01:12
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Գրողը հայելի դիտորդ մը չէ…»

2013-09-28 13:06

          «Դե Ֆակտո» 65 (2011թ.)

                          (Դիմանկարի հպանցիկ փորձ)

       Հայ ժողովրդի  դարերի խորքից եկած  պատմության  ճանապարհին,  պարտադրված  իրականության  բերումով ձևավորվել է Սփյուռքը` իբրև աշխարհում  ցաքուցրիվ եղած ազգային միավոր։

Ու այդ Սփյուռքը աշխարհին տվել է հայազգի  անվանի  ու երևելի   անհատականություններ, ովքեր ապրելով օտար երկրներում, խոսել են օտար լեզվով, բայց մտածել ու աշխարհն զգացել, ճանաչել են հայեցի։

       «Ցանկացած եվրոպական պետություն ուրախ կլիներ  իր տրամադրության տակ ունենալ  այնպիսի հիանալի մշակութային զենք, ինչպիսիք հայերն են»,- գրում է  ֆրանսիացի գիտնական, աշխարհագրագետ Ռեկլյուն։

       Եվ այդ անվանի անհատականություններից է Լիբանանում ծնված , փարիզաբնակ Գրիգոր Պըլտյանը, ով փայլում է ժամանակակից  արևմտահայ գրականության համապատկերում։ Գրիգոր Պըլտյանը սփյուռքահայ հանրահայտ գրող է, գրաքննադատ ու գրականագետ, նա  նաև փիլիսոփայության և գրականության դոկտորի կոչում ունի։

        Գրիգոր Պըլտյանը ծնվել է  1945թ. Բեյրութի Հայաշեն թաղում։ Նախնական կրթությունը ստացել է թաղի Թորգոմյան վարժարանում,  այնուհետև ուսումը շարունակել է Նշան Փալանջեան  ճեմարանում և ավարտել`1964թ.։Միաժամանակ հաճախել է փիլիսոփայության  դասընթացների։1966թ. իր գաղափարակիցների հետ Գրիգոր Պըլտյանը  հիմնադրում է «Ահեկան» գրական  եռամսյա հանդեսը։ Սակայն    1967թ.  մեկնում է  Փարիզ, իսկ 1973թ. Գրիգոր Պըլտյանը Սորբոնի համալսարանում պաշտպանում է իր դոկտորական թեզը ու ստանում փիլիսոփայության դոկտորի կոչում։

       -Իմ կրթությունը  երկու լեզվով է եղել.ֆրանսերեն և ֆրանսիական մշակույթ, հայերեն և հայ մշակույթ,- խոստովանում է գրողը։

       Նա մի ամբողջ տասնամյակ ֆրանսիական մամուլում զբաղվում է  լրագրությամբ և միաժամանակ  հայոց լեզու ու գրականություն է դասավանդում Փարիզի արևելյան լեզուների  և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում։ Դասավանդում է նաև  Լիոնի Աստվածաբանական  համալսարանում.  գրաբար  և մատենագիտություն։ Այժմ ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Ֆրանսահայ հայտնի գրող, քննադատ ու փիլիսոփա Գրիգոր Պըլտյանը քսաներեք գրքի հեղինակ է` բանաստեղծություններ, գրաքննադատական հոդվածներ, արձակ ստեղծագործություններ։Նշեմ, որ նաև վեց վեպի հեղինակ է։ Նրա ստեղծագործությունների  թեման բազմազան է` սկսած Դանիել Վարուժանի թողած հզոր գրական ժառանգության համապարփակ վերլուծումից («Կրակե շրջանակը Դ. Վարուժանի շուրջ»,1988թ.¤ մինչև մեծն Գրիգոր Նարեկացի(«Երկխոսութուն Նարեկացիի հետ», 2008թ.) և հասնելով մինչև մեր օրերի ֆրանսահայ գրականությանը («Հիսուն տարի հայկական գրականություն Ֆրանսիայի մեջ»)։ Թեև գրողի լայնածավալ  տեսական և քննադատական  հրատարակությունները կարևոր դեր են խաղում արևմտահայության և սփյուռքահայության հոգևոր կյանքի   զարգացման ու գնահատման համար, սակայն Պըլտյանը ինքն իրեն համարում է գրող և միայն գրող։Անշուշտ, դժվար է, պետականությունից զուրկ Սփյուռքում ստեղծագործել  այսքան  բազմաժանր ու  լինել հանրահայտ։

       Փիլիսոփա ու գրաքննադատ Պըլտյանը հետաքրքիր է ներկայացնում գրողին.

