06:37
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ` 75 ՏԱՐԵԿԱՆ

2016-12-19 11:25

ԹԱՏՐՈՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ,

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԼԵԳԵՆԴ, 

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ


ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի կապակցությամբ, սիրով և ուրախությամբ գրում եմ հայ թատրոնի բեմարվեստի մեծագույն գնահատված վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, հմուտ մանկավարժ Երվանդ Ղազանչյանի մասին, որն անցել է ստեղծագործական հրաշալի, բազմաբեղուն ճանապարհ: Արվեստագետ, որն իր պատվավոր տեղն ունի հայ թատրոնի պատմության մեջ: Շնորհաշատ ռեժիսորի կյանքում տարիները չէ, որ ճանաչում է բերում: Նա օժտված է մեծ տաղանդով և աշխատասիրությամբ: Եվ կյանքն իմաստավորվեց ստեղծագործական բուռն որոշումներով: Մեծ է Ղազանչյանի ներդրումը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար և բոլոր տարիներին նրան ուղեկցել են ստեղծագործական հաջողությունները: Իր մուտքը թատրոն առանձնահատուկ գույն բերեց թատրոնին, բնականաբար բարձրացնելով նրա հեղինակությունը և լայն ճանաչումը: Ղազանչյանի բեմադրությունները հաստատեցին իր ուրույն տեղն ազգային ռեժիսուրայում:
Թատրոնը սկսեց ապրել բարձր արժեքների, բեմական հնարանքների նորովի կյանքով: Ղազանչյանն է զարդարում, գեղեցկացնում թատրոնը: Ղազանչյանի խոսուն և ուսանելի, բնատուր տաղանդի շնորհիվ է, որ հանդիսատեսը գալիս է թատրոն` դաստիարակվելով ու լուսավորվելով գեղեցիկի, բարու դրսևորումներով:
Մենք երջանիկ ենք, որ ունենք այնպիսի թատրոն, որը մեզ ժպիտ է պարգևատրում` հնարավորություն տալով կտրվելու առօրյա հոգսերից:
Ղազանչյանի բազմաթիվ բեմադրություններ երկար տարիներ զարդարել և զարդարում են բազմաթիվ օտար երկրների բեմեր:
Հզոր է նրա բեմադրությունների ներգործությունը հանդիսատեսի վրա` հիացնելով շատերին:
Տարիների ընթացքում բեմադրվեցին տարաբնույթ ներկայացումներ` մեկը մյուսից գերազանց ու գրավիչ: Ղազանչյանն ասելիք ունեցող բեմադրիչ է: Համբերատար, հետևողական ու նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ մեր թատրոնն այսօր վերելք է ապրում: Այս հատկանիշներից է, որ Ղազանչյանի աշխատած տարիներին թատրոնում ստեղծվեց ջերմ մթնոլորտ: Նրա շնորհիվ է, որ այսքան ջերմություն և հավատարմություն կա կոլեկտիվում: Տակտի և հարգանքի դրսևորման մեծ զգացումով է վերաբերվում յուրաքանչյուրի հետ: Ոչ միայն դերասանների, այլ ողջ կոլեկտիվի անդամների հետ խոսում է հանգիստ, հումորով: Անհրաժեշտության դեպքում ցավում, նաև ուրախանում է յուրաքանչյուրի ուրախությամբ: Երբեք կոլեկտիվի անդամները չեն կաշկանդվել իր ներկայությունից, որը գալիս է Ղազանչյանի մեծ հմայքից, մարդասիրությունից և տաղանդից: Իր հետ զրուցելիս կարող ես սիրտդ բացել, և նա, անպայման, սատար կկանգնի:
Մեծ բարությամբ և լավատեսությամբ ժպտացող դեմքին նայելիս, բնականաբար, իր հոգու արտացոլումն ես տեսնում: Իսկ ինչպես էր ուրախանում կոլեկտիվի մյուս մասը, երբ վերադառնում էր հյուրախաղերից:
Թատրոնի խաղացանկում գերիշխում է Ղազանչյանի բեմադրությունները: Ահա ներկայացումների մի ճոխ ընտրանի, որոնք զարդարում են թատրոնը.
