22:05
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Աշխարհի բոլոր պարգևներից մնայուն է միայն բարի անունը»: (Սաադի)

2014-02-08 11:33

«Դե Ֆակտո» N 76 (2012թ.)

«Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը 10 տարեկան է

Հասնելով հասունության որոշակի մակարդակի, ունենալով ձևավորված աշխարհայացք ու կյանքում իմաստավորված քայլելու և գործելու ցանկություն` հասկանում ես, որ կյանքն իմաստավորվում է սիրո և բարության մեկտեղման կետում, երբ ընդունակ ես Աստծո ստեղծած ամենաթանկ արարածին` մարդուն, ուրախություն պարգևել և դրական  հույզեր առաջացնել նրա հոգում: Դժվար է, թերևս, այդպես ապրել, քանի որ սեփական կենսափորձում  ունեցած բացասական հույզերը կամ անհաջողությունները հաճախ չարացնում են մարդուն և նեղսիրտ դարձնում` փակելով մեկ ուրիշի հաջողությունով ուրախանալու և նրա նկատմամբ բարի կամք դրսևորելու հոգու իմաստավորված ուղին:

Բայց կան և ծնվում են անհատականություններ, ովքեր արտասավոր ուժով ու կամքով են օժտված և ունակ են վեր կանգնել  այդ ամենից` իրենց կյանքի իմաստն ու արժեքը տեսնելով մեկ ուրիշի աչքերում արտացոլված երջանկության և ուրախության ակնթարթներում:  Նման վառ անհատականություններն իրենց եզակի գոյությամբ գեղեցկացնում և արժևորում են մարդկային գոյը` կյանքը դարձնելով ավելի լուսավոր ու գունեղ:  Նրանց հաջողվում է ավելի վաղ մոտենալ տիեզերական ճշմարտությանը և ապրել դրանով` ավելացնելով մարդկության պատմության լուսավոր էջերը:

Այդպիսի վառ անհատականություն է «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի և «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ հիմնադիր Տիգրան Արզաքանցյանը և գործադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը, ովքեր իրենց կյանքի նպատակն ու իմաստն են համարում բարություն և սեր ճառագելու աստվածահաճո գործունեությունը: Նրանց «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամն իր աջակցության ծրագրերով արդեն տասը տարի ժողովրդի կողքին է և ապրում է նրա հոգսերով ու խնդիրներով:

Վարսենիկ Ռուբենի Գրիգորյան

Ծնվել է 1948թ. ՀՀ Կամո, այժմ` Գավառ քաղաքում, աշխատավորի ընտանիքում:

Նախնական կրթությունը ստացել է նույն քաղաքում և շատերի նման միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո իր աշխատանքային գործունեությունը սկսել է` անցնելով երկար ճանապարհ բանվորից մինչև այսօրվա գործարանի տնօրեն:

Ունի երկու երեխա, որոնց պահել և դաստիարակել է` տալով մայրական իր ողջ սերը, ջերմությունը և գուրգուրանքը:

Աշխատանքին զուգահեռ նա ստացել է մանկավարժական կրթություն, իսկ իր մանկավարժական հմտությունները և ունակությունները ներդրել է իր երեխաների, թոռնիկների և այսօր էլ աշխատողների մեջ: Լինելով օջախի կին, գործարարի մայր՝ նրան չի խանգարել բացահայտելու իր մեջ գործարար կնոջր հատուկ ղեկավարելու և կազմակերպելու ուժն ու կարողությունը:

Վարսենիկ Գրիգորյանն այսօր ունի մեծ ճանաչում Հայաստանում: Նա 2004թ. մինչ օրս զբաղեցնում է «Աշտարակյան Գինիներ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի և «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի պաշտոնները:

2002թ.  մինչև  2004թ.  հանդիսացել է իր որդու՝ Տիգրան Արզաքանցյանի խորհրդականը, ով 1998թ.-ին Հայաստանում հիմնադրել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊ ընկերությունր:

Վարսենիկ Գրիգորյանը հմուտ կազմակերպիչ է, ղեկավարում է ինչպես արտադրությունը, շինարարությունը, այնպես էլ բարեգործական հիմնադրամի բոլոր աշխատանքները՝ ցուցաբերելով ամենօրյա հետևողականություն և պահանջկոտություն:            