       -Գրողը  հայելի դիտորդ մը չէ, քննադատ-ոսպնեակ մըն է` թերևս աշխարհին հանդեպ և մեր` եթե իհարկե մենք ալ աշխարհին մեջն ենք և ոչ անոր քովը։ Ամեն գրող գրականությունը կը սկսի առանց աւարտելու ի վերուստ, կամ ի վարուստ։ Սակայն, նոյն ատեն, երբեք չի բնակիր լեզուով  կառուցուած հանգստաւետ տան մեջ։ Ըսած եմ անգամ մը, գրել կնշանակեէ ըլլալ դուրսը։Ահա դուրսը` հինգերորդ յարկի աշնանամուտը միջերկրականեան թուփերով, փարիզեան խոնաւ արևւմարով, մետրոյի անընդմեջ դղրդիւններով։

       Գրիգոր Պըլտյանը իր արձակ գործերում հաճախ է  ներկայացնում Հայոց  եղեռնի հետևանքով կազմավորված Սփյուռքը` աշխարհագրական սփռվածությամբ, ընդլայնելով արևմտահայերի վտանգված լինելու կարգավիճակի հարցը։ Նրա վեպերում այդ հարցի պատասխանը կա, այն է` որ արևմտահայերը կարողություն ունենան հայեցի ավանդույթը պահել, պահել լեզուն, դպրոցը, ունենալ մասնագետ մանկավարժներ, այլապես կկորցնենք մի ամբողջ մշակույթ ու ժողովուրդ։

Գրիգոր Պըլտյանի առաջին գիրքը`«Տեղագրութիւն քանդվող քաղաքի մը համար»,  լույս է տեսել 1976թ., իսկ այնուհետև շարունակաբար հրատարակվել են «Հատուածներ սենեակի  մասին»,«Հակաքերթուած», «Մանտրաներ»,«Ելք», «Գրիգոր Նարեկացի, լեզուի սահմաններուն մեջ», «Կրակէ շրջանակը», «Սեմեր»,«Անունը լեզուիս տակ»,«Պատկերը»,«Հայկական ֆութուրիզմ» և այլն բանաստեղծական,գրաքննադատական և արձակ գեղարվեստական երկերը։  Նա բազմաթիվ հոդվածներ է հրատարակել նաև օտարագիր մամուլում։ 

       Գրիգոր Պըլտյանը  «Անունը լեզուիս տակ»  վեպում,որը լույս է տեսել 2003թ., ներկայացնում է,  թե ինչ կարևոր է տարագրյալ մշակույթի համար վեպ գրելը։  Հրատարակվել է նաև Գ. Պըլտյանի «Հայկական ֆուտուրիզմ» գիրքը։ Ավելի քան վեց հարյուր էջից բաղկացած ծավալուն հատորը մանրամասնորեն անդրադառնում է, թե ինչպես այդ շարժումը, որ համաեվրոպական  բնույթ ունի, տարածվում է Պոլսում, Թիֆլիսում և Երևանում, ինչը հետո արգելվում է ու զարգանալու համար նպաստավոր հող չի գտնում։   Այս ուսումնասիրությունը աննախադեպ է թե՛ ընդգրկման շրջանակով, թե՛ հետազոտական մակարդակով։Գիրքը Պըլտյանի երկար տարիների  աշխատանքի ամփոփումն է։ Օգտագործված են  Եվրոպայի և Հայաստանի տարբեր գրադարաններում պահվող բազմաթիվ արխիվային նյութեր և հազվագյուտ հրատարակություններ։

       Հնդկական փիլիսոփայությամբ տարվեցի,- գրում է Գրիգոր Պըլտյանը , և արդյունքում ծնվեց «Մանտրաներ»-ը։ Ձանձրացել էի կարճ բաներ գրելուց, այս անգամ ցանկանում էի ավելի  ընդարձակ գրել։ Կուզեի գրել մի քիչ երկար գրություն առանց պատումի, հոգեբանական երկար վերլուծումների, առանց մասնավորապես նկարագրելու, արևելահայերը պոեմ են ասում։ Մանտրաները սրբազան ձայներ են,- շարունակում է գրողը,- որ կրկնվում են, բառեր չեն։ Ըստ հնդկական փիլիսոփայության` աշխարհը սկսվում է ձայնով, մանտրան աշխարհի սկիզբն է, քրիստոնեության մեջ էլ` բանը։ Անշուշտ, ես հավակնություն չունեի գործածել հնդկական մանտրաներ, ցանկանում էի օգտագործել մի սկզբունք, որն ինձ կառուցողական  հնարավորություններ կտար։ Եվ այդ հնարավորություններից մեկն է որոշ մոտիվների կրկնությունները։ Դրանք բառային չեն,- շարունակում է Պըլտյանը,-նախադասություններ են, որ կրկնվում են բավական ճկուն։Գիրքը կարողացա  ավարտել հետաքրքիր դիպվածով. ինձ ասացին, որ գերմանացի մի դերասանուհի կա , որ ուզում է  ապրիլի քսանչորսին Հայոց  ցեղասպանության թեմայով  բանաստեղծություններ արտասանել հայերենով և խնդրեցին , որ ես գրեմ այդ բանաստեղծությունները։Եվ այդ պատրվակ եղավ, որ գրքի վերջին մասը գրեմ-վերջացնեմ։

