17:14
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Մալաթիա» բժշկական կենտրոնը կվերանվանվի «Սուրբ Աստղիկ»

2013-07-04 11:26

«Դե Ֆակտո» N 56 (2011թ.)

«Նատալի Ֆարմ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյան

«Նատալի Ֆարմ»-ն այս տարի տոնում է իր հիմնադրման 10-ամյակը։ Ընկերությունը  տարեցտարի ընդլայնվելով` ձեռք է բերել առաջատարի դիրք  և անցել է զարգացման տարբեր փուլեր։ Այսօր «Նատալի Ֆարմ»-ը բացելով իր նոր հեմոդիալիզի կենտրոնը` թևակոխել է զարգացման մի նոր, գերժամանակակից փուլ` ձեռք բերելով բոլոր հնարավորություններն  օգնել մարդկանց։

-Պարո՛ն Ասատրյան, պատմեք, խնդրեմ «Նատալի Ֆարմ»-ի 10-ամյա գործունեության, անցած ճանապարհի մասին։

-Այս տարի լրանում է «Նատալի Ֆարմ» ընկերության գործունեության  10 տարին։ Այն իր գործունեության առաջին իսկ տարվանից դեղորայքի շուկայում եղել է առաջատար, և մինչ այսօր, պահպանում է իր առաջատարի դիրքերը։  Այսօր «Նատալի Ֆարմ»-ը գործունեություն է ծավալում տարբեր ուղղություններով և հայտնի է ոչ միայն որպես դեղորայք ներմուծող կազմակեպոթյուն, այլ նաև ունի  դեղատների մեծ ցանց Երևանում և մարզերում։

«Նատալի Ֆարմ»-ը  ներկայացնում է   աշխարհահռչակ HIPP  ապրանքանիշը Հայաստանում, որը հայտնի է մանկական կերերի տեսականիով, ինչպես նաև զբաղվում է  բույսերի պաշտպանության համար նախատեսված դեղորայքի ներմուծմամբորն իրականացնում է ընկերության  «Նատալի-ագրո» մասնաճյուղը։ Առաջնորդվելով առողջ ապրելակերպի գաղափարով`  «Նատալի Ֆարմ»-ը ներկայացնում է նաև Nike սպորտ-խանութ սրահները Հայաստանում։

-Պարո՛ն Ասատրյան, այսօր բոլորին հայտնի  «Նատալի Ֆարմ» ընկերությունն  ունեցել է բազմաթիվ նվաճումներ և անցել է զարգացման տարբեր փուլեր։ Այս տարի, ո՞րն եք համարում ընկերության կարևոր նվաճումը։

- Տարվա նվաճումն այն էր,  որ «Նատալի Ֆարմ»-ի կազմի մեջ մտավ  նաև «Մալաթիա» բժշկական կենտրոնը, ինչպես նաև «Նատալի Ֆարմ»-«Մալաթիա» բժշկական կենտրոնին կից բացված  հեմոդիալիզի կենտրոնը։

Նախկինում հիվանդանոցը  բաղկացած է եղել ծննդատնից, պոլիկլինիկայից, հիվանդանոցից, առանձին միավորներից, սակայն այսօր այն հայտնի է մեկ վերամիավորված անունով` «Մալաթիա» բժշկական կենտրոն։

Մալաթիա-Սեբաստիա  համայնքի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարձր հովանու ներքո մշակվել է բժշկական կենտրոնի զարգացման հեռանկարային ծրագիր, որի արդյունքում ունենալու ենք միջազգային չափանիշներին համապատասխան  բժշկական կենտրոն` ի շահ մեր ժողովրդի և երկրի։

Բժշկական կենտրոնն այսուհետ անվանվելու է «Սուրբ Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ընդհամենը մեկ տարում կենտրոնում տեղի ունեցան հսկայական փոփոխություններ։ Կատարվել է ավելի քան 2 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որի արդյունքում այն վերածվեց գերժամանակակից բժշկական համալիրի։ Վերանորոգվել է կենտրոնն  ամբողջությամբ, կահավորվել են հիվանդասենյակները։

