14:41
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԻՆՉՊԵ՞Ս ՆԵՐԵԼ ՄԵԿԻՆ, ՈՎ ԱՍՈՒՄ Է` ԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՉԵՄ

2013-07-10 11:44

«Դե Ֆակտո» 49(2010թ.)

Ռանչպարների կանչն» էի կարդում, երբ իմ տատի գյուղի անունը տեսա ու  այդ պահին կարծես ուրիշ տեսակ մարդ դարձա։ Ես չեմ տեսել ոչ տատ, ոչ տատի գյուղ, բայց այդ մի անունը բավական էր, որ ողջ ներաշխարհս խառնվեր իրար։ Թուրքերը Սասունում սպանել են պապիս, իսկ տատիս` թոնրում վառել։ Ես 40 տարի եղեռն եմ նկարել, այդ թվում` նկարներ` նվիրված տատիս, պապիս։ Իմ արյան մեջ է  եղեռնը, ես կոտորածից  եկած մարդկանց շարունակությունն եմ, բայց այսօր մի քիչ վերապահումով եմ նայում թուրքերին,-պատմում է ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը։

Թուրքերի կոտորածների մասին բազում պատմություններ կան, որոնք ապրում են սերունդների մեջ և կազմում նրանց ազգային ինքնագիտակցության մասը, որով դրսևորվում է նրանց վերաբերմունքը թուրքերի հանդեպ։ Սակայն շարունակել թշնամությունն ու հարաբերություններ չհաստատել թուրքերի հետ, ճիշտ չէ։ Այսպես են կարծում մարդիկ, ում մտերիմներին ամենադաժան ձևով սպանել են թուրքերը։

-Ինձ շատ են խնդրել, որ գնամ Թուրքիա, այնտեղի թուրքացած հայերն ինձ բազմիցս առաջարկել են գալ և տանել ինձ, շրջայց կազմակերպել ինձ համար և նորից հետ բերել, բայց ես չեմ համաձայնվել։ Ես չեմ կարող գնալ թուրքի անկողնու մեջ պառկել, բայց չեմ կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր գնում են։ Կգնամ միայն մի դեպքում, եթե սահմանները բաց լինեն

Ամառվա տապն ու ծովում լողալու մեծ ցանկությունը մոտավորապես 30 հազար հայերի համար գաղթակղիչ է դարձնում Թուրքիան, հատկապես` Անթալիայի լողափը։ Նրանց նախընտրությունը` Թուրքիայում անցկացնել հանգիստը, ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։

-Հիմնականում Թուրքիայում հանգստանալու հայերի  նախընտրությունը պայմանավորված է նրանով, որ կա ուղիղ չվերթ, Թուրքիան առաջարկում է շատ լավ ծառայություններ, հյուրանոցային պայմաններ, և գնացողները վիզան տեղում են ստանում,- նշեց «Եվրոստան-Ույուտ» տուրիստական գործակալության տուրիզմի մենեջեր Գայանե Պողոսյանը։

Պարզ է, որ պատճառները հիմնականում տնտեսական բնույթ են կրում, որը համատեղվում է Թուրքիայի ջանքերով` լուրջ տուրիստական երկիր դառնալ։ Ըստ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի` Թուրքիայի գրավչությունը գայթակղում է նախկին խորհրդային խմբի երկրների ժողովուրդներին, որովհետև բնակչության ֆինանսական հնարավորությունները հիմնականում մեծ չեն.

