22:22
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արգանդի պարանոցի քաղցկեղն այն հիվանդությունն է, որը կարելի է կանխարգելել եւ բուժել

2017-03-09 11:47

                                « Դե Ֆակտո» N 129 (2017թ.) 

 «Դե ֆակտո» ամսագրի այս համարում զրուցելու ենք մանկաբարձ-գինեկոլոգ Ժաննա Հովհաննիսյանի հետ,

ով կպատասխանի մեր ընթերցողների հուզող հարցերին և կտա համապատասխան լուծումներ:

 

-Բժի՛շկ Հովհաննիսյան, ի՞նչ է արգանդի պարանոցի էրոզիան, որո՞նք են առաջացման հիմնական պատճառները և բուժման ո՞ր մեթոդն է առավել արդյունավետ:


-Նախ և առաջ ասեմ, որ ժամանակակից գինեկոլոգիական պրակտիկայում և բժշկության գրականության մեջ այլևս չի կիրառվում արգանդի պարանոցի էրոզիա տերմինը: Այժմ այն դիտարկվում է որպես նախաքաղցկեղային հիվանդություն՝ ըստ Բեթեսդի:
Էրոզիան լորձաթաղանթի վերքային մակերեսն է. լորձաթաղանթի դեֆեկտ:
Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների առաջացման պատճառները շատ տարբեր են:
1. Մեխանիկական.
* ծանր ծննդաբերություն, հղիության գործիքային ընդհատումներ, կոպիտ սեռական հարաբերություն:
2. Քիմիական և ճառագայթային.
* քիմիական նյութերի ազդեցություն:
3. Ինֆեկցիոն.
սեռական սպեցիֆիկ՝
* ուեոպլազմոզ, միկոպլազմոզ
* հերպես
* ցիտոմեգալովիրուս
* խլամիդիոզ
* մարդու պապիլոմավիրուս HPV (արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման ամենահաճախակի հանդիպող պատճառը):
սեռական ոչ սպեցիֆիկ՝
* սնկային կոլպիտներ
* գարդներելլոզ
* հեշտոցային դիզբիոզներ
4. Հորմոնալ.
* կերակրող մայրեր
* հղիություն


Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակները հայտնաբերվում են ՊԱՊ (Պապանիկոլաուի) թեսթի միջոցով:
Այս թեսթը գինեկոլոգիայում հետազոտման հայտնի թեսթ է, որը ցույց է տալիս արգանդի պարանոցի բջիջների մանրադիտակային պատկերը: Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների բուժումն իրականացվում է՝ ելնելով հիվանդության զարգացման պատճառներից և ախտածագումից: Եթե արգանդի պարանոցի ախտահարումներն ավելի խորը շերտեր են թափանցել, ապա բուժումն իրականացվում է վիրահատական (կոնիզացիա) կամ LEEP (Loop electrosurgical excision procedure) միջոցով: Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց համար նախընտրելի է LEEP-ը, իսկ 40-ից բարձր տարիքի կանանց համար՝ արգանդի պարանոցի կոնիզացիան (պարանոցի կոնաձև կտրվածք): Ամենակարևորն այն է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը այն հիվանդությունն է, որը կարելի է կանխարգելել և բուժել, ասեմ որ այն զարգանում է մոտավորապես 5-10 տարվա ընթացքում:

-Ի՞նչն է պատճառը, որ կանանց մոտ դաշտանը լինում է ցավոտ և կարելի՞ է արդյոք այդ օրերին օգտագործել ցավազրկողներ:

-Ցավոտ դաշտանը կամ ալգոդիսմենորեան, ունի տարբեր պատճառներ: Առաջնային պատճառներն են.