-Տիկի՛ն Գրիգորյան, 10 տարի առաջ Ձեր որդուն՝ Տիգրան Արզաքանցյանին, հաջողվեց ստեղծել «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը, որի ղեկավարի պաշտոնը սիրով Ձեզ վստահեց: Ինչպիսի՞ն էին այդ տարիները, հետադարձ հայացք գցելով՝ ինչպիսի՞ հաջողություններ կնշեք: 

-Բարեգործություն ասվածն այսօր տարբեր բովանդակություններ է ստացել, դարձել վարկանիշ ապահովելու գործիք, սակայն մեր ընտանիքի համար այն գեներով ժառանգված առաքելություն է, որը տասը տարի առաջ որդուս վերջապես հաջողվեց իրականություն դարձնել: Հայրս, մայրս շատ բարի ու վեհանձն, հարգված  անձնավորություններ էին, ում ընտանիքում մեծանալով՝ ես ականատեսն եմ եղել իրենց բարեգութ ու ազնվաբարո կենսակերպին:

Երբ որդիս ինձ հայտնեց իր ցանկության  մասին՝ ստեղծել «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամ և օգնել դրա կարիքն ունեցող մարդկանց, ես միանգամից հիշողությամբ  տեղափոխվեցի դեպի իմ մանկություն, հիշեցի ծնողներիս, իմ թաքուն երազանքը՝ երբևէ զբաղվել բարեգործությամբ և օգտակար լինել հնարավորինս մեծ թվով մարդկանց: Ես սիրով ստանձնեցի հիմնադրամի տնօրենի պաշտոնը, և տասը տարի առաջվանից մինչև այսօր նորանոր դրական ու պայծառ հույզերով հարստանալով՝ եռանդուն կերպով աշխատում եմ, նախաձեռնում բարեգործական ամենատարբեր ծրագրեր: Ես իմ որդու աշխատանքն եմ նվիրում մարդկանց ու գիտեմ, որ աստվածահաճո գործունեությամբ եմ զբաղվում, և այդ գիտակցումը ուժ է տալիս ինձ աշխատել և չհոգնել իմ աշխատանքից:

Ամենամեծ հաջողությունն եմ համարում այն, որ մենք կատարում ենք ի վերուստ մեզ տրված առաքելությունը, ուրախացնում, օգնության ձեռք ենք մեկնում մարդկանց դժվարին պահին և երբեք չենք տալիս սին խոստումներ: Երբ քայլում եմ Գավառի փողոցներով, մեծ հրճվանք եմ ապրում, որ ամենուր տեսնում եմ Տիգրանիս ներդրումը գեղեցիկի ստեղծման գործում: Մտնում եմ դպրոցներ, տեսնում եմ որդուս համար առանձնացված անկյունները՝ նրա նկարներով  պատված, և որպես մայր՝ մեծագույն հպարտություն ապրում:

-Տիգրան Արզաքանցյանն այս տարի չառաջադրեց իր թեկնածությունը ԱԺ ընտրություններում, սակայն «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը շարունակեց իր գործունեությունը, այսինքն՝ միանշանա՞կ քաղաքական շահ չէր հետապնդում հիմնադրամի գործունեությունը: Կպատմե՞ք հիմնադրամի հիմնական ծրագրերի մասին:

-Միանշանակ, բարի գործեր կատարելը  մեր հոգու պահանջն է, որը մենք բավարարում ենք մեր ամենօրյա աշխատանքով, և դա որևէ առնչություն չունի Տիգրանի քաղաքական գործունեության հետ:

Մեր բարեգործության շրջանակը շատ ծավալուն և բազմաբնույթ է: Աժ  պատգամավոր լինելու տարիներին Տիգրանի ընտրատարածքն ընդգրկում էր Գեղարքունիքի մարզի 17 համայնք՝ Գավառ, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Երանոս, Վարդաձոր, Կարմիր, Արծվաքար, Նորադուզ, Ծաղկաշեն, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք: Այսօր նա Աժ պատգամավոր չէ, բայց մենք շարունակում ենք մեր բարեգործական ծրագրերն իրականացնել  այդ բոլոր համայքներում՝ չանտեսելով նաև Արագածոտնի մարզի Օշական գյուղը, որտեղ գտնվում է «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն: Մենք բոլոր տոները նշում ենք միասին՝ երեխաների պաշտպանության օր, սեպտեմբերի 1, ուսուցչի տոն, Նոր տարի, մարտի 8, ապրիլի 7, Հայրենկան մեծ պատերազմի հաղթանակի օր: Մենք  հաճախակի ենք այցելում նաև մանկատուն, ծերանոց: Ամեն ամիս մենք ծրագիր ունենք, որը իրականացնում ենք: 

