտիրոսյան, Դուք շուրջ 13 տարի է, ինչ ղեկավարում եք Գավառ քաղաքային համայնքը, զարգացման ի՞նչ փուլեր է անցել քաղաքն այդ տարիների ընթացքում:

-Տասներեք տարիների հեռվից այսօր ես կարող եմ ասել, որ այդ ընթացքում Գավառ քաղաքն ապրել է իր բնականոն զարգացման կյանքով. պաշտոնավարման հենց առաջին օրերից իմ և քաղաքապետարանի աշխատակազմի կողմից մշակվել է աշխատանքային հստակ ռազմավարություն, այն է` անել հնարավորը և ամենը Գավառ քաղաքի զարգացման և բնակչության բարեկեցության համար: Այդ սկզբունքների շրջանակներում էլ կազմակերպվել են հետագա բոլոր աշխատանքները: Նախ վերհանվել են առկա խնդիրները և հաջորդաբար տարվել աշխատանքներ դրանց հնարավոր լուծման ուղղությամբ:
Կառուցվել ու վերանորոգվել են կրթամշակութային հաստատություններ, ասֆալտապատվել ու բարեկարգվել են ճանապարհներ, կառուցվել արտաքին լուսավորության ցանցեր, ստեղծվել կանաչապատ տարածքներ և կատարվել այլ աշխատանքներ: Այսօր արդեն Գավառն իրեն այցելողներին ու իր բնակիչներին ներկայանում է կոկիկ, մաքուր, ասֆալտապատ ու լուսավոր փողոցներով, ընթացիկ շինարարական աշխատանքներով` որպես ակտիվ մշակութային կյանքով ապրող մի համայնք, որտեղ մարդիկ կառչած են իրենց հողին և հաղթահարելով առօրեական դժվարությունները` կերտում են իրենց քաղաքի կենսագրությունը:

-Ինչպիսի՞ տարի է 2018թ. համայնքի համար, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ եք ունեցել:

-2018 թվականը Գավառ քաղաքի համար, նախ և առաջ նշանավորվում է քաղաքի ծննդյան 2750-ամյակով: Դարավոր պատմություն ունեցող մեր քաղաքն այսօր էլ ապրում է զարգացման իր ժամանակները: Այս տարի կավարտվի Գավառի թիվ 5 մանկապարտեզի հիմնանորոգումը, որն իրականացվեց Հայաստանի սոցհիմնադրամի անմիջական աջակցությամբ: Հոկտեմբերից այստեղ կայցելեն նաև մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ` ուսանելով ներառական խմբում: Բոլորովին վերջերս ՀՀ Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ցանկում է ներառվել նաև Գավառի Հացառատ թաղամասի մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը: Այն կմեկնարկի այս տարի և մի քանի փուլերով կիրականացվի համայնքի համաֆինանսավորմամբ: Այժմ ընթացքի մեջ է նաև քաղաքի հուշապատ անձնագրի հիմնանորոգումը, որը նույնպես կավարտվի առաջիկայում: Այն բովանդակելու է մեր քաղաքի պատմությունը և հնարավորություն է ընձեռելու քաղաք այցելող հյուրերին ու նաև տեղացիներին ամբողջական տեղեկատվություն ունենալ Գավառի մասին: Աշխատանքներ են տարվում նաև կենտրոնական հրապարակի կահավորման ուղղությամբ. առաջիկայում այստեղ կտեղադրվեն լուսասյուներ, նստարաններ ու աղբամաններ: Շինարարությունն արդեն ավարտվել է և մնում է միայն շատրվանային համակարգի տեղադրումը, որն արդեն կկազմակերպվի հաջորդ տարի: Ավարտվել է նաև Գավառի թատրոնի շենքի հիմնանորոգումը, որի առկայությունը կնպաստի համայնքում թատերական կյանքի ակտիվացմանը:
Գավառցին կարողանում է պահպանել վաղվա լավ օրվա իր հույսը և իր տեսակի մեջ մնալ առանձնահատուկ:

-Ի՞նչ առանցքային խնդիրներ պետք է լուծվեն 2017-2021թթ. Գավառ համայնքի զարգացման հնգամյա ծրագրով:

-2017-2021թթ Գավառ համայնքի զարգացման ծրագրում ներառված են համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրները բովանդակող ծրագրեր, որոնց մի մասն արդեն կատարվել է, մի մասը ընթացքի մեջ է և կան ծրագրեր, որոնք դեռևս պետք է կյանքի կոչվեն: Դրանք ընդգրկում են` ճանապարհաշինություն, համայնքի գյուղատնտեսական հողերի ջրարբիացում, կրթական և մշակութային հաստատությունների հիմնում և վերանորոգում, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների բարեկարգում, և որ ամենակարևորն է` աշխատանքների իրականացում, որոնք հնարավորություն կստեղծեն նոր աշխատատեղերի բացման համար:

-Տնտեսական զարգացման ի՞նչ պոտենցիալ ունի քաղաքը, և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում մասնավոր հատվածի գործունեության ակտիվացման և զարգացման, ներդրումների ներգրավման ուղղությամբ:

-Գավառ համայնքը նախկինում հանդիսացել է արտադրական քաղաք, սակայն այժմյան պայմաններում գավառցին իր օրվա հացը վաստակում է գյուղատնտեսական ու արտագնա աշխատանքներով: Համայնքապետարանն անում է հնարավոր ամեն բան ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, սակայն չունենալով բնական ռեսուրսներ` Գավառում ներդրումային ծրագրեր գրեթե չեն իրականացվում: Եվ չնայած առկա իրավիճակին` ապագա ծրագրերում ներառված են Գավառում արտադրական գործարանների, ջերմոցային տնտեսությունների հիմնում և զբոսաշրջության զարգացում:

-Դուք պարբերաբար հանդիպումներ եք ունենում գավառցիների հետ, ի՞նչ խնդիր ունի գավառցին:

-Գավառցու համար այսօր ամենամեծ խնդիրն աշխատանք ունենալն է: Երբեմնի արտադրական քաղաք համարվող Գավառում այսօր աշխատանքի խնդիր լուծելն ամենադժվար գործն է: Գավառցին իր ապրուստը հիմնականում հոգում է արտագնա աշխատանքով և գյուղատնտեսությամբ զբաղվելով, սակայն վերջինս նույնպես նրա համար շահույթ չի ապահովում, որովհետև այդ բնագավառում առկա են բազմապիսի խնդիրներ, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսության լիարժեք կազմակերպմանը: Այս առումով առկա է ջրարբիացման, ոռոգման համակարգի, գյուղտեխնիկայի և այլ խնդիրներ, որոնց լուծումը, ցավոք, համայնքի բյուջեի միջոցով կազմակերպել հնարավոր չէ:
Եվ չնայած խնդիրները շատ են ու բազմապիսի, այդուհանդերձ, Գավառն ապրում է իր բնականոն կյանքով: Ճիշտ է, որոշակի դժվարություններով, բայց գավառցին կարողանում է վաղվա լավ օրվա իր հույսը պահպանել և իր տեսակի մեջ մնալ առանձնահատուկ:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...