22:10
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այս տարի Շիրակ ՋՕԸ-ն գրանցել է բարձր ցուցանիշներ

2017-10-02 10:51

 

 «Դե Ֆակտո » N 135 (08/2017թ.)  

Ոռոգման համակարգի խնդիրների, առաջիկա ծրագրերի և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Ռուստամ Գրիգորյանի հետ:

 

-Պարո՛ն Գրիգորյան, արդեն ինը ամիս է ինչ նշանակվել եք «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության ղեկավար, կներկայացնեք մինչ այդ աշխատանքային ի՞նչ ճանապարհ եք անցել:


-2004-2014թթ. աշխատել եմ Գյումրու ԳԳՄ-ում, 2004-2006թթ աշխատել եմ որպես չափագետ-ճարտարագետ, 2006-2007թթ.` տարածքային տեղամասում որպես պետի տեղակալ, 2007-2014թթ.` տնօրենի տեղակալ իրացման գծով, այնուհետև աշխատանքային գործունեությունս շարունակել եմ «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ում որպես ծառայության պետ:
2016 թվականի դեկտեմբեր ամսից աշխատում եմ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությունում որպես գործադիր տնօրեն:

 

Բոլոր նախանշված աշխատանքները

նպատակաուղղված են ջրի կորստի նվազեցմանը

 

-Աշխատանքային գործունեությունն անցել եք մեկ այլ բնագավառում, արդյո՞ք դժվար չէ աշխատել ջրային ոլորտում:

-Յուրաքանչյուր ոլորտ ունի իր նրբություններն ու դժվարությունները, ինձ համար այդքան էլ դժվար չէր աշխատել այս ոլորտում, քանի որ աշխատել եմ մի բնագավառում, որը նման է ջրային ոլորտին: Երկար տարիներ աշխատելով գազի սպասարկման ոլորտում հստակ կասեմ, որ երկու ոլորտների աշխատանքները նման են իրար. երկուսի պարագայում էլ գործ ունենք սպասարկման և իրացման հետ: Այս աշխատանքներում առկա է ամենօրյա շփում բնակիչների հետ և պետք է կարողանալ յուրովի մոտենալ յուրաքանչյուրի խնդրին:
Արդեն բավականին հեշտ է ջրային ոլորտում աշխատելը, քանի որ կարողացել ենք այս ամիսների ընթացքում ուսումնասիրել բոլոր առկա խնդիրները և այժմ գրեթե լիարժեք տիրապետում ենք ամբողջ համակարգին և արդեն ունենք գրանցած բարձր ցուցանիշներ:

 

-Պարո՛ն Գրիգորյան, ե՞րբ է մարզում սկսվում ոռոգման նախապատրաստական աշխատանքները և բնակիչները հիմնականում այստեղ ի՞նչ են աճեցնում:

-Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները սկսում ենք մարտ ամսից: Հունիսից անցել ենք ոռոգման աշխատանքներին: Մեզ մոտ բերրի հողատարածքներ են, բնակիչները հիմնականում աճեցնում են հացահատիկ և կարտոֆիլ: Ոռոգման սեզոնը ավարտվում է սեպտեմբերի վերջին:

 

-Այսօր ջրօգտագործողն ի՞նչ խնդիրներ ունի:

-Բնական է, որ եթե կա կատարվող աշխատանք, կլինեն նաև խնդիրներ: Այսօր մեզ համար առաջնային խնդիրն այն է, որ կարողանանք ջրի կորուստները հասցնել նվազագույնի, մեզ մոտ հիմնականում հողային հունով է ջուրը գնում, այդ իսկ պատճառով էլ ջրի կորուստները շատ են: Այս տարի նաև բարձր ջերմային ֆոնով պայմանավորված շատ է եղել գոլորշիացումը: Բոլոր նախանշված աշխատանքները նպատակաուղղված են ջրի կորստի նվազեցմանը. մեզ համար այդ խնդիրը շատ կարևոր է: Նաև լուրջ խնդիր է պոմպակայանների անմխիթար վիճակը: Օգտագործվող պոմպերը շատ հին են, շահագործվում են դեռ 1960-ական թվականներից: Կարիք է լինում տարվա մեջ առնվազն երկու անգամ պոմպերը տալ վերանորոգման:

 

-Ո՞րտեղից եք ջրառ իրականացնում և ի՞նչ եղանակով:


-Մարզում ոռոգվող հողատարածքների ոռոգման համար հիմնական ջրաղբյուրներ են հանդիսանում Կառնուտի, Ջաջուռի, Սառնաղբյուրի և Վարդաքարի ջրամբարները:
Ընկերությունը ոռոգում իրականացնում է 80% ինքնահոս, 20% մեխանիկական եղանակով: Կապսի ջրամբարի կառուցումից հետո հնարավորություն կլինի կառուցել լրացուցիչ նոր ջրագծեր և ոռոգելի դարձնել ևս 2-3 հազ հեկտար հողատարածք:

 

-Պարո՛ն Գրիգորյան, սեպտեմբեր ամսին ոռոգման սեզոնը վերջանում է, եթե ամփոփելու լինեք տարին, ապա ինչպիսի՞ն էր տարին Շիրակի մարզի համար:

-Անցած տարվա համեմատ, այս տարի ջրամբարները մոտ 30-40 տոկոս պակաս են լցվել: Չնայած եղանակային պայմաններին, մենք ջրի բաշխման ճիշտ հերթականություն ենք սահմանել, որի արդյունքում ջրօգտագործողներին կարողացել ենք ապահովել ոռոգման ջրով, որպեսզի բերքն առատ լինի և գյուղացին չտուժի:

 

Շիրակ ՋՕԸ-ն սպասարկում է Շիրակի մարզի բոլոր համայնքները.

ոռոգում է 4000 հեկտար հողատարածք, որոնց մոտ 60 տոկոսը ֆերմերային հողատարածքներ են:


-Բնակիչները կարողանու՞մ են վճարումները ժամանակին կատարել:

-Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այս տարի գանձումների ցուցանիշը բարձր է: Թե՛ բնակիչները, թե՛ ֆերմերները բարեխղճորեն կատարել են վճարումները:

 

-Քանի որ ինչպես նշեցիք տարին չորային էր, ջրագողության դեպքեր արձանագրվե՞լ են:

-Ասեմ, որ մեզ մոտ փորձել ենք նվազագույնի հասցնել նման դեպքերը, և ես համոզված կարող եմ ասել, որ եթե կարողանանք ճիշտ բաշխել տրամադրվող ջուրը, ապա նման խնդիրներ չեն լինի:

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...