Հիմնադրման օրվանից սկսած «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը օգնել և սատարել է շատ-շատ ընտանիքների, կազմակերպությունների, իրականացրել է ծավալուն աշխատանք՝ հովանավորելով մի շարք ոլորտներ՝ սպորտ, մշակույթ,  արվեստ: Շատ եմ կարևորում ներդրումը կրթության գործում: Սահմանված է հատուկ կրթաթոշակ Գավառի գյուղատնտեսական քոլեջի գերազանցիկ ուսանողների համար, վճարում ենք նաև նրանց ուսման վարձը:  Մեծ ուշադրություն է հատկացվում նաև Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմի վետերաններին, անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքներին, որոնց տրվում է ֆինանսական, նյութական և բարոյական օգնություն: Մեր կողմից մեծ ուշադրության են արժանանում նաև  նորաստեղծ ընտանիքները՝ նրանց համար կազմակերպվում են համերգներ, միջոցառումներ և այլն: Ինչպես նաև Տիգրան Արզաքանցյանը մեծ ներդրում ունի փողոցների բարեկարգման, վերանորոգման  գործում: Այնքան ծավալուն են մեր աշխատանքները, որ դժվար է բոլորի մասին հիշել ու պատմել:  

 «Մարդու մեջ որքան բարության կա, այնքան էլ կյանք կա»: (Էմերսոն)

-Դուք իսկական տոնի եք վերածում սեպտեմբերի 1-ը առաջին դասարանցիների համար: Կպատմե՞ք՝ ինչպես եք կարծես աշակերտի նման ամեն տարի պատրաստվում սեպտեմբերի 1-ին և ինչպե՞ս է անցնում այդ օրը:

-Երբ ասում եմ, որ այս աշխատանքն ինձ ուժ ու եռանդ է հաղորդում, պարուրում դրական լիցքերով, հատկապես այս օրը նկատի ունեմ: Ես իսկապես առաջին դասարանցու ոգևորությամբ հատուկ պատրաստվում եմ այդ օրվան:

Արդեն ութերորդ տարին է, ինչ հիմնադրամը երեխաների հետ միասին տոնում է սեպտեմբերի 1-ը: Նախապես Գավառի հեռուստատեսությամբ հայտարարվում է, որ մենք այցելելու ենք դպրոցներ և նվիրելու ենք մեկ տարվա համար նախատեսված երեխաներին անհրաժեշտ առաջին պայուսակներն ու գրենական պիտույքները, և որ ծնողները կարող են այդ խնդրի մասին չհոգալ:  Մենք շնորհավորում ենք  նաև Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի անվան համար առաջին և երկրորդ դպրոցների երեխաներին, անմասն չեն մնում նաև մեր աշխատողների երեխաները:

Այս տարին ևս բացառություն չէր. մենք հինգ  օր շարունակ այցելեցինք բոլոր համայնքների դպրոցները: Ես անձամբ եմ գնում երեխաներին հյուր և ուզում եմ իմ ձեռքով հանձնել նվերները, մանավանդ գիտեմ, թե ինչ անհամբերությամբ են նրանք ինձ սպասում: Դա շատ նուրբ աշխատանք է, քանի որ տպավորվում ես երեխաների մեջ՝ որպես առաջին հոգատար անձ, ով նրանց ողջունում է և նվիրում դեպի կրթություն և գիտություն տանող առաջին գրիչը, մատիտը: Շատ ուրախ ու հետաքրքիր են անցնում այդ օրերը. երեխաները արտասանում են, երգում, իրենց ողջույնի խոսքն ասում. անընդհատ հետադարձի ճանապարհ են թողնում դեպի իրենց մոտ, ուզում ես կրկին վերադառնալ:

Այս տարի հիմնադրամի 10-ամյակի առթիվ երեխաները հատուկ էին պատրաստվել, մեզ դիմավորեցին մեր 10-ամյակը խորհրդանշող տորթերով, շնորհավորական ու շնորհակալական խոսքերով: Պետք է ուղղակի ներկա գտնվել ու տեսնել այդ հրաշալի ու անչափ հուզիչ տեսարանը:

Ընդհանուր առմամբ, այս տարի շնորհավորեցինք  900 երեխաների Գեղարքունիքի մարզից և 140 երեխաների Արագածոտնի մարզի Օշական գյուղի դպրոցներից: Նախորդ տարի երեխաների թիվն ավելի մեծ էր՝ 1200 երեխա և ավելի: 