       -Անկախությունից հետո Հայաստանյան իրականության մեջ բեկում եղավ, երբ գրականությունն ու արվեստները պետական հովանավորություն չգտան,-մտահոգվում է գրաքննադատ Գրիգոր Պըլտյանը,- այո, այսօր գրքեր հրատարակվում են, բայց կազմակերպված չէ այդ աշխատանքը։ Գրքերի մասին քիչ է խոսվում,գրախոսություններ գրեթե չկան։ Գրքի երկրորդ կյանքը գրախոսությունն է, գրախոսությունը կարևոր է, քննադատությունը` նույնպես, վեճերը` նույնպես։ Մեր մամուլը ինքն իրեն  ազատություն չի տալիս,- շարունակում է գրողը,- շատ վախկոտ է։ Ընդհանուր կարծրացած մտայնություն է տիրում, և որևէ հնարավորություն չկա, որ նորի մուտք գործելով վերափոխվի, որովհետև սա ամենկարևոր գործընթացն է, որ նորը մտնում է հնի կաղապարների մեջ և այն վերափոխում է։Այս գործընթացը մեզանում տեղի չի ունենում։ Ինչը նոր է, մենք  դուրս ենք նետում։ Մենք շատ ենք սանձում մեզ, այնքան, մինչև մեռնում ենք  վերջնականապես. սա գավառամտություն է և, անշուշտ, իր դրամատիկ կողմն ունի։Ինչպիսին է մեր  վերաբերմունքը աշխարհի հանդեպ,-դարձյալ մտահոգվում է Պըլտյանը,- վախկոտությո՞ւնը։ Նստել և սպասել, որ ուրիշներն իրենց դերերը կատարեն, մենք էլ մնանք դիտողի դիրքերո՞ւմ, և մանավանդ զոհի՞ դիրքերում։ Սա ընդունելի չէ այլևս, մենք չափահաս ենք այլևս, հերիք է զոհ լինենք։ Այժմ պիտի լինել ուրիշ...։

       Զոհի կարգավիճակը, իր ժամանակներում, մտահոգել է նաև մեծն Նժդեհին.«Մեր պատմության մեջ մի բան միշտ էլ ինձ ցավով ու ամոթով է լցրել,-այսպես է գրում Նժդեհը,- դա մեր ժողովրդի մի մասի կրավորական նահատակությունն է։ Հարյուր հազարավորները հեզաբար առաջնորդվել են  դեպի ձորերն ու ծովափերը ոչնչացվելու։ Արգահատելի է կրավորաբար նահատակվող ժողովուրդը։ Եթե քաջ ես ժողովուրդ,-շարունակում է գրել Նժդեհը,- քեզ հետ են անգամ  քո երկրի դեմ պատերազմական  գործողություններ սկսած թշնամիներդ, քեզ հետ է նրանց համակրանքը»։

       - Առհասարակ, մենք մեր հարցերի պատասխանը փորձում ենք գտնել՝ ուսումնասիրելով անցյալը։ Ինձ համար ամենակարևորն է՝ պահել միտքն ու ուղեղը պայծառ, հասկանալ երևույթները հնարավորինս հստակ, առանց խաբվելու, որովհետև ներկա աշխարհը տեղեկատվական է, սուտն ու ճիշտը հաճախ խառնվում են իրար,- գրում է Գրիգոր Պըլտյանը։

       Գրիգոր Պըլտյան գրողի, փիլիսոփայի և վերլուծողի անհանգիստ միտքը անընդհատ արթուն է` իր տեսադաշտում ամփոփելով հայոց հազարամյակների մշակույթը, հայոց ոգու յուրահատկությունները մինչև ժամանակակից Սփյուռք` իր առաջադրած նոր խնդիրներով։ Եվ փնտրող,  անվերջ ինքնաճանաչման մղվող փիլիսոփայի լուսավոր միտքը երբեմն հանգում է անսովոր, մինչ օրս չդիտված, չճանաչված եզրակացությունների, որոնցից մեկը զարմացնում է իր անսպասելիությամբ։ Քննարկելով  ժամանակակից Սփյուռքը`նա    ասում է.

       -Օտարության մեջ ապրող հայության համար Սփյուռքը դարձել է հայրենիք։ Այսինքն թե` ինքնապահպանության բնազդը  տարբեր երկրներում ապրող  հայությանը միավորել է մի այլ, վիրտուալ հայրենիքի մեջ, որը նույնքան  ուժեղացնելու ու ամրացնելու կարիք ունի, ինչքան մայր Հայրենիքը...       Անշուշտ, դժվար է վիճել հեղինակի հետ, չնայած առաջին հայացքից  անսովոր այդ միտքը կարող է շփոթեցնել շատերին, սակայն Գրիգոր Պըտյանը  ամեն ինչ գիտի ներսից և նրա փնտրող մտքի տառապանքը անձնական փորձ ունի, ինչը որ հայրենիքում ապրողներիս համար կարող էր մնալ աննկատելի։

       Այսօր Գրիգոր Պըլտյան մեծ գրողն ու փիլիսոփան, որ ապրում ու ստեղծագործում է երկու հայրենիքների սահմանագծում, իր գեղեցիկ լինելիությամբ, վերլուծաբանի մտքի խորությամբ հույս ու վստահություն է ներշնչում, որ ի դեմս իրեն և իր նմաններին` հայոց հնագույն  արյունը մնում է ջահել ու զգայուն, և վստահ` երբեք չի ծերանա։

                                                                                                           ԱՆՆԱ   ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...