12:29
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սեյրան Օհանյան

2016-02-24 10:39

Հայոց զինուժը շարունակելու է հակառակորդի վառած կրակն ուղղորդելու իր իսկ կործանմանը

«Դե Ֆակտո» N116 (2016թ.)

Մենք մինչև գետին խոնարհվում ենք զոհված զինծառայողների հիշատակի, նրանց ծնողների առաջ: Նրանք մեր հերոսներն են, մեր հարստությունը: Մյուս կողմից` պետք է նկատենք, որ բանակը կարողացավ անդրադարձնել ախոյանի բոլոր նախահարձակ գործողությունները և չեզոքացնել դրանք, նրան պատճառել անհամաչափ կորուստներ և ժողովրդի համար ապահովել համեմատական խաղաղության ևս մեկ տարի:

Սեյրան Օհանյան` ՀՀ պաշտպանության նախարար

 


-Պարո՛ն Օհանյան, 2015թ., անշուշտ, մարտահրավերներով լի տարի էր: Պատվով կրել այդ ամենի պատասխանատվությունը` արժանի հակահարված հասցնելով հակառակորդին, կարող է միայն պատերազմի բովով անցած մարդը: Պարո՛ն նախարար, կխնդրեմ ամփոփեք 2015 թվականը` մատնանշելով ձեռքբերումներն ու բացթողումները:


-Անցնող տարին բավականին լարված էր թե՛ հակառակորդին խաղաղություն պարտադրելու, թե՛ մյուս բոլոր բնագավառներում պաշտպանության նախարարության գործունեության տեսանկյունից: Գլխավոր մարտահրավերն, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժացումը զսպելն էր` զսպման ժամանակավոր ձախողումների դեպքում հակառակորդին հասցնելով պատժիչ հարվածներ: Հարևանն այս տարի աչքի ընկավ, զինադադարի հաստատումից հետո, աննախադեպ սանձարձակությամբ` կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ` ականանետեր, հաուբիցներ, տարեվերջին ներգրավելով նաև հրասայլեր:
Շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի կիզակետում է, որ հատվում են ռազմական գերատեսչության գործունեության և՛ բացթողումների, և՛ ձեռքբերումների վեկտորները: Տարվա ընթացքում գլխավոր բացթողումն այն էր, որ չնայած շատ դեպքերում զսպեցինք, բայց չկարողացանք հակառակորդին ամբողջությամբ պարտադրել զերծ մնալ սադրանքներից ու նախահարձակ գործողություններից, որի պատճառով կրեցինք ցավալի կորուստներ` զոհված և վիրավոր զինծառայողներ, խաղաղ բնակիչներ: Մենք մինչև գետին խոնարհվում ենք նրանց հիշատակի, նրանց ծնողների առաջ: Նրանք մեր հերոսներն են, մեր հարստությունը: Մյուս կողմից, սակայն, այս նույն ուղղությամբ հաջողություն կարող եմ որակել այն, որ բանակը կարողացավ անդրադարձնել ախոյանի բոլոր նախահարձակ գործողությունները և չեզոքացնել դրանք, նրան պատճառել անհամաչափ կորուստներ և ժողովրդի համար ապահովել համեմատական խաղաղության ևս մեկ տարի: Եվ այստեղ է, որ սկիզբ է առնում տարվա գլխավոր ձեռքբերման վեկտորը, որն առաջնագծից շարժվելով դեպի հետ` մարտավարական մակարդակում մարտական հերթապահության մեջ արտահայտվում է կրման և զինծառայողների կենցաղի ապահովման բարելավված պայմաններով, օպերատիվ մակարդակում` զորքերի ղեկավարման ու կառավարման ոլորտում նոր լուծումներով, իսկ ռազմավարական մակարդակում` ռազմագործողությունների վարման նոր մոտեցումների ու սկզբունքների մշակմամբ, կազմ-կառուցվածքի բարեփոխումներով, ուսումնակրթական նոր հնարավորություններով, և վերջապես` բանակը սպառազինության արդիական համակարգերով համալրվելով:

-Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել ՀՀ ԶՈՒ համակարգում, որակապես ի՞նչ փոփոխությունների են դրանք միտված:


-Մեր արձանագրած ձեռքբերումները կարող են որոշակի պատկերացում ստեղծել ՊՆ համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Ընդհանրապես, կարծում եմ «վերափոխում» եզրույթը, որը նշանակում է փոխելով բարելավել, ավելի լավ է նկարագրում պաշտպանության ոլորտում խնդրո առարկա գործընթացները: Վերափոխումներն առաջ են մղվում պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, որի պլանավորման փուլն իրականացվեց 2014-2015թթ. ժամանակահատվածում և ավարտվեց բոլորովին վերջերս: Վերանայման արդյունքներն իրագործվելու են 2016-2020թթ. ժամանակահատվածում և դա արվելու է երկու կարևորագույն պլանավորման ղեկավար փաստաթղթերի` հիշատակված ժամանակահատվածը ընդգրկող Զինված ուժերի զարգացման պլանի և Սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի շրջանակներում: Առաջիկայում պաշտպանության նախարարությունը Հայաստանի հասարակության, միջազգային կառույցների, մեր դաշնակիցների, գործընկերների, ինչու չէ` նաև հակառակորդի համար հասանելի կդարձնի ռազմավարական վերանայման եզրահանգումներն ամփոփող իրազեկման փաստաթուղթը, որտեղ համառոտ, բայց բովանդակալից կներկայացվեն գործընթացի փուլերը, արդյունքները, պաշտպանության ոլորտի վերափոխումների տեսլականը, ի հայտ բերված նոր մոտեցումներն ու սկզբունքները: Այստեղ սահմանափակվեմ հետևյալի մասին տեղեկացնելով. ռազմական վերափոխման վերջնարդյունքն է լինելու որակական գերազանցությամբ հավանական հակառակորդի քանակական առավելության չեզոքացումը, դեպի այն տանող ուղին «Խելամիտ պաշտպանությունն է», իսկ անհրաժեշտ միջոցներն են արդիական, ճշգրիտ և հեռահար սպառազինությունները, փոքր ուժերով մեծ խնդիրների կատարմանն ունակ արագաշարժ ու մեծ ներզոր կարողություններով ստորաբաժանումները, ինչպես նաև «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքը: Այս վերջինը զգալիորեն կրճատում է որոշումների կայացման ժամանակը` հակառակորդին ստիպելով արձագանքել, այլ ոչ թե գործել:

-Բանակի պատրաստականության բարձրացմանն ուղղված` ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:


-Իրականում զինված ուժերի պատրաստականությունը միշտ էլ եղել է բարձր մակարդակի վրա. խնդիրը այդ բարձր մակարդակը պահպանելը և ուսումնական, այլ կերպ ասած` պատրաստականության գործընթացի բարելավումն է: Այդ նպատակով տարվա ընթացքում կազմակերպվել են տարբեր մակարդակի ու ծավալների բազմաթիվ ուսումնավարժանքներ: Ընդ որում, բացի բուն զինված ուժերի մակարդակով կազմակերպված միջոցառումներից, նշանակալի տեղ են զբաղեցրել պետական կառավարման համակարգում և միջազգային ասպարեզում մեր գործընկերների հետ անցկացված զորավարժությունները: Հատկապես կցանկանայի առանձնացնել սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը: Տարվա կտրվածքով Զինված ուժերի ուսումնական գործում այս, կարելի է ասել, բարձրակետային զորավարժությունը նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Կոռուպցիան ամենաուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների ապահովման որակի վրա: Հենց այս տրամաբանությամբ ենք մենք առաջնորդվել` ՀՀ պաշտպանության նախարարությունում անմիջապես իմ ենթակայությամբ ստեղծելով Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, որը նմանօրինակ կառույցի ստեղծման եզակի օրինակ է ոչ միայն մեր պետական համակարգի համար, այլ նաև միջազգային ասպարեզում, ինչի մասին շեշտում են նաև մեր միջազգային գործընկերները:

-Ի՞նչ հիմքերի վրա է մարդու իրավունքների պաշտպանությունը և կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը զինված ուժերում:


-Կարծում եմ` գիտեք, որ միջազգային առաջադեմ հանրությունը դեկտեմբերի 9-ը և 10-ը համապատասխանաբար նշում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և մարդու իրավունքների պաշտպանության օր: Չգիտեմ, պատահականություն է արդյոք, որ այդ օրերը հաջորդում են իրար, թե ոչ, սակայն մեր համոզմամբ էլ կոռուպցիան ամենաուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների ապահովման որակի վրա: Հենց այս տրամաբանությամբ ենք մենք առաջնորդվել` ՀՀ պաշտպանության նախարարությունում անմիջապես իմ ենթակայությամբ ստեղծելով Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը: Ընդ որում, սա նմանօրինակ կառույցի ստեղծման եզակի օրինակ է ոչ միայն մեր պետական համակարգի համար, այլ նաև միջազգային ասպարեզում, ինչի մասին շեշտում են նաև մեր միջազգային գործընկերները:
Կենտրոնի գործունեության հիմքում ընկած է պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների ապահովման հայեցակարգային ուղղությունների մշակումը, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների ծրագրի մշակումը և իրականացման նկատմամբ վերահսկողությունը, որն իրականացվելու է մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ կառույցների հետ համագործակցությամբ: Կենտրոնի գործունեության մեջ գերիշխում է ոչ միայն հայեցակարգերի մշակման ու իրականացման, այլ նաև ուսուցման, իրազեկման ու վերափոխման բաղադրատարրը, ինչը կնպաստի նոր տեսակի զինծառայողի ու հատուկ քաղաքացիական ծառայողի դասի ստեղծմանը:
Անշուշտ, սրանով հանդերձ մենք անուշադրության չենք մատնում նաև իրավապահ և կանխարգելիչ մեր գործառույթը, սակայն հայեցակարգային բարեփոխման տեսլականի, կոնկրետ գործողությունների ու հետևողական աշխատանքի դեպքում կարելի է նվազագույնի հասցնել նաև մեր իրավապահների աշխատանքը` զուգահեռաբար նպաստելով նաև իրավապահների աշխատանքում մարդու իրավունքների ու բարեվարքության ամրապնդմանը:


-Սահմանին կանգնած զինվորն ու սահմանամերձ համայնքներում ապրող հայորդիներն այսօր խոնարհման արժանի մարդիկ են, ովքեր նաև սահմանապահներ են: Ի՞նչ աշխատանքներ են տարվում նրանց պաշտպանվածությունն ու զգոնությունը բարձր պահելու համար, որպեսզի հնարավորինս քիչ տուժեն հակառակորդի կրակոցներից:


-Սահմանամերձ բնակավայրերի բնակչության և սահմանում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական անձնակազմի պաշտպանությունը հանդիսանում է համալիր միջոցառումների համակարգ: Այն ունի վարչական, տեխնիկական, տեղեկատվական և ուսումնական բաղադրիչներ, և այդ բոլոր ուղղություններով զգալի աշխատանքներ են տարվել ու հաջողությամբ շարունակվում են: Վարչական առումով բարելավվել է գործողությունների միջգերատեսչական համադրումը, նկատի ունեմ հիմնականում պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության միջև, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Տեխնիկական առումով կիրառության մեջ են դրվել փոքր տրամաչափի արկերից պաշտպանության որոշ պասիվ միջոցներ, ինչպես նաև համատեղ իրականացվում են ենթակառուցվածքային որոշակի փոփոխություններ` շրջանցող ճանապարհների, պատսպարանների և այլ ինժեներական լուծումների միջոցով: Ծրագրեր կան պաշտպանության նաև ակտիվ միջոցների կիրառման վերաբերյալ: Տեղեկատվական և ուսումնական առումով էլ աշխատանք է տարվում տեղի բնակչության հետ, իսկ զինվորական անձնակազմի պատրաստականությունը բերված է բարձր մակարդակի, անց են կացվում զորավարժանքներ նաև քաղաքացիական հատվածի ընդգրկմամբ: Սրանք միջոցներ են որոնք հնարավոր կորուստները կարող են բերել նվազագույն մակարդակի, սակայն, ցավոք սրտի կորուստների լիարժեք բացառումն անհնար է, և այս առումով խնդիրը պետք է լինի հակառակորդի կողմից կրակի իսպառ բացառումը և հետաքննման լիարժեք մեխանիզմների ստեղծումը:
Որակյալ բուժապահովումը ոչ միայն մարդասիրական ոլորտի կարողություն է, այլև ուժային բազմապատկիչ, որն ուղղակի ազդեցություն է գործում բարոյահոգեբանական ապահովման և բանակի համալրման վրա: Տարվա ընթացքում շարունակվել է բուժապահովման ոլորտում մեր կարողությունների զարգացումը ինչպես ենթակառուցվածքների և նյութական մասի բարելավման, այնպես էլ անձնակազմի վարպետության աճի առումով:

 

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԶՈՒ առողջապահական համակարգի գործունեությունը, այդ ոլորտում բարեփոխումներ կատարվել են:


-Զինված ուժերի բուժծառայության պատրաստականության մակարդակի պահպանումը և կարողությունների շարունակական զարգացումը մշտապես գտնվում է պաշտպանության նախարարության ղեկավարության և զինված ուժերի հրամանատարության ուշադրության կենտրոնում: Վերջիվերջո, որակյալ բուժապահովումը ոչ միայն մարդասիրական ոլորտի կարողություն է, այլև ուժային բազմապատկիչ, որն ուղղակի ազդեցություն է գործում բարոյահոգեբանական ապահովման և բանակի համալրման վրա: Տարվա ընթացքում շարունակվել է բուժապահովման ոլորտում մեր կարողությունների զարգացումը, ինչպես ենթակառուցվածքների և նյութական մասի բարելավման, այնպես էլ անձնակազմի վարպետության աճի առումով: Զինվորական հոսպիտալներում 2015թ. ընթացքում շահագործման են հանձնվել նոր մասնաշենքեր, վերանորոգվել են գործող բաժանմունքներ, բժշկագիտության զարգացումներին համընթաց` բուժծառայությունը համալրվել է արդիական սարքավորումներով, ավելավցել է դեղորայքների քանակական-որակական կազմը: Շարունակվել է զինվորական բժիշկների և բուժակների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործումը, այդ թվում նաև արտերկրի ուսումնակրթական հաստատություններում: Մեր անձնակազմի մասնագիտական վերապատրաստման և ընդհանրապես` ներպետական ու միջազգային ինտեգրման հնարավորությունների ընդլայնման համար կարևոր դեր է խաղում Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան: Այն ոչ միայն ապահովում է տարատեսակ դասընթացների, աշխատաժողովների և գիտաժողովների միջոցով ՀՀ առողջապահության ոլորտի մասնագետների ու արտերկրի պաշտոնակիցների հետ շփումները, այլև ծառայում է բուն ռազմաբժշկական ոլորտում բյուրոկրատական և հիերարխիկ արգելքներից զերծ` անմիջական մասնագիտական փոխգործակցության հարթակ:

 

-Ինչպե՞ս կգնահատեք ռազմաուսումնական հաստատությունների գործունեությունը:


-Անցած երեք տարիների ընթացքում, նկատի ունեմ 2012թ. մարտին ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի մշակումից հետո, ռազմական կրթության ոլորտում նշանակալի բարեփոխումներ ենք իրականացրել: Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին այս տարի ընդունված ՀՀ նոր օրենքով հստակեցվել ու կարգավորվել են ռազմակրթական հաստատությունների գործունեության իրականացման և դրանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ` Զինված ուժերում կադրային արդիականացված քաղաքականության հետ փոխկապակցելով` ռազմական կրթության ոլորտում իրականացված բարեփոխումների միջոցով ապահովվել է յուրաքանչյուր սպայական և ենթասպայական պաշտոնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, սահմանվել են ՀՀ քաղաքացիական ԲՈՒՀ-երի և արտերկրի ուսումնական հաստատությունների տեղն ու դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում: Սկսվել է ներդրվել ՀՀ ԶՈՒ արհեստավարժ սերժանտական-ենթասպայական կազմի կրթության և վարժանքի, ինչպես նաև սպայական կազմի ակադեմիական կրթության համակարգը` ՀՀ քաղաքացիական բարձրագույն կրթության չափանիշներին և Բոլոնիայի եռաստիճան գործընթացին համահունչ: Ստեղծվել են ավագ սպայակազմի համար նախատեսված և ռազմագիտության մագիստրոսի աստիճան շնորհող հրամանատարաշտաբային 10-ամսյա դասընթացները: Առկա կրթական ծրագրերի կատարելագործման շրջանակներում ներդրվել են առաջնորդության ուսումնական մոդուլներ, ինչն ապագայում պետք է աջակցի Զինված ուժերում «հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման արդիական մոդելի ներդրմանը: Ավելին` կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք թույլ են տալիս մեր ռազմակրթական հաստատություններում անցում կատարել զուտ կրթական գործընթացի ապահովումից դեպի դրան աջակցող ու առաջ տանող ռազմագիտական հետազոտությունների դաշտ:

Պաշտպանության նախարարությունը բազմակողմ ձևաչափով համագործակցում է միջազգային և տարածաշրջանային գրեթե բոլոր կարևորագույն կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

 

-Միջազգային համագործակցության ի՞նչ ծրագրերում է ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարությունը:


-Նախ և առաջ, պետք է ասեմ, որ իրականացվելով հավասարակշռության և փոխշահավետության սկզբունքով` միջազգային ռազմական համագործակցությունն իր նպաստն է բերում Հայաստանի Հանրապետության հուսալի պաշտպանության ապահովման երկու հենասյուների` ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդմանը: Ազգային երաշխիքը հզոր զինված ուժերն են, որոնք սպառազինության արտադրատեսակներով, թիկունքային միջոցներով հանդերձավորելու, ինչպես նաև շարունակական վերափոխման գործում մեթոդական աջակցություն ցուցաբերելու, ուսումնակրթական հնարավորություններ տրամադրելու գործին ծառայում է հենց միջազգային համագործակցությունը: Դե, իսկ տարբեր դաշնակցային ու գործընկերային ձևաչափերին, հատկապես դրանց գործնական ասպեկտների իրականացմանը պաշտպանության նախարարության ներգրավումը, խաղաղության աջակցության միջազգային գործողություններին մեր զորակազմերի մասնակցությունն իր ավանդն է բերում տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի վարկի և հեղինակության բարձրացմանը, հայանպաստ դիրքորոշումների ձևավորմանը: Հատկացված տեղի սահմանափակ լինելու պատճառով համառոտ պետք է ասեմ, որ պաշտպանության նախարարությունը բազմակողմ ձևաչափով համագործակցում է միջազգային և տարածաշրջանային գրեթե բոլոր կարևորագույն կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, ապա պաշտպանության նախարարության գործընկերների թվում են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Լեհաստանի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության մի շարք այլ երկրների, ինչպես նաև Լիբանանի և Չինաստանի ռազմական գերատեսչությունները, որոնց հետ համագործակցությունն իրականացվում է ամենամյա պլանների ու ծրագրերի միջոցով:


-Հայոց բանակն ամեն տարի համալրվում է նոր զորակոչիկներով, անընդհատ սերնդափոխություն է կատարվում. ինչպիսի՞ն է այսօրվա նորակոչիկը, ի՞նչ արժեքներ է կրում, և ինչպե՞ս է փոխվում, նոր արժեքներով հարստանում նրա կերպարն արդեն զորացրվելուց հետո. ո՞րն է մեր բանակի գաղափարախոսությունը:


-Բնականաբար, գոյություն չունի այսօրվա նորակոչիկի մեկ ընդհանուր հավաքական կերպար. նրա հոգեկերտվածքը և ներքին խառնվածքը մեծապես կախված է դաստիարակությունից, ընտանիքում դավանվող արժեհամակարգից, ինչու չէ` սոցիալ-կենցաղային պայմաններից: Որպես կանոն` քաղաքացու անձը մինչև բանակ զորակոչվելն արդեն իսկ ձևավորված է, և նրա վրա զինվորական դաստիարակության սուբյեկտների ազդեցությունը ժամանակային առումով խիստ սահմանափակված է` ընդամենը երկու տարի: Այնուհանդերձ, ասվածը բոլորովին չի նշանակում, որ բոլոր մակարդակի հրամանատարների ու պետերի, ծառայակից ընկերների ջանքերի միատեղմամբ չի կարելի նորակոչիկին ներարկել հայրենասիրություն, զինվորական պարտքի գիտակցություն և մարտական ոգու մաս կազմող մյուս բոլոր որակները: Այս առումով` պաշտպանության նախարարի հրամաններով վերջին երեք տարում ներ են դրվել զինծառայողների պատվի կանոնները և Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության ուղեցույցը: Մինչդեռ պատվի կանոնները զինվորականի վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմերն են, հիշատակված ուղեցույցը նպատակ ունի հստակեցնել ՀՀ զինված ուժերում ազգային գաղափարախոսության հիմնադրույթների և ազգային բանակի ավանդույթների կիրառման շրջանակները, համակարգել դրանց պահպանմանն ու արդյունավետ կիրառմանը, ազգային գաղափարականությամբ տոգորված զինվորականի ձևավորմանը միտված միջոցառումները: Հայ ռազմիկի ձևավորման հիմքը հայրենիքի պաշտպանության, ազգին անմնացորդ ծառայության, Հայաստանի վերակերտման նպատակն է:
2016թ. և հետագա տարիներին զգալի ջանքեր կուղղորդվեն կառուցվածքային բարեփոխումներին, ռազմական գործողությունների վարման նոր ձևերի ու եղանակների մշակմանը, պաշտպանության պլանավորմանը, ռազմական կրթության և անձնակազմի կառավարման համակարգի կատարելագործմանը:


-2016թ. ընթացքի մեջ է, արդեն ծրագրված ի՞նչ աշխատանքներ կան, որ պետք է կատարվեն այս տարում:


-Ամենամյա սկզբունքով իրականացվող գործընթացներից, նախ և առաջ կառանձնացնեմ մարտական հերթապահության իրականացումը` ուղղված հակառակորդի ցանկացած նախահարձակ գործողություն կամ սադրանք զսպելու ու նրան անհամաչափ վնաս պատճառելուն: Այս առումով նշանակալի դեր կհատկացվի բանակի ուսումնական պլանի լիարժեք կատարմանը և դրանով հանդերձ` մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանմանը: Պլանային աշխատանքներ կիրականացվեն նաև զինված ուժերի կենսագործունեության ապահովման մյուս բոլոր ոլորտներում: Բացի այս ամենից, հաջորդ տարվանից անցնում ենք պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանը: 2016թ. և հետագա տարիներին այս տեսանկյունից զգալի ջանքեր կուղղորդվեն կառուցվածքային բարեփոխումներին, ռազմական գործողությունների վարման նոր ձևերի ու եղանակների մշակմանը, պաշտպանության պլանավորմանը, ռազմական կրթության և անձնակազմի կառավարման համակարգի կատարելագործմանը:

Թող Աստված խոհեմություն տա մեր հարևաններին` ռազմական արկածախնդրության չգնալու և պատերազմ չսանձազերծելու համար: Բայց քանի որ բանակը չի կարող ապրել միայն բարեմաղթանքներով և իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակների իրականացմանն ապավինելով, հայոց զինուժին մաղթում եմ աչալրջություն, բազկի հզորություն և անկոտրում կամք` հակառակորդի վառած կրակը նրա իսկ կործանմանն ուղղորդելու համար:

 

-Պարո՛ն նախարար, գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր կիսապատերազմական վիճակում է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր հետևում է սահմանային իրադարձություններին` Աստծուց խնդրելով խաղաղություն: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը, ինչպե՞ս և ե՞րբ է հնարավոր հասնել լիակատար խաղաղության:


-Կարծում եմ` լիարժեք խաղաղության հասնելու համար կա երկու տարբերակ: Առաջինն այն է, որ Ադրբեջանում տեղի ունենան խորը արժեքային փոփոխություններ, և այդ երկրի հասարակությունն ու ղեկավարությունը կարողանան հարգել ապրելու, արարելու և ինքնորոշվելու այլոց իրավունքը: Ատելության այն մթնոլորտը, որ ադրբեջանական իշխանությունների թեթև ձեռքով ստեղծվել է անցած տարիների ընթացքում, մեծապես նվազեցնում են դրա հավանականությունը: Ավելին` ներկայումս ադրբեջանական ղեկավարության կողմից շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը, սահմանում իրավիճակի շարունակական լարումը, մեր քաղաքացիական բնակչության դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունները, ինչու չէ, նաև Ադրբեջանի ներսում իրավիճակը, սթափ դատող գործիչների դեմ բռնությունները քիչ հույսեր են թողնում առ այն, որ այդ երկրում դրական, հանդուրժող միջավայր կստեղծվի: Խաղաղության հասնելու երկրորդ տարբերակն այն է, որ Հայաստանի և Արցախի ռազմական, տնտեսական, դիվանագիտական, սոցիալական, ենթակառուցվածքային և տեղեկատվական հզորությունը ստիպի հակառակորդին հաշվի նստել մեր շահերի հետ: Այսինքն` եթե չի հաղթում բանականությունը, ապա վախը կարող է զսպիչ գործոն հանդիսանալ: Այս առումով մենք շատ անելիքներ ունենք, և Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգն իր բաժինն ունի մեր երկրի հզորացման գործում: Ազգային հզորության վերը նշված բաղադրիչների ապահովման գործում անհրաժեշտ են բոլորիս միասնական կամքն ու գործողությունները` սկսած անհատ քաղաքացուց, զինվորից մինչև գործարարն ու պետական պաշտոնյան:

-Դուք ամեն տարի Ամանորը դիմավորում եք սահմանին կանգնած զինվորի հետ, նաև Ձեր երեխաներին մասնակիցը դարձնում այդ հայրենասիրական, մարդասիրական քայլին: Ո՞վ է Ձեզ համար սահմանին կանգնած զինվորը, և ո՞րն է ամանորյա Ձեր առաջին կենացը սահմանին:


-Ամանորը սահմանին եմ դիմավորում ոչ միայն ես, այլև պաշտպանության նախարարության ամբողջ ղեկավարությունը: Զինված ուժերի բոլոր երիտասարդ զինծառայողները, հատկապես` սահմանին կանգնած մեր դիրքապահները հավասարեցված են իմ և բոլոր հրամանատարների զավակներին, քանի որ հատկապես ժամկետային զինծառայողների պարագայում, իրենց ծնողները երկու տարով մեզ են վստահել նրանց կյանքի, առողջության և բարեկեցության համար հոգալը: Սահմանին ամանորյա առաջին կենացով, իհարկե, դիրքապահներին մաղթում են անվտանգ ծառայություն, իսկ երկրին` խաղաղություն: Ես միշտ ասել եմ` մենք կռվից չենք վախենում, բայց պատերազմից վախենում ենք: Այնպես որ, ամանորի բարեմաղթանքս, ուզած թե չուզած, պետք է կապված լինի խաղաղություն ցանկանալու հետ: Աստված խոհեմություն տա մեր հարևաններին` ռազմական արկածախնդրության չգնալու և պատերազմ չսանձազերծելու համար: Սակայն բանակը չի կարող ապրել միայն բարեմաղթանքներով և իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակների իրականացմանն ապավինելով: Այնպես որ, հայոց զինուժին մաղթում եմ նաև աչալրջություն, բազկի հզորություն և անկոտրում կամք` հակառակորդի վառած կրակը նրա իսկ կործանմանն ուղղորդելու համար:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...