13:36
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
16 տարի անհնարինը դարձնում են իրականություն` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

2018-07-14 13:14

 ԲԱԳՐԱՏ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն

 

«Դե Ֆակտո » N 144 ( 05-06/2018թ.) 

ՏՏ ծառայությունների և ծրագրային ապահովման ոլորտը ՀՀ-ում ամենաարագ զարգացող ճյուղերից է: Այն նաև արդյունաբերության տարբեր ճյուղերում արտադրական պրոցեսի բաղադրիչ մասն է կազմում, նպաստում տվյալ ոլորտի զարգացմանը և որին համընթաց մշտապես բարեփոխվում է նաև ՏՏ ոլորտը:
2002 թվականին Հայաստանում հիմնադրվեց տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից մեկը, որը հիմնադրվել է համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ոլորտի խոշոր ծրագրերը մշակվում և իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից:
Ոլորտի մասնագետների ավելի քան 60%-ը վերապատրաստվում և վերաորակավորվում են հենց հիմնադրամի կողմից, իսկ կրթական ծրագրի շահառուների տարեկան քանակը գերազանցում է 2.000-ը:
Այսօր հիմնադրամն իր գործունեությամբ մեծապես նպաստում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների աճին` ստեղծելով բոլոր նպաստավոր պայմանները նորարարության խթանման, տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար:
ՁԻՀ-ը իր երկարամյա գործունեության ընթացքում էապես նպաստում է միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելու որպես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկիր:
Տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին տարիների զարգացումների, ոլորտում առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ:

 

 -Պարո՛ն Ենգիբարյան, արդեն 16 տարի է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) իր գործունեությամբ մեծապես նպաստում է Հայաստանում Տեղեկատվական ոլորտի զարգացմանն ու արդիականացմանը, հետաքրքիր է` զարգացման ի՞նչ փուլեր է անցել հիմնադրամը:

-ՁԻՀ-ն առաջին տեխնոլոգիական ինկուբատորն է Հայաստանում, այն իր գործունեությունը սկսեց փուլ առ փուլ:
Գործունեության առաջին փուլում մեր նպատակն էր Հայաստանում զարգացնել արտապատվիրման (outsoursing) ծառայությունների ոլորտը, աշխատում էինք հնարավորինս շատ պատվերներ ստանալ օտարերկրյա ընկերություններից: Երկրորդ փուլում սկսեցինք համագործակցել վերազգային կազմակերպությունների հետ. նպատակն էր ոլորտի միջազգային փորձառությունը բերել Հայաստան: Երրորդ փուլում սկսեցինք մշակել սեփական ծրագրերը և օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման ռեսուրս լինելուց վերափոխվեցինք` դառնալով տեխնոլոգիական լուծումներ մշակող և առաջարկող տարածաշրջանային կենտրոն:
Հիմնադրամն իր գործունեությամբ նպաստել է մի շարք երկրների կառավարությունների տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործին, այդ երկրների թվում են Մոլդովան, Մոնտենեգրոն, Բահրեյնը, Յամայկան, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ. համագործակցում ենք ավելի, քան 30 տեխնոլոգիական ինկուբատորների հետ:
Այսօր ամփոփելով մեր գործունեության էտապները, կարող եմ ասել, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ոչ միայն դարձավ առաջատար կառույցներից մեկը Հայաստանում, այլ նաև մեզ մոտ մեծ քանակությամբ նախաձեռնություններ իրականացվեցին, մենք առաջինն էինք, որ նախաձեռնեցինք ՏՏ ոլորտի լայնամասշտաբ կրթական ծրագրեր` ինչպես կարճաժամկետ դասընթացներ, այնպես էլ հայաստանյան բուհերի հետ երկարաժամկետ համագործակցություններ: Հենց այս տարիների ընթացքում հազարավոր ուսանողներ, դասախոսներ և մասնագետներ վերապատրաստվեցին մեզ մոտ:

Ժամանակի պահանջների համաձայն այսօր ՀՀ-ում օր-օրի զարգանում է ՏՏ ոլորտը


-2002 թվականից առայսօր ի՞նչ առանցքային ծրագրեր են իրականացվել:

-Այս ընթացքում ՁԻՀ-ի կողմից իրականացված ծրագրերը կարող ենք բաժանել չորս հիմնական ուղղությունների:

Մեր գործունեությունն առաջին հերթին ուղղված էր տեխնոլոգիական ոլորտում նորաստեղծ կազմակերպությունների արտադրանքների ձևավորմանն ու զարգացմանը`ստեղծելով մի շարք ինովացիոն կենտրոններ, որոնց թվում են ԵՊՀ-ում գործող Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Պոլիտեխնիկական համալսարանում գործող «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը և Հայաստանի ազգային-ճարտարագիտական լաբորատորիան:
Գործունեության երկրորդ կարևոր ուղղությունը, երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացումն ու շուկայի համար մրցունակ կադրերի վերապատրաստումն է: Ունենք կարճաժամկետ դասընթացներ և հայաստանյան բուհերի հետ համագործակցության ուղիներ: Այս ամենը նաև բարենպաստ պայմաններ է ստեղծում վերազգային կազմակերպություններ ներգրավելու տեսանկյունից: Զուգահեռաբար նաև ձևավորվել են ֆինանսական աջակցության գործիքներ` դրամաշնորհներ, վենչուրային ֆոնդեր և այլն:
ՏՏ ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակիցների մեծ մասը, կարելի է ասել, վերապատրաստումն անցել են մեր հիմնադրամի միջոցով և հստակ կարող եմ ասել, որ բավականին որակական փոփոխություններ ենք կատարել կադրերի ձևավորման և վերապատրաստման առումով:
Երրորդ կարևոր ուղղությունը, կարող եմ համարել ՀՀ մարզերում տեխնոլոգիական կենտրոնների հիմնումը: Դեռ հինգ տարի առաջ որոշում կայացվեց, որ այդ ծրագիրը պետք է իրականացվի, քանի որ պետք է ՏՏ ոլորտը ամբողջ երկրում հավասարաչափ զարգացնել` օգտագործելով երկրի ողջ ներուժը:
Առաջին քայլերը կատարվեցին Գյումրիում, Վանաձորում և Արցախում:
Շատերը չէին հավատում, որ այս ամենն իրականություն կդառնա, սակայն այսօր թե՛ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը, թե՛ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և թե՛ Արցախի ինֆորմացիոն տեխնոլոգիական կենտրոնը դարձել են այս ոլորտում հաջողված կենտրոններ, որտեղ կազմակերպվում են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և ստեղծվում նոր աշխատատեղեր: Հարկ է նշել, որ կենտրոններում գործում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ:
Ցանկություն ունենք տեխնոլոգիական կենտրոններ բացել նաև ՀՀ այլ մազերում` խթանելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաչափ զարգացումը:
Եվ ամենավերջին ուղղությունը, դա պետության և մասնավոր հատվածի համագործակցությունն է: Այս տարիների ընթացքում կարողացանք ձևավորել շահավետ համագործակցության եզրեր, և այսօր մասնավորն ու պետությունը փորձում են քայլել կողք-կողքի` որոշակի խնդիրներ լուծելով:

Ինֆորմացիոն տեխնոլոգիական աշխարհում կատարվում են

բազում նորարարական փոփոխություններ, որոնցից հետ չի մնում նաեւ մեր երկիրը


-Ձեր կարծիքով Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման ի՞նչ փուլում է գտնվում: 

-Վերջին տարիներին ՏՏ ոլորտը էական աճ է արձանագրում, որում հիմնադրամն իր մասնակցությունն ունի: Այսօր արդեն հիմնական շեշտադրումն արվում է նոր ստարտափերի ու մրցունակ նորարարական պրոդուկտների ձևավորման, վերազգային կազմակերպությունների համար հետազոտությունների իրականացման և ամբողջական լուծումների առաջարկման ուղղությամբ: Ինֆորմացիոն տեխնոլոգիական աշխարհում կատարվում են բազում նորարարական փոփոխություններ, որոնցից ետ չի մնում նաև մեր երկիրը:
Մենք մշտապես սատարում ենք ստեղծագործ և խելացի երիտասարդներին, այժմ նաև ծրագիր ենք իրականացնում, որի շրջանակում երիտասարդներին հնարավորություն է տրվում մի քանի ամիս անցկացնել Միացյալ Նահանգների հետազոտական կենտրոններում` կատարելագործելով իրենց գիտելիքները:

-Ներկայում ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է համարվում, բնականաբար մասնագետների մեծ պահանջարկ կա, արդյո՞ք մենք այսօր ունենք բավական մեծ թվով մասնագետներ:

-Վստահաբար կարող ենք ասել, որ ժամանակի պահանջների համաձայն ՀՀ-ում օր-օրի զարգանում է ՏՏ ոլորտը: Այսօր ունենք մեծ քանակությամբ մասնագետներ, սակայն այն դեռևս բավարար չէ: Պետք է կարողանանք հետևողական աշխատանք տանել բուհերում, որպեսզի այս ոլորտ ներգրավենք մեծ թվով մասնագետների` զուգահեռ բարձրացնելով նրանց որակական շեմը:
Այսօր մեր դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների կարևոր առաքելությունն է զարգացնել երեխայի մոտ ստեղծագործ միտքը, որը շատ կարևոր է: Մեր գերակա նպատակն է տեխնոլոգիական գիտելիքները և ստեղծագործ միտքը զարգացնել հենց դպրոցական տարիքից: Այդ իսկ նպատակով տարբեր պետական և մասնավոր կառույցների հետ համատեղ իրականացնում ենք մասնագետների պատրաստման, վերապատրաստման, ինչպես նաև դպրոցականների համար դասընթացներ:
Ցանկանում եմ նշել, որ այսօր աշխատատեղեր ապահովելու առումով ևս ոլորտը առաջատարներից է` ունի ավելի քան 15.000 աշխատատեղ: Հայաստանը նաև առաջին երկրներից է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում աղջիկների ներգրավվածության քանակով. տոկոսային հարաբերակցությամբ` 34% աղջիկներ են աշխատում այս ոլորտում:

-Բազում ձեռքբերումների հետ մեկտեղ, ի՞նչ խնդիրներ կան այսօր ՏՏ ոլորտում:

-Երբ 2002 թվականին ՁԻՀ-ը ստեղծվեց, չէինք էլ կարող պատկերացնել, որ կլինի այսպիսի արդյունք, որն այսօր ունենք, այն` ինչ ունենք այս ոլորտում, ուղղակի աներևակայելի է:
Սակայն, ամեն դեպքում, դեռևս կան որոշ խնդիրներ ոլորտի առաջընթացի զարգացման համար:
Առաջնային` ամենամեծ խնդիրը կադրերն են, ինչպես նշեցի, պետք է ոչ միայն քանակական խնդիր լուծենք, այլ նաև որակական:
Մենք պետք է սկսենք փոխել բուհական համակարգի կրթական մակարդակը, գիտեք, այժմ երիտասարդները ավելի հեռատես են և նկատվում է ձգտումը դեպի ուսում, դեպի նորարարական տեխնոլոգիաներ: Փոքր, բայց հստակ քայլերով գնում ենք առաջ, մարդիկ հետզհետե սկսում են տիրապետել ոլորտի մասին տեղեկատվությանը և ըմբռնում դրա կարևորությունը:
Աշխատանքներ կան նաև անելու Հայաստանի, որպես ՏՏ և բարձր տեխնոլոգիական առաջատար երկրի միջազգային բրենդինգի` կայուն վարկանիշի հաստատման ուղղությամբ:
Այս առումով նաև կարևոր է գլոբալ պրոդուկտներ առաջարկող տեղական ստարտափերի ձևավորմանն ու առաջխաղացմանը խթանելը:
Ուղղորդված միջոցառումներ է հարկավոր իրականացնել նաև Հայաստանում հետազոտական պատվերների ներգրավման և հետազոտական կենտրոնների հիմնման ուղղությամբ:
Շարունակական աշխատանքներ է հարկավոր իրականացնել նաև ոլորտի զարգացումը խթանող օրենսդրական դաշտի, մասնավորապես` հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