Մոլիեր «Քաղքենին ազնվական», Ա. Քալանթարյան «Աշխարհի կենտրոնը», Ժ. Հարությունյան «Բախտավոր մարդիկ», Գոգոլ «Ամուսնություն», Ժ. Անանյան «Ես եմ, եկել եմ», Արիստոֆանես «Լիսիստրատե», Ժ. Անանյան «Տեր, մի թող մեզ անտեր», Հ. Պարոնյան, Ա. Այվազյան «Ատամնաբույժն արևելյան», ժ. Անանյան «Մեր տան տերերը», Ա. Այվազյան «Չարենցի ուղղիչ տունը» («Եղած չեղած մի կյանք»):
Դիտելով շատ ներկայացումներ, ես լիովին համոզվել եմ, որ դերասանը դերասան է դառնում ռեժիսորի շնորհիվ:
Թատրոնը հավատարիմ է իր ավանդույթներին` բեմադրելով բարձրարժեք ներկայացումներ, որտեղ, անշուշտ, մեծ է թատրոնի տնօրեն Կ. Շահբազյանի և Ե. Ղազանչյանի միասնական դերը, չէ որ նրանք հսկում են ներկայացումների ողջ ընթացքը:
Հոգիս լցվում է մի մեծ ջերմությամբ, երբ հիշում եմ, թե ինչպես դպրոցական հասակում մայրիկիս և հայրիկիս հետ մայր թատրոնում դիտեցի ռուս դասական արձակագիր Դոստոևսկու «Ապուշը» փայլուն ներկայացումը, որը բեմադրել էր Ղազանչյանը: Ինձ համար չափազանց հետաքրքիր էր դիտել բարձրարվեստ, ցնցող մի ներկայացում, որը մինչ այսօր մնացել է հիշողությանս մեջ: Ես հիմա եմ գիտակցում, ներկայացումը հագեցած էր Ղազանչյանի ռեժիսուրայով, ինքնատիպ արվեստով, որը և հիացրեց մեզ: Գերազանց, նորովի, հետաքրքիր մեկնաբանություն, հրաշալի դերասանական աշխատանք: Հրաշալի օր էր ինձ համար: Ներկայացումը փայլեց իր բեմադրական կերտմամբ: Ես տուն գնացի` հարստացած գեղեցիկ, հիացական տպավորությամբ:
Ինձ համար հայտնություն դարձավ Ղազանչյան անունը, որպես ռեժիսոր, որի միջոցով ճանաչեցի և «սիրեցի» նաև Լ. Առուշանյանին /իշխան Միշկին/ և Վ. Վարդանյանին / Նատալյա Ֆիլիպովնա/:
Պարոնյանի թատրոնը ղեկավարած առաջին իսկ տարիներից Ղազանչյանը կյանքի կոչեց շատ թատերգություններ: Ճանաչելով Ղազանչյանին որպես լավագույն բեմադրիչ, ուզում եմ խոսել «Ինձնից պրծում չկա» բեմադրության մասին, որը ժամանակի հետ համահունչ, արդի կյանքի ճիշտ հայելին է: Հաճելի է տեսնել բեմում դերասանների դրսևորած կարգապահությամբ միմյանց հարաբերվելը` պիեսից բխող պահանջներից ելնելով: Հիանալի խաղ, արդիական ասելիք, ժամանակների մտահոգության թատերականացված կարևորագույն բեմականացում: Հրաշալի է և աննման:
Պարոնյանի անվան թատրոնը, բառի բուն իմաստով, մշակութային ջերմ, սիրելի օջախ է և դա շնորհիվ Երվանդ Խաչատուրի:
Խոսքը ոչ միայն նախորդ, այլև ներկա երիտասարդ սերնդի դերասանական փայլուն կազմի մասին է, այն բարձրարվեստ կատարումների, որոնց ականատեսն է լինում հանդիսատեսը:
Թատրոնում սկսեց աճել երիտասարդ դերասանների մի նոր սերունդ, որոնք ստեղծեցին հետաքրքիր կերպարներ:
Ուզում եմ խոսել երիտասարդ դերասաններ Ավետիք Խալաթյանի և Արմեն Մարգարյանի կերպարանավորած Չարենցների մասին, որոնք շատ լավ զգում են Չարենցի ոգին և իրար հետ ներդաշնակ են: Ահա մի շատ ուրույն ներկայացում` «Չարենցի ուղղիչ տունը», որն ամբողջական է ու հումորով: Ճիշտ է ընտրված դերասանական կազմը, որոնք բավականին համոզիչ ներկայացրին ժամանակաշրջանը: Շատ տեղին են ընտրված բանաստեղծությունները: Ներկայացումը չափազանց ծանր, խոր իմաստ է պարունակում, ամփոփում է Չարենցի ամբողջ ուղին, ներկայացնում իմաստուն մտքերը:
Հանճարեղ բեմադրություն. նույն բեմի վրա երկու Չարենցների անզուգական խաղով: Հրաշալի է. սահուն և ներդաշնակորեն ի ցույց է տրվում Չարենցի կերպարանափոխությունը:
Մեր կյանքի ցավոտ կողմերն է ներկայացնում «Տեր, մի թող մեզ անտեր» ներկայացումը, որը դիտվում է մեծ հետաքրքրությամբ:
Յուրաքանչյուր հայի տանն արտագաղթի նման հարց է բարձրանում:
Հույսով եմ, այս բեմադրությամբ գոնե որոշ ընտանիքներ հետ կկանգնեն հայրենիքը լքելու և այլ երկիր մեկնելու ցանկությունից:
Ինքնատիպ անհատականության տեր Ղազանչյանի շնորհիվ թատրոնն այսօր մեծ վերելք է ապրում իր անվանն արժանի ներկայացումների բեմադրությամբ` սկսելով ստեղծագործական մի նոր ժամանակաշրջան, որոնք ծնվեցին մեկը մյուսի հետևից` «Ատամնաբույժն արևելյան», «Մորգանի խնամի», «Կարինե», «Ուշ լինի, նուշ լինի», որոնք ուրախ, գունավոր և հրաշալի են բեմադրված:
Թող անվերջանալի հաջողություններով օպերետային արվեստի շքահանդեսը ուրախություն և բերկրանք պատճառի մեր հանդիսատեսին:
«Ատամնաբույժն արևելյան» ներկայացման սյուժեն և արծարծված հարցերը երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը: Բեմադրությունը շատ սահուն ու մի շնչով է նայվում և հնարավորություն է տալիս տեսնել կյանքի արտացոլումը: Ուրախալի է, որ այն բեմը, որտեղ խաղացել են անվանի շատ արտիստներ, ունի իր արժանի փոխարինողները` թատրոնի լավագույն ավանդույթների հիանալի շարունակողները:
Տիգրան Չուխաջյանի հանճարեղ երաժշտությամբ՝ Ղազանչյանի շնորհիվ, այսօր դասական գործերը բեմի վրա նորովի են ներկայացվում:
Հայ թատրոնի անխոնջ մշակ Ղազանչյանի շնորհիվ վերածնվեց օպերետը: Հերթական անգամ համոզվեցինք, որ օպերետային թատրոնը շարունակում է իր անվանը հարիր գործունեությունը: Հանդիսատեսն ունկնդրում և ունկնդրում է՝ ծիծաղի, գույների, բազմաձայն հնչյունների ու կատարումների տոնահանդես:
Բարձր մակարդակով է բեմադրված «Մորգանի խնամին» ներկայացումը` տպավորիչ սկիզբ, կուլմինացիա և ավարտ:
Դերասանական խաղը, պարերը, պարախմբի հագուստը ներդաշնակ է ընդհանուր բովանդակությանը: Ներկայացումը հանդիսատեսին տրամադրում է մինչև վերջին գործողությունը դիտել ուշի ուշով:
«Կարինե»-ն, ըստ էության, անվերջանալի թվացող տոն և խանդավառություն է: Շնորհակալ ենք Ղազանչյանին այս ուրախ, գեղարվեստով լի պահերը մեզ պարգևելու համար: Հանդիսատեսն ուրախ է, որ Չուխաջյանի անմահ գործը բեմ բարձրացավ և ունեցավ ստեղծագործական մեծ հաջողություն: Վերջապես բեմում շռայլ ու փայլուն ներկայացում է` նվագախմբի, երգչախմբի, պարախմբի և թատերախմբի բարձր պրոֆեսիոնալ, ներդաշնակ սինթեզով: Թող Աստված օրհնի Երվանդ Ղազանչյանին, Յուրի Դավթյանին, Ռոբերտ Էլիբեկյանին և, վերջապես, ողջ դերասանախմբին «Կարինե»-ի վերածննդի առթիվ:
Ուզում եմ երկու խոսք էլ ասել «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մասին, որը գրավում է հարուստ և յուրահատուկ բեմական ձևավորմամբ: Այստեղ բոլորը հիանալի կատարողներ են իրենց յուրահատուկ գյուղական կյանքին համահունչ կատարումներով, երաժշտական հնչերանգների պրոֆեսիոնալիզմով և դասական ոգով: Ավելացնեմ նաև այն պարային շարժումների եթերայնությունն ու զգեստների նրբագեղությունը, բարձրաճաշակ դեկորացիաները, որոնք լրացնում են բեմադրության նրբաճաշակությունը:
Պարային շարժումները կատարվում են այնքան թեթև ու սլացիկ, կարծես բեմական ուրախությունն իրական է և իրենցն է:
Պարոնյան թատրոնի ոգին պահող և պահպանող, մեր բարի ու մարդկային Երվանդ Խաչատուրի, հիշում եմ Չարենցի հետևյալ խոսքերը, արտաբերում ու ամենայն սիրով նվիրում եմ Ձեզ, մաղթում բեմադրությունների նոր հաղթարշավ:

«Ինչ-որ լավ է` վառվում է
ու վառվում
Ինչ-որ լավ է` միշտ
վառ կմնա»

ԼՐԱԳՐՈՂ, ՆԿԱՐԻՉՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ
ԼԱՐԻՍԱ ԴԱՎԹՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...