-Հայերի` Թուրքիայում հանգստանալու  ևս մեկ պատճառ  կա` հայկական հանգստավայրերի անհասկանալի, աննախադեպ թանկությունը, որը ոչ մի կերպ չի բացատրվում։ Պարզ համեմատությունը աշխատավոր մարդուն ցույց է տալիս, որ նա ավելի հեշտ կգնա վրացական ծովափ կամ մի քիչ ավելի մեծ գումարով` Անթալիա, քան կկարողանա հանգստանալ Հայաստանում։ Սա շատ վտանգավոր միտում է, պետությունը պետք է սրա դեմն առնի` ապահովելով մատչելի և մրցունակ գներ։  Ես հիշում եմ, թե ինչպես երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կառավարության նիստի ժամանակ ուղղակի արգելեց նախարարներին, փոխնախարարներին, չինովնիկներին, կառավարությունում աշխատողներին Թուրքիայում հանգստանալ։ Ասաց` եթե իմանամ, ինձնից չնեղանք։ Եվ դա շատ ճիշտ էր ու պետք էր։

Ես, օրինակ, Թուրքիա գնալ չեմ կարող։ Եթե ես հանգստանում եմ Հայաստանից  դուրս, ապա Բուլղարիայում, Հունաստանում կամ Կիպրոսում։ Երկներ, որոնք համեմատաբար մոտ են, տոմս ձեռք բերելը  դժվար չէ և կա այն գիտակցումը, որ ես նորմալ երկրում եմ, թշնամական երկրում չեմ։ Մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ թուրք մատուցողների կամ աշխատող անձնակազմի պատրաստակամությունը` ծառայելու, ոչ մի ընդհանրություն չունի թուրքերի` հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ։ Հատկապես հիմա, երբ Թուրքիան ակնհայտորեն ուզում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, փորձում է Ղարաբաղի հարցում միջամտել և մեզ ստիպել հրաժարվել մեր ազգային և պետական  շահերից, հայ մարդու կուտակած գումարը ծախսել Թուրքիայում, խթանել թուրքական  տուրիստական բիզնեսի զարգացմանը, ուղղակի անթույլատրելի է։

Որքան էլ մեղրադրանքներ են հնչում Թուրքիա գնացող հայերի վերաբերյալ, այնուամենայնիվ, հայ մարդը պետք է  ունենա այլընտրանք, որպեսզի իր ամառային հանգիստը կարողանա հաճելի և մատչելի կազմակերպել։ Այդ այլընտրանքն այս տարի ՀՀ-ում գործող տուիստական կազմակերպություններն առաջարկում են։

-Մենք այս տարի հայ հանգստացողներին առաջարկում ենք ուղևորություն դեպի Բուլղարիա։ Բուլղարիայում մատուցվող ծառայությունների որակը չի զիջում թուրքականին`  և՛ ծովափն է շատ լավը, և՛ հյուրանոցներն են շքեղ, և՛  սնունդն է բարձրակարգ։ Ասեմ ամենակարևորը`  նաև  գնային տարբերություն չկա,-իր խոսքում նշեց «Եվրոստան-Ույուտ» տուրիստական գործակալության տուրիզմի մենեջեր Գայանե Պողոսյանը։

Visa Concord ընկերությունը ևս այլընտրանք է առաջարկում։ 

-Մենք առաջարկում ենք հանգիստ Թունիսում, որտեղ հանգստանալը յուրաքանչյուր հայի համար կլինի և՛ հաճելի, և՛ մատչելի, և՛ ապահով ու շատ ավելի բարձրակարգ ծառայություններով հարուստ, քան Թուրքիայում հանգիստը կլիներ,-նշեց Visa Concord ընկերության տնօրեն Արթուր Բաբայանը։

Երկու տուրիստական ընկերություններն էլ փաստում են, որ այս տարի Թուրքիա գնալ ցանկացողնրի թիվը զգալիորեն կրճատվել է, որին նպաստում են նաև իրենք` առաջարկելով այլընտրանքներ։