-Միջազգային համագործակցության ի՞նչ հեռանկարներ ունեք:

-Ունենք միջազգային համագործակցության տարբեր ուղղություններ:
Հայաստանում այսօր արդեն իսկ տարբեր ձևաչափերով գործունեություն են ծավալում բազմաթիվ միջազգային և վերազգային կազմակերպություններ: Հիմնադրամը շարունակական աշխատանքներ է տանում միջազգային ճանաչում ունեցող նոր կազմակերպություններ Հայաստան ներգրավելու ուղղությամբ:
Վերջին ժամանակներում Հայաստանյան տեխնոլոգիական ոլորտը նաև մեծ ներդրումային հետաքրքրություն է վայելում միջազգային ներդրողների կողմից, վենչուրային ֆոնդերի, «բիզնես հրեշտակների» համար: Շատ դոնոր կազմակերպություններ` Համաշխարհային բանկ, ԱՄՆ ՄԶԳ, նաև Եվրամիության տարբեր ծրագրեր նույնպես հետաքրքրված են ՏՏ ոլորտի առաջխաղացմամբ և մեծ ցանկություն ունեն օգնել Հայաստանին:
Մեր արտադրատեսակների 60% արտահանում ենք Միացյալ Նահանգներ: Այժմ տարբեր առաջավոր երկրներ հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումներով: Ճարտարագիտության ոլորտի զարգացման ուղղությամբ համագործակցում ենք Մերձավոր Արևելքի, Ասիական երկրների և Ռուսաստանի հետ:
Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մոդելը ուսանելի է տարբեր երկրների համար:Հենց հիմնադրամի և անձամբ իմ կողմից տարբեր երկրներում իրականացվում է խորհրդատվական և այլ բնույթի աջակցություն` տվյալ երկրներում զարգացման մեր մոդելը արդյունավետ ներդնելու ուղղությամբ: Այս ուղղությամբ նույնպես ծավալուն աշխատանքներ կարող են իրականացվել, որը նույնպես իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի տեխնո-վարկանիշի բարձրացման տեսակետից:
Եվ այսպիսով, կարող ենք վստահաբար ասել, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կճանաչվի, որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն:

 

Այսօր մեր դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կարեւոր

առաքելությունն է զարգացնել երեխայի մոտ ստեղծագործ միտքը

 

-«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի թվում է նաև «Ճարտարագիտական քաղաք» նախագիծը: Արդյո՞ք այդ միջոցով առավել մեծ թվով մասնագետներ կպատրաստվեն:

-«Ճարտարագիտական քաղաք»-ը, ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Նեյշնլ-ինթրումենթս-Արմենիա» կազմակերպության համաֆինանսավորմամբ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագիր է: Մեր աշխատանքային այս տասնհինգ տարիների հաջողությունը մեզ թույլ տվեց զբաղվել տարբեր ոլորտների բարձր տեխնոլոգիաների զարգացման խնդիրներով: Եթե աշխատանքային 15 տարիների ընթացքում ունեցել ենք հաջողություններ ՏՏ ոլորտում, ապա կարող ենք գրանցել հաջողություններ նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Այս ծրագրի նպատակն է զարգացնել ճարտարագիտական ոլորտը, ժամանակն է դուրս գալ փոքր գրասենյակներից և ստեղծել քաղաք-համալիրներ, որոնք իրենց ենթակառուցվածքներում, կազմակերպությունների ջանքերով, թույլ կտան ունենալ ոլորտի զարգացմանը նպաստող բոլոր պայմանները:
Մենք արդեն ստեղծել ենք մոդել, որի նպատակն է հետաքրքրել բոլորին և հավաքել մեկ վայրում` արդյունքում կունենաք ոլորտում նկատելի ձեռքբերումներ:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...