Այսուհետ «Մալաթիա» բժշկական կենտրոնին կից կգործի նաև հեմոդիալիզի կենտրոն, որն  իր որակի և տեսակի մեջ  առանձնանում է ողջ տարածաշրջանում։

 -Պարո՛ն Ասատրյանի՞նչ է իրենից ներկայացնում հեմոդիալիզի կենտրոնը և ո՞րն էր նպատակը` նման կենտրոն հիմնելու։

-Այցելելով Գերմանիայի հեմոդիալիզի կենտրոններ, տեսնելով նրանց աշխատանքը` մենք հասկացանք, որ Հայաստանը իրոք կարիք ունի նման գերժամանակակից կենտրոնի և որոշեցինք իրականացնել մեր այդ գաղափարը և  ստեղծեցինք եվրոպական չափանիշներին    համապատասխան հեմոդիալիզի կենտրոն։

Այսօր արդեն ունենք  նորաբաց հեմոդիալիզի կենտրոն, որն ամբողջությամբ զինված է գերմանական աշխարհահռչակ «B. Braun» ֆիրմայի բուժսարքավորումներով։

-Ինչպիսի՞ հիվանդների համար է նախատեսված այդ կենտրոնը։

-Հեմոդիալիզի կենտրոնը ստեղծված է խրոնիկ և սուր երիկամային անբավարարվածությամբ  հիվանդների համար։ Կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները բարձրակարգ ու անվտանգ բժշկական ծառայությունների մատուցման համար. ամբողջովին վերանորոգված մասնաշենք, նորագույն տեխնիկա, հարմարավետ պայմաններ, բարձրակարգ բուժսպասարկում, բանիմաց ու համբերատար բուժանձնակազմ։ Մեր կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքն իր որակի և տեսակի մեջ  առանձնանում է ողջ տարածաշրջանում։ Կենտրոնի սենյակներում ստեղծված են բոլոր հարմարությունները, որի շնորհիվ`  կենտրոնը բուժում ստացող հիվանդների համար դարձել է երկրորդ տուն (նրանք ամեն երկրորդ օրը  պետք է ենթարկվեն արյան մաքրման և զտման), հետևաբար բարենպաստ միջավայրը, բժիշկների ճիշտ հոգեբանական մոտեցումը, բարձրակարգ սպասարկումն այս պարագայում առավել, քան անհրաժեշտ է։

Առաջին անգամ Հայաստանում հեմոդիալիզի ժամանակ ֆիլտրերը կօգտագործվեն մեկ անգամ։

-Ի՞նչ առավելություն ունի հեմոդիալիզի կենտրոնը։

-Մեր կենտրոնի ամենամեծ առավելությունն այն է, որ մենք հնարավորություն ունենք ֆիլտրերն օգտագործել մեկ անգամ։ Մեզ հաջողվել է այդպես աշխատել շնորհիվ մեր հովանավոր` Սամվել Ալեքսանյանի, ով ցանկացավ իր ներդրումն ունենալ մարդկանց առողջության պահպանման գործում։    Սա առավելություն է, քանի որ հանրապետությունում գործող այլ հեմոդիալիզի կենտրոններում նույն ֆիլտրերն  օգտագործվում են մի քանի անգամ, որը պարունակում է  ռիսկի գործոն` ձեռք բերել  վտանգավոր վիրուսային հիվանդություններ։

Հաջորդ առավելությունը «Դիալոգ պլյուս»  սարքն է, որի անվանումից արդեն կարելի է գուշակել` այն  մտնում  է երկխոսության մեջ բժշկի հետ։ Սարքավորումն առանձնահատուկ է նաև նրանով, որ ապահովագրում է և՛ հիվանդին, և՛ բժշկին հնարավոր անճշտություններից և շեղումներից։ Ընդհանրապես,  «B. Braun»-ը այն եզակի  ընկերություններից է, ով շեշտը դնում է անձնակազմի և հիվանդի ապահովության վրա։

-Ավելի մանրամասն կներկայացնե՞ք առավելությունները։

-Սարքավորումն ունի  Adimea կոչվող «օնլայն լաբորատորիա», որը  յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ տեղեկություն է տալիս բժշկին արյան մաքրվածության մասին։  Սովորաբար  ամեն անգամ կատարվող  դիալիզից հետո  անպայման արյունը հետազոտելու միջոցով են  տեղեկանում արյան մաքրվածության աստիճանի մասին, որը ոչ միշտ է կիրառվում։