-Ես տեսա, թե ինչպիսի՞ հիացմունքով և գոհունակությամբ էին Ձեզ վերաբերվում երեխաները, ուսուցիչները: Այդ ամենը տեսնելով ի՞նչ ապրումներ եք ունենում՝ որպես կին, որպես մայր:

-Ճիշտ եք, ես դպրոցից դպրոց եմ մտնում, դասարանից դասարան, ու երբ տեսնում եմ երեխաների ուրախ դեմքերը, լսում նրանց, ես էլ եմ մանկանում, փոխվում. փոքրի հետ մանկանում եմ, մեծի հետ մեծանում: Ես կարող եմ երեխաների մոտից դուրս գալ ու այցելել մեծահասակ վետերաններին՝ չմոռանալով նրանց ևս ուրախացնել և բարեգործության հետ մեկտեղ մի բարի խոսք ասել: 

«Բարությունը հոգու համար նույնն է, ինչ առողջությունը մարմնի համար»: (Լև Տոլստոյ)

-Հարգելով Ձեր և Ձեր որդու աշխատանքները, բոլոր դպրոցներում ստեղծվել են  Տիգրան Արզաքանցյանին նվիրված անկյուններ, որտեղ կարելի է տեսնել նրա նկարները, կարդալ նրա բազում բարեգործական ծրագրերի մասին պատմող նյութեր: Դուք՝ որպես մայր, ամեն անգամ դպրոցներ մտնելիս ի՞նչ ապրումներ եք ունենում:

-Ամեն անգամ դպրոցներ մտնելիս  առաջինը հայացքով ուղղվում եմ դեպի այդ անկյունը: Դա մի ուրիշ ապրում է, որը դժվար է բառերով նկարագրել: Երբ ես դպրոցական էի և դպրոցի պատերին տեսնում է մեր մեծերի նկարները, ասում էի՝ ինչ լավ կլինի, որ ես և իմ սերունդներն այնպիսի արժանի մարդիկ դառնանք, որ  մեր նկարները դպրոցի պատերին փակցված լինեն: Երազանքս իրականացավ. Տիգրան Արզաքանցյանի նկարերը բոլոր դպրոցներում փակցված են՝ որպես մեծ բարերար:  Օրինակ, եթե դուք մտնեք Գավառի գյուղատնտեսական քոլեջ, այնտեղ պատին գրված է «Մեր ոսկե հովանավորը»:

-Դուք առանձնահատուկ ուշադրությամբ եք վերաբերում Հայրենական պատերազմի վետերաններին, արցախյան պատերազմի մասնակիցներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ովքեր կարծես անուշադրության կենտրոնում են հայտնվել:

-Այո՛, ես կարծում եմ, որ երբեք չպետք  է մոռանալ անցյալը, այլ արժևորելով այդ ժամանակը և իր հերոսներին՝ ընթանալ առաջ, որպեսզի քո ներկան կայուն հիմքերի վրա կառուցվի: Ես մեծ սիրով եմ այցելում նրանց, նվերներ տանում, լսում նրանց խնդիրները, փորձում աջակցել և  գիտեմ, որ նրանք ինձ սպասում են: Մի անգամ ինձ ասացին՝ տիկի՛ն Վարսիկ, մինչև այսօր մենք չենք տեսել, որ որևէ մեկը այցելի մեզ, սովորաբար դուռը թակում են, դրամ  խնդրում, բայց Դուք մեր տան դուռը թակում եք, նվեր եք տալիս: Ես ամեն անգամ զրուցում եմ նրանց հետ, նրանք հիշում են պատերազմի օրերը, պատմություններ են պատմում:

Բայց պետք է ցավով նշեմ, որ մենք որքան էլ օգնենք անապահով խավին, միևնույնն է, չքավորության դեմ չենք կարող պայքարել: Ես ինձ ավելի վատ եմ զգում, որ կարիքավոր մարդկանց գումարներ եմ տալիս. այդ պահին միայն վերցնողը չէ, որ իրեն վատ է զգում, տվողն իրեն ավելի վատ է զգում…  

  «Բարի գործել նշանակում է նմանվել Աստծուն»: (Պուբլիլիոս Սիրոս)

-Տիկի՛ն Գրիգորյան, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական  հիմնադրամը գրասեյակ ունի՞, նամակներ ստանո՞ւմ եք, ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում:

