23:37
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխատելու եմ նվիրվածությամբ, երիտասարդ պատգամավորին վայել եռանդով եւ կոլեգիալության սկզբունքով

2017-07-03 12:10

«Դե Ֆակտո » N 132(05/2017թ.) 

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ

Ռուստամ Մախմուդյան


-Պարո՛ն Մախմուդյան, Դուք ընտրվել եք ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ցուցակով: Հետաքրքիր է, կյանքի և գործունեության ի՞նչ ուղի է անցել եզդիական համայնքի ընտրյալը:


-Ինչպես Սենեկա կրտսերն է ասել` ողջ կյանքը ծառայություն է: Նշեմ, որ թե՛ կյանքի և թե՛ մասնագիտական գործունեության առումով, իսկապես հետաքրքիր ուղի եմ անցել: Շուրջ 15 տարի զբաղվել եմ բացառապես մասնագիտական գործունեությամբ՝ փորձելով իմ գիտելիքներն ու ներուժը օգտագործել մեր երկրի պետական կառույցներում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ինձ հաջողվել է երբևէ չկտրվել Մայր բուհից. արդեն 13 տարի զբաղվում եմ նաև գիտամանկավարժական գործունեությամբ՝ դասախոսելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

-Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել օրինաստեղծ աշխատանքով:

-Մի քանի պարզ պատճառով: Նախ` լինելով պրակտիկ իրավաբան և տեսաբան՝ օրենսդիր մարմնում աշխատելիս դրանց մեկտեղումը կիրառելն ուղղակի հրաշալի հնարավորություն է: Ավելին, իմ ընտրած սահմանադրա-իրավական մասնագիտացումը եթե ոչ խորհրդարանում, ապա ուրիշ որտե՞ղ կարելի է լավագույնս կիրառել...

 

-Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք եզդիական համայնքի հետ:


-Ինքս այլ համայնքից չեմ, որ իմ փոխհարաբերություններին որակական գնահատական տամ, ես իրենցից մեկն եմ ու մշտապես եղել եմ մեր համայնքի կողքին: Իմ փոխհարաբերությունները խորհրդարանական գործունեությամբ չէ, որ պետք է լավ կամ վատ լինեն համայնքի ներկայացուցիչների հետ, ավելին՝ ես մշտապես կանգնած եմ ազգակիցներիս կողքին, պարզապես ի տարբերություն շատ շատերի՝ չեմ սիրում կատարած յուրաքանչյուր գործ ի ցույց դնել, քանի որ նախ դա համարում եմ իմ բարոյական պարտականությունը, և երկրորդ՝ իմ մարդկային տեսակն է այդպիսին:

-Ի՞նչ խնդիրներ ունի ՀՀ-ում եզդիական համայնքը, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն:


-Եզդիական համայնքի ներկայացուցիչները, ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր քաղաքացիները, ունեն խնդիրներ, որոնցից շատերը համապետական նշանակություն ունեն: Եզդիական համայնքին հուզող խնդիրների լուծման նպատակով կարևորում եմ որևէ ձևաչափով հանդիպման կազմակերպումը հատկապես երիտասարդ, բանիմաց և նպատակասլաց հայրենակիցներիս հետ: Կարծում եմ՝ այդ հանդիպման ընթացքում հնչեցված հարցերին հնարավոր կլինի գործնական ընթացք տալ առաջնահերթության սկզբունքով: Ընդ որում, ի կատարումն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի
3-րդ մասի` ազգային փոքրամասնություններին վերաբերող ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման նպատակով ԱԺ-ի կողմից պետք է ընդունվի օրենք, որը, թերևս, մեկնարկը կլինի խնդիրների լուծման:

-Լինելով իրավաբան՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը երկրի ներսում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ, նկատե՞լ եք ազգային խտրականության դեպքեր: 

-Ձեր այս հարցի կապակցությամբ շատ կարճ պատասխան կտամ: Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից խտրականության դեպքեր չեն նկատվել: Ասածիս վառ վկայությունն է թվով 4 ներկայացուցիչների ընդգրկումը խորհրդարանում: Ավելին, իրավունքի գերակայությունը հանդիսանալով իրավական պետության էությունը, դրանով իսկ երաշխավորվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը:

