01:27
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությունը`

2016-03-29 12:03

 նվիրված XX-րդ դարի մեծանուն գեներալ  Համազասպ Բաբաջանյանի  110-ամյակին

«Դե Ֆակտո» N117 (2016թ.)

2016 թվականի փետրվարի 18-ին Մոսկվայում հիշատակեցին XX-րդ դարի մեծանուն գեներալ, տանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանին: 110 տարի առաջ հայտնի Չարդախլու գյուղում, որը հայրենիքին տվել է երկու մարշալ, 12 գեներալ, 7 Խորհրդային միության հերոս, ծնվել է Համազասպ Բաբաջանյանը, ով իր կարճ կյանքի (71 տարի) ընթացքում նվիրված է եղել իր հայրենիքին, դժվարին ժամանակներում իր ռազմական կարիերայի ընթացքում հասել է բարձունքների, իրականացրել է Սուվորովի ուղերձը և ողջ աշխարհին ապացուցել դրա ճշմարտացիությունը. «Մինչև վերջին շունչը հավատարի՛մ եղիր հայրենիքիդ, պայքարի՛ր ոչ թե թվով, այլ հմտություններով»: Հավատարիմ լինելով այդ պատվիրանին` նա հասել է տանկային զորքերի մարշալի և Խորհրդային Միության հերոսի կոչումներին: Այսօր մարշալ Բաբաջանյանի անունով փողոցներ կան Երևանում, Օդեսայում, Բաբաջանյանի անվան դպրոց կա Էջմիածնում, Լեռնային Ղարաբաղում՝ տանկային գունդ, Մոսկվայում՝ հրապարակ:
Սանկտ-Պետերբուրգում բնակվող գործարար և բարերար, Ա. Խ. Բաբաջանյանի անվան հանրապետական հատուկ ռազմական դպրոցի շրջանավարտ Հրաչյա Պողոսյանը, հավատարիմ իր առաքելությանը, կրկին հանդես եկավ հրաշալի նախաձեռնությամբ՝ ապացուցելով հայի իր եզակի տեսակը: Նրա նախաձեռնությամբ Մոսկվայի հրապարակում մեր հռչակավոր հայրենակցի՝ Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրը տեղադրվեց նոր հուշատախտակ՝ հարթաքանդակով:


Սակայն, մինչ այդ` մեծանուն ռազմական գործչի ծննդյան օրը, բոլոր նրանք, ովքեր հարգում են նրա փառավոր հիշատակը, պատվո պահակախմբի և ռազմական նվագախմբի ուղեկցությամբ հավաքվել էին Մոսկվայի «Նովոդևիչի» գերեզմանատանը՝ Համազասպ Բաբաջանյանի շիրիմի մոտ: Այնտեղ էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ ԶՈւ գեներալ-գնդապետ Սերգեյ Մինաևը, Համազասպ Խաչատուրովիչի դուստրը՝ Լարիսան, նրա թոռները՝ Յուլիյան, Մարկոսը և Անետան, ծոռները՝ Լյովան և Մարիանան: Այնտեղ էին նաև մարշալ Բաղրամյանի թոռները՝ Իվանը, Կարինան, մարշալի եղբայրը՝ Եղանյան Ալեքսանդրն իր կնոջ՝ Կարինայի հետ, մարշալ Ռոկոսովսկու դուստրը՝ Նադեժդա Ռոկոսովսկայան, իր ամուսնու՝ Ալեքսանդր Ուրբանի հետ, մարշալի դուստր Օլգա Բիրյուզովան իր ամուսնու՝ Վլադիմիրի հետ, ինչպես նաև Հաղթանակի մարշալների հիշատակի ֆոնդի նախագահ Նատալյա Կոնևան, Մաթևոսյան Տիգրանը՝ Բրեստի ամրոցի հերոսի որդին, «Նոյան տապան» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, գեներալներ Միխայիլ Շախրամանյանը, Իվան Դեմյանովը և Ռոման Հարությունովը, դատախազ Վիկտոր Վասիլյանը, քանդակագործ, ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ և ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լետեյնանտ Մուրազ Սարգսյանը, Խսոր Լյովա Բեյբությանը և մեծ պատվիրակություն Սանկտ-Պետերբուրգից՝ Հրաչյա Պողոսյանի ղեկավարությամբ: Բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվել էին գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և հասարակական գործիչ Արկադի Թումասովը:


Միջոցառումը սկսվեց քահանա Գևորգ Վարդանյանի կողմից մատուցված պատարագով, ապա ելույթ ունեցան Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, մարշալի դուստրը՝ Լարիսան, բարերար Հրաչյա Պողոսյանը, գեներալներ Սերգեյ Մաևը և Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Ելույթներից հետո բոլորը ծաղիկներ դրեցին Համազասպ Խաչատուրովիչի գերեզմանին:
Այնուհետև պատվիրակությունը ողջ կազմով մասնակցեց Հ. Բաբաջանյանի անվան հրապարակում հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությանը:
Հետաքրքիր է նոր հուշատախտակի տեղադրման նախաձեռնության նախապատմությունը, որի մասին էլ զրուցեցինք Հրաչյա Պողոսյանի հետ:


Նա պատմեց, որ ինչպես իր բոլոր նախաձեռնությունները, այնպես էլ այս մեկը, ունի հետաքրքիր նախապատմություն.
«2016 թվականի հունվարի 6-ին գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և Արկադի Թումասովը գործուղումով Սանկտ-Պետերբուրգում էին, որտեղ մենք ծանոթացանք: Մեր զրույցի ժամանակ գեներալը պատմեց, որ Մոսկվայում կա Համազասպ Բաբաջանյանի անվան հրապարակ, հրապարակի կողքին տեղակայված 3-րդ շենքի անկյունում` փոքրիկ հուշատախտակ` նվիրված մարշալ Բաբաջանյանի հիշատակին, սակայն այն հնացել է և վերանորոգման կարիք ունի: Գեներալ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ ինքը փորձել է վետերանների կազմակերպությունների միջոցով թույլտվություն ստանալ` այդ ավանում Բաբաջանյանի հուշարձանը տեղադրելու համար, սակայն, ցավոք, մերժվել է: Այդ ժամանակ ես առաջարկեցի փոխարինել հին հուշատախտակը նորով, որի վրա պատկերված կլինի հարթաքանդակ` ի հիշատակ մեր հերոսի: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Նորատ Տեր-Գրիգորյանցին և Արկադի Թումասովին, որոնց հետ համատեղ ջանքերով կարողացանք իրականություն դարձնել այս նախաձեռնությունը»,-պատմեց Հրաչյա Պողոսյանը:
Հարկ է նշել, որ հուշատախտակը` հարթաքանդակով ստեղծման և տեղադրման բոլոր ծախսերը հոգացել է Հրաչյա Պողոսյանը` կրկին հավատարիմ մնալով իր սկզբունքներին:


Հաշվի առնելով այն փաստը, որ 2016 թվականի փետրվարի 18-ին նշվելու էր մարշալ Բաբաջանյանի հոբելյանական 110-ամյակը, խորհրդանշական կլիներ միջոցառումն այդ օրը կազմակերպել:
Այդ առաջարկով Հրաչյա Միսակովիչը հունվարի 20-ին ժամանում է Մոսկվա, օրհնություն ստանալու խնդրանքով դիմում է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին, ով մեծ սիրով օրհնում է այդ նախաձեռնությունը և հասցնում այն դրական արդյունքի:


Կարճ ժամանակահատվածում հարթաքանդակ ստեղծելու համար Հրաչյա Պողոսյանը դիմում է Սանկտ-Պետերբուրգի` Մուխինայի անվան ակադեմիայի պրոֆեսոր Լև Բեյբությանին և Սանկտ-Պետերբուրգի Ճարտարապետաշինարարական համալսարանի ակադեմիկոս Յան Նեյմանին: Նրանք արժանի կերպով կյանքի են կոչում իրենց առաջ դրված խնդիրը: Գրանիտե` արդեն պատրաստ հուշատախտակը Սանկտ-Պետերբուրգից տեղափոխում են Մոսկվա: Չնայած վատ եղանակային պայմաններին, Արկադի Թումասովը Խորոշեևո-Մնևնիկի համայնքի ղեկավարության հետ միասին կազմակերպում է տեղադրման և բարելավման աշխատանքները:


Այսպիսով, 2016 թվականի փետրվարի 18-ին մարշալ Բաբաջանյանի անվան հրապարակում հավաքվել էին միջոցառման մասնակիցները, նրանց միացել էին կադետները և դպրոցականները, ինչպես նաև ավանի բնակիչները: Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցան մարշալի դուստրը՝ Լարիսան, Հրաչյա Պողոսյանը, գեներալ Մուրազ Սարգսյանը, դպրոցականները և հատուկ հրավիրված հյուրը՝ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «ԸՐՎպռրՍՌռ ՎՈչՈջՌվ» հաղորդման հաղորդավար Ալեքսանդր Իլյինը:


«Ես՝ որպես Համազասպ Բաբաջանյանի անվան հանրապետական ռազմական հատուկ դպրոցի շրջանավարտ, երբեք չէի մտածում, որ կարող է գալ մի օր, որ կարողանամ հավերժացնել Համազասպ Բաբաջանյանին՝ իր անունը կրող հրապարակում: Ուզում եմ մեր բոլոր շրջանավարտների կողմից շնորհակալություն հայտնել մեծ մարշալին այն տարիների համար, որ մենք անցկացրել ենք կրթահամալիրում ու որոնցով հպարտանում ենք: Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ մենք այսօր այցելեցինք նրա շիրմաքարին և ծաղկեպսակ դրեցինք՝ հարգանքի տուրք մատուցելով նրան՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում և հաղթանակի ձեռքբերման գործում իր նշանակալի ներդրման համար: Մենք պետք է միշտ վառ պահենք նրա հիշատակը և այն որպես արժեք փոխանցենք հաջորդ սերունդներին»,- իր խոսքում նշեց նախաձեռնության հեղինակ Հրաչյա Պողոսյանը:


Հուշատախտակի բացման արարողության միջոցառումից հետո բոլոր մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հուշատախտակի մոտ և լուսանկարվեցին: Ծաղկեպսակներ դրվեցին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի, ՀՀ պաշտպանության նախարարի, Ռուսաստանում հայերի միության կողմից, ինչպես նաև Բաբաջանյանի անվան հատուկ հանրապետական ռազմական դպրոցի, մարշալի հարազատների և բարեկամների կողմից:


Հուշատախտակի հանդիսավոր բացման արարողության ավարտից հետո բոլորը հրավիրվեցին Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական համալիրի մշակութային կենտրոն, որտեղ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ և Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ, Համազասպ Բաբաջանյանի պատվին ընթրիք էր կազմակերպվել: Ընթրիքի ժամանակ տեղի ունեցավ համերգ, հնչեցին կենացներ և շնորհակալության խոսքեր՝ ուղղված միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին: Բաբաջանյանի ընտանիքի անդամները հատուկ շնորհակալական խոսքեր ուղղեցին բարերար Հրաչյա Պողոսյանին, ով իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով պատմության պահպանման և ապագա սերունդներին փոխանցելու կարևորությունը:

 


Հեղինակ՝ Արմեն Գաբրիելյան
Թարգմանիչ՝ Հռիփսիմե Ղազազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...