-Այո՛, Գավառում մենք գրասենյակ ունենք, իմ տեղակալը մշտապես այնտեղ է: Մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ, մեզ դիմում են ամենատարբեր հարցերով, խնդիրներով: Բազմաթիվ տաղանդավոր երեխաների մենք աջակցել ենք, որ նույնիսկ մեկնեն արտասահման՝ կրթություն ստանալու, հատկապես սպորտի ասպարեզում:  Ունենք միջազգային տարբեր մրցույթներում հաջողություններ գրանցած սպորտսմեններ, շախմատիստներ, վերջերս պարգևատրեցինք Գեղարքունիքի մարզից «Կենգուրու» մրցույթի հաղթողին:

-Կարո՞ղ եք հիշել մի նամակ, որը Ձեզ անչափ հուզել է:

-Այո՛, չորս տարի առաջ մենք ստացանք մի ահավոր զանգ… Գավառի տներից մեկում գազի վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով ընտանիքի մայրը խեղդվել էր, իսկ  երկու երիտասարդ տղաները, որ նոր էին վերադարձել բանակից, վառված, անշարժ  վիճակում մնացել  էին տանը: Իմ տղան՝ Տիգրան Արզաքանցյանը, ամեն ջանք գործադրեց, որ նրանք ապաքինվեն: Մեկ տարի շարունակ նրանք տարբեր տեսակի  բուժումներ էին ընդունում հիվանդանոցում: Տուն վերադառնալով՝ տղաները իրենց այրված տան փոխարեն տեսան բոլորովին նոր բնակարան: Տիգրան Արզաքանցյանի ջանքերով տղաների բնակարանը  հիմնովին քանդվել և նորն էր կառուցվել, կահավորվել, հանձնվել նրանց: Այսօր արդեն նրանք լիովին առողջ են և ամեն ամիս Տիգրան Արզաքանցյանի կողմից գումար են ստանում: Հիմա մենք պատրաստ ենք նրանց ամուսնացնել: Ես հաճախակի եմ այցելում տղաներին, որպեսզի տեղեկանամ՝ ինչպես են, ինչի կարիք ունեն:

«Բարին հաղթում է բոլորին, իսկ ինքն անհաղթ է»: (Լև Տոլստոյ)

-Հիմնադրամը նաև երիտասարդ զույգերին է անակնկալներ մատուցում:

-Տիգրան Արզաքանցյանը 2007թ. Գավառի հարսների համար կազմակերպեց մկրտության մեծ արարողություն եկեղեցում, որի ընթացքում 140 հարս կնքվեցին և տղայիս կողմից նվեր ստացան ոսկե խաչեր և վզնոցներ: Այդ ժամանակ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Դերենիկ վրդ. Դավթյանն ասաց՝ տիկին Վարսիկ,  շատ բարեգործական գրքեր եմ կարդացել, շատ օրհնանքներ եմ լսել, տղամարդկանց կողմից բարեգործություններ տեսել, բայց ոչ մի անգամ չեմ տեսել կին բարեգործի, Դուք մի ծրագիրը  չավարտելով՝ հաջորդի մասին եք մտածում:

Իրոք այդպես է, երբ նվիրվում ես գործիդ, անընդհատ նոր գաղափարներ ես հղանում և անհամբերությամբ սպասում դրանց իրագործմանը: Ինձ համար դա արդեն կենսակերպ է դարձել, ողջ մտավոր աշխարհս ուղղված է ժողովրդի որևէ կարիք, որևէ հոգս թեթևացնելու գործին:

Շատ գեղեցիկ ավանդույթ է դարձել նորածիններին մատուցվող նվերները: Գավառում կնքված այդ հարսների նորածին երեխաների առաջին բարուրը՝ անհրաժեշտ բոլոր հագուստներով, նվիրում է  «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը: Գուցե թվա, թե տղաս է, և դա է պատճառը, որ գովերգում եմ նրան, բայց պետք է ասեմ, որ միայն գեղեցիկ հոգևոր ներաշխարհ ունեցող մարդը կարող է նման գաղափարներ և ցանկություններ ունենալ:

-Երևի շնորհակալագրեր շատ եք ստանում: Ձեզ գնահատված զգո՞ւմ եք:

-Ճիշտ եք, բազմաթիվ շնորհակալագրեր, շնորհավորանքներ ենք ստանում և° պաշտոնատար անձանցից, և՛ այն մարդկանցից, ում աջակցել ենք, հատկապես արցախցիներից: Ես հատուկ վերաբերմունքի եմ արժանացնում ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին, նրանց այրի կանանց,  ծնողներին:  Բոլորին գումարներ և նվերներ եմ նվիրում:

Բանաստեղծությունների շարքեր ենք ստանում դպրոցականներից, որոնք իրենց տպավորություններն ու երախտիքի խոսքերն են ուղղում մեզ: Այնքան հուզառատ  է մեր աշխատանքը.