-Թուրքիա հանգստանալու գնալ կամ չգնալը ավելի շատ  հասարակական գիտակցության խնդիր է, նաև ՀԿ-ներն այստեղ անելիք ունեն։ Պետական մակարդակով սահմանափակում մտցնելը սխալ է, դա հակասահմանադրական է, մարդիկ ունեն ազատ տեղաշարժման իրավունք։ Մենք  ծով չունենք, այդ պատճառով հայերը նախընտրում են գնալ Վրաստան, իսկ մի փոքր ավելի մեծ հնարավորություն ունեցողները` Թուրքիա։ Որքանով տեղյակ եմ, այսօր կան այլընտրանքներ։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում հանգստին, ապա ես համաձայն չեմ այն տեսակետին, թե Հայաստանում հանգստանալը շատ թանկ է։ Կան մատչելի գներով հանգիստ առաջարկող ընկերություններ, սակայն այդ մասին հասարակությունը տեղյակ չէ, քանի որ չկա համագործակցային աշխատանք` հյուրանոցային տնտեսական օբյեկտ և զբոսաշրջային  օպերատոր։ Դա էլ ունի իր պատճառը` հյուրանոցները նույն գինն են առաջարկում և՛ զբոսաշրջային օպերատորներինև հանգստացողներինայսինքն` զբոսաշրջային օպերատորը այդտեղ որևէ շահույթ չունի։ Մարկետինգային քաղաքականությունը ճիշտ չի վարվում, համագործակցության մշակույթ չկա,-նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Երևի թե շատերը չգիտեն, որ Թուրքիայում գտնվող հայը անապահով կարգավիճակ ունի։ Նաև նշենք, որ տուրիստական գործակալությունները պարտավոր են տեղեկացնել այդ մասին բոլոր զբոսաշրջիկներին։

-Զբոսաշրջիկը պետք է ամեն ինչից տեղյակ լինի, պայմանագրի դրույթներում պետք է մանրամասնորեն նշված լինի ամեն ինչ, այդ թվում` անվտանգության հետ կապված ինֆորմացիա, սակայն վարչական մեխանիզմ չկա այդ ամենը վերահսկելու։ Քանի որ նոր էր ձևավորվում շուկան, այդ ժամանակ ճիշտ չէր վարչական մեխնիզմներ մտցնելը, սակայն եթե որևէ զբոսաշրջիկ դիմի դատարան, ապա դատարանում  կպաշտպանվեն զբոսաշրջիկի շահերը,-ավելացրեց Մեխակ Ապրեսյանը։  

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիա հանգստի գնալով` մենք այս ձևով ևս  ուժեղացնում ենք Թուրքիային, որը ուղղակիորեն և  անուղղակիորեն  դառնալու է հակահայկական լրատվական գործունեությանն աջակցող մի երևույթ, ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ մի քայլ.

-Հայազգի զբոսաշրջիկները Թուրքիայում պաշտպանված չեն իրավական առումով, քանի որ այդ երկրում Հայաստանը ներկայացուցչություն չունի։ Եթե որևէ դեպք պատահի, մանավանդ` Անթալիայում, որտեղ հայկական համայնք չկա, որևէ կառույց չկա, որտեղ հայ քաղաքացին կարող  է դիմել և իր իրավունքները պաշպանել։ Նախորդ տարի Թուրքիա է այցելել շուրջ 50.000 քաղաքացի, որից 20.000-ը զբոսաշրջության նպատակով։ Թուրքական հասարակության մեջ մշտապես արդիական են հակահայկական տրամադրությունները, ինչը հանգստի մեկնողները պետք է հաշվի առնեն։  

Այն, որ հայերը չեն մտածում իրենց անվտանգության մասին, Վահան Հովհաննիսյանը պայմանավորում է նաև լրատվամիջոցների աշխատանքով.