«Դիալոգ պլյուս» սարքն ունի ավտոմատ ճնշում չափելու, արձանագրելու հնարավորություն։ Բացի այդ,  սարքը շատ արագ արձանագրում է ճնշման տատանումները  և ձայնային ազդանշանի միջոցով հայտնում բժշկին։ Դիալիզի իրականացման համար ունենք հատուկ բազմաֆունկցիոնալ բազկաթոռներ, որոնք հիվանդին հնարավորություն են տալիս ընդունել հարմար դիրք։ Ամեն 2 հիվանդի համար նախատեսված է մեկ 42 դյույմ  հեռուստացույց, յուրաքանչյուրին` ականջակալներ, այսինքն` ստեղծված են այնպիսի պայմաններ, որպեսզի դիալիզի դահլիճում կատարյալ լռություն լինի և հարմարավետ պայմաններ բուժումն ընդունելու համար։

-Մասնագետները որքանո՞վ են պրոֆեսիոնալ և բարեխիղճ և ունե՞ք համագործակցության եզրեր այլ երկրների հետ, որտեղ մասնագետները մեկնում են վերապատրաստման  կամ իրականացնում փորձի փոխանակում արտերկրի լավագույն մասնագետների հետ։

-Տնօրինությունը հոգ է տանում, որ կենտրոնի մասնագետները վերապատրաստվեն արտերկրում։ Բնականաբար, ունենք համագործակցության եզրեր այլ պետությունների հետ, մասնավորապես` Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ավստրիայի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ։ Մեր կենտրոնի մասնագետները հաճախ են մեկնում վերը  նշված պետություններ, որտեղ անցնում են վերապատրաստում, ինչպես նաև այնտեղից Հայաստան են գալիս մասնագետներ, ովքեր կատարում են բազմաթիվ վիրահատություններ, այսինքն` տեղի է ունենում փորձի փոխանակում։

-Ո՞րն է կենտրոնի աշխատանքային սկզբունքը։

-Կենտրոնի որդեգրած քաղաքականությունը մեկն է` հիվանդներին  մատուցել  որակյալ և  բարձրակարգ բուժսպասարկում։

 Մոտ ապագայում պատրաստ կլինի «Սուրբ Աստղիկ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը։

-Պարո՛ն Ասատրյան, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում այսօր մեր հանրապետությունում բուժօգնությունը, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։

-Ի ուրախություն մեզ` պետք է նշեմ, որ համեմատած շատ երկրների` մեր հանրապետությունում բուժօգնությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա։ Իհարկե,  անելիքներ դեռևս կան, որոնք, բնականաբար, շարունակական բնույթ պետք է կրեն, սակայն,   ընդհանուր բժշկությունը, որպես գիտություն, անընդհատ զարգացման գործընթացում է, և մենք փորձում ենք հնարավորինս հետևել այդ զարգացումներին` կիրառելով արդի տեխնոլոգիաներ և բուժման նոր մեթոդներ։

-Որո՞նք են բժշկական կենտրոնի ապագա ծրագրերը։

-Մոտ ապագայում արդեն կսկսվեն «Մալաթիա» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, որի համար հրավիրվել են գերմանացի ճարտարապետներ։ Նոր մասնաշենքին զուգահեռ կավելանան նաև մի շարք բաժանմունքներ, ծառայություններ, այդ թվում` կարդիովիրաբուժության և նյարդավիրաբուժության բաժանմունքները։

Նոր մասնաշենքը ամբողջովին նոր` միջազգայն չափանիշներին համապատասխանեցված կհանձնվի շահագործման։ Թե՛ պայմաններով, թե՛ տեխնիկական հագեցվածությամբ այն չի զիջի միջազգային չափանիշներին համապատասխան ոչ մի բժշկական կենտրոնի, կունենա բոլոր պայմանները` հիվանդների լիարժեք ու բազմապրոֆիլ ուսումնասիրման, ախտորոշման ու բուժման համար։

Հարցազրույցը` Լուսինե Գրիգորյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...