ՙԾաղիկների պես քնքուշ եք,

Ծովի նման միշտ ծիծղուն եք,

Բարության ծով, խղճի տուն եք,

Մեր բոլորի կողմից սիրված

Մեծատառով Դուք մեծ «Մարդ» եք»:

«Ամեն ինչ քննեցեք, իսկ ինչ բարի է, ընդունեցեք»: (Ղևոնդ Ալիշան)

-Հետաքրքիր է՝ Տիգրան Արզաքանցյանը ի՞նչ ծրագրեր ունի հիմնադրամի հետ կապված:  

-Մենք, ընդհանրապես, չենք ծրագրում, թե ինչ ենք անելու հաջորդ տարի, մենք տվյալ ժամանակահատվածում գնահատում ենք իրավիճակը, տեսնում ենք ինչի կարիքն ավելի շատ կա, ըստ այդմ էլ որոշում ենք մեր անելիքները:

Տիգրան Արզաքանցյանը միշտ ունի գեղեցիկ գաղափարներ, և նա անխոս մտածում է որքան հնարավոր է ավելի շատ օգտակար լինել մարդկանց, շարունակել իր բարեգործությունը:

-Տիկի՛ն Գրիգորյան, Դուք  ղեկավարում եք նաև «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն: Մի փոքր պատմեք ընկերության արտադրանքի և հեռանկարի մասին:

-Այո՛, որդուս խորհրդականի պաշտոնը հաջողությամբ զբաղեցնելուց հետո նրա առաջարկով ստանձնեցի «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ի ղեկավարի պաշտոնը: Մեծ սիրով եմ կատարում այդ աշխատանքը և ուրախ եմ, որ ստեղծվել է մի այնպիսի գործարան, որը հիացմունք է պատճառում բոլորին: Մեր գինու և կոնյակի գործարան են այցելում նաև շատ զբոսաշրջիկներ, ծանոթանում գինու, կոնյակի պատրաստման գործընթացին, շրջում տարածքում, որն իրենից պատմական արժեք է ներկայացնում:

Ունենք մոտ երեք հարյուր աշխատակիցներ, ովքեր  իրենց գործի վարպետներն են: Մեր արևահամ պտուղների և նրանց հմուտ աշխատանքի շնորհիվ արտադրվում է գինու և կոնյակի մեծ տեսականի՝ «Վարսենիկ», «Արշակավան», «Ամբերդ», «Աշտարակ», «Բելլա», «Վարդ», «Անի», և այլ գինիները, ինչպես նաև «Ցար Տիգրան», «Արմենյակ», «Կարս», «Գավառ», «Երևանյան» և այլ կոնյակները: Մեր արտադրության կոնյակները միջազգային տարբեր մրցույթներում արժանացել են  ոսկե մեդալների, դիպլոմների, «Գրան Պրի»  մրցանակների:

  «Բարությունն արվեստ է»: (Հաուպտման)

-Տիկի'ն Գրիգորյան, Ձեր ընտանիքի բարեհոգությունն ու նվիրվածությունը  հարազատ ժողովրդին ապացուցման կարիք չունի, քանի որ արված գործերն են խոսում այդ մասին: Մի քանի տարի առաջ մեր հարցազրույցներից մեկում Ձեր որդին  նշել էր` ուրիշները խոսում են, ես գործ եմ անում…դա, անշուշտ, տեսանելի է, բայց  և չենք կարող չնկատել, որ Տիգրան Արզաքանցյանն իր կողքին ունի շատ ամուր հենարան` ի դեմս Ձեզ` իր մոր:  Ինչպիսի՞ն են Ձեր ընտանիքի հաջորդ սերունդները` թոռները, արդյո՞ք գնահատում և ընդունում են Ձեր կերպարը, գործունեությունը:

-Վերևում նշեցի, որ մեր կենսակերպն է այսպիսին` մեր տան զրույցները, քննարկումները հետագա անելիքների մասին, բնականաբար, թոռներս այդ մթնոլորտում մեծանալով, նույնպես այդ արժեքների կրողներն են դարձել: Ճիշտ է, այսօր նրանք այստեղ չեն ապրում, սակայն ամեն տարի այցելում են մեզ, մեծ հաճույքով մասնակցում մեր աշխատանքներին, աշխատում են գործարանում:

Տիգրանիս տղան` մեծ թոռնիկս, այս տարի ավարտեց Լոմոնոսովի անվան համալսարանը` գերազանց առաջադիմությամբ, Տիգրանիս մյուս երեխաները սովորում են մեկը Ֆրանսիայում, մյուսը  Շվեյցարիայում: Մյուս տղայիս երեխաները սովորում են Քեմբրիջի, Օքսֆորդի համալսարաններում: Իհարկե, ես չեմ գովերգում դրսի համալսարանները, պարզապես նրանք այնտեղ են ապրում և կրթությունն էլ այնտեղ ստանում: Ես հպարտ եմ, որ նրանք ստացել են հայեցի դաստիարակություն, շատ լավ տիրապետում են մայրենի լեզվին: Նրանք անպայման պետք է ապրեն Հայաստանում և շարունակեն մեր գործը: 

Ինձ անչափ հուզեց թոռնիկիս` Անի  Արզաքանցյանի գրած շարադրությունը  իր հերոսի մասին: Նրա գրել էր, որ իր հերոսը իր տատիկն է` աշխարհի ամենալավ տատիկը, ով երկու հիմնարկություն է ղեկավարում և բավականին երիտասարդ տեսք ունի տատիկ լինելու համար: Նա մեծ հպարտությամբ պատմում է իր տատիկի բարեգործությունների մասինª նշելով, որ իր տատիկը մեծ նշանակություն ունի ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև իր երկրի համար: «Եթե չլիներ իմ տատիկը, ապա մենք չէինք լինի այսպիսին: Նա ամեն տարի ուրախացնում է 1000-ավոր երեխաների և ուրախ եմ, որ դպրոցի բոլոր պատերին փակցված են  իմ հայրիկի և տատիկի նկարները: Նա շատ կարևոր անձ է ինձ համար, երբ ես նրա հետ եմ, նա իմ կյանքը հետաքրքիր է դարձնում, իսկ  երբ նա ինձ հետ չէ, նրա տեղը դատարկ է մնում»,-գրել էր նա:  

«Կինը ուժ է, կինը կյանքն է»: (Հրանտ Մաթևոսյան)

-Տիկի՛ն Գրիգորյան, Դուք բավականին հագեցած գրաֆիկով եք աշխատում,  հետաքրքիր է՝ չե՞ք հոգնում, ի՞նչ է տալիս Ձեզ աշխատանքը և ի՞նչ է տանում Ձեզանից:

-Ես իմ աշխատանքով ուժեղանում և արդյունքով  հիանում եմ: Իհարկե, բոլորի նման ես էլ եմ հոգնում, բայց շատ արագ դա անցնում է, երբ տեսնում եմ աշխատանքիս հաջողությունը, ցանկալի արդյունքը:

Ի դեպ, ես նաև հասցնում եմ հարազատներիս հետ շփվել, կիսել նրանց ուրախությունը, տխրությունը:

-Տիգրան Արզաքանցյանը, ընդհանրապես, Ձեր ընտանիքը սիրված է հատկապես Գավառում: Ձեր կարծիքով ինչո՞վ, ո՞ր հատկանիշերով եք Դուք արժանանում մարդկանց սիրուն: 

-Ես իմ ազնվությամբ եմ արժանանում ժողովրդի սիրուն: Եթե այս տարիների ընթացքում նրանք տեսնեին, որ ես ազնիվ և անկեղծ չեմ իրենց հետ, որ իմ խոսքն ու գործը չեն համընկնում, ապա կկորցնեին հավատն ու սերն իմ հանդեպ: Սակայն ազնիվ ապրելակերպն ինձ շատ բնորոշ հատկություն է, իսկ աշխատանքում՝ սկզբունք:   Դա է, թերևս, պատճառը, որ դպրոցների տնօրեններն ինձ «Մայր Թերեզա» են կոչում:

«Բարի գործերն օղակներ են, որ սիրո շղթա են կազմում»: (Մայր Թերեզա)

-Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր ընտանիքի մասին. ի՞նչ արժեքներով ու սովորույթներով է ապրում Ձեր ընտանիքը:

-Մեր ընտանիքը շատ սովորական, ներդաշնակ և համեստ  ընտանիք է: Ազնվությունը, բարությունը մեր ընտանիքում շատ կարևոր արժեքներ են. մեր երեխաներն իրավունք չունեն սուտ խոսել, շռայլ ծախսել, ինչ-որ մեկին վիրավորել և այլն: Այդ դաստիարակությունը եկել է առաջին հերթին  իմ ծնողներից և փոխանցվել իմ ընտանիքին: Մեծ որդիս՝ Տիգրանը, ժառանգել է այդ հատկանիշերն ու արժեքները, ու հիմա հենց ինքն է այդպես դաստիարակում մեր ազգի բոլոր երեխաներին:

Մենք սովորույթ ունենք ամեն Նոր տարի բոլորս հավաքվել նույն վայրում և միասին տոնել Ամանորը: Դա իմ ամենաերջանիկ օրն է տարվա մեջ, երբ բոլորս հավաքվում ենք: Ես պատրաստում եմ մի մեծ  գաթա, որի մեջ խորհրդանշական կոպեկն եմ դնում. կոպեկն ում ընկնի, այդ  տարվա հաջողությունն  իրենն է լինելու:

Ճիշտ է, իմ մյուս տղան մեզ հետ չէ… բայց Տիգրանս ամեն ինչ անում է, որ բոլորիս համախմբվածությունն ու սերը մեզ ուժեղացնի և մենք շարունակենք ապրել և աշխատել՝ բարություն տարածելով մեր շուրջը…

«Մայրական սերը խաղաղություն է. այն չես կարող ձեռք բերել կամ արժանանալ դրան»: (Էրիխ Ֆրոմ)

-Տիկի՛ն Գրիգորյան, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է Ձեր նման ուժեղ կինը տանը, խոհանոցում լինելու ժամանակ գտնո՞ւմ  եք, եթե այո, ապա Ձեր ո՞ր ճաշատեսակն է ամենասիրվածը: 

-Ես շատ ուժեղ եմ, և ուժեղ եմ նրանով, որ կարողանում եմ իմ խոսքը գործ դարձնել:

Ես շատ եմ սիրում խոհանոցում գտնվել և դրա համար միշտ ժամանակ գտնում եմ: Իմ ընտանիքի կերակուրը ես պետք է պատրաստեմ: Կարծում եմ ամեն կին առաջին հերթին պետք է իր ընտանիքի սնվելու հարցը լուծի: Իմ տղան միայն իր մոր պատրաստածն է սիրում ուտել: Ես նաև շատ եմ սիրում մտերիմներիս հյուրասիրել իմ պատրաստած ուտեստները, չեմ սիրում ռեստորանային հյուրասիրությունը:

Քանի որ մենք գավառցի ենք, ճաշատեսակներից սիրում ենք առաջին հերթին քյուֆթան՝  հաճարի փլավով, աղանդերից՝ փախլավան: Սիրում ենք նաև դոլմա, ձուկ: Տղաս ասում է, որ ինձ նման համեղ ոչ ոք ձուկ չի կարողանում պատրաստել, և որ իմ պատրաստած փախլավան բոլորովին այլ համ ունի: Ես մի լավ տատիկ եմ ունեցել, նա ասում էր. «Եթե  լիասիրտ լինես,  մի ձվից սարքած ձվածեղը տասը հոգու կբաժանես»: Երբ  փոքր էի, չէի հասկանում տատիս խոսքերի խորությունը, բայց երբ մեծացա ու սկսեցի  բարեգործությամբ զբաղվել, հասկացա, որ եթե մարդը լիասիրտ լինի, իր բարությունը երբեք չի պակասի:

«Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է» (Ցիցերոն)

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը:

-Իմ ամենամեծ հաջողությունն իմ ընտանիքն է, երեխաներս: Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ այսպիսի ընտանիք  է պարգևել:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Երազում եմ, որ մեր հայրենիքում մշտապես  խաղաղություն տիրի, կարիքավոր խավ չունենանք կամ շատ փոքր թվով, երազում եմ, որ բոլորն իրենց աշխատանքն ունենան, հատկապես երիտասարդները, կարողանան կրթվել և գտնել իրենց տեղը հայրենիքում ու երբեք չմտածել երկրից հեռանալու մասին: Մենք շատ գեղեցիկ երկիր ունենք ու հրաշալի ժողովուրդ, ով արժանի է լավ ապրելու…

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...