* մեխանիկական (արգանդի զարգացման արատներ, հետ թեքված արգանդ, արգանդի պարանոցի սպիական փոփոխություններ) որոնք դժվարեցնում են արյան արտահոսքը արգանդից:
* նեյրոփսիխոգեն (հիվանդը գերզգայուն է ցավի նկատմամբ)
* կոնստիտուցիոնալ (ինֆանտիլիզմ)
Երկրորդային պատճառներն են.
* կանացի սեռական օրգանների բորբոքային և ոչ բորբոքային հիվանդությունները: Ամենահաճախ հանդիպող պատճառներից են՝
* էնդոմետրիոզը
* ադենոմիոզը
* արգանդի միոման
* արգանդի խոռոչում ներարգանդային պարույրի (ՆԱՊ) առկայությունը:
Բացի ցավազրկողների կիրառումից՝ պետք է վերացնել նաև հիմնական հիվանդությունը, որը պատճառ է հանդիսանում ցավոտ դաշտանի:
Ցավազրկող և սպազմոլիտիկ պրեպարատներ խորհուրդ է տրվում օգտագործել սպասվող դաշտանից 3-4 օր առաջ և մենստրուացիայի օրերին:

 

Ցանկացած կին պետք է մշտապես հետեւողական լինի իր սեռական

առողջության նկատմամբ, դա կհանգեցնի այն բանին, որ հիվանդությունը

վաղ կհայտնաբերվի եւ կստանա համապատասխան բուժումը:


-Կարելի՞ է զբաղվել սպորտով դաշտանային ցիկլի օրերի ժամանակ:

-Դաշտանային ցիկլի ժամանակ սպորտով զբաղվելը հակացուցված չէ, եթե այն չի ընթանում ցավային համախտանիշով, առատ արյունային արտադրությամբ և չկան գինեկոլոգիական որոշ հիվանդություններ: Հակառակ դեպքում սպորտով զբաղվելը հանում է նյարդային գրգռվածությունը և տալիս դրական լիցքեր:

-Ինչո՞վ է պայմանավորված, որ բոլոր կոնտրացեպտիվ հորմոնալ դեղերը գիրացնում են:

-Ժամանակակից հորմոնալ պրեպարատները պարունակում են քիչ քանակությամբ կանացի սեռական հորմոններ և չեն գիրացնում, ընդհակառակը, վերացնում են հորմոնալ դիսբալանսով պայմանավորված գիրացման պատճառները:

-Կանացի ինչպիսի՞ հիվանդությունների ժամանակ կարող են լինել հեշտոցային արտադրություն, քոր, տհաճ հոտ:

-Հեշտոցային արտադրությունը լինում է ֆիզիոլոգիական և պաթոլոգիական:
1. Ֆիզիլոգիական.
* ձվազատման օրերին
* սեռական գերգրգռման ժամանակ
* կլիմայական փոփոխությունների ժամանակ
* հղիության ժամանակ (հեշտոցային արտադրությունը անհոտ է, թափանցիկ և լորձանման):
2. Պաթոլոգիական հեշտոցային արտադրությունը դիտվում է՝
* սնկային հեշտոցաբորբերի (կաթնաշոռանման արտադրություն)
* խլամիդիոզի, տրիխոմոնիազի, գոնորեայի (թարախային արտադրություն)
* գարդներելլոզի (ուղեկցվում է տհաճ, նեխած ձկան հոտով)
* հեշտոցային դիսբիոզի կամ դիսբակտերիոզի ժամանակ:
Նորմայում հեշտոցի մեջ բնակվում են շատ բակտերիաներ (մի մասն ակտիվ, մի մասը՝ պասիվ կամ ճնշված): Նորմայում հեշտոցի միջավայրը թթվային է, որը պայմանավորված է կաթնաթթվային բակտերիաների գործունեությամբ (վերջիններս սինթեզում են կաթնաթթու): Թթվային միջավայրում ախտածին բակտերիաները պասիվանում են:
Կաթնաթթվային բակտերիաների կենսագործունեության համար մեծ դեր են խաղում կանացի սեռական հորմոնները՝ էստրոգենները:
Կլիմակտերիկ շրջանում գտնվող կանանց մոտ կանացի սեռական հորմոնների նվազեցման պատճառով կաթնաթթվային բակտերիաների աճը խիստ նվազում է, և հեշտոցի միջավայրը փոխակերպվում է հիմնային միջավայրի, որտեղ գլուխ են բարձրացնում պաթոլոգիկ (ախտածին) բակտերիաները: Փոխվում է հեշտոցային արտադրության պարամետրերը: Ոչ ռացիոնալ անտիբիոտիկոթերապիան նույնպես վերացնում է հեշտոցային կաթնաթթվային բակտերիաների քանակը՝ նպաստելով ախտածին բակտերիաների աճին (սնկային հեշտոցաբորբեր, գարդներելլոզ) և այլն:

-Կա՞ հստակ ժամանակահատված, որ ամուսնությունից հետո չհղիանալը որևէ խնդրի մասին է խոսում:

-Մինչև 35 տարեկան կանանց մոտ մեկ տարի չհղիանալը կարելի է դիտարկել նորմալ, իսկ 35-ից բարձր կանանց համար՝ 6 ամիս:

-Որո՞նք են կանանց մոտ մազաթափության հիմնական պատճառները:

-Կանանց մոտ մազաթափության հիմնական պատճառներն են.


* Սթրեսը (սթրեսի հետևանքով խանգարվում է մազարմատի սնուցումը)
* Հետծննդաբերական շրջանը (հղիության ընթացքում սինթեզվում են մեծ քանակությամբ կանացի սեռական հորմոններ՝ էստրոգեններ, որոնք նպաստում են մազարմատի աճին և ամրացմանը: Ծննդաբերությունից հետո պակասում են էստրոգենները, որի հետևանքով սկսվում է ֆիզիոլոգիական մազաթափությունը):
* Կլիմաքսը, այն նույնպես պայմանավորված է կանացի սեռական հորմոնների քանակության նվազմամբ:
* Վահանաձև գեղձի հիվանդությունները (այս գեղձի թերֆունկցիան և գերֆունկցիան բերում են մի շարք նյութափոխանակման խանգարումների, այդ թվում՝ մազաթափության):
* Ձվարանների և մակերիկամների ֆունկցիոնալ խանգարումները: Կանացի և տղամարդկային հորմոնները՝ էստրոգենները և անդրոգենները, սինթեզվում են հիմնականում այս երկու օրգաններում: Կնոջ օրգանիզմում տղամարդկային հորմոններից են սինթեզվում կանացի սեռական հորմոնները (մեծամասամբ): Որոշ գենետիկ և ֆունկցիոնալ խանգարումների հետևանքով տղամարդկային սեռական հորմոնները՝ տեստոստերոնը, դիհիդրոտեստոստերոնը, դիհիդոէպիանդրոստերոն սուլֆատը սկսում են գերակշռել կնոջ օրգանիզմում՝ բերելով մի շարք նյութափոխանակման խանգարումների՝ ճարպակալում, ակնե և այլն: Տղամարդկային հորմոնները գլխամաշկի ճակատային և գագաթային հատվածներում նպաստում են մազարմատի ճարպային գեղձերի ակտիվացմանը, որի գերֆունկցիայի պատճառով մազարմատի սնուցումը վատանում է և հանգեցնում մազաթափության: Իսկ գլխամաշկի քունքային և ծոծրակային շրջանի մազարմատներում տղամարդկային հորմոններից սինթեզվում են կանացի սեռական հորմոններ՝ էստրոգեններ, որոնք լավացնում են մազարմատի սնուցումն ու աճը:
* Երկարատև անտիբիոտիկների կիրառումը
* Քիմիոթերապիան
* Հորմոնալ կոնտրացեպտիվ պրեպարատները:


-Ընդունված կարծիք կա, որ հագուստը կարող է անդրադառնալ կնոջ սեռական առողջության վրա, արդյո՞ք ճիշտ է այդ փաստը:


-Այո՛, բոլոր սինթետիկ, ամուր գրկող ներքնաշորերը վտանգ են ներկայացնում կանանց և աղջիկների սեռական առողջության համար, քանի որ նրանք արգելափակում են թթվածնի հոսքը դեպի շեք, որի հետևանքով հեշտոցի մեջ գլուխ են բարձրացնում անաերոբ բակտերիաները՝ հանգեցնելով բորբոքային պրոցեսների: Իսկ ստրինգ կոչվածը շատ վտանգավոր է, այն շփվելով շեքի հետ՝ տարածում է ինֆեկցիան դեպի հեշտոցամուտք և միզուկի շրջան:

 

Նյութը պատրաստեց Սյուզաննա Ղուկասյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...