11:21
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Հայ զինվոր» հիմնադրամը` ապրիլյան պատերազմի զոհերի եւ վիրավորների ընտանիքների կողքին

2016-08-22 11:12

 

Հայի ճակատագիրը, անցած ճանապարհը երբեք հեշտ չեն եղել, դժվարությունները մշտապես ուղեկցել են նրան եւ, միեւնույն ժամանակ, կոփել նրա հոգին ու միտքը` սերունդներին փոխանցելով պատմական անցյալի հիշողությունը:
Լոս Անջելեսի «Իրանահայ միության» խնամակալ մարմնի պատասխանատու, գործադիր տնօրեն, «Հայ զինվոր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնող խմբի մասնակից Թոմիկ Ալեքսանյանը ծնվել, մեծացել է Իրանում, սակայն հայրենիքի ներկայությունը նրա կյանքում մշտապես կարեւոր տեղ է զբաղեցրել, որը ոչ թե խոսքերով, այլ նրա հայանպաստ գործունեությամբ է վառ կերպով արտահայտվում: Ապրիլյան պատերազմի օրերին նա չկարողացավ անտարբեր լինել հայրենիքի, հայ զինվորի նկատմամբ եւ մասնակիցը դարձավ «Հայ զինվոր» բարեգործական հիմնադրամի ստեղծմանը: Նրա գործունեության, «Հայ զինվոր» հիմնադրամի մասին առավել մանրամասն զրուցեցինք հարցազրույցի շրջանակներում` բացահայտելով եւս մեկ հայի, ումով կարելի է հպարտանալ:

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)


 

-Պարո՛ն Ալեքսանյան, 2016թ. ապրիլյան պատերազմը ևս մեկ արյունոտ հետք թողեց հայի պատմության մեջ, հայ մայրերի սրտում, որի նկատմամբ անտարբեր չգտնվեց սփյուռքահայությունը` ցուցաբերելով իր օժանդակությունը: Կխնդրեմ մի փոքր պատմեք` ինչպե՞ս առաջացավ «Հայ զինվոր» բարեգործական հիմնադրամը ստեղծելու գաղափարը:


-Հայաստանը մեր հայրենիքն է, որտեղ տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձությամբ ամեն օր ապրում, տխրում կամ ուրախանում է համայն հայությունը` ինչպես հայաստանցիները, այնպես էլ սփյուռքահայությունը: Որևէ հայ չի կարող իրեն ապահով զգալ, եթե հայրենիքում պատերազմ է: Մենք պետք է գիտակցենք, որ բոլորս պարտավոր ենք միասին կրելու դրա հետևանքների պատասխանատվությունը` խոնարհվելով մեր հայրենիքը պաշտպանող զինվորների առջև: Այս օրերին Հայաստանում ես շատ եմ լսում շնորհակալական խոսքեր, բայց հավատացեք, դրանց կարիքը չկա, մենք ենք շնորհակալ, որ կարողանում ենք օգտակար լինել մեր հայրենիքին, նրա զավակներին, որոնք սահմանին պաշտպանում են մեր Հայաստանը: Ես անգամ կարծում եմ, որ արտերկրներում ապրող մեր 6-7 մլն հայությունը պետք է ծխական տուրք վճարի հայրենիքին` որպես պարտականություն: Եվ նաև կարծում եմ, որ աշխարհի բոլոր հայերը իրենց արձակուրդը պետք է նախընտրեն անցկացնել Հայաստանում և Արցախում` հագեցնելով իրենց կարոտը և օգտակար լինելով հայրենիքին:
Ապրիլյան դեպքերն անչափ հուզեցին ու անհանգստացրեցին մեզ: Մենք ուշադրությամբ հետևում էինք լրատվությանը և անընդհատ տեղեկանում, որ զինվորներին և նրանց ընտանիքներին աջակցություն է պետք: Այդ օրերին «Իրանահայ միության» մի շարք բարերարներ սկսեցին համացանցի միջոցով կապվել զոհված, վիրավոր զինվորների ընտանիքների հետ, ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Մեծ բարերար Հակոբ Անթաբլյանը պատրաստակամություն հայտնեց մեկ տարի շարունակ ամսական 250 ԱՄՆ դոլար փոխանցել յուրաքանչյուր ընտանիքի (ի դեպ` նշեմ, որ նա մեր ամենամեծ բարերարն է, ով անցյալ տարի շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար նվիրատվություն արեց «Իրանահայ միությանը»): Այդ ժամանակ «Բարև» ծրագրի հեղինակ, հաղորդավար Նունե Ավետիսյանը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ իրականացնելու մի ծրագիր, որը հնարավորություն կտար համակարգված, նպատակային և ընդգրկուն օգնություն ցուցաբերել այդ ընտանիքներին: Նա խնդրեց ինձ, Գլենդելում հայտնի գործարար, կապի ոլորտում առաջատար ընկերության սեփականատեր Արամ Տեր-Մարտիրոսյանին, ազատամարտիկ Հրանտ Թումասյանին և բարերար Գագիկ Թամրազյանին, ով ունի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն, միասին իրականացնելու իր մտահղացումը: Այդ նպատակով ստեղծեցինք «Հայ զինվոր» հիմնադրամը, որի շրջանակներում կազմակերպվելիք հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարը որոշեցինք ամբողջությամբ ուղղել վիրավոր և զոհված զինվորների ընտանիքներին:

-Որքա՞ն գումար հանգանակվեց հեռուստամարաթոնի ժամանակ և ինչպե՞ս բաշխվեց:


-Պետք է նշեմ, որ մենք չէինք ակնկալում, որ այդքան մեծ գումար կհանգանակվի, հավաքվեց 380 հազար ԱՄՆ դոլար: Մենք Հայաստան էինք եկել, որպեսզի բաշխենք այն ապրիլյան պատերազմում զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին` ըստ ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների մեզ տրված ցանկի: Յուրաքանչյուրի համար հաշվեհամար բացվեց, որի վրա փոխանցվեց համապատասխան գումարը: Ամեն ազատամարտիկի տրամադրվեց տարեկան 2000 ԱՄՆ դոլար:
Մենք նաև հանդիպումներ ունեցանք զինվորների, նրանց ընտանիքների հետ` այցելելով Հայաստանի և ԼՂՀ-ի տարբեր շրջաններ:
Պետք է ավելացնեմ, որ ամեն նոր զոհված կամ վիրավոր զինվոր ընդգրկվելու է մեր ցանկում և ստանալու է համապատասխան գումարային աջակցությունը:

-Ինչպիսի՞ ակտիվություն նկատվեց հեռուստամարաթոնի ժամանակ:

-Ես տասնյակ հեռուստամարաթոնների եմ մասնակցել, սակայն այսպիսի աննախադեպ ակտիվություն չեմ նկատել: Հեռուստամարաթոնի համար նախատեսված էր ընդամենը 7-8 ժամ, որի ընթացքում հեռախոսները չէին լռում, մենք չէինք հասցնում պատասխանել զանգերին, արդեն մեր անձնական համարներին էին զանգահարում, ստիպված ասում էինք, որ գումարը ստուդիա բերեն: Պետք էր պարզապես տեսնել, թե ինչպես են թոշակառուները, հասարակ մարդիկ երեխաների ձեռքը բռնած գալիս, հերթ կանգնում, որ իրենց փոքրիկ լուման ներդնեն հայ զինվորին օգնելու գործում: Մարաթոնի ավարտից հետո էլ մարդկանց հոսքը շարունակվում էր: Այդ երևույթը և՛ հուզիչ էր, և՛ հպարտություն էր առաջացնում:

-Ծրագրեր ունե՞ք հաջորդ տարի ավելի մեծ մասշտաբի հեռուստամարաթոն կազմակերպելու` ընդգրկելով նաև խոշոր գործարարների:

-Այո՛, հեռուստամարաթոնն ամենամյա բնույթ է կրելու, կարծում եմ` մյուս տարի ավելի շատ մասնակից կունենանք և ավելի մեծ գումար կհանգանակվի:
Այս անգամ մենք նախօրոք հայտարարել էինք, որ մեծ հաջողություն կլինի, եթե կարողանանք նահատակված 100 զինվորների ընտանիքիների կենցաղի, ապրուստի տարեկան ծախսերը հոգալ` հանգանակելով 200 հազար ԱՄՆ դոլար: Գործարարները գիտեին, որ մենք այդքան գումար ենք նախատեսել, այդ պատճառով գումարի տեսքով նրանց մասնակցության չափը մեծ չէր: Բայց նրանք տեսան, որ այդ գումարը նպատակային և հասցեական է բաշխվում, ինչը, կարծում եմ, կնպաստի, որ հաջորդ տարիներին նրանց մասնակցությունն առավել ակտիվ լինի և մեծ գումարների կհասնի:
Ավելացնեմ նաև, որ մեր մեծագույն ցանկությունն է, այդ ցանկում ընդգրկենք նաև 1990-ականներին Արցախյան պատերազմում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին:

-Դուք ևս մեկ շատ կարևոր ծրագրի իրականացման նախաձեռնության հեղինակ եք:

-Այո՛, Դուք երևի թե նկատի ունեք Զինվորական նոր հիվանդանոցի կառուցման աշխատանքների կազմակերպումը: Դա իրոք առաջնային, հրատապ խնդիր է ՀՀ համար: Մենք որոշել ենք այդ խնդրի մասին բարձրաձայնել և այդ նախագծի իրականացման շուրջ համախմբել մեծ և միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Կարծում եմ` ՀՀ կառավարության և ՀՀ պաշտպանության նախարարության` ի դեմս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա կնոջ` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ համատեղ կհաջողվի այդ կարևորագույն նախագիծն իրականություն դարձնել:

-Պարո՛ն Ալեքսանյան, իսկապես ՀՀ համար կարևորագույն խնդիրների լուծման գործում եք ներգրավված, սակայն ոչ պակաս կարևոր գործունեությամբ եք զբաղվում նաև ԱՄՆ-ում: Կխնդրեմ մի փոքր էլ կխոսենք Ձեր` ԱՄՆ-ում հաստատվելու, «Իրանահայ միության» ստեղծման մասին:


-Նախ նշեմ, որ ես ծնվել եմ Իրանում, ավարտելով տեղի դպրոցն ու համալսարանը` մեկնել եմ Անգլիա, այնուհետև վերադարձել Իրան, աշխատել այն ժամանակվա ամենամեծ համակարգչային ընկերության` IBM-ի Իրանի մասնաճյուղում: Երբ Իրանում հասունացան հեղափոխական տրամադրությունները, այդ ժամանակահատվածում ես մեկնեցի ԱՄՆ, դա 1979թ. էր: Մեկ տարի անց Լոս Անջելեսում ստեղծեցի իմ սեփական ընկերությունը, որը զբաղվում է համակարգչային տարբեր ծառայությունների մատուցմամբ մինչև այսօր: Դրան զուգահեռ` ես ներգրավվեցի ազգային աշխատանքների մեջ: Այն ժամանակ հայության թիվն այսքան մեծ չէր, Գլենդել քաղաքում 1000-2000 հայ էր ապրում, իսկ այսօր նրանց թիվը հասնում է 100 հազարի: Քանի որ հայրենասիրական ոգին հնարավոր չէ լռեցնել, ես մեծ հետաքրքրություն ունեի հայանպաստ գործունեության հանդեպ, և եթե հնարավորություն էի ունենում որևէ կերպ օգտակար լինելու ինչ-որ նախագծի իրականացման, ապա առանց երկմտելու` անում էի դա, քանի որ ինձ համար կյանքի իմաստը հենց հայրենանվեր ու հայանպաստ գործունեության մեջ է: Չի կարող մարդը երջանիկ լինել կամ իր կյանքն իմաստավորված համարել, եթե ապրում է լոկ իր անձնական շահով ու նեղ անձնական երջանկությամբ: Չեմ հավատում: Գուցե իմ դաստիարակությունն ու ծնողներիցս փոխանցված արժեհամակարգն է իմ մեջ խոսում, բայց այդպես է: Եվ քանի որ հայերը օժտված են ստեղծարարությամբ, ԱՄՆ-ում ես ծանոթացա և ընկերացա ինձ գաղափարակից հայերի հետ, ովքեր մեծ հաջողությունների էին հասել այնտեղ և կարող էին բարոյական և ֆինանսական ներդրում ունենալ հայանպաստ նախաձեռնություններով:

 

 

Ես եղել եմ աշխարհի շատ երկրներում, մշտապես հիացել եմ եվրոպական քաղաքներով,

սակայն այսօր ես Երեւանում գտնում եմ ամեն ինչ` ե՛ւ գեղեցկություն, ե՛ւ հարմարավետություն,

ե՛ւ մշակութային միջավայր: Եվ եթե ազատ ժամանակ եմ ունենում, միակ երկիրը, որտեղ անցկացնում եմ այն,

Հայաստանն է:


ԱՄՆ-ում իմ առաջին նախաձեռնություններից մեկը «Իրանահայ միության» վերականգնման աշխատանքներն իրականացնելն էր, այն 60 տարվա պատմություն ունի, ստեղծվել է 1956թ.: Միությունում նախագահել եմ շուրջ 20 և ավելի տարիներ, իսկ վերջին տարիներին արդեն զբաղեցնում եմ խնամակալ մարմնի պատասխանատուի և գործադիր տնօրենի պաշտոնը: Պետք է նշեմ, որ միության շրջանակներում ընդգրկվածներս կամավորական սկզբունքով ենք աշխատում, գումարներ ներդնում, ծրագրեր իրականացնում:
Երկար տարիներ` 2008-2015 թվականները, եղել եմ ՀԲԸՄ-ի անդամ, փոխատենապետ: Ինձ խնդրեցին ներգրավվել հիմնադրամի աշխատանքներում` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իմ սեփական ընկերությունը համակարգչային աշխատանքներով է զբաղվում, և ես բազում հեռուստամարաթոններ էի կազմակերպել տարբեր հիմնադրամների համար` «Նաջարյանների» հիմնադրամ, որը միլիոնավոր դոլարների դեղորայք էր գնում և ուղարկում Հայաստան, ՀՅԴ «Արցախ» հիմնադրամը և այլն:
Ես ներգրավված եմ նաև այլ կազմակերպություններում: Նշանակալի է «Դավթյան-Մարիանյան» կրթական հաստատությունը, որը կազմակերպում է հայերեն լեզվի դասընթացներ այն հայ երեխաների համար, որոնք չեն կարողանում գնալ հայկական վճարովի վարժարաններ, որոնց վճարը բավականին թանկ է: Մենք որոշեցինք օգնել նրանց, դիմեցինք պետական վարժարաններին և ստացանք հնարավորություն ամենօրյա դասերից հետո մեկ վայրում հավաքել Գլենդելի, Բուրբենկի հայ երեխաներին, որտեղ նրանց հետ պարապում են վարժարանների մանկավարժները քիչ գումարով կամ անվճար: Այդ կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցրել եմ ստեղծման առաջին մի քանի տարիների ընթացքում, իսկ այսօր շարունակում եմ նրա անդամը լինել:
Դրանից հետո մենք ստեղծեցինք Հայ-ամերիկյան հանրապետական կուսակցության խորհուրդը` Armenian-American Republican Council-ը, որում ընդգրկված են հայ երկու նշանավոր հայորդիներ` հայտնի փաստաբան Ալբերտ Աբգարյանը, որի մասին գրվում է անգամ «Ֆորբս» ամսագրում և Արմեն Ջանյանը, որն իր գործունեությամբ հայտնի է նաև Հայաստանում: Մենք ստեղծեցինք այդ կազմակերպությունը և երդում տվեցինք ցմահ լինել դրա հիմնադիրները: Մեր խորհրդատու անդամներից է նաև հայ հայտնի հանրապետական գործիչ Ջորջ Դոքմեջյանը, ով եղել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետը:

-Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում «Իրանահայ միությունը»:

-Պետք է նշեմ, որ «Իրանահայ միությունը» իրականացնում է հայապահպան, հայանպաստ գործունեություն` իր շարքերում ներգրավելով ոչ միայն իրանահայերին: Օրինակ` մեր կենտրոնական վարչության նախագահը Հայաստանից է, փոխատենապետը` Բեյրութից: Այսինքն` միությունը համահայկական կառույց է, որն իր շարքերում ընդունում է բոլոր հայերին: Մենք ունենք հայկական ամենամեծ երգչախումբը ԱՄՆ-ում, որի ղեկավարը Խաչատուր Ավետիսյանի անդրանիկ զավակն է` Միքայել Ավետիսյանը: Արդեն տասը տարի է նա ղեկավարում է մեր երգչախումբը: Ունենք պարուսույց, որը նույնպես Հայաստանից է` Արա Մելքոնյանը: Մեզ մոտ պարապմունքների հաճախում են 100-ից ավելի երեխաներ: «Իրանահայ միությունն» ունի նաև հայկական ամենահարուստ գրադարանը Լոս Անջելեսում, և եթե իշխանության ներկայացուցիչներին անhրաժեշտ են լինում գրքեր Հայոց ցեղասպանության կամ հայերին վերաբերող այլ թեմաների մասին, դիմում են մեզ:

-Դուք ներգրավվել եք նաև նորաստեղծ AABC-ի մեջ, ինչպիսի՞ գործունեություն է այն ծավալելու:


-Այո՛, վերջերս ստացա ինձ համար շատ հաճելի հրավեր անդամակցելու մի խորհրդի, որի մասին շուտով բոլորը կլսեն: Այն կոչվում է AABC` Armenian American Business Council («Հայ-ամերիկյան գործարարների խորհուրդ»), որը գործում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հովանու ներքո: Այս կառույցի ստեղծման նպատակն է հայկական արտադրության ապրանքատեսակներն ավելի գեղեցիկ և ազդեցիկ ձևով ներկայացնել ԱՄՆ-ում, խթանել ՀՀ-ում ներդրումների քանակի ավելացումը, ստեղծել կամուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի գործարար շրջանակների միջև, վստահություն ստեղծել ՀՀ տնտեսության և կառավարման մարմինների նկատմամբ: ԱՄՆ-ում շատ գործարարներ կան, որոնք կարող են 50-100 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրումներ կատարել ՀՀ-ում, սակայն նրանցից շատերն այն համոզմունքն ունեն, որ չեն հաջողի և կկորցնեն իրենց գումարները: Մեր խնդիրն է նաև աջակցել նման մարդկանց, որպեսզի նրանք վստահությամբ գնան այդ քայլին:

-Պարո՛ն Ալեքսանյան, կխնդրեմ մի փոքր էլ պատմեք Ձեր ընտանիքի, զավակների մասին:


-Սիրով: Ունեմ երկու զավակ` մեկ աղջիկ, մեկ տղա և մեկ թոռնիկ, մյուսն էլ ճանապարհին է, շուտով կծնվի` հարստացնելով իր պապիկին: Նրանք իսկապես իմ ամենամեծ հարստությունն են, աշխարհում ամենաթանկ մարդիկ: Ուրախ եմ, որ տղաս վերջերս ավարտեց համալսարանը և արդեն օգնում է ինձ, ղեկավարում է իմ ընկերությունը: Աղջիկս ամուսնացած է և ինձ շուտով երկրորդ թոռնիկը կպարգևի:
Ես ունեմ նաև երկու որդեգրած զավակներ, որոնց ոչ պակաս եմ սիրում` կրկին աղջիկ և տղա: Նրանք Էջմիածնից են, ընդգրկված էին Իրանահայ միության ծնողազուրկ երեխաների շարքում, և երբ ես նրանց հետ ծանոթացա, միանգամից սիրեցի իրենց: Հետաքրքիր էր, որ նրանք իմ երեխաների տարիքին էին` 5 և 6 տարեկան, ու նրանց հետ շփվելուց հետո մտածեցի նրանց հովանավորելու, որդեգրելու մասին: Այդ ժամանակ կինս նոր էր մահացել, ես երեխաներիս մասին էի հոգ տանում, գուցե հոգեվիճակս էլ նպաստեց այդ քայլին դիմելու համար: Այսօր ուրախ եմ, որ նրանց ունեմ, որոնց աջակցեցի բարձրագույն կրթություն ստանալու, մասնագիտություն ձեռք բերելու և այլ հարցերում: Աղջիկը ամուսնացած է, մեկ բալիկ ունի, տղան` ոչ:

-Ձեր ծնողներն արմատներով որտեղի՞ց են և ի՞նչ պատգամ են տվել Ձեզ, որը փոխանցել եք Ձեր զավակներին:


-Մայրս ծնվել է Ջուղայի շրջանում, հայրս` Թիֆլիսում: Մենք չորս երեխա ենք` երկու եղբայր, երկու քույր: Ծնողներիս ամենավառ հատկանիշը, որ մենք միշտ նկատել ենք, հայրենասիրությունն է եղել: Նրանք մեզ ներշնչել են, որ հայրենիքից և մայրենի լեզվից վեհ արժեքներ չկան աշխարհում: Մենք ապրել ենք այն երազանքով, որ մի օր կտեսնենք մեր հայրենիքը, այդ օրը կգա. այն ժամանակ դա անհնարին էր թվում: Մենք անչափ երջանիկ ենք, որ տեսանք Հայաստանի անկախությունը:
Այդպիսի արժեքներով մենք դաստիարակել ենք նաև մեր երեխաներին: Մեր ընտանիքներում մշտապես արգելված է եղել տանն անգլերեն լեզվով խոսելը, և եթե երեխաներս տանը անգլերենով հարց էին տալիս, ես չէի պատասխանում, մինչև հայերեն չհարցնեին:

-Ի՞նչ եք զգում ամեն անգամ Հայաստան գալուց:

-Ես ոչ մի տեղ ինձ այնքան լավ չեմ զգում, որքան Հայաստանում: Տարիներ շարունակ երազել եմ, որ երեխաներս մեծանան, հասունանան, կայանան և իմ կարիքն այնքան էլ չունենան, որպեսզի ես իրականացնեմ իմ երազանքը` գոնե տարվա կեսն ապրել Հայաստանում: Կարծես թե հիմա եկել է այդ ժամանակը, տղաս ղեկավարում է ընկերությունս, և ես կարող եմ ինձ թույլ տալ առավել մոտ գտնվել հայրենիքիս և տարիների ընթացքում կուտակված կարոտս առնել հայրենիքիցս:

-Ձեր սիրելի վայրը Հայաստանում:


-Ինձ համար Հայաստանի և Արցախի բոլոր գեղատեսիլ վայրերն ու քաղաքներն էլ սիրելի են: Յուրաքանչյուրն իր հմայքն ու գեղեցկությունն ունի: Չեմ կարող առանձնացնել: Հաճախ եմ լինում Արմավիրում, որտեղ մորեղբայր և հորաքույր ունեմ, վերջերս Գյումրիում էի, կրկին շատ հավանեցի, մանավանդ` այնտեղի հին մեքենաների ցուցահանդեսը: Սիրում եմ նաև Սևանը, Գառնին, Գեղարդը...
Ես եղել եմ աշխարհի շատ երկրներում, մշտապես հիացել եմ եվրոպական քաղաքներով, սակայն այսօր ես Երևանում գտնում եմ ամեն ինչ` և՛ գեղեցկություն, և՛ հարմարավետություն, և՛ մշակութային միջավայր: Եվ եթե ազատ ժամանակ եմ ունենում, միակ երկիրը, որտեղ անցկացնում եմ այն, Հայաստանն է:

-Ինչի՞ մասին եք երազում այսօր:


-Երազում եմ մորս չափ երկար կյանք ունենալ, որ ծառայեմ հայրենիքիս և վայելեմ նրա քաղցրությունը: Երազում եմ հայրենիքիս սահմաններում խաղաղություն տիրի, և հայ մայրերի աչքերից արցունքներ չհոսեն, և եթե պետք է մայրերն արտասվեն, թող նրանք ադրբեջանցի զինվորների մայրերը լինեն, որոնք թույլ են տալիս իրենց որդիներին սպանել մեր խաղաղասեր, իրենց իրավունքը պաշտպանող հայ զինվորներին:

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...