 

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել երկրից դուրս՝ Իրաքի հյուսիսում, եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող ջարդերի և ցեղասպանության կանխման ուղղությամբ

-Ցանկացած գործի մասին պետք է դատել՝ ըստ արդյունքի: Միջազգային ատյաններում հանդես գալը և ցեղասպանության կանխմանն ուղղված քայլեր ձեռնարկելը, ինչ խոսք, էական գործոն է, բայց ես կարծում եմ, որ մինչ միջազգային ասպարեզում այդ հարցը բարձրաձայնելը, նախ կարևոր է օրենսդրի մակարդակով այն պաշտոնապես դատապարտելը: Անշուշտ, ցանկացած պատեհ առիթ, ցանկացած միջազգային քաղաքական ամբիոն պետք է օգտագործել այդ նպատակով, քանզի եզդիների նկատմամբ ոճրագործությունը, կարծես թե ունի իր շարունակականությունը: Հետևաբար՝ անհրաժեշտ է թե՛ տեղական և թե՛ միջազգային իրավական մակարդակով դատապարտել եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվող ջարդերը:

 

-ԱԺ-ն քննարկում է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն մարմին ստեղծելու կառավարության նախաձեռնությունը: Որքանո՞վ է այն իրատեսական և կենսունակ, միգուցե՞ վերապահումներ ունեք:

-Անկեղծ ասած՝ ցանկացած նոր երևույթ, նորամուծություն, հեռու է անթերի լինելուց, և անհրաժեշտություն կա թերությունների մասին խոսել Աժ ամբիոնից, որը լսելի է մեր բոլոր հայրենակիցների համար: Այն փաթեթը, որը դրվել է քննարկման, բնականաբար, մի քանի օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ է պահանջում, բայց ամենակարևոր հանգամանքը, որ որդեգրված է այս փաթեթների հիմքում, ազնիվ նպատակադրումն է և իրատեսականությունը: Պետք է նկատել նաև, որ կոռուպցիայի կանխարգելման դեմ պայքարի նպատակով ստեղծվող անկախ մարմնի հիմքում ընկած են ՀՀ կողմից ընդունված, հաստատված և վավերացված մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք կարևոր երաշխիք են այդպիսի մարմին ստեղծելու համար:

 

-Դուք ընդգրկված եք ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում և այդ հանձնաժողովի նախագահի տեղակալն եք: Ձեր մասնագիտական հմտությունները որքանո՞վ կօգնեն Ձեզ հանձնաժողովում աշխատելիս, և ի՞նչ նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ:

-Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, իսկ հանձնաժողովի աշխատանքը, եթե ոչ բացառապես, ապա գերազանցապես իրավական ուղղվածություն ունի և, ինչ խոսք, իմ մասնագիտական հմտություններն անպայման օգտակար են լինելու հանձնաժողովում արդյունավետ աշխատելու համար: Իսկ թե ինչ նախաձեռնություններով հանդես կգամ, ցույց կտա կյանքն ու ժամանակը:

 

-Ի՞նչ սկզբունքներով եք աշխատելու Աժ-ում և ինչպիսի՞ աշխատանք եք ակնկալում Ձեր գործընկերներից:


-Աշխատելու եմ սիրով և նվիրվածությամբ, երիտասարդ երեսփոխանին վայել եռանդով, լինելու եմ հետևողական, անկողմնակալ և ձգտելու եմ գործել կոլեգիալության սկզբունքով: Վերջինիս դեպքում նկատի ունեմ համագործակցային աշխատանք խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի հետ:

 

-Ինչպե՞ս կցանկանայիք տեսնել Ազգային ժողովի առաջիկա հինգ տարիները, ամփոփիչ ի՞նչ արդյունքներով:


-Աժ իմ աշխատանքային առաջիկա հինգ տարիները կցանկանայի ամփոփել պատվով և այն արդյունքներով, որոնք պատգամավորից իր ընտրողն է ակնկալում:

 


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...