-Ցավոք, մեր մամուլը և լրատվական միջոցները հիմնականում լուսաբանում  են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ  բարձր  քաղաքական միջավայրի իրադարձությունները` ինչ է կատարվում նախագահների, նախարարների, դիվագետների հանդիպումների ընթացքում, բայց, օրինակ, չեն ցուցադրում, թե ինչպիսի հակահայկական հայտարարություններ են արվում թուրք հասարակական  գործիչների կողմից, ինչպիսի ցուցանակներ են  երևում։ Ցանկացած երկրում այս հարցը մեծ աղմուկ կբարձրացներ։ Ես հիշում եմ, որ սպորտային մրցույթ պետք է տեղի ունենար Թուրքիայի քաղաքներից մեկում, և այդ քաղաքի հյուրանոցների տերերի կողմից որոշում կայացվեց արգելել հայ զբոսաշրջիկներին հյուրանոցներում ապրել։ Այսինքն` կան բաներ, որոնք ամոթից, քաղաքական կոռեկտությունից ելնելով`  մեր ԶԼՄ-ները չեն լուսաբանում։

Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայում մեզ չեն սիրում, թուրքերն ունեն մեղքի զգացում մեր նկատմամբ։ Որքան էլ աշխարհում փորձեն տարածել, որ ցեղասպանության մասին ոչինչ չգիտեն, չեն լսել, նման բան չի եղել, այնուամենայնիվ,  նրանք գիտեն, որ այդպես կարող են խաբել եվրոպացիներին, ամերիկացիներին, ռուսներին, բայց  իրենց հոգու խորքում գիտեն, թե ինչ են արել իրենց պապերընրանք հասկանում են, որ ապրում են գողացված, թալանված հողի վրակողոպտված հայերի տներում, և այսօր նրանց տնտեսական հզորությունը պայմանավորված է նաև հայ ժողովրդին թալանելով։ Մինչև այժմ, Թուրքիան  ներեղություն չի խնդրել հայ ժողովրդից,  հայոց ցեղասպանությունը չի ճանաչել,  ես դեռ հատուցման մասին չեմ խոսում, առնվազն էմոցիոնալ մակարդակի վրա անկարելի է այդ երկիր այցելությունը։ Հաճախ  մեր  տարբեր տնաբույծ, կիսագրագետ քաղաքական մեկնաբաններ ասում են` որքա՞ն կարելի է դրա մասին խոսել, ժամանակն է ներել։ Բայց  ինչպե՞ս կարող ես ներել նրան, ով քո ներողամտության կարիքը չունի, ով ասում է` ես հանցագործություն չեմ գործել։

Իսկ ահա Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը նորմալ է վերաբերում հայերի` Թուրքիայում հանգստանալուն.

-Ես շատ նորմալ եմ վերաբերում այն հայերին, ովքեր գնում են Թուրքիա հանգստանալու. թող հանգստանան այնտեղ, որտեղ ցանկություն ունեն։ Նրանք ցանկանում են հանգստանալ իրենց պատմական հայրենիքում։ Անթալիան Կիլիկիայի հայկական թագավորության տարածքն է։

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրարդ Շարմազանովը մեր հարցադրմանը պարզապես հետևյալն ասաց.

-Ես իմ ընտանիքի հետ միասին հանգստանալու եմ Արցախում։ Արցախը մեր բոլորի հայրենիքն է, և յուրաքանչյուր հայ պարտավոր է գնալ և տեսնել Արցախը։

Ինչպես ծայրահեղ դիրքորոշումներն, այնպես էլ անտարբեր վերաբերմունքը, շատ հաճախ չեն հանգեցնում ճիշտ որոշումների` ստեղծելով հավելյալ խնդիրներ։ Պարզապես, երբ գործում է ինքնապաշտպանության բնազդը և ակտիվանում ազգային ինքնագիտակցությունը, հոգևոր մակարդակում անհանգստություն է առաջանում, որի պարագայում փոխվում են նախընտրությունները, որոնք պայմանավորված են այդ ներքին բորբոքով։ Երևի թե յուրաքանչյուր հայ պետք է փորձի իր մեջ իմաստավորել, թե ինչ էր ցեղասպանությունը մեր ազգի համար, ինչպես է այն ընկալում այսօր և ինչպես պետք է պայքարել հանուն ճշմարտության հաղթանակի, դա կապել կամ չկապել իր ամենատարբեր նախընտրությունների հետ` սկսած հագուստի, սննդամթերքի, հանգստավայրի ընտրությունից։

Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...